Սկիզբը՝ 2010-ի թիվ 22-24 (2010 Նոյ. Բ — Դեկտ. Բ)

 Հենց այդ օրերին վեզիր Քյոփրյուլին եւ Մեհմեդ փաշան Բուրսայում սուլթան Մեհեմեդ Դ-ի ներկայությամբ կազմակերպել էին տոնախմբություն՝ մեծ վեզիրի որդի Ահմեդ փաշայի՝ Կարնո կուսակալ նշանակվելու կապակցությամբ։ Առիթից օգտվեց Եղիազարը, որը Բուրսա գնաց առատ նվերներով։ Արքունի պաշտոնյաների միջոցով դիմեց մեծ վեզիրին՝ հայոց իրավունքները վերականգնելու խնդրանքով։ Քյոփրյուլին, որ համոզված էր հայերի իրավունքների մեջ, դիմեց սուլթանին եւ ստացավ Երուսաղեմում հայոց իրավունքները վերականգնող հրովարտակ։ Դա եղավ Խաչվերացի տոնից, այսինքն՝ սեպտեմբերի 11-ից երկու օր առաջ։

Հրովարտակը վերականգնում էր հայերի բոլոր իրավունքները, մեղքը բարդում էր Թիյարօղլուի վրա եւ հույներին պատվիրում էր հակառակություն հանդես չբերել։ Սույն հրովարտակով Աստվածատուր պատրիարքը ճանաչվեց Երուսաղեմի հայկական ազգային սեփականությունների իրավատերը։ Սակայն հարմար գտան, որ նա շարունակի մնալ Կ. Պոլսում, եւ հրովարտակի գործադրությունը հանձնվի Եղիազար Այնթապցուն։ Նրան փոխանորդության պաշտոնագիր տրվեց, եւ նա, հասնելով Երուսաղեմ, տիրացավ Սբ Հակոբին եւ ազգային հարստություններին։ Դա կատարվեց 1659 թվի վերջերին։ Վանքը հույներից ազատվեց երկուսուկես տարի անց։

Եղիազարն իր պաշտոնավարության մի քանի տարիների ընթացքում շքեղացրեց մայրավանքը՝ նույնիսկ օգտակարություն հանդես բերելով իր դրամական կարողությանը եւ պահած գումարներին։ Կառուցում է Էջմիածին մատուռը, պատրիարքական աթոռը, կարգի է բերում Հոպպեի կալվածքները եւ Ռամլեի վանքն ու եկեղեցին, Գազայի եկեղեցին եւ մայրավանքի աբեղաթաղը։

Բարդ էին գործերը Կ. Պոլսում։ Առաջին անգամ Մարտիրոս պատրիարքը Եղիազարի հետ միասին վճարեց 140000 դահեկան, սակայն հաջորդ տարի նրանից 400000 պահանջեցին։ Դա արվում էր՝ Թովմասի հրովարտակին հետեւելով։ Գործը կարգավորելու համար Մարտիրոսը գնաց Ադրիանուպոլիս, սակայն չհաջողեց եւ բանտարկվեց։ 40 օր անց նրան ասացին, որ կան մարդիկ, որ պատրաստ են այդքան վճարել եւ պատրիարք դառնալ։ Մարտիրոսը զիջեց, բայց Քյումուրճյանն ընդդիմացավ։ Հավելյալ գումարը որպես կաշառք տալով՝ նա կարողացավ օրինական տուրքը պահել 140000-ի չափով։

Պատրիարքը 1600 թվի ապրիլի 16-ին Ադրիանուպոլսից դուրս եկավ եւ ապրիլի 22-ին Զատիկը կատարեց Ռոդոսթոյում, հետո գնաց Կ. Պոլիս, որտեղ՝ Ղալաթիայում, ապրիլի 7-ին հրդեհ էր եղել։ Հուլիս ամսին էլ մի ահավոր հրդեհ Կոստանդնուպոլիսն անապատի վերածեց։ Հրդեհը երեք օր տեւեց եւ քաղաքի հյուսիսից մինչեւ կենտրոնը տարածվեց՝ հյուսիսային քամու պատճառով։ 30000 տուն եւ 3000 մարդ այրվեցին։ Հայոց եկեղեցիներից այրվեցին Սբ Նիկողայոսը, Սբ Սարգիսը, իսկ Գում-Գափուի եկեղեցին կրակից հազիվ ազատվեց։ Բազմաթիվ հայեր մնացին անօթեւան, սակայն պատրիարքի համար դրան գումարվեց գավառացիների խնդիրը։ Գավառացիները տեղերում պետք է վճարեին տուրքերը՝ բաշխված բոլորի վրա։ Սակայն շատերը, գալով Կ. Պոլիս, հարստանում էին եւ չէին մտածում իրենց հայրենիքի տուրքերը վճարելու մասին։ Այդ պատճառով Եվդոկիայից, Սեբաստիայից, Կամախից, Տիվրիկից եւ այլ քաղաքներից պատվիրակներ եկան մեծ վեզիրի մոտ եւ արտոնություն ստացան իրենց հարկ չվճարող գավառացիներին ցույց տալ։ Ղազար Սեբաստացին, որ Տիվրիկի եպիսկոպոսն էր եղել եւ հետո եկել էր Կ. Պոլիս, անցավ գանգատավորների գլուխ եւ մեղադրելով Մարտիրոս պատրիարքին՝ շատ մարդկանց իր կողմը գրավեց, որոնց առաջնորդում էր Շրվան Տիվրիկցին։ Ղազարին աքսորել տալ չստացվեց, եւ նա ավելի ուժեղացավ։ Նա կարողացավ պաշտոնանկ անել պատրիարքին եւ իր համար պատրիարքության հրովարտակ ստանալ՝ կաշառքի ու նվերների օգնությամբ։ Նա պատրիարք դարձավ 1660 թվի նոյեմբերին։ Մարտիրոսը դիմեց Եղիազարի օգնությանը, բայց սա ավելի լավ համարեց Ղազարի պատրիարք մնալը եւ Մարտիրոսին Երուսաղեմի նվիրակ նշանակեց արեւելյան թեմերում։ Դրանից օգտվելով՝ Մարտիրոսը 1661-ին գնաց Էջմիածին եւ Հակոբ կաթողիկոսի կողմից ձեռնադրվեց Ղրիմի եպիսկոպոս։ Նա Ղրիմում առանձին ընդունելություն չգտավ, բայց կարողացավ այնտեղ մի քանի տարի մնալ, քանի որ կաֆացի էր։

Ղազարի պատրիարքությունն էլ օդից կախված էր, քանի որ ամեն ինչ պետք է աներ, որ աթոռի վրա մնար։ Նա կարողացավ վերականգնել Սբ Նիկողայոսի այրված եկեղեցին՝ օգտվելով մեծ վեզիրի բացակայությունից, ինչպես նաեւ հույների՝ այրված ինը եկեղեցիների վերաշինության նախաձեռնարկ լինելուց։ 1661 թվի հոկտեմբերի 31-ին մահացավ Քյոփրյուլի Մեհմեդ մեծ վեզիրը, որն իր պաշտոնավարության հինգ տարիների ընթացքում 30000 մարդու տարբեր պատճառներով սպանել էր՝ ցույց տալու համար պետության ահարկու ուժը։ Նրան հաջորդեց նրա որդի Ահմեդը, որին երկու տարի առաջ Կարնո կուսակալ էին նշանակել։ Այդ ժամանակ նա ընդամենը 26 տարեկան էր եւ ավելի շատ հիշվում էր Քյոփրյուլիօղլու անունով՝ հորից զատվելու համար։ Սա շարունակեց հոր քաղաքականությունը եւ հունգարների դեմ պատերազմից ետ գալով՝ հիմնահատակ քանդել տվեց հայերի եւ հույների վերաշինած եկեղեցիները, որոնց համար հրովարտակ չկար։ Դա կատարվեց Զատկի օրը՝ 1662 թվի մարտի 30-ին։ Ղազար պատրիարքի վիճակը ծանրացավ։ Նրա դեմ դուրս եկավ Հովհաննես Թութունչին կամ Հովհաննես վարդապետ Արեւելցին։ Վերջինս սկզբում պաշտոնվարել էր Հոգյաց Սբ Աստվածածին, Սալնապատի եւ Վարագա վանքերում։ Վարագա վանքում նա առու էր անցկացրել, որը հետագայում լրիվ ավերվել է։ Նա, որպես Էջմիածնի նվիրակ, Կ. Պոլսում մեծ գումար էր հավաքել եւ Ղազարի դեմ դժգոհությունը տեսնելով՝ որոշեց պատրիարք դառնալ։ Նա հարեց թըլթըլյաններին եւ Թըլթըլ երեցի հետ գնաց Սիլիվրի՝ Քյոփրյուլիօղլուին տեսության։ Մի խոսքով՝ նա մեծ գումարով գնեց պատրիարքության հրովարտակը։ 1663 թվի փետրվարին նա տիրացավ պատրիարքությանը։ Չի բացառվում, որ դա եղավ նույն թվի մարտին։ Իրեն ապահով զգալու համար նա Ղազարին բանտարկեց։ Իր պաշտոնավարելն արդարացնելու համար նա հենվում էր այն փաստի վրա, որ ինքն Էջմիածնի նվիրակ էր, մինչդեռ Ղազարը Սսում էր ձեռնադրվել։ Սակայն նա, որպես Էջմիածնի նվիրակ, հավաքած փողերը ծախսել էր անձնական նպատակներով։ Նա այդ խոստովանում էր, որ ժողովրդին լռեցնի, եւ խոստանում էր պատրիարքարանի եկամուտներով Էջմիածնի գումարները ետ վերադարձնել։ Եվ իբրեւ իր ասածի երաշխավորներ՝ հիշատակում էր արեւելցի իշխանավորներ Խոսրովին եւ Միրզային։ Թըլթըլյան խմբակցությունը նույնն էր պնդում, որպեսզի իր ձեռքից բաց չթողնի պատրիարքին։ Երաշխավորագիր պատրաստվեց եւ Մինաս Արեւելցի վարդապետի ու մի աշխարհականի ձեռքով կաթողիկոսին ուղարկվեց՝ խնդրանքով, որ կաթողիկոսը հաստատի նրա պատրիարքությունը։ Սակայն Ղազարի կողմնակիցները նրանց Քարթալում ձերբակալեցին եւ ազատ արձակեցին միայն 10 օր հետո՝ մեծ տուգանք վերցնելով։ Կաթողիկոսն էլ նամակ ուղարկեց եւ պահանջեց հավաքված գումարները։ Նա Ղազարին էլ չէր պաշտպանում, քանի որ վերջինս հակաէջմիածնական էր, բայց մեղադրում էր Հովհաննես Թութունչուն։ Կ. Պոլիս եկավ Էջմիածնի նոր նվիրակը՝ Գաղատիայի առաջնորդ Մինասը, սակայն ժողովուրդը, այս ամենից զզված, նրան էլ բանի տեղ չդրեց։ Դժգոհության պատճառն այն էր, որ Էջմիածինը հաճախ էր նվիրակներ ուղարկում՝ դրամ հավաքելու։ Նվիրակները մեռոն բաշխելու իրավունք ունեին, որի համար մեծ գումարների էին պահանջում, կեղեքում էին ու հոգեւորական պատիժներ տալիս։ Դրանից դժգոհներն անգամ Օսմանյան իշխանություններին դիմեցին, որ Պարսից կողմից նվիրակներին չընդունեն։ Մեծ վեզիրը նման հրահանգներ ուղարկեց իր կուսակալներին։ Այս ամենը հող նախապատրաստեց հակաթոռ կաթողիկոսություն ստեղծելուն։

Այժմ մի պահ հեռանալով այս իրադարձություններից՝ փորձենք անդրադառնալ Եվրոպայի հայերի խնդիրներին։ Փիլիպոս կաթողիկոսի օրոք Նիկոլ եպիսկոպոսի եւ լվովցիների միջեւ 1652 թվի հաշտությունն արմատական չեղավ։ Նիկոլն իր հռոմեադավանությանը հայկական կերպարանք էր տվել, իսկ ժողովուրդն իր հայադավանությանը՝ հռոմեական։ Միակ առավելությունն այն էր, որ դավանական խնդիրները վերացել էին։ Սակայն Նիկոլը շարունակում էր իր անպարտում գործունեությունը եւ արքեպիսկոպոսարանում ապրում էր իր սիրուհու հետ, որը կուսանոցից հանված միանձնուհի էր։ Սրանք երկու տղա ունեցան եւ անգամ երեխաներին իրենց մոտ էին պահում։ Դժգոհություն շատ կար, բայց 11 տարի այսպես շարունակվեց։ 1662 թվի հունվարի 12-ի կոնդակով Հակոբ կաթողիկոսը Հովհաննես վարդապետին նվիրակ ուղարկեց Լեհաստան՝ դրամ եւ մեռոնաբաշխության համար նվերներ հավաքելու նպատակով։ Սակայն նույն տարում Լեհաստան է գալիս նաեւ պապական նվիրակը՝ Պինիաթելին, որին հայերը խնդրում են, որ Նիկոլին ուղղության բերի։ Սրա հորդորները ոչ մի ազդեցություն չեն ունենում Նիկոլի վրա։ Տեսնելով այդ՝ պապի նվիրակը Մարիամ Լուդովիկե թագուհու աջակցությամբ հրամայում է բռնի կորզել Նիկոլի տարփածուին, որին ամուսնացնում են մի մեծահարուստ զինվորականի հետ։ Նրանք մեկնում են հեռավոր վայրեր՝ ստացած օժիտով հանդերձ։ Նվիրակին դուր չի գալիս նաեւ հայերի, այսպես կոչված, հռոմեադավանությունը եւ առաջարկում է Հռոմի ծախսով դպրանոց բացել՝ արժանավոր եկեղեցականներ պատրաստելու համար։ Նա գրում է Հռոմ եւ խնդրում դպրոցի հարմար վարիչ ուղարկել։ Հռոմից ուղարկում են Գալանոսին, որը քարոզչության Ուրբանյան դպրոցի ուսուցիչն էր եւ գրում էր հատկապես հայերի համար։ Նա 53 տարեկան էր, բավական տկարացած, բայց պաշտոնն ստանձնեց եւ իրեն ընկերակից դարձրեց Լուիզ Պիթուին, որը Թեաթինյան միաբանության անդամ էր, ինչպես նաեւ Բոնավենտուրա Կոստուցցիին ու Հռոմից մեկնեց 1663 թվի սեպտեմբերի 30-ին։ Սկզբում եղավ Մյունխենում, որտեղ ձմռան պատճառով մնաց մինչեւ 1664 թվի ապրիլը եւ միայն նույն ամսի 17-ին հասավ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավա։ Նա Լվով հասավ մայիսի 1-ին, որը հին տոմարով համապատասխանում է ապրիլի 21-ին։ Հայերը հասկացել էին պապի նվիրակի հեռահար միտքը, ուստի Գալանոսը եւ նրա ուղեկիցները առանձնապես լավ չընդունվեցին նրանց կողմից։ Նիկոլը նրանց սիրալիր ընդունելություն ցույց տվեց, բայց դժգոհ էր, որ իր վրա հսկիչներ են ուղարկվել։ Նա նրանց մի սենյակ տվեց, որտեղ ուրիշ չորս անձինք էին բնակվում։ Իսկ դրա շուրջը աղբ էր ու ձիու քակոր։ Դպրոցի համար նա տեղ չտվեց եւ միայն Գալանոսի սպառնալիքից հետո նրանց հետ բնակվող չորս անձանց դուրս բերեց։ Խոհանոցի համար էլ մի հեռավոր տեղ տվեց եւ մի քանի աշակերտի թույլ տվեց նրանց մոտ սովորել։ Այդ վարժարանը կոչվեց Երկոտասանից Նպարունյաց։

 

Շարունակելի

 

Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

 

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s