Կիրակի է: Սակայն լույսը բացվելուն պես՝ Մոսկվայի ուսանողական հանրակացարանի նեղլիկ սենյակներից մեկում ապրող երկու հայ տղա, աստվածային Լույսով ողողվելու անզուսպ ցանկությամբ, շտապում են դուրս գալ: Մեկը Թիֆլիսում ծնված-մեծացած Ալեքսանդր Մանուկյանն է, մյուսը` երեւանցի Սամվել Հարությունյանը: Կիրակին սուրբ օր է, նրանց ամենասպասված օրը: Աստված, վեց օր արարչագործելով, յոթերորդ օրը հանգստացավ եւ սրբագործեց այն` որպես հանգստի ու խաղաղության օր, որպեսզի մարդիկ եկեղեցի գնան, հիշեն Արարչին, երկյուղած սրտով իրենց աղոթքն ասեն:

«Ինչ էլ պատահի, միեւնույն է, կիրակի օրն անպայման Պատարագին պիտի մասնակցեմ»,- ասում է Սամվելը:

Սամվելի ու Ալեքսանդրի նման տասնյակից ավելի հայ երիտասարդներ Մոսկվայի ամենահեռավոր վայրերից շտապում են Ս. Հարություն եկեղեցի: Նրանք պարզապես մոմ վառելու կամ ընկերներին հանդիպելու չեն գնում: Նրանք գիտակցում են Պատարագի հոգեպարար եւ առինքնող խորհուրդը: «Ես արդեն գիտեմ, որ Տերը պատվիրում է Հաղորդություն ստանալ,- ասում է Ալեքսանդրը:- Դրանով մենք մեր մեջ Քրիստոսի հավերժական ներկայությունն ենք ունենում: Մարմինն ու Արյունը ճաշակելով` փրկվում ենք եւ հավիտենական կյանքը ժառանգում»: «Ես արդեն գիտեմ»՝ Ալեքսանդրի՝ գրեթե պարծանքով ասված այս խոսքերը կարող են կրկնել անխտիր բոլորը, ովքեր «Նուռ» երիտասարդաց միության անդամ են: Ալեքսանդրն ու Սամվելն ընդամենը երեք ամիս է, ինչ իրենց համար բացահայտել են «Նուռ»-ը: «Ապրելով Թիֆլիսում` շատ հեռու եմ եղել Հայ Եկեղեցուց, անգամ հայերեն դժվարությամբ եմ խոսում,- խոստովանում է Ալեքսանդրը:- «Նուռ»-ն իմ կյանքում հրաշքի նման մի բան է: Այստեղ թեպետ խոսում ենք ռուսերեն, սակայն միայն Հայաստանի ու Հայ Եկեղեցու մասին: Ես հաղորդակից եմ դառնում իմ արմատներին եւ աստիճանաբար յուրացնում ու զգում իմ մայրենի լեզուն»:

Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպս Ներսիսյանի օրհնությամբ ստեղծված «Նուռ» երիտասարդաց միությունն արդեն հինգ տարեկան է: Այստեղ ընդգրկված են մինչեւ երեսունհինգ տարեկան երկու հարյուրից ավելի երիտասարդներ: Նրանք օգնում են հիվանդներին, կարիքավոր մարդկանց: «Բարեգործությունը մեր նպատակներից մեկն է, որպեսզի ոչ թե խոսքով, այլ բարի գործերով գտնենք Աստծուն մերձենալու ճանապարհները»,- ասում է «Նուռ»-ի հոգեւոր պատասխանատու Տ. Հակոբ քահանա Սարոյանը: Երիտասարդաց միությունն ակտիվ կյանքով է ապրում. պարբերաբար կազմակերպվում են մշակութային միջոցառումներ, ցուցահանդեսներ, ուխտագնացություններ, հանդիպումներ հոգեւորականների հետ:

Պատարագի ավարտից հետո երիտասարդները դեռ եկեղեցում են, ավելի շուտ` հովվատանը, որտեղ տարեց հավատացյալների հետ ջերմ, փոխադարձ հարգանքի մթնոլորտում վայելում են սիրո ճաշը, ինչպես առաքելական շրջանում, երբ մի կտոր հացը հավատացյալները համերաշխ բաշխել են միմյանց մեջ: Հյուրատունը մեծ չէ, փոխարենը մեծ է հավաքվածների թիվը: Այստեղ ամեն մեկն իր սիրելի անկյունն ու տեղն ունի: Խոսակցության թեման պտտվում է միայն Սուրբ Գրքի շուրջ: Այստեղ սովորեցնող կամ քարոզող չկա: Ամեն մեկն իր մտածումներն է փոխանցում կամ համբերատար լսում մյուսի կարծիքը: «Նուռ»-ի երիտասարդների համար յուրօրինակ օր է կիրակին. այն ասես ուխտագնացություն լինի, որի վերջին հանգրվանը հայորդյաց տունն է` հոգեւոր զրույցների վայրը:

«Որովհետեւ Աստծո խոսքը կենդանի է եւ զորավոր եւ երկսայրի սրից ավելի կտրուկ»,- Պողոս առաքյալի Թղթերից մեջբերում է Դավիթ Բեկնազարյանը` «Նուռ»-ի ղեկավարը: Սա պատահական ընտրված խոսք չէ: Պողոս առաքյալի դարձի, առաքելական գործունեության ու Թղթերի ողջ պատմությունն այդ օրը Դավիթ Բեկնազարյանը ներկայացնում է երիտասադներին: Սակայն զուտ ներկայացնելը քիչ կլիներ: Դավիթն առավել խոր եւ մնայուն գիտելիքներ տալու համար, զուգահեռներ անցկացնելով, մեջբերումներ է անում Նոր Կտակարանից եւ Պողոս առաքյալի Թղթերից: Լսարանում քար լռություն է: Այդ ինչպես եղավ, որ քանանացի կնոջ դիվահար աղջիկը միանգամից բժշկվեց, երբ մայրը դիմեց Հիսուսին՝ օգնության համար: «Որովհետեւ մեծ հավատք ուներ,- բացատրում է Դավիթը: Հաճախ մարդիկ նեղսրտում են, թե Աստված իրենց ձայնը չի լսում: Դա այդպես չէ: Աստված միշտ ընդառաջ է գնում այն մարդկանց, ովքեր խոր հավատքով, երկյուղած սրտով ու խոնարհությամբ են դիմում Իրեն»:

Հոգեւոր զրույցների շրջանակն ընդգրկուն է եւ բազմաշերտ: Այստեղ բուռն քննարկումներ են լինում, կրոնական ֆիլմերի դիտումներ՝ ճշմարիտ հավատքի, Քրիստոսի փրկչագործական առաքելության, մահացու մեղքերի, աղանդի վնասակարության մասին: «Նուռ»-ն օգնում է մարդկանց հասկանալ Տիրոջ ճշմարիտ խոսքը, Եկեղեցու ավանդույթն ու խորհուրդները, որպեսզի չսայթաքենք, ապրենք քրիստոսավայել կյանքով»,- ասում է Ալեքսանդրը: Իսկ Սամվելը հավելում է. «Եկեղեցին վատ բան չի կարող սովորեցնել: Եթե մարդը փորձի հետեւել նրա խորհուրդներին՝ անպայման կշահի: Օրինակ, Տերն ասում է` սիրիր մերձավորիդ, թշնամուդ: Իմ կարծիքով` սա ամենագլխավոր պատգամն է, որովհետեւ, եթե սիրում ես, ապա չես կարող սպանել, բամբասել, նախանձել, ստել, այլ խոսքով` մահացու մեղքեր գործել»:

Երեկո է:

«Նուռ»-ի երիտասարդները խումբ-խումբ դուրս են գալիս հայորդյաց տնից` գոհունակ ժպիտով, հոգով ու սրտով նորոգված: Նրանց ականջներում դեռ Տիրոջ խոսքն է, որ դեռ կհնչի մինչեւ հաջորդ Պատարագ` «Ես որպես Լույս եկա աշխարհ, որպեսզի ամեն ոք, ով հավատում է Ինձ, խավարում չմնա»:

 

Այստեղ թեւածում էր հայ հոգեւոր երգը

 

Հունվարի 14-ին Մոսկվայի երաժշտության միջազգային տան Սվետլանովսկյան սրահում թեւածում էր հայ հոգեւոր երգը: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Մայր տաճարի երգչախումբը ժամանել էր Մոսկվա` մասնակցելու Ս. Ծննդյանը նվիրված հոգեւոր երաժշտության առաջին փառատոնին: Երգչախումբը, Ռուբեն Շարբաթյանի գլխավորությամբ, ներկայացրեց հարուստ ժառանգությամբ հայ հոգեւոր երգը` միջնադարից մինչեւ մեր օրերը: Հնչեցին Կոմիտասի, Եկմալյանի, Նարեկացու, Ալեքսանդր Հարությունյանի, Օհան Դուրյանի ստեղծագործությունները, որոնցից յուրաքանչյուրը Տիրոջն ուղղված փառաբանություն է, Նրա գթասրտությանն արժանանալու աղոթք-խնդրանք: Մենակատարներ Սարգիս Թորոսյանի, Կարինե Ավետիսյանի, Առնոլդ Քոչարյանի, Արմինե Օջախյանի կատարմամբ հնչեցին «Տե՛ր, ողորմյա», «Ով զարմանալի», «Սուրբ-սուրբ», «Հավուն-հավուն», «Գթա՛, Տե՛ր» երգերը: Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Ա-ի օրհնությամբ առաջին անգամ կազմակերպված այս փառատոնին մասնակցում էր վեց նշանավոր երգչախումբ՝ աշխարհի տարբեր երկրներից, որոնցից երեքը` Լոնդոնի, Սերբիայի եւ Ս. Էջմիածնի երգչախմբերը, առաջին անգամ էին Մոսկվայում: Փառատոնի նախաձեռնությանն իր մասնակցությունն է ունեցել նաեւ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմը: Ռուսահայոց առաջնորդ Տ. Եզրաս եպս Ներսիսյանի կարծիքով` փառատոնն առիթ է՝ մեկ անգամ եւս վերապրելու Տիրոջ Ս. Ծնունդի մեծ ավետիսը: Փառատոնի գեղարվեստական ղեկավար, Մոսկվայի երաժշտության միջազգային տան նախագահ Վլադիմիր Սպիվակովի կարծիքով` Ուղղափառ Եկեղեցիների մասնակցությամբ փառատոնը միասնականության, համերաշխության, բարության ու սիրո դրսեւորում է: Համերգի ավարտից հետո ռուսահայոց առաջնորդ Տ. Եզրաս եպս Ներսիսյանը հանդիպեց երգիչների հետ եւ շնորհավորելով նրանց՝ ասաց. «Թող այս հավատարմությամբ ու նվիրումով, որ ծառայում եք ազգին, Եկեղեցուն, Աստված օրհնի ձեզ: Մենք էլ ուրախանանք եւ գոտեպնդվենք, որ մեր ազգը հզոր է այսպիսի զավակներով»։

Ս. Ծննդյանը նվիրված հոգեւոր երաժշտության առաջին փառատոնն ավարտվեց հունվարի 23-ին:

Ալվարդ ՆԱԶԱՐՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s