Բիոէթիկա

 

 Մարդկությունն իր զարգացման տեմպերով հասել է մի այնպիսի սահմանի, որ երկրի վրա նրա ապագա գոյությունը բավականին խնդրահարույց է դարձել: Եթե նախկինում գիտության մեջ որեւէ հայտնագործություն տարիներ էր տեւում, ապա այսօր նմանատիպ հայտնագործությունն ամիսների հարց է: Տեխնիկայի ու տեխնոլոգիանների զարգացման այս տեմպերին զուգահեռ արագացել են նաեւ մարդկության բարոյական անկման տեմպերը: Գիտության առաջընթացը որոշ իմաստով խոչընդոտում է մարդու երջանկությանն ու խաղաղությանը: Ժամանակակից մարդը հավատում է տեխնիկայի զորությանը, եւ երբեմն թվում է, թե դա միակ բանն է, որին նա հավատում է: Մարդը ցնցված է իր ողջ կյանքը հեշտացրած տեխնիկայի հզորությունից: Նա ինքն է այն ստեղծել, որն իր հանճարի, բանականության, հնարագիտության արդյունքն է, իր մտքի զավակը: Բայց մարդուն այսօր չի հաջողվում տիրապետել իր գործի արդյունքներին:

Տեխնիկան երբեմն մարդուց ավելի ուժեղ է գտնվում` նրան իրեն ենթարկելով: Այն ժամանակակից մարդու ամենամեծ հրապուրանքն է, բայց հենց դա էլ մարդուն պատճառում է ցավ ու հիասթափություն, թուլացնում նրա հոգեկանությունը, սպառնում կործանմամբ(Կարլ Յասպերս, Սեմյոն Ֆրանկ, Նիկոլայ Բերդյաեւ, Ալեքսանդր Ցիպկո, Մարտ Նուուտ, Նպատակն ազատությունն է, Երեւան, 1990, էջ 35):

Գիտատեխնիկական վիթխարի հաջողությունները ոչ միայն առաջ չեն մղում մարդկությանը հուզող խնդիրների լուծումը, այլ ինչ որ չափով հրահրում են ճգնաժամերի խորացումը: Այս ամենի ամենակարեւոր պատճառներից մեկը հոգեւոր առաջընթացի բացակայությունն է` ձեւավորելով ասես այն կարծիքը, որ ժամանակակից քաղաքակրթության զարգացման եւ մարդու հոգեւոր անկման միջեւ ինչ-որ փոխադարձ կապ է հաստատվել: Այսպիսի պայմաններում գիտատեխնիկական բոլոր ձեռքբերումները, այդ թվում նաեւ բժշկագիտությունը, առաջադրում են այնպիսի խնդիրներ, որոնք կարիք ունեն խորագույն քննարկման եւ վերլուծումների` մարդաբանական եւ բարոյագիտական ճշմարիտ ըմբռնումների լույսի ներքո: Այստեղ արմատական չափանիշը պետք է լինի մարդու հոգեմտավոր ամբողջության պահպանումն ու առաջընթացը:

Մեր ժամանակի ճգնաժամն առավելապես տեխնիկայի ծնունդ է, եւ այն առաջին հերթին հոգեկան ճգնաժամ է: Տեխնիկան մարդու ձեռքն է տվել սարսափելի մի ուժ, որը կարող է կործանել նրան: Այն ոչ միայն մարդու իշխանությունն է բնության նկատմամբ, այլեւ մարդու կյանքի նկատմամբ: Ժամանակակից տեխնիկական գործընթացները մարդուն վերածում են իրենց գործիքի` պահանջելով անընդհատ ակտիվություն: Սա նշանակում է, որ մարդը դադարում է աղոթել, դադարում է ճանաչել ճշմարտությունը: Այսպիսի պայմաններում կյանքի յուրաքանչյուր ակնթարթ կորցնում է իր արժեքը, կորցնում կապն Աստծո հետ։

Մարդը չի կարողանում դիմանալ ժամանակի այսպիսի հոսքին, չի հասցնում ճանաչել կյանքի իմաստը: «Բայց մարդն օժտված է բացառիկ ընդունակությամբ` վերլուծելու իր կեցությունը եւ շրջապատող իրականությունը, զգալու անարդարությունը, խուսափելու վտանգներից, իր վրա պատասխանատվություն վերցնելու, ձգտելու համագործակցել եւ բարոյական գնահատական տալ անցուդարձին, որի հիման վրա ձեւավորվում են բարոյական սկզբունքները» (Համընդհանուր հռչակագիր բիոէթիկայի եւ մարդու իրավունքների մասին, թարգմանիչ` Գ. Ռ. Հովհաննիսյան, Երեւան, 2006, էջ 3)։

Մարդը մարդ է, քանի դեռ իր մեջ ունի Աստծո պատկերն ու նմանությունը: Իսկ դա ազատության ճիշտ օգտագործումն է, ազատության միջոցով բարին եւ ճշմարտությունը ճանաչելը: Նրա ապագան կախված է այն բանից, թե կցանկանա՞ կամ կկարողանա՞ արդյոք ուշքի գալ եւ իմաստավորել իր կյանքը, հայացքն ուղղել դեպի երկինք: Ժամանակակից քաղաքակրթությունից առաջացած մոլորությունները բոլորովին այլ են, քան քրիստոնեության առաջին դարերի մոլորությունները. դրանք աստվածաբանական հերձվածողություններ չեն, այլ հենց կյանքի հերձվածողություններ։

Գիտության առաջընթացն ունի իր դրական կողմերը, սակայն դրանք համեմատելի չեն այն պայթյունավտանգ իրավիճակների հետ, որին ապագայում կարող է բախվել մարդկությունը: Նա պարտավոր է վերահսկել տեխնոլոգիայի առաջընթացը` պահելով այն բարոյականի սահմաններում: Երբեւէ հնարավոր չի եղել կանգնեցնել անընդհատ զարգացող գիտության ընթացքը, եթե նույնիսկ վերահաս վտանգով է սպառնացել, ուստի մնում է այն ծառայեցնել իր ճիշտ նպատակին: Ժամանակակից գիտատեխնիկական զարգացումները եւ փնտրտուքները պետք է իրականացնել եւ կիրառել մարդու հոգեւոր պահանջների շրջանակներում:

Բժշկությունը միշտ էլ ունեցել է ցնցող հայտնագործություններ, բայց դրանք երբեւէ այնպես լարված էթիկական վիճակ չեն ստեղծել, ինչպես այսօր բիոէթիկայի խնդիրները: Այս ամենի պատճառը բժշկական տեխնոլոգիայի՝ մարդկային կյանքի կառավարման մակարդակ դուրս գալն է:

Նոր տեխնոլոգիաները ոչ միայն հարմարավետություններ եւ արդյունավետ միջոցներ են ստեղծում մարդու համար, այլեւ ոչ պակաս կարեւոր խնդիրներ են առաջացնում: Այսպիսի խնդիրներն առկա են հատկապես բիոէթիկային առնչվող հարցերում (արհեստական վիժումների, հակաբեղմնավորիչների եւ նոր վերարտադրողական տեխնոլոգիաների (արհեստական բեղմնավորում, բեղմնավորում փորձանոթում, սուրրոգատ մայրություն), մարդու եւ կենդանիների վրա փորձերի կատարման, հիվանդների իրավունքների ապահովման եւ նրանցից տեղեկացված համաձայնություն ստանալու, մեռնող հիվանդների նկատմամբ վերաբերմունքի, էֆթանազիայի, պատվաստումների, ժողովրդագրական քաղաքականության եւ ընտանիքի պլանավորման, գենետիկական, այդ թվում նաեւ գենոմային հետազոտությունների, գենային ինժեներիայի եւ գենոթերապիայի, փոխպատվաստումների, մարդու կլոնավորման, բնային բջիջների հետ կատարվող գործողությունների եւ մի շարք այլ հարցերի բարոյական ու փիլիսոփայական հիմնախնդիրները): Ակներեւ է, որ այս հիմնահարցերը, որոնք միավորված են «կենսաբարոյագիտություն» հասկացության մեջ, անհամեմատ ավելի լայն են: Դրանք իրենց մեջ ներառում են ոչ միայն կենսաբանության եւ բժշկության, այլեւ իրավաբանության, փիլիսոփայության, աստվածաբանության եւ հումանիտար այլ գիտությունների հրատապ հարցեր:

Բիոէթիկայի ձեւավորումը եւ զարգացումը պայմանավորված են նրանով, որ այժմ բժշկագիտությունն ապրում է քաղաքակրթության վերափոխումների գործընթաց` որակապես փոխվելով ոչ միայն տեխնիկական հագեցվածության առումով, այլ նաեւ բուժման իրավական եւ էթիկական հագեցվածության առումներով: Այն մարդուն սովորեցնում է խոնարհվել կյանքի զարմանահրաշ երեւույթների առջեւ, երկյուղածության զգացումով վերաբերվել կյանքի բոլոր դրսեւորումներին:

Կենսաբժշկական նորահայտ սարքավորումները մեր ժամանակներում հնարավորություն են ստեղծում երկարաձգելու մարդու մահն այն դեպքում, երբ նախկինում բժիշկը, հնարավորության սահմաններում պայքարելով հիվանդի կյանքի համար, հանգիստ խղճով կհամակերպվեր իր անկարողության հետ: Նորահայտ այս միջոցները երբեմն վերակենդանացնում են ծանր հիվանդներին, նույնիսկ՝ կոմայում գտնվողներին: Բայց շատ դեպքերում դրանք պահպանում են միայն մարդու կյանքը, մինչդեռ նա գտնվում է անգիտակից, վեգետատիվ` սնուցողական վիճակում: Դրանք, երկարաձգելով մարդու մահը, երկարաձգում են նաեւ նրա տառապանքները: Նման հանգամանքներում բժիշկները կանգնում են բավականին բարդ խնդիրների առջեւ. որքա՞ն պետք է բժշկական սարքավորումների օգնությամբ պահպանել հիվանդի կյանքը, երբ որեւէ փոփոխություն չի գրանցվում, իրավունք ունի՞ բժիշկը, նույնիսկ հիվանդի համաձայնության առկայության դեպքում, անջատել այդ սարքավորումները` թողնելով, որ հիվանդն իր բնական մահով մահանա եւ այլն: Ահա այսպիսի կենսական հարցեր է քննարկում բիոէթիկայի կարեւորագույն խնդիրներից մեկը` էֆթանազիան: Թե ի՞նչ լուծումներ կտրվեն այս հարցերին կամ կբավարարե՞ն արդյոք բարոյական ուժերը` դիմագրավելու տեխնիկայի բոլոր մարտահրավերներին, դժվար է ասել: Միայն մի բան է հստակ. այսօր մարդկային քաղաքակրթության պահպանման հնարավորությունը կախված է նրանից, թե ինչպիսի արժեքների կտրվի առաջնայնությունը:

Միաժամանակ նշենք, որ էֆթանազիան բիոէթիկայի եւ ընդհանրապես մարդկությանը հուզող այն խնդիրներից է, որոնք ամբողջ աշխարհում բավականին լայն քննարկման են դրված: Նրա օրինականացման ժամանակակից փորձերը լուրջ անհանգստություն են հարուցում գիտնականների եւ բժիշկների մոտ: Ամեն պահ բժիշկները երկընտրանքի առջեւ են կանգնում, նույնիսկ եթե այն օրինական է տվյալ երկրի օրենքի համաձայն: Նման դեպքերում առաջանում են գթասրտության եւ կարեկցանքի հարցեր, ինչպես նաեւ բարոյական պատասխանատվություն թե՛ մարդ անհատի նկատմամբ` որպես Աստծո պատկերի եւ նմանության կրողի, թե՛ Աստծո նկատմամբ` որպես կյանք պարգեւողի եւ տնօրինողի:

Քրիստոնեությունը մշտապես եղել է մարդկային բարոյական արժեքների առաջատարը: Բիոէթիկայի ներկայիս խնդիրների շարքում եւս անփոխարինելի է Եկեղեցու դերը` որպես բարոյական առաջնորդի եւ հոգեւոր արժեքների պահպանման նախանձախնդրի: Վերջին տարիներին Եկեղեցին, այդ թվում նաեւ Հայ Առաքելական Եկեղեցին, ակտիվորեն մասնակցում է բիոէթիկայի վերաբերյալ բազմաթիվ հարցերի շուրջ ծավալվող քննարկումներին: Թվում է, թե Հայաստանի համար, որը դուրս է ժամանակակից կենսաբժշկական հետազոտություններ իրականացնող երկրների ցուցակից, այդ խնդիրներն արդիական չեն, հատկապես եթե հաշվի առնենք սոցիալական, առողջապահական եւ բազմաթիվ այլ սուր խնդիրների առկայությունը, որոնք ծառացած են մեր հասարակության առջեւ: Սակայն ժամանակակից գլոբալիզացված աշխարհում նույնիսկ թույլ զարգացած երկրները համաշխարհային հիմնախնդիրների որոշումների ժամանակ չեն կարող մեկուսանալ:

Ժորա սրկ. ՍԱՐԳՍՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s