Կոստան Զարյանի

ծննդյան 125-ամյակի առթիվ

 
Սկիզբը՝ 2010-ի թիվ 24, 2011-ի թիվ 1 (Հունվար Ա)


Հայ ժողովուրդը, եւ մասնավորապես նրա արեւմտահայ հատվածը, 20-րդ դարի առաջին երկու տասնամյակների ընթացքում ազգային գոյամարտի սեղանին դրեց դարերի ընթացքում երազված ազատաբաղձական իր նվիրումներն ու միտքը, ապրեց իր պատմության ամենաոգեւորիչ եւ միեւնույն ժամանակ ամենաողբերգական տարիները ու այդ ամենի ճանապարհին կորցրեց հայրենի հողն ու հայրական տունը, տվեց կյանք ու արյուն եւ ցրոնք դարձավ աշխարհի չորս ծագերում: Զարյանի գրականությունն էլ գալիս էր ասելու, որ հայ պատմական շրջանի գլխավորագույն խնդիրը Հայաստան երկրի ու ժողովրդի գոյատեւումն է: Հենց հանուն այդ խնդրի էլ ապրում ու գործում են նրա կերտած հերոսներն ու անձինք:

«Համայն հայկական թշվառությունը» անբաժան է եղել Կոստան Զարյանի հոգուց ու մտքից: Եվ նա գրել է` միշտ զգալով հոգեկան ու մտային մեծ պատասխանատվություն հայ կյանքի առջեւ: Գրել է ամենօրյա դառն ու սպանիչ դեպքերի թելադրանքով: «Կարողանալ երազածը իրականության վերածել` ինչպիսի տանջանք»,- գրել է նա «Կղզին եւ մի մարդ» գործում: Տանջանք, որ գալիս էր ազգային ցավերից, աշխարհի կործանաբեր ընթացքից, իր ապրած օրերի լլկումից, այն մտայնությունից, որ «կյանքը լավ կազմակերպված չէ», նաեւ ստեղծագործական այն որոնումներից, որ նպատակ ուներ արվեստի ճանապարհով հայտնաբերել այն, ինչը էական էր ու հավերժական: Կորսված կյանքի եւ կորսված մարդու վիճակը բեկվել է նրա ստեղծագործություններում, տարաբնույթ մեկնություններ ու ճյուղավորումներ ստացել, դարձել խնդիր ու ասելիք, գաղափար ու թեմա: Ադանայի կոտորածների լուրը Զարյանին ուղղակի ցնցել է: Այդ շրջանի իր ապրումների ու աշխարհի վիճակի մասին նա գրել է. «Ա՜հ, 909-ին աշխարհը ման էր գալիս չորս ոտքի վրա» («Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1918, հ. 12, էջ 18): Իսկ 1915-ի զանգվածային ջարդերի, կոտորածների ու աքսորների վերաբերյալ գրել է հակիրճ, սակայն շատ բնութագրական մի նախադասություն. «Գարուն, արյուն, արեւ եւ վիշտ: 1915»:

«Կրակի գույնով հողի այրվելը» այդուհանդերձ դարձել էր Զարյանի աշխարհըմբռնման հիմքը, եւ պատահական չէ, որ նրա մեջ կուտակվել էր «հավիտենական զայրույթը» առ աշխարհը, որը նրան հաճախ է տանում հակասական ապրումների ու խարազանող խոսքի, կորստյան եւ ընդվզման տրամադրությունների, իր խոսքով` «արցունքների բոցերի», որը նրան հանգեցնում է մենակության ամենակուլ գաղափարին` «մենակ ենք բորոտներու պես»: Եվ իսկապես, ջարդերից փրկվածները դժբախտ երջանիկներ էին, հոգով ու մարմնով կիսակործան բեկորներ: Բայց եւ անդին կար կյանքը, ժողովրդի ներքին կորովը, որը պիտի ապրեցներ մազապուրծ խլյակներին: Զարյանն այդ սերնդի մասին է գրել. «Տարաբախտ սերունդ է մեր սերունդը, նման ենք այն հավատացյալներին, որոնք ուզում են քանդված քաղաքի մեջ եկեղեցի շինել» («Բարձրավանք» հանդես, Կ. Պոլիս, 1922, Ա թիվ, էջ 3):

Հայ ոգու վերակերտման, հայ մարդու ազգային անբեկանելի իրավունքների, նրա մարդասիրական գաղափարների, անկախության, ինքնուրույնության ու ազատաբաղձության հենց այդ «եկեղեցաշինությանն» են նվիրված Զարյանի «Տատրագոմի հարսը» պոեմը, «Անցորդը եւ իր ճամփան» հուշագրությունը, «Բանկոոպը եւ մամութի ոսկորները», «Նավը լերան վրա» վեպերը եւ տասնյակ ու տասնյակ այլ գործեր, որոնցում գրողի գեղագիտական մտասեւեռման կիզակետը միտված է ամեն ինչում հայկականի գերակայությանը: Այլ խոսքով` Զարյանի համոզումը եղավ ու մնաց այն գիտակցումը, որ ամեն մի հայ եւ ամբողջ ժողովուրդը պետք է գիտակցի իր պատմական դերը եւ պատասխանատվությունը «ցեղի տեւական արժեքները ամեն բանից ավելի գերադասելու մեջ» («Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1936, հ. 3, էջ 42, ընդգծումը — Ա. Ա.):

Անհատի կորստյան կամ կործանման ընթացքի խնդիրը նույնպես Զարյանի մշտական սեւեռման առարկան է եղել: Ուժեղ եւ ազատ անհատը, քաղաքական ու մշակութային ազատություն ունեցող անհատը գեղագիտական այն իդեալն է, որը պայմանավորում է մարդու եւ ազգի փրկության զարյանական հայեցակարգը: Գրողը կյանքի բարդ երեւույթների շուրջ մշտական խորհրդածությունների մեջ է մտել, պեղել մարդկային սիրտն ու միտքը, հասարակական ու ազգային հարաբերությունների դրսեւորումներում դիտել ազատության, իրավունքի ու պարտականության այն շրջանակները, որոնք պայմանավորում են կյանքի առաջընթացն ու ժողովուրդների իրավունքները: Ուժեղ անհատը, հանդուգն, հավատավոր ու նվիրյալ մարդը, հոգեպես հարուստ մարդը նաեւ իր երկրի կերպարանափոխող իշխանն է, մինչդեռ թույլ ու անկամ մարդը, իր հոգեւոր կյանքից հրաժարված մարդը, որը «շնչում է իրեն վիճակված քառակուսի մետր թթվածինը», իրեն միայն ծառա է զգում: Նրա հայրենասիրությունը իր ծննդավայրի հայրենասիրությունն է եւ ոչ թե հոգեկան վերացումի բարձրագույն գաղափար, որը պիտի հակազդի ընտանեկան, համայնքային ու կուսակցական չնչին մտահոգություններին: Դարեր շարունակ հայ մարդը ընդունել է հզոր Աստծո գաղափարը, բայց ոչ հզոր մարդու գաղափարը: Նրա իդեալը եղել է հորիզոնական լայնքը, մինչդեռ պետք է լիներ վերասլաց ընթացքը եւ ուղղահայաց խորքը, որը ժանգոտացրել է «հայ սրտի սուրը»: Նա աններող է եղել ու չի հանդուրժել «ստումը երկրի», չի հրաժարվել իր երկրից, բայց եւ չի ընդունել նրան այնպես, ինչպիսին նա եղել է: Նա տարել է իր հողերի ահավոր աղքատությունը, բայց երբ արտահայտվել է, իր ամբողջ ուժով գոռացել է ` «երկիր դրախտավայր»: 20-րդ դարն ապրում էր խոր դրամա, որից դուրս չէին մնացել ո՛չ անհատներ, ո՛չ էլ ժողովուրդներ: Նաեւ սա է պատճառը, որ գրողի հոդվածների ու գրությունների տիրապետող տարրը մերժման գաղափարն է, մինչդեռ գեղարվեստական գործերի պաթոսը հաստատման ոգին է:

Իր ամբողջության մեջ Զարյանի գրականությունը նաեւ մի ծանր պարսավ է` ուղղված ողջ մարդկությանը: Աշխարհն էլ նրա ստեղծագործություններում միշտ ներկայանում է որպես մի թատերաբեմ` լի պատերազմներով ու խարդավանքներով:

Զարյանը հաճախ է իրեն ու ուրիշներին հարց տվել` ո՞վ է հայ տիպար մարդը, եւ ո՞ւր է այդ տիպար մարդու կերպավորումը մեր գրականության մեջ, ո՞ւր են «այն գաղափարաբանությունները, որոնցով պետք է կառուցվի ազգի հոգեկան շենքը»: Այս եւ մի շարք այլ հարցերի մարմնավորման հաջողված օրինակ դարձավ գրողի «Նավը լերան վրա» վեպը, որտեղ հեղինակը վերակենդանացնում է ամեն բան, ինչ կապված է 20-րդ դարասկզբի Հայաստան աշխարհի «կծու, լեղի, թունավոր» վիճակի, նրա քար ու լեռան, հող ու ջրի, ժողովրդի անցած ու անցնելիք բարդ ուղիների, նրա ընթացիկ օրերի ու վառ երազանքների հետ: Վեպ, որ հաստատումն է դառնում հայ մարդու կամքի ու պայքարի վճռականության, բարձրագույն եւ ազատ կամքով ապրելու նրա իրավունքի:

Քաղաքական ու տնտեսական հրաբուխների վրա գտնվող Հայաստան աշխարհում ապրելը չարքաշ ճակատագիր է, տեւական կռիվ ոչ միայն թշնամիների, այլեւ ամայի հողերի ու կարծր քարերի դեմ. «… մինչդեռ ուրիշ երկրները կերակրում են իրենց վրա ապրող ժողովուրդներին, էստեղ հայ ժողովուրդը պետք է կերակրի իր երկրին…» (Կ. Զարյան, Նավը լերան վրա, Բոստոն, 1943, էջ 36)։ Ամեն անգամ հայ մարդն իր խրճիթից դուրս է եկել պայքարի համար` պայքար բնության, իրար հաջորդող թշնամիների, հողերի կարծրությունների, ճակատագրի հարվածների դեմ. «Դար դարի հետեւից գալիս անցնում է, եւ թշնամիները միշտ նոր են … Թամերլան, Չինգիզ Խան, արաբներ, թաթարներ, տաճիկներ, սելջուկներ, աֆղաններ, պարսիկներ… գալիս ավերում են, այրում, քանդում, անցնում, իսկ ինքը` հայ ժողովուրդը` հողի հետ հող, ժայռի հետ ժայռ, նստած սպասում է» (նույն տեղում, էջ 418)։Այսպես նա միշտ մենակ է իր ժայռերի հետ, ու նրա հավատարիմ դաշնակիցները ցուրտն ու սովն են, համաճարակներն ու ոռնացող քամիները: Հայաստանը մի վայր է, ուր «մարդկային մարմին եւ տառապանք է հոտում»: Զարյանն իր վեպում մատնանշում է նաեւ այն գերհզոր լավաները, որոնք փոթորկվում են հայ կյանքի ընդերքում: Ի հակադրումն համատարած թշվառությունների` հայ մարդը շարունակում է հավատարիմ մնալ իր բաղձանքներին, բանակը կռվում է, ժողովուրդը` ցավը երգի վերածում: Հայ իրականությունը պետք ունի թե՛ զենքով կռվող հերոսների եւ թե՛ մանավանդ մտավոր ազնվական մարդկանց, եւ նա ծնել է գործունյա մարդկանց, տվել ամեհի կռվողներ, նաեւ` գաղափարի նվիրյալ մարդիկ: «Նավը լերան վրա» վեպի շատ հերոսներ հենց այդպիսի կերպավորումներ են ստացել Զարյանի գրչի տակ` Արա Հերյանը, Բաբկեն Միրանյանը, կապիտան Թումանյանը եւ այլք, ովքեր գերմարդիկ չեն, այլ մտածող ու գործնական իսկական հերոսներ, որ անում են կարելի ամեն բան՝ երկրին օգտակար լինելու համար, որ գիտեն գնալ նպատակի հետեւից, պատրաստ են զոհողության, նման մեր պատմության ազնիվ հոգիներին` ազգային գործիչներ, մտավորականներ, կրոնավորներ, ովքեր. «Լուրջ, տխուր դեմքերով, խնամված փողկապներով, ակնոցների ետեւից երազուն աչքերով նայող, ոլոր մորուքներով, սեղմված շրթունքներով մարդիկ էին, որոնց դաժան եւ հավատավոր կյանքերը ջահի նման վառվել էին ազգային պատմության խավար լաբիրինթոսներում» (նույն տեղում, էջ 244, ընդգծումը — Ա. Ա.):

Նրանք, հենց նրանք են Զարյանի առաջադրած «ո՛վ է հայ տիպար մարդը» հարցին պատասխանողները: Սերը եւ մահը, ավերումը եւ արարումը: Ի՞նչ կլիներ հայ ժողովուրդը, եթե նրա պատմության ճակատագրական պահերին խավարի միջից չբոցկլտային այդ հոգիները: Ողջ վեպի ընթացքում էլ գրողի համար մի չափանիշ է մնում` գործող անձանց մարդկային հատկանիշները բնութագրել նրանց ազգային գործունեությամբ, նրանց հոգեկան բարձրությամբ ու ինքնազոհողության պատրաստակամությամբ, որոնք էլ ազգային հաղթանակի գրավականներն են: Այսպիսով` վեպի գլխավոր ասելիքը հանգում է մի գլխավոր մտքի` ազգային փրկության այլ ճանապարհ չկա, քան ինքնուրույն պետականության ստեղծումը, որը լինելու է դժվարընթաց մի ուղի` լի փոխնիփոխ զոհողություններով ու հաղթանակներով:

Կոստան Զարյանի մեջ, որպես գիտակցված հակադարձում իր եւ իր գրականության նկատմամբ շրջապատի ցուցաբերած միտումնավոր վերաբերմունքի եւ առհասարակ որպես ապրելու ձեւ, եղավ ու մնաց անմնացորդ նվիրումը Հայաստան աշխարհին: Հայաստանի կերպարն էլ որպես լուսավոր մի տեսիլ հար անբաժան մնաց նրանից` ամենամեծ ու ընդգրկուն խորհրդանիշը նրա գրականության մեջ, այն ամենը, ինչ որ կապված էր բարձրին ու ազնիվին: Եվ պատահական չէ, որ նա գրել է, թե ամենակարեւոր բանը, որ կանգնած է հայության առջեւ, հայ պետականության ստեղծումն է: Նրա մեջ շատ բան էր փոխվում, բայց երբեք չէր փոխվում նվիրումը իր երկրին: «Էդ հայություն ասվածը ի՜նչ սոսկալի բան է եղել»,- գրել է նա` համոզված, որ այն ամեն ինչ պարուրող սեր է, ոգու կանչ, մարդկային կոչում. «Նա ես եմ, ես նա եմ»: Մայր հայրենիքի նկատմամբ ունեցած իր մեծ սերը նա շատ պատկերավոր է բանաձեւել «Անցորդը եւ իր ճամփան» գրքում. «Մենք փնտրել ենք հայրենիքը, ինչպես թիթեռնիկը փնտրում է ճրագը, որի վրա պիտի այրվի» («Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1927, հ. 5, էջ 22):

Կարելի է ասել, որ Զարյանի համար ողջ կյանքի ընթացքում հնչել են «Բանկոոպը եւ մամոթի ոսկորները» վեպի հերոսներից մեկի` Գյուտ վարդապետի խոսքերը. «Հայո՜ց աշխարհ, Հայո՜ց աշխարհ: … Ես ապրել եմ քեզ հետ եւ քեզ համար, շնչել եմ քո շնչովդ, տառապել եմ քո տառապանքներով, ուրախացել եմ քո ուրախություններով: Այստեղ չէ՞ այն Աստվածը, որին պաշտել եմ քեզ պաշտելու համար… Դու խաչ եւ համբարձում, վիշտ եւ բերկրանք. միջոց եւ նպատակ: Հայո՜ց աշխարհ, Հայո՜ց աշխարհ» (Կ. Զարյան, Բանկոոպը եւ մամոթի ոսկորները, Անթիլիաս, 1987, էջ 285)։

Ով չի սիրում իր երկիրը, ապրում է այլ վայրերում: Մյուսները միշտ վերադառնում են: Կոստան Զարյանի ամենամեծ բաղձանքն է եղել վերադառնալ այն վայրերը, որտեղ ծնվել է «… իր կյանքի առաջին տեսիլքը: Վերադառնալ արմատներին» («Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1949, հ. 7, էջ 8): Նա, որ ամեն ինչ տվել էր մարդկանց ու աշխարհին, նա, որ իրենով արդարացրել էր շատերի գոյության իրավունքը, մեծ մշակույթի մեջ ձայն ունենալու կարելիությունը, իր կյանքի վերջին շրջանը եւս ստիպված էր ամփոփել նույնքան լքված ու մոռացված վիճակում, ինչպես եղել էր նախկինում: Նա նման եղավ այն արգոնավորդին, որը երկար թափառումներից հետո կանգ էր առել հայրենի տան շեմին, բայց այնտեղ գտել էր միայն իր տան պարապը: Ու երբ ուզեցել էր նավարկել, առջեւը միայն անապատ էր տեսել: Բայց նա արեց ամեն բան` իրենով զարդարելու համար հայրենի հողը:

Կոստան Զարյան մարդու, մտավորականի, գրողի ու ազգային գործչի կյանքի հակիրճ բնութագիր կարող է ծառայել նրա իսկ «Արեւմուտք» գործի բնաբանը.

«Դուք քնե՞լ եք, բարեկամ,

Իսկ ես կանգնել եմ ահա մենակ»:

Եվ արդյո՞ք երիցս իրավացի չէր Զարյանը, երբ գրում էր. «Երախտապարտ եմ, օ՜, իմ երկիր, քո հասցրած ցավի եւ վերքերի համար»(նույն տեղում, 1928, հ. 3, էջ 38):

Արծրուն ԱՎԱԳՅԱՆ

Բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s