Հայության համար ամենաարդիական հիմնախնդիրներից է հայ սփյուռքի հետագա գոյապահպանումն ու հզորացումը: 2006 թ. դրությամբ աշխարհի շուրջ 9,8 միլիոն հայերից 6,5 միլիոնը, այսինքն` 66,3 %-ը բնակվում էր Սփյուռքում: Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ` ՀՀ) բնակվող հայերի թիվը 3,145 միլիոն էր, այսինքն` աշխարհի հայության 32,2 %-ը: Մնացյալ 1,5 %-ը բնակվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (այսուհետ` ԼՂՀ): Այս համամասնությունը պահպանվել է նաեւ այսօր:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2006 թ.` 1996 թ. համեմատությամբ, հայերի բաշխվածությունն` ըստ սեփական պետականությունների եւ Սփյուռքի, փոփոխվել է 3 %-ով` ի հավելումն Սփյուռքում բնակվող հայության քանակի, ապա փորձել ենք հաշվարկ կատարել` հայության բաշխվածության նորագույն պատկերն ստանալու համար:

Այդ հաշվարկը կատարելիս ուշադրություն ենք դարձրել աշխարհի տարբեր երկրներում հայության թվաքանակի վերաբերյալ վերջերս հրապարակվող տվյալներին: Կարեւոր է նաեւ սփյուռքահայ համայնքներում վերադասավորությունների գործընթացների ուղղությունների եւ ներհամայնքային ընտանեկան կարգավիճակների ու կառուցվածքի դիտարկումը:

Այս ամենը հաշվի առնելով` հանգել ենք այն եզրակացության, որ 2010 թ. հունվարի 1-ի դրությամբ Սփյուռքի հայության թվաքանակը հասել է մոտ 6,68 միլիոնի: Ընդ որում, համաձայն ՀՀ ազգային վիճակագրության ծառայության հրապարակած տվյալների, ՀՀ մշտական բնակչության թիվը 2010 թ. հունվարի 1-ի դրությամբ 3,2507 միլիոն է: Քանի որ ՀՀ բնակչության 97,9 %-ը հայեր են, ուստի ՀՀ-ում բնակվող հայերի թվաքանակը կկազմի 3,183 միլիոն:

Նույնպիսի հաշվարկ կարող ենք կատարել նաեւ ԼՂՀ հայերի թվաքանակը պարզելու համար: ԼՂՀ մշտական բնակչության թիվը 2007 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում էր 137,75 հազար: Քանի որ վերջին 3 տարիների ընթացքում ԼՂՀ-ում նկատվել են ծնելիության աճ եւ միգրացիայի դրական ցուցանիշներ, ապա 2010 թ. հունվարի 1-ի դրությամբ ընդունելի թիվ կարող ենք համարել շուրջ 139 հազարը, որից հայ է ավելի քան 138,5 հազարը:

Այսպիսով, 2010 թ. ապրիլի 1-ի դրությամբ աշխարհի մոտ 10 միլիոն հայերի 66,8 %-ը (մոտ 6,68 միլիոն մարդ) բնակվում է Սփյուռքում, 31,83 %-ը (մոտ 3,183 միլիոն մարդ)` ՀՀ-ում, 1,385 %-ը (ավելի քան 138,5 հազար մարդ)` ԼՂՀ-ում:

Փաստորեն, այսօր Սփյուռքն իր քանակությամբ շուրջ 2 անգամ գերազանցում է ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում ապրող հայերին` միասին վերցրած: Սա մեր ազգի գլխավոր առանձնահատկություններից է: Հայոց գաղթաշխարհի առաջացման պատճառն այն է, որ դարերի ընթացքում մարդկանց հոծ խմբեր հաճախակի լքել են հայրենի եզերքը եւ հաստատվել օտար ափերում: Արտագաղթի հիմնական պատճառները 3-ն էին` տնտեսական, քաղաքական եւ ազգային-կրոնական: Այս ամենն իր հանգուցակետին հասավ Հայոց ցեղասպանությունից հետո, երբ հայկական գաղթաշխարհը վերածվեց Սփյուռքի, եւ արդյունքում այսօր ունենք մոտ 6,68 միլիոնանոց Սփյուռք:

Ի՞նչ նշանակություն ունի Սփյուռքը: Միայն այն հանգամանքը, որ հայության շուրջ 2/3-ն ապրում է իր հայրենիքից դուրս, առաջին հայացքից բացասական է թվում: Արդյո՞ք դա բացասական է, թե՞ ոչ: Այն, անշուշտ, ունի երկակի նշանակություն` դրական եւ բացասական:

Բացասական է այն, որ շատ հայեր, որոնց հիմնական մասը վերջին տարիներին է արտագաղթել ՀՀ-ից, Սփյուռքում չեն մասնակցում համայնքի հասարակական եւ մշակութային-եկեղեցական կյանքին: Դրա պատճառով էլ նրանց զավակները, որոնք ծնվում են հյուրընկալող երկրում, մոռանում են իրենց ազգային պատկանելությունը եւ կորցնելով ազգային դիմագիծը` աստիճանաբար ձուլվում տեղի բնակչության մեջ: Փաստորեն, առաջանում է ազգային ինքնագիտակցության խոր ճգնաժամ:

Սրա պատճառներից մեկն այն է, որ 20-րդ դ. վերջում ուժեղացավ Սփյուռքի վերաբաժանման գործընթացը: 1988 թ. սկսվեց հայերի զանգվածային արտագաղթ Հայաստանի Հանրապետությունից դեպի Արեւմուտքի երկրներ եւ ԽՍՀՄ այլ հանրապետություններ: 1991-1993 թթ. նկատվեց որոշակի հայրենադարձություն` կապված հայկական պետականության վերականգնման հետ, սակայն նրանց մեծ մասը թողեց հայրենիքը: 1990-ական թթ. արտագաղթը հանգեցրեց նրան, որ ՀՀ բնակչությունն սկսեց նվազել եւ 3,8 միլիոնից մինչեւ 2001 թ. իջավ` հասնելով 3,213 միլիոնի:

Ստորեւ ներկայացնում ենք վերջին 22 տարիների գործընթացների հետեւանքով «հայաստանցի» հայերի կուտակումները մի քանի երկրներում (այս թվերը խիստ մոտավոր են, քանի որ հնարավոր չէ հստակորեն որոշել վերջին 22 տարիների ընթացքում օտար պետություններում ՀՀ-ից հաստատված հայերի թվաքանակը). ՌԴ (ավելի քան 500 000), ԱՄՆ (ավելի քան 300 000), Բուլղարիա (շուրջ 35 000), Հունաստան (մոտ 30 000), Ուկրաինա (մի քանի տասնյակ հազար), Ֆրանսիա (մի քանի տասնյակ հազար), Գերմանիա (ավելի քան 10 000), Իսպանիա (մոտ 5 000), Արգենտինա (շուրջ 3 000), այլ երկրներ (Կանադա, Լեհաստան, Ղազախստան, Բելառուս, Բելգիա, Ավստրիա, Նիդեռլանդներ, Շվեդիա, Չեխիա, Ավստրալիա, Սլովակիա, Մեծ Բրիտանիա, Նորվեգիա, Նոր Զելանդիա, Ուզբեկստան, Ֆինլանդիա եւ այլն` ավելի քան 100 000): Այսպիսով, «հայաստանցի հայերի» թիվն արտերկրում անցնում է 1 միլիոնից:

Արտագաղթն սկսեց նվազել միայն 2000-ական թթ. կեսերին, եւ մեծացավ ներգաղթի ծավալը:

Արեւելյան Հայաստանի Առաջին հանրապետության եւ խորհրդային իշխանության տարիներին Սփյուռքում ընթանում էին վերադասավորումներ: Եգիպտոսի (1952 թ.), իսկ հետագայում նաեւ Իրանի իսլամական հեղափոխությունները (1978-1979 թթ.), ինչպես նաեւ Կիպրոսի մեկ երրորդի զավթումը Թուրքիայի կողմից (1974 թ.), քաղաքացիական պատերազմը Լիբանանում (1975-1990 թթ.), Իրանա-իրաքյան պատերազմը (1980-1988 թթ.), Արաբա-իսրայելյան պատերազմները (1947-1949 թթ., 1967 թ., 1973 թ.), Ամերիկա-իրաքյան պատերազմները (1991 ու 2003 թթ.) եւ իսրայելական բանակի ներխուժումները Լիբանան (1982 եւ 2006 թթ.) պատճառ դարձան հայերի մեծաթիվ հոսքի Միջին Արեւելքից Ամերիկայի Միացյալ Նահանգներ (այսուհետ` ԱՄՆ), Ավստրալիա, Նոր Զելանդիա, Կանադա, Արգենտինա, Եվորպական Միություն (Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Շվեդիա, Ավստրիա, Բելգիա եւն) եւ այլն: Աստիճանաբար նոսրանում են արաբական աշխարհի հայկական համայնքները, փոխարենը ստվարանում են արեւմտյան քաղաքակրթության երկրների հայկական համայնքները:

Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ստվարացել են ոչ միայն Արեւմուտքի, այլեւ Անկախ պետությունների համագործակցության (այսուհետ` ԱՊՀ) որոշ երկրների հայ համայնքները: Այսպես՝ վերջին 20 տարիներին սկսվել է մի գործընթաց, երբ Ռուսաստանի հայությունն իր թվով «ձգտում է» գերազանցել ՀՀ-ում ապրող հայությանը: Այդ 20 տարիներին Ռուսաստանի Դաշնությունում (այսուհետ` ՌԴ) է հաստատվել մոտ 1,5 միլիոն հայ ՀՀ-ից, Միջին Ասիայից, Մերձավոր Արեւելքից ու Արեւելյան Եվրոպայից: Այս ամենի արդյունքում ՌԴ-ում հայերի թիվը 2007 թ. հասավ 2,8 միլիոնի եւ մինչ օրս (2010 թ.) էլ պահպանվում է:

Այս ամենի պատճառով նոր գաղթած հայերը միայն տեւական ժամանակահատվածում են կարողանում ինտեգրվել տեղի հայ համայնքի հասարակական կյանքին, ընդ որում` թե՛ Արեւմուտքում, թե՛ Ռուսաստանի հայկական համայնքներում:

Իսկ ո՞րն է դրական հանգամանքը: Որոշ սփյուռքահայեր ընդգրկվում են տեղի տնտեսության, առեւտրական խոշոր հարաբերությունների կամ իշխանական օղակների մեջ եւ աստիճանաբար ձեռք բերում ազդեցիկ դիրք ու հսկայական ֆինանսներ: Նրանցից շատերը որոշակի գումարներ են հատկացնում իրենց հայրենիքի բարօրության համար: Նրանք մեծ աշխատանք են կատարում, որ տվյալ երկրի իշխանությունների եւ հասարակության վերաբերմունքը լավանա ՀՀ-ի նկատմամբ (Հայոց ցեղասպանության ճանաչում, տնտեսական, մշակութային եւ քաղաքական հարաբերությունների սերտացում եւն): Սակայն դրական հանգամանքը, ցավոք, առայժմ ոչ ամբողջությամբ է կիրառվում Սփյուռքի կողմից:

Ձուլման վտանգից խուսափելու համար հարկավոր է մշտապես կապի մեջ գտնվել հայոց ինքնության պահպանման հիմնախարիսխների` Հայոց պետականության, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու, հայ դպրոցի եւ համազգային կառույցների հետ, որոնց միջոցով է միայն հնարավոր վառ պահել ազգային ինքնագիտակցությունը: Օտար ափերում հայության տարագիր քարավանները դարերի ընթացքում պահել են իրենց ազգային-հոգեւոր ինքնությունը եւ այսօր էլ շարունակում են հայ մնալ` շնորհիվ հայ ժողովրդի ազգային-հոգեւոր ինքնության հիմնախարիսխը հանդիսացող Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ սփյուռքահայ տարբեր կառույցների:

Ի՞նչ անել, որ ռացիոնալ օգտագործվեն մեր Սփյուռքի բոլոր «ռեսուրսները»: Դրա համար նախ հսկայական ժամանակ է հարկավոր: Սփյուռքում վերադասավորության բուռն գործընթացը կանխելու համար հարկավոր է կայունացնել ՀՀ-ի սոցիալ-տնտեսական վիճակը: Շատ կարեւոր է նաեւ աշխարհաքաղաքական իրադրության լարվածության վերացումը Մերձավոր Արեւելքում: Այս ամենի հետեւանքով սփյուռքահայ համայնքներում իրադրությունը որոշակիորեն կկայունանա, եւ հնարավորություն կստեղծվի` զբաղվելու հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային խնդիրներով: Նաեւ անհրաժեշտ է ակտիվ մասնակցություն ցուցաբերել համայնքի կյանքին, ինչը կօգնի հայ համայնքին միասնական լինել եւ չձուլվել տեղի էթնոսների մեջ:

Շարունակելի

Միքայել ՄԱԼԽԱՍՅԱՆ

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s