Սկիզբը՝ 2010-ի թիվ 22-24 (2010 Նոյ. Բ — Դեկտ. Բ) և 2011-ի թիվ 1 (2011 Հունվար Ա)

 Գալանոսի եւ նրա ընկերակիցների համար պարզ դարձավ, որ ձեւական է հայերի միությունը Հռոմի հետ, ուստի ձեռնամուխ եղան հայադավան ծեսերը զեղչելուն եւ հռոմեադավան ծեսեր ներմուծելուն։ Նիկոլը դրական վերաբերմունք էր ցույց տալիս, բայց դրանք չէր գործադրում, որ ժողովրդի համար ատելի չդառնա։ Սակայն Գալանոսն ու իր ընկերները իրենց նպատակներից չէին շեղվում եւ օգնություն գտնելով լեհ ազնվական Լազար Սլոնովսկուց, որը խոսում էր 78 լեզվով, սակայն երկար տարիներ կուրացած էր, սպառնական դիրք գրավեցին Նիկոլի նկատմամբ։ Նիկոլն էլ իր հերթին աշխատում էր գոհացնել Գալանոսին եւ չգրգռել ժողովրդին։ Գալանոսը կարողանում է 1664 թվի նոյեմբերի 7-ին աքսորել տալ Հակոբ Բրոսկուն, որ բնիկ արեւելյան քահանա էր, քանի որ ընդդիմանում էր նրանց։ Այս հետապնդումներն իրենց արդյունքն են ունենում, եւ հայերը զիջողության են գնում։ 1664 թվի դեկտեմբերի 25-ին համաձայնություն են կնքում, քանի որ վտանգ կար, որ թագավորական արտոնությունները կվերացվեն։

Գալանոսն աստիճանաբար հայկական ծեսերը հանում է հայոց եկեղեցիներից եւ հռոմեադավանությունը մտցնում հայոց մեջ։ Այսպես եղավ նաեւ Ստանիսլավում, Զամոստիայում եւ այլ վայրերում։ Հայ հոգեւորականները, որ չէին կամենում ենթարկվել, հալածվում էին։ Մեծ հակառակության հանդիպեց Հակոբ կաթողիկոսի նվիրակ Պողոս Եվդոկացին, որը փորձում էր Լվովում համոզել, որ ոչինչ չի կարելի փոխել առանց կաթողիկոսի համաձայնության։ Նրան հալածում են եւ 1665 թվի հոկտեմբերի 29-ին ստիպում Լեհաստանից հեռանալ։ Դրանից հետո միությունը պարտադրվեց։

 

Այդ ժամանակաշրջանի լուսավոր կետերից էր հայ տպագրական գործի խթանումը Ոսկան Երեւանցու կողմից։ Այդ գործը նրա վրա դրվեց Ծարեցու մահվանից հետո, բայց նա էլ իրենից առաջ ուղարկեց Կարապետ Ադրիանեցուն։ Ոսկանը, չնայած Երեւանցի էր կոչվում, ծնվել էր Սպահանում՝ 1614 թվին, նախապես աշակերտել էր Խաչատուր Կեսարացուն, Մովսես կաթողիկոսի օրոք եկել էր Էջմիածին, հետո վերադարձել էր Սպահան եւ Փիլիպոս կաթողիկոսի օրոք ծառայության էր հրավիրվել Մայր Աթոռ։ Նա մտերմացավ Պողոս Փիրոմալի լատին կրոնավորի հետ, որը գտնվում էր Էջմիածնում, եւ նրանից սովորեց լատին լեզուն։ Ինքն էլ իր հերթին նրան հայերեն սովորեցրեց։ Երկուսն էլ լավ չէին սովորել այդ լեզուները, սակայն թարգմանություններ էին կատարում։ Անգամ հանդգնեցին «Աշխարհացոյց»-ը թարգմանել։ Փիրոմալին 1638-ին վերադարձավ Հռոմ եւ հայոց կաթողիկոսի փափագը կատարելու համար ձեռնամուխ եղավ Աստվածաշնչի թարգմանությանը, բայց դա նրան չհաջողվեց, եւ պապական գրաքննությունն անգամ նրան թույլ չտվեց այն հրատարակել։ 1642-ին նա նորից եկավ Էջմիածին եւ Ոսկանի հետ համագործակցեց՝ հայերեն Աստվածաշունչը հրատարակելու համար, սակայն միշտ ձգտելով հայերեն օրինակը լատինականի հետ ձուլել։ Երբ Հակոբ կաթողիկոսը Ոսկանին ձեռանդրեց եպիսկոպոս ու Արեւմուտք ուղեւորեց, նպատակը Աստվածաշնչի տպագրությունն էր։ Իսկ Ոսկանի ձեռքին այդ բռնազբոսնյալ օրինակն էր։ Նա սկզբում գնաց Լիվոռնո, ուր գտնվում էր նրա եղբայր Ավետիսը, որը Ոսկանին փոխանցեց Ծարեցուց մնացած Ամստերդամի տպարանը։ Նա հայ վաճառականներ Ստեփանոս Խանենցից, Թեոդորոս Քթրեչենցից եւ Պետրոս Տեր-Ավագենցից անհրաժեշտ գումար հավաքեց։ Տպագրությունն իրականացնելուց հետո նրանք պետք է իրենց գումարը ետ ստանային, իսկ շահը բաժանեին Էջմիածնի, Երուսաղեմի ու Ուշիի վանքերի վրա։ Այդ ոգով պայմանագիր էլ կնքվեց։ Ոսկանը 1663-ին եկավ Ամստերդամ եւ ձեռնամուխ եղավ Աստվածաշնչի տպագրությանը։ Նա նոր տառեր, զարդեր եւ պատկերներ պատվիրեց։ Այդ ընթացքում նա ուրիշ հրատարակություններ էլ կատարեց։ Աստվածաշնչի տպագրությունն սկսվեց 1666-ին, բայց մինչ այդ Ոսկանի կողմից Լվով է գալիս Վարդան աբեղան եւ առաջարկում տպարանը Լվով տեղափոխել։ Գալանոսը փորձում է դրան ընթացք տալ, քանի որ Ոսկանին բերելով Լվով՝ նոր հարված էր տրվում հայադավանությանը։ Սակայն Ոսկանը դրան չի պատասխանում եւ շարունակում է իր գործը Ամստերդամում։ Նույնիսկ Փիթուն կասկածում է, որ Ոսկանն իր միտքը փոխել է՝ իրենց Լվովում գտնվելու պատճառով։

Աստածաշնչի տպագրությունն ավարտվեց երկու տարում՝ 1668 թվականին։ Դա առաջին հայերեն Աստվածաշունչն էր։ Այն իր նախորդ հրատարակությունների համեմատությամբ գերազանց գործ էր, սակայն լավը չէր տպագրության բնագիրը։ Այն աղավաղումն էր նախնի ընտիր թարգմանության։ Հնարավոր է, որ այն Փիրոմալիի հետ կազմած օրինակն էր, չնայած չի բացառվում, որ դրա հեղինակը հենց Ոսկանն էր։ Հրատարակվածը մեծ փոփոխություններ ուներ, ինչը որ անտեղի էր, ոչ թույլատրելի։ Արդեն իր ժամանակին այդ փոփոխությունների համար նա քննադատվել է խղճմիտ բանասերների կողմից։ Այսուհանդերձ այն տարածվեց ամենուր, եւ նրա հիման վրա են տպագրված Պետրոս Լատինացու Կ. Պոլսի՝ 1705 թվականի, Մխիթար Սեբաստացու Վենետիկի՝ 1733 թվականի նոր տպագրությունները՝ չհաշված Նոր Կտակարանի հիշատակարանները։ Շատերը հարեցին Ոսկանի հրատարակությանը, մինչեւ որ 1805-ին Վենետիկում Հովհաննես Զոհրաբյան վարդապետը հրատարկեց Աստվածաշունչը՝ ըստ նախնյաց թարգմանության։

Աստվածաշնչի հրատարակությունից հետո Ոսկանը ձեռնամուխ եղավ այլ գործերի հրատարակության եւ շատ դժվարություններ կրեց։ Նա մնաց Ամստերդամում մինչեւ 1669 թիվը եւ հրատարակեց եւս մի քանի գրքեր։ Սակայն ստիպված եղավ հեռանալ Ամստերդամից, չնայած այնտեղ պայմանները լավ էին։ Նա հեռացավ պարտքերի պատճառով. դրամը վերջանալիս՝ նա անձնապես պարտք էր վերցրել։ Լիվոռնացի երեք հայ վաճառականներն իրենց խոստումը չկատարեցին, բայց, թերեւս, նախնական գումարից ավելին չտվեցին։ Արեւելք ուղարկված Աստավածաշնչի օրինակների մի մասը նավաբեկության պատճառով կորավ, իսկ մյուս մասը վաճառվեց, բայց գումարը Ոսկանին չհասավ։ Որպեսզի տպարանը չբռանգրավվի, Ոսկանն այն ձեւակերպեց Կարապետ Ադրիանեցու անունով։ Այսպես նա խույս տվեց Ամստերդամից եւ տպարանը տեղափոխեց Լիվոռնո։ Սակայն Իտալիայում էլ ուժեղ էր գրաքննությունը, եւ հռոմեադավանությանը հակառակ գրքեր տպել հնարավոր չէր։ Ուստի նա 1669-ի մայիսի 26-ին դիմեց Ֆրանսիայի Լյուդովիկոս XIV թագավորին, որ արտոնվի իրեն նրա թագավորության մեջ բացելու տպարան, քանի որ ֆրանսիական գրաքննությունը նրան ավելի հանդուրժող էր թվում։ Նամակի հետ իր հրատարակած Աստվածաշնչի մի օրինակ ուղարկեց։ Լիվոռնացի հայ վաճառականները, իրենց օրինակներն ստանալով, պարտքերի հարցում Ոսկանին չօգնեցին։ Օգնության չեկավ նաեւ Հակոբ կաթողիկոսը, որն ստիպված էր պայքարել հակաթոռության դեմ։ Դրան գումարվեց իտալական գրաքննությունը, որը գրգռվում էր Լվովից վերադարձած Փիթուի ջանքերով։ Նա շատ էր կատաղած Ոսկանի դեմ՝ տեսնելով Առաքել Դավրիժեցու պատմության հրատարակությունը, քանի որ դրանում ձաղկված էին հռոմեադավանությունը եւ Նիկոլի գործերը։ Ոսկանը, որ Ամստերդամում 19 գիրք էր հրատարակել, այստեղ ընդամենը 2 գիրք տպեց։ Հետո նա ստիպված եղավ գնալ Մարսել եւ տպագրությունն սկսել միայն 1673 թվից։ Պապականությունն ամենուրեք հալածում էր նրան։ Նա նույնիսկ արտաքուստ հռոմեադավան դարձավ, որ տպագրության գործը շարունակվի։ Այդ պատճառով էր, որ փոփոխություններ մտցրեց իր տպագրած ծիսարանի մեջ, ինչը մեծ ուրախություն էր պատճառել հռոմեադավաններին։ Նա պարզապես ստիպված էր եղել համակերպվել։ Ոսկանը մահացավ Մարսելում՝ 60 տարեկան հասակում, երբ նա դեռ կարող էր շատ գործեր կատարել։ Ոսկանին հանդիպեց մի նենգամիտ ընկերակից՝ Թադեոս Համազասպյանը, որ երեւանցի էր, սակայն ծնունդով՝ սպահանցի։ Նա հարել էր Ոսկանին Ամստերդամում, աշխատել նրա հետ Լիվոռնոյում եւ Մարսելում, սակայն նպատակը եղել էր տպարանը փչացնելը եւ գիտության լույսը մարելը։ Այդպես են նրան բնութագրել նրան ճանաչող զմյուռնացիք, որոնք նրան արժանի չէին համարում անգամ քրիստոնյա կոչվելու։ Թերեւս նա դեր էր կատարել Ոսկանի դժվարությունների մեջ։ Նրա նենգության պսակը հանդիսացավ 1673-ին Ոսկանին մեղադրելը նոր տպագրվող Ժամագրքում հերետիկոսության մասեր պարունակելու մեջ։ Նա գործը հասցրեց պետական եւ կրոնական ատյաններին, եւ դրանից շատ չանցած՝ 1674-ի սկզբներին, Ոսկանը մահացավ։ Հանուն հայ տպագրության՝ նա վատնեց իր ողջ կյանքը, չնայած, որպես արքեպիսկոպոս, կարող էր ապրել ճոխության մեջ։ Անշուշտ, նա հայ նշանավոր երախտավորներից էր։ Հակոբ Մեղապարտի հրատարակությունները 1512 եւ 1513 թվականներին միայն ժամանակագրական փառք ունեցան, բայց մեծ օգուտ չբերեցին։ Մեծ հետք չթողեց նաեւ Աբգար Եվդոկացու տպագրական գործունեությունը։ Սակայն Ոսկանի գործը նրա մահից հետո էլ շարունակվեց ու զարգացավ։ Նրա քեռորդին՝ Սողոմոն Լեւոնյանը, ազգականը՝ Պետրոս Լատինացին, աշխատողը՝ Նասիբ Գրիգորյանը, գրաշարը՝ Մատթեոս Վանանդեցին, եւ նույնիսկ նենգամիտ Թադեոս Երեւանցին դարձան տպարանների վարիչներ Մարսելում, Կ. Պոլսում, Ամստերդամում եւ Վենետիկում։ Գնալով ընդարձակվեց հայկական տպարանների ցանցը, եւ մեծացավ արդյունքը։ Հռոմեադավանները Ոսկանին համարում են իրենց համախոհ, սակայն քննությունը ցույց է տալիս, որ այդ անունն առերես էր՝ բռնադատյալ։ Արդեն նրան ամբաստանելը խոսում է նրա հայադավանության եւ ոչ թե հռոմեադավանության մասին։ Գերեզմանն անհայտ է, ինչը եւս վկայում է, որ նրա հիշատակը չէր հետաքրքրում հռոմեադավաններին։

Ոսկան Երեւանցուն է վերագրվում Հայոց Եկեղեցու նվիրապետության վիճակագրական ցուցակը։ Նա այդ ստեղծել է՝ հետեւելով Արեւմուտքի Եկեղեցիներին։ Գուցե այդ ցուցակը ճիշտ պատկերը չէ իրական կացության, քանի որ նման ցուցակներ, դժբախտաբար, մեզ չեն հասել։ Իսկ շատերի կարծիքով Հայոց Եկեղեցին այդպիսի կացություն չի ունեցել։ Անշուշտ, հազիվ թե Հայոց Եկեղեցին այդպիսի ցուցակ չունենար, ինչը ցույց են տալիս պատմական փաստաթղթերը։ Սակայն, այսուհանդերձ, կանոնավոր ցուցակները բացակայում են։ Համենայն դեպս, դրանք կարծես թե չկային Ոսկանի ժամանակ։ Նա պարզապես կամեցել է Հայոց Եկեղեցին ներկայացնել լատինական աշխարհին կարգավորյալ կացությամբ եւ իրականը մերձեցնելով կանոնականին՝ ցուցակ է կազմել։ Ցուցակը պահպանվել է միայն լատիներենով, եւ չի բացառվում, որ հայերեն բնագիր չի էլ ունեցել։ Հայոց Եկեղեցու թեմերը բաժանվում են երկու կաթողիկոսությունների՝ Էջմիածնի եւ Սսի միջեւ։ Աթոռների թիվը 138-ն է, որից 47-ը՝ արքեպիսկոպոսական, եւ 91-ը՝ եպիսկոպոսական։ Սակայն ցուցակում նահանգ ներկայացնող արքեպիսկոպոսարաններն ընդամենը 17-ն։ Հիշվում են նաեւ պատվակալ արքեպիսկոպոսարաններ։

Շարունակելի

 

Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

 

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s