«Հողն իր տիրոջն ու արյունակցին

կը սպասե»

Մ. Գալշոյան

Մեր պապերի բնօրրանը` Արեւմտահայաստանը, արդեն ինը տասնամյակից ավելի զրկված է հայությունից:

Ցեղասպանության իրագործման հետեւանքն այն եղավ, որ ողջ Արեւմտյան Հայաստանում փոխվեց ժողովրդագրական նկարագիրը, եւ երկիրը զրկվեց իր բնիկ տարրից` հայ մարդուց, հայ քաղաքացուց, հայ հավատացյալից, հայ աղոթողից: Դեպի երկինք պարզված քրիստոնեական հավատի հարյուրավոր ու հազարավոր կոթողներ ոչնչացվեցին արդեն իսկ ցեղասպանությանը հաջորդած մի քանի տասնամյակների ընթացքում: Նույնիսկ 1960-70-ական թվականներին խավարամոլ թուրքական իշխանությունների անմիջական հրահանգով Թուրքիայի տարբեր մասերում տրակտորների թրթուրների տակ վանքեր ու եկեղեցիներ էին ավերակվում, հիմնիվեր ոչնչացվում:

Եվ հայ ժողովրդի դարեդար կերտած քրիստոնեական հազարավոր արժեքներից այժմ պահպանվել են մի քանիսը, որոնց շարքում ամնաարժեքավորը եւ քիչ թե շատ ամբողջապես պահպանվածը Վանա լճում գտնվող Աղթամար կղզու Սբ Խաչ եկեղեցին է` միջնադարյան հայկական ճարտարապետական մտքի լավագույն հուշարձաններից մեկը:

Աղթամարի սույն հրաշակերտ տաճարի ճարտարապետն ու քանդակագործը միջնադարի հայ հանճարեղ այր Մանուելն է: Տաճարը կառուցվել է 915-921 թվականներին: 927 թվականին Աղթամար է տեղափոխվում Ամենայն Հայոց կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցին, որն այնտեղ մնում է մինչեւ Վասպուրականի Գագիկ Արծրունու մահը: Վասպուրականի Արծրունյաց թագավորության անկումից հետո՝ 1113 թ., Աղթամարի եպիսկոպոսությանը տրվում է կաթողիկոսության աստիճան, որն առավել ազդեցիկ է դարձնում նրա դերն ու նշանակությունը հայոց հոգեւոր ոլորտում: Աղթամարի տաճարն ունի քանդակազարդ վեց գոտի, որով այն առանձնահատուկ տեղ է գրավում միջնադարյան հայ արվեստում: 13-19-րդ դարերի ընթացքում տաճարը հարստացվել ու շրջապատվել է այլ կառույցներով, տապանաքարերով եւ բազմաթիվ խաչքարերով:

Դեռեւս 1916 թ. ռուսական մամուլում հաղորդումներ են եղել, որ Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու հարուստ գրապահոցում անվնաս մնացած 30 թանկարժեք ձեռագիր փրկվել է թուրք բարբարոսների ճիրաններից եւ փոխադրվել Էջմիածնի մատենադարան, իսկ մնացած՝ անգնահատելի արժեքները կողոպտվել են: Լիմ անապատի վանքի գրապահոցից հափշտակվել են 300 մագաղաթյա ձեռագիր եւ 800 կտոր պղնձյա հին առարկա: Կտուց անապատի վանքի պահեստների մետաղյա թանկարժեք բոլոր առարկաները հափշտակվել են թուրք եւ քուրդ խուժանի կողմից: 1915 թ. ընդհանուր առմամբ հաջողվեց փրկել 1756 ձեռագիր եւ դրանք հասցնել մատենադարան:

Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարության հանձնարարությամբ 1912-13 թթ. հայոց պատրիարքարանը կազմել է կայսրության տարածքում գործող հայկական վանքերի եւ եկեղեցիների ցուցակը: Համաձայն վերոնշյալ ցուցակի՝ Արեւմտյան Հայաստանում գործող հայկական վանքերի եւ եկեղեցիների թիվը հասնում էր 2200-ի: Այդ կառույցներից շուրջ 2150-ը եղեռնի տարիներին թալանվել ու հրկիզվել է: Թուրքական իշխանությունների բարբարոսական գործողությունների կանխամտածված ձեւն ու չափերը հաստատում են հայկական նյութական եւ հոգեւոր մշակույթի ծրագրված եղեռնը:

Այժմ «Աղթամար»-ը թուրքերը դարձրել են «Աքդամար» (սպիտակ կրակ) եւ այն վերածել հուշակոթող-թանգարանի: 2007 թ. մարտի 29-ին կայացավ նրա վերաբացման արարողությունը, որին ներկա էին Պոլսո Հայոց պատրիարքը, պոլսահայ համայնքի ներկայացուցիչներ, նաեւ Հայաստանից Վան ժամանած մի պաշտոնական պատվիրակություն: Թուրքական իշխանությունները Ս. Խաչի վերանորոգման հարցը փորձում էին արժանացնել միջազգային հանրության ուշադրությանը: Դա, անշուշտ, կեղծ ժեստ էր` ուղղված համայն աշխարհին եւ հայությանը, թե Թուրքիան հարգանքով եւ հանդուրժողականությամբ է վերաբերվում կրոնական փոքրամասնություններին եւ պահպանում նրանց պատմամշակութային արժեքները: Սակայն այն չստացվեց:

Հայ հոգեւորականությունը (Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանները) ընդհանրապես հրաժարվեց մասնակցել Ս. Խաչի վերաբացման արարողությանը: Սփյուռքհայությունը եւս հրաժարվեց մասնակցել թուրքական սուտուփուչ հանդեսին:

Աղթամարի հրաշքը կերտած եւ նրա իսկական ու իրավական ժառանգորդը հանդիսանում է հայ ժողովուրդը:

Դարեր շարունակ Ս. Խաչի գմբեթի ներքո հնչել է «Հայր մեր»-ը, որով հավատացյալ հայ մարդու սրտի մրմունջն է ուղղորդվել ու առաքվել առ Աստված: Դարերի ընթացքում որքան քրիստոնյաներ են այցելել սույն հրաշագեղ տաճարը, որքան մկրտություն է կատարվել, հոգեւոր բնույթի ուրախ ու տխուր ծեսեր տեղի ունեցել:

Ս. Խաչն ու նրան կերտած հայ ժողովուրդը անբաժան են եղել իրարից հարյուրամյակներ շարունակ: Եվ միայն դարի մեծագույն դաժանությամբ` ցեղասպանության միջոցով է հայ ժողովուրդը ֆիզիկապես օտարվել իր դարավոր սրբազնագույն աղոթատաճարից:

Սակայն Սուրբ Խաչը սպասել եւ կսպասի իր օրինական տիրոջը:

Հեռու չէ այն ժամանակը, երբ նորից հայ ուխտավորների հոծ խմբերով կխախտվեն Աղթամարի տարօրինակ լռությունն ու անդորրը: Եվ վերստին հայի շուրթերից առ Երկնավորը սիրո եւ աղոթքի մրմունջը կլսվի օրն ի բուն, հար ու հարատեւ:

Քանզի Աղթամարի հրաշքը հայ ոգու ձեռակերտ հուշարձանն է:

Արմեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Պատմական գիտ. թեկնածու

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s