ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԱՌԱԿՆԵՐ

 «ՈՐՈՄՆԵՐԻ ԱՌԱԿԸ»

(Մատթ. ԺԳ 24-30, մեկն.՝ ԺԳ 36-43)

 Մեր հյուրն է Բյուրավանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Ղազար քհն. ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

 Սկիզբը՝ 2010-ի թիվ 24 (2010 Դեկտ. Բ)

— Տե՛ր հայր, թշնամին եկավ եւ իր սեւ գործն արեց՝ գիշերով, թաքուն, «երբ մարդիկ քնի մեջ էին», այսինքն՝ նենգաբար, թիկունքից։ Սա չար ուժերի գործելակե՞րպն է…

 

— Այս պարագայում սատանայի արածը նախ եւ առաջ գողություն էր։ Իսկ գողությունը միշտ էլ թաքուն է կատարվում։ «Արտ» եզրը, բացի «աշխարհ» իմաստից, նաեւ մեկնվում է որպես յուրաքանչյուրիս անձը։ Այդ անձը միշտ էլ ենթակա է չարի հարձակումներին։ Տեսեք՝ մարդը ծնվում է, 40 օրականում մկրտվում, դառնում լիարժեք քրիստոնյա։ Այնուհետեւ տեսնում ենք, որ մեծանալով՝ նրա վարքագծում ցորենի հետ միասին որոմ կա, այսինքն՝ բարի հատկությունների կողքին ունի չար, սխալ, թերի գծեր։ Ինչո՞ւ։ Որովհետեւ «թշնամի մարդը» մշտապես ջանում է գայթակղություններ սերմանել մարդու մտքի մեջ եւ դա անում է բազմաթիվ եղանակներով։

Արդյունքում որոմն ու ցորենը մարդու սրտի մեջ հավասարազոր աճում են։ Սակայն Տերը թույլ չի տալիս, որ անմիջապես դատաստան տեղի ունենա։ Որովհետեւ դատաստանի մեջ կարող ենք սխալվել բոլորս։ Հիշե՛ք, թե որքան եք լսել այսպիսի արտահայտություն. «Եթե Աստված կա, ինչո՞ւ չի պատժում այսինչ չարագործին» եւ այլն։ Իսկ եթե անմիջապես պատժե՞ր… Պատկերացրեք՝ Աստված թույլ տար Իր հրեշտակներին դատաստան տեսնել մեր Տրդատ արքայի հետ, որ չարչարում էր սբ Գրիգոր Լուսավորչին. կբնաջնջեին եւ դժոխքի խորխորատները կնետեին Տրդատին՝ իբրեւ որոմի։ Բայց աստվածային նպատակն այլ էր. մենք շատ լավ գիտենք, թե ինչպես որոմը ցորեն դարձավ, թե ինչպես քրիստոնեության հալածիչն ու սուրբ հավատքի թշնամին դարձի եկավ, ավելին՝ դարձավ աշխարհում առաջին թագավորը, ով քրիստոնեությունն իր երկրում հռչակեց պետական կրոն։ Իսկ Սավուղ-Պողոս առաքյա՞լը… Օրինակները բազում են։

— Այսինքն՝ չարիքն այլ բան է, չար մարդը՝ այլ։ Վ. Սարոյանն ասում է. «Ես ատում եմ չարիքը եւ ստորությունը, բայց ոչ չար եւ ստոր մարդկանց. ես ուզում եմ, որ նրանք բարի դառնան»։

 

— Դա հենց քրիստոնեական մտածողությունն է։ Աստված ատում է մեղքը, սակայն մեղքի եւ կրքի անդունդը գլորված մարդուն կամենում է դուրս բերել, փրկել։ Եվ հենց այս նպատակի համար զոհագործեց Իր Սրբազան Որդուն։

— Տերն այս առակում աշխարհի վախճանը հունձ է անվանում։ Մեկնության մեջ հենց այդպես էլ ասում է. «Հունձն այս աշխարհի վախճանն է, եւ հնձողները հրեշտակներն են»։ Ուրիշ առիթներով Քրիստոսն այլ իմաստով է ասում այդ բառը. «Հունձն առատ էր, իսկ մշակները՝ սակավ» (Մատթ. Թ 37)։

 

— Նույն եզրը կարելի է կիրառել տարբեր այլաբանությունների համար, եւ դա շատ բնական է։ Այստեղ հունձը, միանշանակ, վախճանն է. մի կողմից՝ յուրաքանչյուր մարդու մահը՝ աշխարհի վախճանից առաջ, մյուս կողմից, ինչպես Պետրոս Բերդումյանն է ասում, մարդկային ցեղի հունձը՝ Ահեղ դատաստանը, երբ «արդարները երկնքի արքայության մեջ կծագեն, ինչպես արգակը», իսկ նրանք, ովքեր թշնամի են եղել Քրիստոսին, իրենց ողջ կյանքն ապրել են սատանայից խաբված, ատելության, տարատեսակ մեղքերի ու պղծությունների մեջ, իբրեւ վարձք պիտի ունենան անշեջ հուրը եւ հավիտենական տառապանքները։ «Այնտեղ կլինեն լաց եւ ատամների կրճտում»,- ասում է Տերը։ Այդ լացն այլեւս չի լինելու ապաշխարության կենդանարար, նորոգիչ, մարդեղացնող լացը, այլ այդ լինելու է լաց՝ թշվառության համար, անդառնալի կորստի, հոգու հավիտենական կորստի համար։ Հարաժամ ողբալու են, որովհետեւ իրենց վիճակն այլեւս չի փոխվելու։

— Սբ Հովհան Մանդակունի հայրապետն այնքա՜ն պատկերավոր է ներկայացնում այդ վիճակը. «Հանապազ հեծում ես եւ դառնապես լալիս. վշտեր, նեղություններ, մշտնջենավոր տառապանքներ, աննման կսկիծներ…, որոնք ոչ ոք չի լսում, քանզի ուշ է արդեն։ Այլ այստե՛ղ էր պետք լալ եւ ողբալ, այստե՛ղ էր պետք աղաչել, աղերսել եւ թողություն խնդրել…»։

 

Տե՛ր հայր, այդքան ասվել, զգուշացվել է, որ ա՛յս կյանքում է միայն հնարավոր ապաշխարել, որ մահվան հետ վերջանում է այլեւս Տիրոջը դառնալու որեւէ հնարավորություն։ Բայց երեւի Դանթեի «Աստվածային կատակերգությունը» շատերին է հույս տալիս, որ մահից հետո քավարան կա, ուր կարող են այս կյանքում գործած մեղքերը զղջումով քավել։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմության, առհասարակ հայ իրականության մեջ, կարծեմ, երբեւէ նման մտայնություն չի եղել։

 

— Եղել է ճիշտ հակառակը։ Հայ Եկեղեցին մշտապես հակադրվել է քավարանի վարդապետությանը։ Ինչո՞ւ. որովհետեւ այն ուղղակի Ավետարանից չի բխում։ Որովհետեւ մահվանով այլեւս ավարտվում են մարդու ազատ կամքի դրսեւորումն ու տնօրինումը։ Ինչո՞ւ միայն սուրբ հայրերը։ Հենց Ավետարանը քանի՞ անգամ է հիշեցնում, զգուշացնում, հորդորում։ Հիշենք թեկուզ «Աղքատ Ղազարոսի եւ մեծահարուստի առակը» (Ղուկ. ԺԶ 19-31)։ Եթե լիներ քավարան, մեծահարուստը պիտի քավեր իր մեղքերը եւ գնար Աբրահամի գոգը՝ Ղազարոսի մոտ։ Մինչդեռ Աբրահամն ի՞նչ ասաց մեծահարուստին։ Ասաց. «Մեծ վիհ կա մեր եւ ձեր միջեւ. եթե ուզենան այստեղից ձեզ մոտ անցնել, չեն կարողանա, ոչ էլ այդտեղից մեկը կարող է մեզ մոտ անցնել»։ Այդ վիհը կարող է վերանալ միայն ա՛յս կյանքում։ Միայն այս կյանքում է քավարանը եւ այդ քավարանը սուրբ եկեղեցին է։ Ուրիշ քավարան չկա։ Դռնբացեքի օրը ի՜նչ գեղեցիկ խոսքերով ենք Աստծու եկեղեցու դուռը բացում։ Ներսից ասում են. «Սա՜ է քավարանը հոգիների», այսինքն՝ եկեղեցին է։ Ինչո՞ւ. որովհետեւ Աստծու տունն է եկեղեցին, եւ այնտեղ է քահանան, ով, Քրիստոսից ստացած, մեղքերի թողության իշխանություն ունի, եւ եկեղեցում են ապաշխարության խորհուրդն ու սուրբ Հաղորդությունը՝ մեղքերի թողության իրական երաշխիքը եւ հավիտենական կյանքի առհավատչյան։

Սուրբ Պատարագի ժամանակ էլ «մարդկանց քավարան« է անվանվում եկեղեցին։ Ասել է թե՝ եկեղեցուց դուրս այլ քավարան պետք չէ փնտրել։

— Տե՛ր հայր, այս առակում չարերի եւ բարիների համատեղ կեցությունը եւ կողք կողքի աճելու թույլտվությունը որոշ չափով հիշեցնում են «Լեռան քարոզի» դրվագներից մեկը. «Աստված Իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վրա եւ անձրեւ է թափում արդարների եւ մեղավորների վրա» (Մատթ. Ե 45)։ Սակայն, ի տարբերություն «Լեռան քարոզի» այդ հատվածի, որն ասվում է թշնամիներին սիրելու առիթով, առակի այս դրվագում սիրո եւ ներողամտության հանգամանք, գոնե ուղղակիորեն, կարծես թե չկա։ Այլ…

 

— Կարծում եմ՝ չարերի եւ բարիների համակեցության միջոցով (որոմ, ցորեն) Աստված մի գեղեցիկ ներդաշնակությամբ կարողանում է սրբերի, աստվածապաշտների վարձքն ավելացնել։ Տեսեք. որքան շատ էին չարչարում Քրիստոսի սուրբ վկաներին, այնքան նրանց պսակներն էին ավելանում։ Եթե Տրդատ թագավորը բնավ էլ չարչարած չլիներ սբ Գրիգոր Լուսավորչին, նրան վիրապ նետած չլիներ, թերեւս դարձի բնույթն այլ լիներ։ Մենք՝ Լուսավորչից ավելի քան 1700 տարի հետո ապրողներս, եւ բազում սերունդներ, որ լսել կամ ընթերցել են այս պատմությունը, տեսնելով սուրբ Վկայի աստվածային համբերությունը, մեր մտապատկերի մեջ հարյուրապատիկ արժեւորում ենք Լուսավորչի կերպարը, որ ցորեն էր՝ Աստծուց սերմանված, եւ ցորեն էլ մնաց։ Այլեւ սրբեց ու «ցորենացրեց» որոմի մի հսկա արտ, որ պիտի աճեր ու պտղաբերեր դարերի ընթացքում՝ «մեկի դիմաց՝ հարյուր, մեկի դիմաց՝ վաթսուն, եւ մեկի դիմաց՝ երեսուն»։

Հյուրընկալեց Հայկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s