ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԱՌԱԿՆԵՐ

 «ԱՆԽԻՂՃ ՊԱՐՏԱՏԵՐ ԾԱՌԱՅԻ ԱՌԱԿԸ»

(Մատթ. ԺԸ 23-35)

 

 Մեր հյուրն է Բյուրավանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Ղազար քհն. ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

– Միայն Մատթեոսի Ավետարանում հանդիպող այս առակը նույնպես սկսվում է «Երկնքի արքայությունը նմանվում է…» արտահայտությամբ, սակայն այդ արքայությանն արժանանալու համար այստեղ Հիսուսը շեշտադրում է խիստ որոշակի քրիստոնեական մի առաքինություն՝ ներումը, ներողամտությունը։ Առակն ուղղակի եւ ակնհայտորեն հիշեցնում է «Հայր մեր»-ի  ամենակարեւոր եզրերից մեկը. «Թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց»։ Այսինքն՝ ներողամտության եւ ողորմածության աղաչանք Աստծուց, եւ նույնի պատրաստակամությունը յուրաքանչյուրիս կողմից՝ այլոց հանդեպ։

 

– Աստվածաշունչը լեցուն է ներողամտության վերաբերյալ աստվածային այս պատգամով։ Սակայն գրեթե միշտ էլ այն ուղեկցվում է զգուշացումով, որ առանց եղբորը ներելու անհնար է ներում գտնել։ Անշուշտ, ներողամտությունը, գթասրտությունը այս առակի ուսուցման գլխավոր գծերն են՝ այն համոզմամբ, որ ես ինքս մեղավոր եմ։ Ներել կարողանալու համար հոգեմտավոր լուրջ հիմք է անհրաժեշտ. եթե մեկը մտածեց, որ ինքը մեղք չի գործել, որ ինքը չի կարող սխալվել, նման մարդը երբեւէ չի կարող անկեղծորեն ներել դիմացինին։ Սա մարդկային հոգեբանության մի կարեւոր հատկանիշ է. իր մասին անսխալական կարծիք ունեցող մարդը, երբ տեսնում է ուրիշի սխալը, միանգամից սկսում է հանդես գալ դատավորի դերում։ Իսկ ներումն սկսվում է սեփական մեղքը գիտակցելուց։ Չէ՞ որ իրականության մեջ ոչ մի արդար մարդ չկա՝ ավետարանական չափանիշներով։ Ուրեմն նաեւ չներելու իրավունք չպիտի ունենա որեւէ մեկը։ Այս միտքն առանցքն է առակի։

Այս առակում մենք գործ ունենք երեք հիմնական գործող անձանց հետ։ Առաջինը թագավորն է, որ կամեցավ իր հաշիվները պարզել ծառաների հետ։ Երկրորդը պարտապան ծառան է, ով շատ մեծ պարտք ուներ թագավորին. 10000 քանքար, մյուսը նրա ծառայակիցն է, որն արդեն իրեն էր պարտք՝ ընդամենը 100 դահեկան՝ 10000 քանքարի դիմաց չնչին մի գումար։ Ծառայի պարտքի մեծության մասին կարելի է պատկերացում կազմել հենց առակի տեքստից. պարտքի դիմաց «նրա տերը հրամայեց վաճառել նրան, նրա կնոջն ու որդիներին եւ այն ամենը, ինչ նա ուներ, եւ պարտքը հատուցել» (Մատթ. ԺԸ 25)։ Այսպիսի դաժան պատիժ էր սպասվում պարտապան ծառային, եթե տերն աններող լիներ։ Սակայն երբ ծառան ընկավ տիրոջ ոտքերը, աղաչեց, պաղատեց, որ տերը համբերող լինի՝ խոստանալով ժամանակի ընթացքում բոլոր պարտքերը վճարել, տերը ոչ միայն համբերեց, այլեւ արեց այն, ինչ ծառան չէր էլ կարող երազել. «գթալով արձակեց նրան եւ պարտքը նրան շնորհեց»։ Ասել է թե՝ զիջեց, մոռացավ, նվիրեց՝ դրանով կործանումից ուղղակիորեն փրկելով ծառային եւ նրա ողջ ընտանիքը։ Հասկանալի է, որ առակում թագավորը երկնավոր Հոր խորհրդանիշն է. լսեց աղաչանքը եւ շնորհեց։ Իսկ ի՞նչ արեց ծառան։ «Իսկ ծառան դուրս ելնելով՝ գտավ իր ծառայակիցներից մեկին, որ իրեն հարյուր դահեկան էր պարտք։ Եվ նրան բռնելով՝ խեղդում էր ու ասում. «Վճարի՛ր ինձ, ինչ որ պատրք ես» (Մատթ. ԺԸ 28), Ահա՜ թե ինչ… Թվում է, թե այն բանից հետո, ինչ կատարվեց իր հետ, նա այնքան պիտի ուրախանար, աշխարհով մեկ լիներ, այնքան բարի ու ներողմիտ պիտի դառնար, որ մնացած ողջ կյանքում միմիայն բարի ու առաքինի գործերով պսակեր իր անունը՝ դրանով իսկ փառավորելով Աստծուն, որ տերն այդպես ներողամիտ գտնվեց իր հանդեպ։ Բայց արի ու տես, որ նույնիսկ լսել չուզեց իր ընկերոջ աղաչանքը, այլ «գնաց նրան բանտ նետել տվեց, մինչեւ որ պարտքը վճարեր» (Մատթ. ԺԸ 30)։ Եվ բնական է, որ տերը պիտի զայրանար ծառայի այդքան տմարդի վարմունքից ու հանդիմաներ. «Չա՛ր ծառա, քո ամբողջ պարտքը քեզ շնորհեցի նրա համար, որ աղաչեցիր ինձ, իսկ պետք չէ՞ր, որ դու էլ գթայիր քո ծառայակցին, ինչպես ես էլ քեզ գթացի» (Մատթ. ԺԸ 32-33)։ Բնական է, որ ներելով ծառայի անհաշիվ պարտքերը՝ տերը (Աստված) նույն ակնկալիքն ուներ ծառայից, որ գոնե այդ փոքրիկ պարտքը զիջեր։ Ու քանի որ չարեց, ուրիշ բան չէր մնում տիրոջը, քան նրան հանձնել դահիճներին։

— Տե՛ր հայր, սբ Գրիգոր Նարեկացին ասում է՝ Աստված մեզ իշխանություն տվեց մեր մեղքերի թողության համար։ Ի՞նչ իշխանության մասին է խոսքը։

 

– Սա, թերեւս, երկու իմաստով պետք է հասկանալ։ Ասվածը նախ եւ առաջ քահանայական իշխանությանն է վերաբերում, որ Ինքը՝ Հիսուս Քրիստոսը տվեց Իր առաքյալներին, սրանք էլ՝ իրենց աշակերտներին, եւ այդպես՝ ձեռնադրությամբ ու աստվածային իշխանության փոխանցմամբ հասավ մինչեւ մեր օրերը։ Եվ հետաքրքիր է, որ Աստված քահանյության, մեղքերի թողության ու քավության համար չընտրեց հրեշտակներին, այլ մարդկանց։ Ինչո՞ւ։ Որովհետեւ միայն մարդը, նույն տկարություններով օժտված էակը կարող էր հասկանալ դիմացի մեղավորին՝ իր նման մարդուն, մինչդեռ հրեշտակները չպիտի հասկանային ու դաժան դատավորներ պիտի լինեին։ Իսկ Աստված մարդկանց կործանումը չի կամենում, նրանց մահը չի ցանկանում, այլ փրկությունը, որ լինում է անկեղծ զղջումով ու ապաշխարությամբ։ Մարդկանց միջից ընտրված քահանաները, նրանցից յուրաքանչյուրը այդ պատերազմը պատերազմել է, հաճախ սայթաքել վայր է ընկել եւ ապաշխարությամբ ու աղաչանքով նախ եւ առաջ իր անձն է բուժել։ Նարեկացու նման սուրբն ասում էր. «Ես բոլոր մեղավորներից ամենահետինն եմ»։ Ճիշտ այդպես պետք է մտածի մեղքերի թողության իրավունք ունեցող անձը՝ քահանան, եւ նա չի կարող ներողամիտ չլինել։ Ինչ վերբերում է երկրորդ իմաստին, սա, թերեւս, փոխադարձ ներողամտության պարզ, մարդկային իշխանությունն է, ինչը կյանքում հաճախ է պատահում, երբ մարդիկ իրար վիրավորում են խոսքով, գործով, անարդար ու անիրավ բաներ անում միմյանց հանդեպ։ Դրանցից յուրաքանչյուրը մի առիթ է, որ մարդը կա՛մ բորբոքվի, ատելությամբ գրգռվի, չների, կա՛մ հասկանալով, որ վիրավորանքի, անիրավության պատճառն այն էր, որ ի՛նքը (կամ՝ նաեւ ինքը) սխալվեց, առաջինն ի՛նքը ներում հայցի դիմացինից։ Իսկ եթե դիմացինը չի ուզում ներել, ուրեմն դիտավորություն ունի, ուրեմն ուզում է «թույլ կողմին» առավել ստորացնել, ինչպես որ տեսնում ենք առակի մեջ. «բանտ նետել տվեց»։ Ուզում եմ՝ յուրաքանչյուր մարդ գիտակցի, որ չներողը դիվային գործ է անում։

– Ոմանց համար էլ «ներողություն» բառն արտասանելը շատ դժվար, գրեթե տաժանակիր գործ է։ Եթե անգամ համոզված են, որ մեղավոր են, շուրթերը կարծես չեն բացվում՝ ասելու համար այդ բառը՝ գոնե իրենց խղճի հանգստության համար։ Նույն մարդը, սակայն, բացում է շուրթերը, եթե, ասենք, վախենում է ինչ-որ բանից կամ ինչ-որ մեկից։ Սրա՞ն ինչ կասեք, տե՛ր հայր։

 

Արդարության առաջնորդող վախը, որ Աստծու երկյուղն է, անշուշտ, դրական երեւույթ է։ Ձեր ասածը զուտ քծնանքի ու շահադիտության ոլորտից է, ինչի մասին խոսեցինք, եւ ինչը խոտելի է ու դատապարտելի։ Մինչեւ հիմա մենք խոսում ենք բառի մասին։ Բայց ներողությունը միայն բառով չի լինում. միգուցե մարդը խոսքով չասի, սակայն գործով ապաշխարի. սա նույնպես ներողություն է, եթե կա անկեղծ զղջում։ Թերեւս մարդ մի պահ կոպիտ լինի, բայց հետո հասկանալով՝ զղջա եւ ներողություն ասելու փոխարեն պարզապես սխալը չկրկնի եւ կրկնակին հատուցի։ Հատկապես ընտանիքի ներսում «ներողություն» բառն այնքան էլ գործածական չի լինում, որովհետեւ այստեղ խոսքով չէ, որ իրար հասկանում են, այլ հաճախ մի նայվածքով, մի ժպիտով, մի շարժումով…

– Տե՛ր հայր, Ավետարանում այս առակին նախորդում է «Անհիշաչարություն» վերտառությամբ ենթագլուխը, որտեղ Պետրոսը հարցնում է. «Տե՛ր, քանի՞ անգամ, եթե եղբայրս իմ դեմ մեղանչի, պետք է ներեմ նրան. մինչեւ յո՞թ անգամ» (Մատթ. ԺԸ 21)։ Տերը պատասխանեց՝ ոչ թե 7, այլ 70×7։ Դրանից առաջ արդեն Հիսուսը բացատրել էր մեղանչած եղբորը դարձի բերելու ուղիները, որ պետք է անել համբերությամբ եւ առանց խստադրության։

 

Իսկ ի՞նչ անել, եթե ոչինչ չի օգնում։

 

Ավետարանում արդեն գրված է. այդ դեպքում «թող նա քեզ համար լինի ինչպես հեթանոսը եւ մաքսավորը»։ Բայց այստեղ մի կարեւոր խնդիր կա, որ երեւում է նաեւ Ձեր հարցի ենթատեքստում։ Որպեսզի սխալ չընկալվի Տիրոջ խոսքը եւ հավատացյալներին միմյանց հանդեպ անտարբերության չմղի, ամեն ոք պետք է գիտակցի, որ միշտ չէ, որ սխալը միակողմանի է լինում։ Ես կասեի՝ շատ հազվադեպ է այդպես լինում։ Անշուշտ, եթե միակողմանի է, պետք է հանդիմանվի եւ ամեն բան արվի այնպես, ինչպես գրված է Ավետարանում։ Սակայն իրավիճակը մի փոքր ավելի բարդ է, երբ սխալը երկկողմանի է։ Այս դեպքում յուրաքանչյուր մարդ, մինչեւ դիմացինին հանդիմանելը, նախ թող ինքն իրեն քննի, եւ գուցե դիմացինին մեղադրելու կարիքը չլինի։ Երկկողմ զղջումն ինքնըստինքյան կբերի ցանկալի խաղաղության ու հաշտության։ Երկուստեք մեղանչել էին, երկուսն էլ զղջացին, ներեցին միմյանց. Աստծու սերը եւ խաղաղությունը հաղթանակեցին, ուրեմն՝ արդարությունը կայացավ։ Իսկ եթե մի կողմը ներեց, մյուսը՝ ոչ, ուրեմն վերջինը դատապարտվեց։ Չէ՞ որ նույն բանն է ասում մեր Տերը՝ առակը եզրափակելով. «Նույնը պիտի անի ձեզ եւ Իմ Հայրը, որ երկնքում է, եթե ձեզանից յուրաքանչյուրը սրտանց չների իր եղբորը՝ նրա հանցանքները» (Մատթ. ԺԸ 35)։

– Ըստ Ձեզ՝ ո՞րն է ավելի ծանր հոգեվիճակ՝ ներել չկարողանա՞լը, թե՞ ներված չլինելը։

 

Եթե խոսքը մարդկային փոխհարաբերությունների մասին է, անկասկած՝ ներել չկարողանալը։ Դիմացինից ներված չլինելն այնքան էլ սարսափելի չէ, եթե դու հույս ունես, որ Աստված քեզ կների՝ անկեղծ զղջմանդ համար։ Իսկ երբ մարդը չի կարող ներել, նշանակում է՝ սրտի մեջ ոխը, ատելությունը, թշնամանքը այնքան են զորացել, որ նույնիսկ կառավարում են իրեն։ Այդպիսի հոգեվիճակն ուղիղ ճանապարհով դժոխք է տանում մարդուն։ Ամփոփելով ուզում եմ հիշեցնել. Աստծու պահանջը մեզանից՝ բոլորիցս, ներողամիտ հոգի ունենալն է։ Ներողամիտ՝ այն գիտակցությամբ, որ Աստծու առաջ մենք ինքներս հազարապատիկ ավելի ենք մեղանչել։ Եվ եթե իմ դեմ մեղանչողը զղջաց եւ դարձավ, ես պարտավոր եմ ներել նրան ոչ թե 7, այլ 70×7 անգամ։ Սուրբ հայրերը, ի դեպ, ասում են, որ Տիրոջ ասած 70×7-ը ոչ թե պարզ թվաբանական բազմապատկումն է, այլ Քրիստոսը նկատի ունի 7-ի 70 աստիճանը՝ 7x7x7… եւ այսպես՝ 70 անգամ ու ավելի… Այսինքն՝ անսահման անգամ։

Հյուրընկալեց Հայկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s