Կոստան Զարյանի

ծննդյան 125-ամյակի առթիվ

 Սկիզբը՝ 2010-ի թիվ 24 (Դեկտ. Բ)   Մեզանում քիչ մտավորականների ու ազգային գործիչների կարելի է մատնանշել, որ ունեցած լինեն Կ. Զարյանի չափ մեծ աշխարհճանաչողություն ու իմացություն, նրա չափ լավատեղյակ՝ արվեստի բազում բնագավառների` թատրոնի, կինոյի, գրականության, երաժշտության, քանդակագործության, նկարչության եւ այլ ոլորտների արժեքներին, նվաճումներին ու դրսեւորումներին ու այդ ամենի մասին գրած լինեն այնպիսի խորքով, ինչպիսին արել է Զարյանը:

Կոստան Զարյանը դատողական արձակի մի նոր որակ ստեղծեց մեզանում՝ ազգային անցած ու անցնելիք ուղիները հայտնաբերելու մշտական միտվածությամբ քննադատության առնելով հայ կյանքի թատերաբեմում հանդես եկած թե՛ համակրելի եւ թե՛ հակակրելի տասնյակ ու տասնյակ անձանց, հայ կյանքում ճակատագրական դեր խաղացած գործունեություններ ու երեւույթներ: Ինչպես ինքն է գրում, «մոմի դողդոջ լույսը ձեռքին»` նա որոնել է հայրենական շենքն ու հայ մարդուն: Զարյանը այն մտավորականներից չէր, եւ առավել եւս գրողներից, որոնք հաճոյանում են իրենց ընթերցողներին. «Ա՛ռ, ըմպի՛ր բյուրեղյա այս գավաթի մեջ արշալույսների շողշողուն արեւը: Ա՛ռ, կե՛ր Շիրակի արգավանդ դաշտի քաղցրահամ այս հացը» («Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1926, հ. 12, էջ 14): Այսպես ասվել է ու գրվել հաճախ, քանի որ Շիրակը սովալլուկ մի դաշտ է եղել, իսկ գավաթը` ճառագայթների գերեզման: Ազգային նվաղուն սազի միալար այդ նվագները ծնել են «խանութպանների» ճաշակը բավարարող գրականություն, ծառայողական գրականություն: Մինչդեռ Զարյանը հաշվի չի նստում ընթերցողների կարծիքի հետ, ովքեր հաճախ լոկ որպես ձեռնացուպեր են ծառայում գրողներին: Իսկական արվեստագետը պետք է

իրականացնի իր ես-ը ու անտեսի ամբոխի ճաշակը, որը միշտ էլ «վար է արվեստեն»: Այս ելակետով էլ Զարյանը գրել է իր գործերը, այս ելակետից պախարակել հայ գրականության միջակ մշակներին, մյուս կողմից` ամենախոր ջերմությամբ գնահատել արժանավորներին. «Դուրյանը` ամբողջովին հեւք է, սարսռուն մեղեդի, աստղերի շուրջը մելամաղձորեն պտտվող ոգի: Նրա տրտմությունը բաղձանքներով լեցուն է, նրա հեկեկանքը թռիչք է եւ վշտոտ ցանկություն: … Ե. Տեմիրճիպաշյանը… հայ կյանքի ամենախորհրդավոր ոգիներից մեկը: … Չրաքյանը… Զուսպ այդ մարդու մեջ հերոսական ի՜նչ ոգի, մարտիրոսացման ի՜նչ տենչ» (նույն տեղում, էջ 36-37): Իսկ ինչ ասես, որ չարժեն Խաչատուր Աբովյանին տրված նրա բնութագրումները` «հայ գրականության մեծագույն բանաստեղծ», «հայ ոգու դարպասը բացող», «մեր մեծագույն դյուցազներգակը», «հոգեպես զորեղ» այն մարդը, որ մենակ պայքարում էր իր ժամանակի «տգետ սարկավագների» դեմ, «ինքն իսկ էպոսային հերոս, առասպել», «այն … մեծությունը, որի առջեւ մարդ մնում է ապշած», «ապրել ուզող ժողովրդի հսկայական կանչ» (տե՛ս «Այգ» պարբերական, Բեյրութ, 1958, սեպտեմբերի 12) եւ այլն, եւ այլն:

Զարյանը լավ գիտեր, որ Հայաստան աշխարհը միշտ զոհ է դարձել պատմական աննպաստ պայմաններին, իրենից դուրս զարգացած չարագուշակ դեպքերի: Այդ պատճառով ժողովուրդը խեղճացել է, կորցրել իր ոգին, իր ներքին ստեղծագործ ուժը: Ու նա այն համոզումն ուներ, որ անհրաժեշտ է բացահայտել ժողովրդի ներքին կորովի ակունքներն ու նրա մշակութային կոչումը, որը եւ կյանքի բարձրագույն դրսեւորմանը պետք է հանգեցնի: Ու քանի դեռ այդ չի արված, հնարավոր չէ հասկանալ հայի դարավոր մարտիրոսությունը, «նրա թափած արյունի համաշխարհային իմաստը» (ընդգծումը — Ա. Ա.): Հայրենիքը, ըստ գրողի, ավելի կրոնական զգայնություն պետք է լինի ազգի համար, քան նյութական կամ արդյունաբերական: Զարյանը համոզված էր, որ առանց հոգեկանի եւ ազգայինի ոչ մի կայուն բան հնարավոր չէ ստեղծել: Հայրենիքը ազնվացնող հատկանիշ ունի, եւ նա, ով լքում է իր երկիրը, կորցնում է իր հոգու բարձրությունը, դառնում է «վաճառական կամ միջակ մտավորական», դադարում է «ինքն իր նման մտածել»: Հայի հոգեկան սնունդը գալիս է Արարատից` տնտեսապես անօգտակար այդ լեռից` քարե այդ աստվածությունից` հայրենասիրության ու հայասիրության այդ հարատեւ հրավերից: Եվ երբ մեկը կորցնում է մյուսին, հեռանում նրանից, փոքրանում է, դառնում որբ, նյութական ու օտար հոսանքների տակ կքվում, հայտնվում երկու աշխարհների մեջ. «… — երկո՞ւ — չո՛րս աշխարհների մեջ — այսինքն` ոչ մի տեղ…» (նույն տեղում, հ. 10, էջ 36):

Զարյանը նման եղավ այն կույրին, որը ելել էր լույս որոնելու, ու այդ լույսը չկար, այն տառապյալին, որը երջանկություն էր փնտրում, երբ շուրջբոլորը վիշտ էր: Բայց եւ նա եղավ այն մտավորականը, որն իմաստ ու բովանդակություն տվեց հայ կյանքի բազում բարդ խնդիրներին ու իր գրականությամբ ու գործունեությամբ եղավ տեսանող ու հայտնագործող ու իր գրականությամբ պատկերեց ինչպես միայնակ մարդու տառապանքներն այս աշխարհում, այնպես էլ մի ողջ սերնդի ողբերգությունը:

Այդ նա էր նաեւ, որ հայ իրականություն բերեց 20-րդ դարի, եւ ոչ միայն 20-րդ դարի, համաշխարհային մեծությունների գործի ու վաստակի ուշագրավ արժեւորումները, նրանց մասին գրեց հարյուրավոր էջեր, բնութագրումներ կատարեց, որոնք այսօր էլ մնում են անգերազանցելի, շրջանառության մեջ դրեց արվեստաբանական ճանաչողական հարուստ նյութ` հայ մշակութային միտքը բարձրացնելով աննախադեպ նոր մակարդակի։ Նրա գրական, մշակութային ու հասարակական գործունեության շրջանակներից հիշենք միայն համաշխարհային այնպիսի մեծությունների անուններ, ինչպիսիք են Պիկասոն, Թագորը, Դրայզերը, Լորկան, Ապոլիները, Ցվայգը, Միգել դը Ունամունոն ու էլի շատերը, որոնց հետ Զարյանը ուներ նամակագրություններ եւ կամ անձնական ծանոթություններ: Կարելի է հարցնել` կա՞ մի ուրիշ հայ գրող, որի մասին շատ թե քիչ ճանաչում ունեցող օտար մտավորական եւ գրող մի ամբողջ գեղարվեստական ու խոհական գիրք գրած լինի, ինչպես, օրինակ, Լորենս Դարրելի «Զարյանապատում» վերնագրով գիրքն է: Եվ մի՞թե կարելի է թերագնահատել Կոստան Զարյանի գործունեությունը Կ. Պոլսում Դ. Վարուժանի, Հ. Օշականի, Գ. Բարսեղյանի, Ա. Տատրյանի մասնակցությամբ «Մեհյան», իսկ քիչ անց` 1922-ին, «Բարձրավանք», արտասահմանում 1925-ին ֆրանսերեն «Բաբելոնի աշտարակը», 1946-ին անգլերեն «Հայկական քառամսյա» հանդեսների ու ամսագրերի հրատարակման իրողությունները:

Կոստան Զարյանը նորարար էր թե՛ արեւմտահայ, թե՛ սփյուռքահայ եւ թե՛ արեւելահայ գրականության անդաստանում: Նրա գրականությունը լի է կյանքի ու աշխարհի, մարդու եւ երկրի նկատմամբ տածված ինքնատիպ խոհերով ու մտածումներով, ձեւական եւ գաղափարական հայտնություններով եւ այս ամենը` դիտված հայ Մարդու ու Հայաստան աշխարհի տեսանկյունից: Զարյանը ողջ կյանքում այն տեսակետին մնաց, որ եթե այլ ժողովուրդների համար գրականությունը գեղեցկության ու մտքի նվաճման ուրույն միջոց է ու կոչված է հարստացնելու արդեն բազում երեւույթներով պերճացած կյանքը եւ սնունդ է «քչերի ու ընտրյալների», ապա «հայի համար նա անհրաժեշտ հոգեկան հաց է» (ընդգծումը — Ա. Ա.), եւ հայ գրողը չի կարող ստեղծագործել առանց այդ պարագան գիտակցելու:

Զարյանի գրականության առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ նրա գործերում ընդգծված խնդիրներ են մնում ոչ միայն գրականության դերի ու կոչումի, այլեւ արվեստագետի, ստեղծագործող անհատի ընդգրկումների ու դրանց գեղարվեստական դրսեւորումների վերաբերյալ գրողի նորովի հարցադրումներն ու դատողությունները. կարողանալ տեսնել էականը, տիպականը, երեւույթների ու իրերի մակերեւույթից անցնել խորք, որը «ոսկե փեթակի» նման հազարավոր նոր իրականություններով է լեցուն: Կարողանալ գեղակերտել ազգին հուզող երազը, հայտնաբերել հայ մարդու հոգեկան այն հարստությունները, որոնք դրսեւորվել են մեր փոթորկուն պատմության որքան եղերական, նույնքան էլ դյուցազնական երկարատեւ շղթայում, առաքելացնել ազգի մարտիրոսությունը, նրա գոյատեւման վճիռը բխեցնել նրա իսկ կորուստներից: Խնդիրներ, որոնք Զարյան գրողի առաջադրանքներն են մնում նրա գրեթե բոլոր գործերում:

Ազգային նկարագրի զարյանական իդեալը հանգում է հոգեմարդուն, «տիեզերա-անհատին», նրան` Արարատյան իսկական հային` Արային: Այս առումով հատկապես առանձնանում են գրողի` հայ առասպելական ու բանահյուսական նյութերի հիման վրա ստեղծված պոեմները` Հայկի, Արայի, Վահագնի, Մհերի, Տիգրան Մեծի եւ այլոց դյուցազնական նկարագրերով ու հոգեկերտվածքներով:

Կոստան Զարյանի գրեթե բոլոր գործերում, տեսանելի թե անտեսանելի, ներկա է իր անձը, որի խոհերի, մտորումների ու դատողությունների բարդ ելեւէջներում արտացոլվում են աշխարհի ու մարդկանց անցյալ ու ներկա շատ իրողություններ, վեր են հանվում կյանքի ճշմարտություններ, դատողություններ կատարվում գալիք իրադարձությունների վերաբերյալ: Այլ խոսքով` Զարյանի գրականությունը բնութագրվում է իր իսկ բառերով. «… ուրիշների մասին գրելիս մենք խոսում ենք գլխավորապես մեր մասին» («Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1936, հ. 5, էջ 56):

Գրողը հաճախ է ընտրում փոխաբերությունների ու խորհրդանիշների խրթին լեզուն: Գաղափար-պատկերներ. սա Զարյանի նախասիրած գրելաոճն է, որին գրեթե միշտ գալիս է ավելանալու վերացարկված դատողական խոհը, ինչը ընթերցողին մղում է նորովի մտածումների առ մարդն ու երեւույթը, ստիպում իր հետ մտածել եւ «հայտնաբերման» հաճույքը վայելել: Ինչպես իրավացիորեն նշվել է մեզանում, Կոստան Զարյանի գրականությունը չուներ իր նախորդները: Այն նաեւ անհետեւորդ պիտի մնար: Ինքը` գրողը եւս քիչ շփվեց ժամանակի գրական կյանքին: Նա միայնակ մարդն էր: Ինքն էր ու աշխարհը, ինքն էր ու Հայաստան երկիրը:

Զարյանի կերտած հերոսներն էլ իրենց նկարագրով նման են իրեն` ընդվզուն, բուռն, հաճախ անհաշտ եւ հակասական, բայց նաեւ երազապաշտ ու ազնվական: Այդ մասին դեռեւս 20-ական թվականներին Կ. Պոլսի «Բարձրավանք» հանդեսում տպված իր խոսքում վկայում էր Շահան Պերպերյանը՝ հաստատելով, որ «Բարդ ազդեցություններ ու ձգտումներ կը կազմեն Կոստան Զարյանի անձնականությունը ու կը բնորոշին անոր ներշնչման նկարագիրը» («Բարձրավանք», Կ. Պոլիս, 1922, հ. Դ, էջ 133): Գրականագետի դիտարկումը միանգամայն ճիշտ է մանավանդ իր առաջին մասով: Զարյանի գրականության արժանիքներից եղան ու մնացին այն նորարարական ձգտումները, որոնք նա հակադրում էր գրականության մեջ պարզ ընդօրինակումներին ու կրկնումներին: Արտահայտման նորանոր ձեւերի եւ թարմ գաղափարների օգտագործումներն օգնում են Զարյանին ստեղծելու պատկերվող զգայնությունների ու ապրումների, հույզերի ու գործունեության անսովոր ու յուրահատուկ կերպավորումներ ու հերոսներ, որոնք «միքելանջելոների նման խոսում են սառույցից, որ այրում է, ու կրակի մասին, որ սառույց է»: Մտածող ու ըմբոստ անձը ներկա է Զարյանի կերտած բոլոր հերոսների մեջ: Խորհելու, գործելու, պայքարելու կեցվածքը կյանքի առաջադրած բարդ խնդիրների լուծման միջոց է նրանց բոլորի համար:

Ինքնարտահայտման այս եղանակը իրերին ու դեպքերին իր եսի պատկերը տալու գրողի միտումը հանգեցրել է նրան, որ հաճախ նրա գրականության պարտադիր տարր են դարձել փաստագրությունը, իրական իրականությունն ու անիրական իրականությունը, որոնք միշտ իրենց դրսեւորման բարձրագույն գեղարվեստական մարմնավորումներն են գտնում, դառնում խորքային ու ընդհանրացնող խոսք: Ասել է թե՝ գրողը, պատկերելով այն, ինչ որ կա, ավելի միտված է վերակերտելու այն, ինչ չկա, եւ ինչը պիտի լինի: «Աշխարհի միակերպության» բոդլերյան բնութագիրը շատ հարմար է գալիս Զարյանի գրականությանը: «Անտեսանելիի» եւ «անիմանալիի» հայտնաբերումը ասես դառնում է գրողի ստեղծագործական ճանապարհի ուղեկիցը, նրան մղում լինելու միեւնույն ժամանակ թե՛ թանձր իրապաշտ եւ թե՛ ընդգծված խորհրդապաշտ: Արվեստի մեջ Զարյանը, հանուն երեւույթների եւ իրերի խորքային այդ հայտնատեսության, մերժում էր արտաքին իմացականությունը, ռոմանտիզմի չպատճառաբանված հուզականությունը, այսպես ասած՝ «արյունալից երեւակայության հեղեղները», կլասիցիզմի «հոգնած սովորականությունները», իրապաշտության «պարզը եւ տրամաբանականը»:

Կոստան Զարյանի գրականությունը գնահատելիս միշտ չէ, որ պետք է չափման միավոր ընդունել ազգային խնդիրների ընդգրկումները: Նրա գործերը երբեմն մտավորական ու խորհող անհատի զգայնությունների ու դատումների արտահայտություններ են, որը պակաս կարեւոր չէ ոչ միայն իրեն` Զարյանին ճանաչելու համար, այլեւ միջոց է թափանցելու համար հայ ու համաշխարհային կյանքի բարդ երեւույթների մեջ, հասկանալու ազգերի ու մարդկանց կյանքի ընթացքի էությունը, խորանալու երեւույթների իմաստի մեջ:

Այսուհանդերձ, չի կարելի չնկատել, որ Զարյան գրողի ու մտածողի համար կարեւորագույն խնդիրը եղավ ու մնաց իր ժողովրդի ու երկրի ճակատագիրը այս փոքրիկ հողագնդի վրա: Այս առումով Զարյանի գրականության ընդգրկումները շատ են մոտ չարենցյան անդրադարձներին. գտնել իսկական Հայաստան երկիրը, «խոսել նրա հետ, սրտով սիրել նրան», հանուն որոնց անմնացորդ նվիրում եւ անդուլ գործունեություն էին դրսեւորում երկու գրողներն էլ: Հիշենք թեկուզ այն երկակի վերաբերմունքը, որ ունեին Չարենցն ու Զարյանը Հայաստանում ստեղծված նոր կարգերի վերաբերյալ: Ինչպես Չարենցը, այնպես էլ աշխարհի բազում ճամփաներով անցած Զարյանը տեսնում էր, որ նվաճումներին զուգընթաց ծավալվում են կաշկանդումներն ու արգելումները, անհատի ազատությունների սահմանափակումները: Ուրեմն չկար ու չէր կարող լինել իսկական ազատություն առանց հայրենիքի, եւ չկար ու չէր կարող լինել հայրենիք, եթե այն ազատ չէր:

Զարյանն իր կյանքի բերումով նաեւ ականատեսը եղավ հայ մարդու ապրած ճակատագրական մի շարք դեպքերի` բռնություններ, աքսորներ, հեղափոխություններ, կոտորածներ, գաղթ եւ այլն: Հենց իր` Զարյանի ապրած կյանքը տարագիր հայ մարդու ապրած երկարաձիգ մի ուղի է եղել, որ ուղղակի կամ անուղղակի արդյունք ու հետեւանք էր եղեռնի:

Մեզանում գրվել ու ասվել է, թե Զարյանը չի պատկերել եւ կամ չի անդրադարձել ազգային այդ մեծ արհավիրքին: Միանգամայն սխալ տեսակետ ու կարծիք: Իր ամբողջության մեջ Զարյանի գրականությունը ավելի քան արդյունքն է հենց այդ երեւույթի, այն այլ բան չէ, քան հայ ժողովրդի ապրած ցավի ու արյան գեղարվեստական պատմությունը, հայության «այրվող վերքի» բացահայտումը, ջանք` հայ մարդու ապրած տանջանքները եւ թափած արյունը ծառայեցնելու շենացնող կյանքին եւ ոգեղեն արժեքների ու ազդակների վերածելու` ոգեկոչելու համար հայ մարդու ստեղծագործ կարողությունները, ցույց տալու, որ կյանքի եւ մահվան տեւական պայքարի, լույսի ու առաջընթացի անընդհատ որոնման մեջ է նաեւ պարուրված հայ ժողովրդի մեծությունն ու ոգու էությունը:

Զարյանն ուներ այն համոզումը, որ արվեստի մեջ «կարելի չէ երգել ոճիրը, որ երգել կարելի է միայն այն, ինչ վսեմ է, բարոյական, լուսավոր» (Նավատոմար, Երեւան, 1999, էջ 580)։ Լալկան խոսքը նսեմացնում է ազգին: Մինչդեռ անհրաժեշտ է արտացոլել ժողովրդի ոգեղեն աշխարհը, որ վսեմացնող հատկանիշ ունի: Սակայն սա չի նշանակում, թե Զարյանն իր հայացքը շրջել էր այլ ուղղությամբ: Եղեռնը ոչ միայն ֆիզիկական ու նյութական անդառնալի կորուստներ էր պատճառել, այլեւ խեղել էր միլիոնավորների հոգեվիճակը, նրանց մատնել, Զարյանի խոսքերով ասած, «ստեղծագործական մեռելության»: Հայ միտքը «վերջացած մոմի նման» հառաչանք էր քաշում: Ուրեմն հարկ էր ոչ միայն խոսել զոհերի մասին, այլեւ այն մասին, թե ինչ ապրեցին փրկվածները: Եղեռնն այն երեւույթն է, որ Զարյանին մղել է հայ մարդուն ու նրա ոգեղեն կերտվածքը տեսնելու ահավոր այդ չարիքի դիմակայման մեջ: Այս հենքի վրա էլ բարձրանում է Կոստան Զարյանի գրական ընդգրկումների մյուս առանձնահատկությունը` աշխարհի անդաշն վիճակի արտացոլումը, համաշխարհային կյանքի փլուզումների պատմությունը, մարդ-արարածին պատած քաոսային վիճակի պատկերումը:

Զարյանն իր կյանքի բերումով նաեւ ականատեսը եղավ հայ մարդու ապրած ճակատագրական մի շարք դեպքերի` բռնություններ, աքսորներ, հեղափոխություններ, կոտորածներ, գաղթ եւ այլն: Հենց իր` Զարյանի ապրած կյանքը տարագիր հայ մարդու ապրած երկարաձիգ մի ուղի է եղել, որ ուղղակի կամ անուղղակի արդյունք ու հետեւանք էր եղեռնի:

Մեզանում գրվել ու ասվել է, թե Զարյանը չի պատկերել եւ կամ չի անդրադարձել ազգային այդ մեծ արհավիրքին: Միանգամայն սխալ տեսակետ ու կարծիք: Իր ամբողջության մեջ Զարյանի գրականությունը ավելի քան արդյունքն է հենց այդ երեւույթի, այն այլ բան չէ, քան հայ ժողովրդի ապրած ցավի ու արյան գեղարվեստական պատմությունը, հայության «այրվող վերքի» բացահայտումը, ջանք` հայ մարդու ապրած տանջանքները եւ թափած արյունը ծառայեցնելու շենացնող կյանքին եւ ոգեղեն արժեքների ու ազդակների վերածելու` ոգեկոչելու համար հայ մարդու ստեղծագործ կարողությունները, ցույց տալու, որ կյանքի եւ մահվան տեւական պայքարի, լույսի ու առաջընթացի անընդհատ որոնման մեջ է նաեւ պարուրված հայ ժողովրդի մեծությունն ու ոգու էությունը:

Զարյանն ուներ այն համոզումը, որ արվեստի մեջ «կարելի չէ երգել ոճիրը, որ երգել կարելի է միայն այն, ինչ վսեմ է, բարոյական, լուսավոր» (Նավատոմար, Երեւան, 1999, էջ 580)։ Լալկան խոսքը նսեմացնում է ազգին: Մինչդեռ անհրաժեշտ է արտացոլել ժողովրդի ոգեղեն աշխարհը, որ վսեմացնող հատկանիշ ունի: Սակայն սա չի նշանակում, թե Զարյանն իր հայացքը շրջել էր այլ ուղղությամբ: Եղեռնը ոչ միայն ֆիզիկական ու նյութական անդառնալի կորուստներ էր պատճառել, այլեւ խեղել էր միլիոնավորների հոգեվիճակը, նրանց մատնել, Զարյանի խոսքերով ասած, «ստեղծագործական մեռելության»: Հայ միտքը «վերջացած մոմի նման» հառաչանք էր քաշում: Ուրեմն հարկ էր ոչ միայն խոսել զոհերի մասին, այլեւ այն մասին, թե ինչ ապրեցին փրկվածները: Եղեռնն այն երեւույթն է, որ Զարյանին մղել է հայ մարդուն ու նրա ոգեղեն կերտվածքը տեսնելու ահավոր այդ չարիքի դիմակայման մեջ: Այս հենքի վրա էլ բարձրանում է Կոստան Զարյանի գրական ընդգրկումների մյուս առանձնահատկությունը` աշխարհի անդաշն վիճակի արտացոլումը, համաշխարհային կյանքի փլուզումների պատմությունը, մարդ-արարածին պատած քաոսային վիճակի պատկերումը:

 

Շարունակելի

Արծրուն ԱՎԱԳՅԱՆ

Բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s