(ծննդյան 200-ամյակի առթիվ)

 Խ. Աբովյանը հայ հասարակական-քաղաքական մտքի այն խոշորագույն ներկայացուցիչներից է, ում մասին բազմաթիվ ուսումնասիրություններ են գրվել, սակայն նրա կյանքին, գրական ու հասարակական-քաղաքական գործունեությանը վերաբերող շատ հարցեր դեռեւս մնում են վիճարկելի կամ կարիք ունեն նորովի իմաստավորման ու գնահատման:

Այնուամենայնիվ, պետք է նշել, որ աբովյանագիտությունը, որը հատկապես զգալի վերելք ապրեց XX դարի կեսերից սկսած, վիթխարի աշխատանք է կատարել հայ մեծ լուսավորչի գործունեությունը բազմակողմանիորեն ուսումնասիրելու եւ նրա թողած հոգեւոր ժառանգությունը իմաստավորելու գործում:

Խ. Աբովյանի գրական վաստակն ու հասարակական-քաղաքական գործունեությունն արժեքավորելիս՝ անկարելի է չկողմնորոշվել այն ժամանակներով ու ազգային, սոցիալական միջավայրով ու կացությամբ, որի մեջ գործել է մեծ գրողը:

Սակայն, այնուամենայնիվ, չի կարելի նաեւ բացարձակացնել վերոնշյալ գործոնների ազդեցությունը Աբովյան անհատի ճակատագրում:

Անշուշտ, պատմական դարաշրջանն անտարակուսելիորեն իր կնիքն է թողնում ուզածդ մեծ անհատի ու գործչի հայացքների ձեւավորման եւ գործունեության նախանշման վրա:

Իսկ Աբովյանի ապրած դարաշրջանը, որը դժվարին, դժնդակ, հակասական ու խառնակ, միաժամանակ՝ ճակատագրական էր, ջրբաժանային էր հայոց կյանքում:

Նա ծնվել է 1809 թ.:

Նրա ծննդից ընդամենը 19 տարի անց հայ ժողովրդի կյանքում կատարվեց շատ բախտորոշ, դարակազմիկ իրադարձություն`1828 թ. փետրվարի 10-ին Թուրքմենչայում կնքված հաշտության պայմանագրով Արեւելյան Հայաստանն անցավ ցարական Ռուսաստանի տիրապետության ներքո:

Վերոնշյալ անցքը ոչ միայն փոխեց հարյուր հազարավոր հայերի կենցաղի եւ ճակատագրի ընթացքը, այլեւ խիստ բեկումնային եղավ հենց Աբովյան գործչի համար` կանխորոշելով նրա գործունեության հետագա ուղին:

Գրողը մեծ խանդավառությամբ ողջունեց այդ իրադարձությունը, ավելին` հոգով եւ մտքով ամբողջությամբ փարվեց Ռուսաստանի օգնությամբ հայ ժողովրդի ազատագրության գաղափարին՝ հավատ ընծայելով վերոնշյալ գաղափարի կենսունակությանն ու անկեղծությանը:

Որպես ճշմարիտ հայրենասեր ու առաջադեմ անհատ, նա այլ կերպ չէր էլ կարող վարվել, քանզի ռուսաց տիրապետության հաստատումն իր բզկտյալ հայրենիքի վրա թվում էր փրկության ու վերածննդի` նոր ճառագող արշալույս ու այգեբաց:

Մանավանդ երբ դեռ պատանի Խաչատուրն ուսումնառում էր Թիֆլիսում, արդեն զգացել էր այն տարբերությունը, որ գոյություն ուներ պարսից տիրապետության տակ գտնվող Հայաստանի եւ ռուսաց տիրապետության սահմաններում գտնվող Վրաստանի իրականությունների միջեւ:

Առհասարակ այդ ժամանակաշրջանը կույր ռուսասիրության մի ժամանակաշրջան էր: Ազգային ազատագրության ճակատագիրը բացառապես կապվում էր ռուսասիրության եւ ռուսաստանասիրության պաշտամունքի հետ:

Աբովյանի կյանքում շրջադարձային եղավ հանդիպումը Դորպատից ժամանած արշավախմբի հետ, որը գլխավորում էր նույն քաղաքի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը: Հանդիպումը կայացավ 1829 թ. սեպտեմբերի 7-ին` Սուրբ Էջմիածնի վանքի կամարների ներքո:

Եվրոպական գիտնականների խմբի հետ հանդիպումը Թիֆլիսից երաշխավորել էր Ներսիսյան դպրոցի լուսամիտ ուսուցիչներից Հարություն վրդ. Ալամդարյանը, որպեսզի երիտասարդ սարկավագ Աբովյանը թարգմանչի պարտականություններով մասնակից լինի արշավախմբի աշխատանքներին:

Եվրոպացի գիտնականներն իսկույն նկատեցին իրենց թարգմանչի ոչ միայն բնածին ազնվականությունն ու բարեկրթությունը, այլեւ նրա հետաքրքրասիրությունը բնության ու պատմության հուշարձանների հանդեպ:

Ինքը` Աբովյանը, վերոնշյալ հանդիպման մասին հետեւյալն է նշում. Ծայրահեղ հուսահատության մեջ էի արդեն, երբ հայտնվեց օտարազգի իմ ազատարարը` Դորպատի համալսարանի վսեմանուն դոկտոր եւ ուսուսցչապետ Պարրոտը: Բազմաթիվ օտարականների էի հանդիպել որպես թարգման, բայց նրանցից ոչ ոք այսքան համեստ, պարկեշտ, մարդամոտ ու ազնվական չէր, եւ ներքին մի ձայն ասաց ինձ. «Ահավասիկ նա, ով կարող է քո փափագը իրականացնել»: Իսկ նպատակը Եվրոպայում` Մոսկվայում կամ Վենետիկում, բարձրագույն կրթություն ստանալն էր, որը փափագում էր տարիներ շարունակ:

1830 թ. սեպտեմբերին նա ոտք դրեց իր ժամանակի առաջադիմական կրթօջախներից մեկը եւ այնտեղ ուսումնառեց շուրջ 6 տարի: Եվրոպական բարձրակիրթ միջավայրը, ուսյալ դասախոսները բարենպաստ ընթացք ունեցան նրա հոգեւոր եւ մտավոր զարգացման վրա: Դորպատյան նրա բեղուն օրագիրը լավագույն վկայությունն է, թե ինչպես է յուրացրել եվրոպական մշակույթը, նիստուկացը, վարքուբարքը, բարձր առաջադեմ գաղափարները:

Երբ ավարտեց համալսարանը, դեռ չէր բոլորել իր երեք տասնամյակը եւ վերադառնալով հայրենիք՝ դարձավ իր ժողովրդի ամենաուսյալ, փայլուն մտավորականը՝ եվրոպական եւ համաշխարհային չափուկշռով: Դժվար էր թողնել մտավորական միջավայրը, բայց, այնուամենայնիվ, նա ուխտ ուներ իր հայրենիքի, իր ժողովրդի հանդեպ, որքան էլ դա աներեւակայելի խոչընդոտների հետ կապված լիներ. «Գերմանացիների մեջ երազի պես անցան իմ օրերը: Կարոտով եմ հիշելու Եվրոպայի ոգեղեն կյանքը եւ մարդկանց ապրելակերպը: Սակայն մարդուս բնորոշ է իր ուխտի նկատմամբ հավատարմությունը: Թեեւ սիրելի ազգակիցներս, հանուն որոնց զոհում եմ կյանքիս բոլոր վայելքները ու դեռ պիտի զոհեմ, դարձյալ ու դարձյալ խոսելու են այնպես, ինչպես Եվրոպա մեկնելուց առաջ, միեւնույն է գնալու եմ»:

Վերադառնալով իր բազմատանջ հայրենիքը՝ Աբովյանը նորանոր ծրագրեր էր մտմտում եւ մշակում՝ կրթության գործն սկսելու եւ առաջ մղելու համար: Նա մտադիր էր Վաղարշապատում մի դպրոց հիմնել բոլորի համար: Չքավորների երեխաների ուսումը, խնամքն ու ապրուստը նույն դպրոցն էր հոգում: Այնուհետեւ հմուտ եւ ուշիմ պատանիներին պատրաստելու էին որպես քահանաներ եւ ուսուցիչներ: Իսկ առավել շնորհալիներին սպասվում էր եվրոպական ուսումնառություն: Ահա այս օղակներով Աբովյանը ձգտում էր լուսավորել հայ ժողովրդին՝ գրեթե նույն կերպ ու նույն ընթացքով, որպիսին ունեցել էին իրեն քաջածանոթ գերմանացիները վերջին հարյուրամյակի ընթացքում:

Սակայն նրան սպասվում էր մեծագույն հուսահատություն ու հուսախաբություն: Նրա առաջ քաշած նոր գաղափարները հուժկու հակազդեցության հանդիպեցին` ընդունելով ծայրահեղ վտանգավոր ընթացք: Ապարդյուն ճիգերից նա հասկացավ, որ անհնար է հաղթահարել իր դեմ կառուցված պատնեշը, բայց այնուամենայնիվ գնաց խիզախման:

Նյութական սուղ վիճակն ստիպեց նրան անցնել պետական ծառայության, որն սկսվեց 1837 թ. փետրվարի 12-ին, երբ նշանակվեց Թիֆլիսի պետական գավառական դպրոցի տեսչի պաշտոնակատար, եւ շարունակվեց մինչեւ իր փոթորկահույզ ու եղերական կյանքի ավարտը:

Շատ շուտով էականորեն փոխվեցին նրա աշխարհայացքային ընկալումները իր ժողովրդի ճակատագրի ներկա պահի մասին: Որպես մանկավարժ ու մտավորական, որպես իր ժողովրդի մատաղ սերնդի կրթիչ՝ նա փորձեց նոր ոճով ու ոգով հեղինակել ուսումնական ձեռնարկներ, որոնց միջոցով էլ տարածեց լուսավորչական միտքն ու գաղափարը:

Նրա հեղինակած դասագրքերը («Նախաշավիղ», «Պարապ վախտի խաղալիք») հիրավի նորություն ու թարմություն էին հայ մանկավարժական մտքի պատմության մեջ, որոնք, հեղինակի մտահղացումով, պիտի կարողանային ապահովել ուսուցման այնպիսի մակարդակ, որպիսին գոյություն ուներ քաղաքակիրթ ազգերի դպրոցներում:

Իր ժողովրդի ազգային ինքնագիտակցությունը նորից ու նորովի բորբոքելուն նպաստ բերեց իր գրական գլխավոր ստեղծագործությունը` «Վերք Հայաստանի» վեպը, որը նոր դարագլուխ բացեց ոչ միայն գրականության անդաստանում, այլեւ հասարակական-քաղաքական մտքի պատմության մեջ:

Այս ստեղծագործությամբ Աբովյանը փորձեց ինքնաճանաչման բերել իրեն ծնած ժողովրդին: Եվ դա արեց՝ դառնալով գրական նոր լեզվի` աշխարհաբարի հիմնադիրը՝ նոր էջ ու ակոս բացելով հինավուրց ավանդույթներով հարուստ հայ գրականության տարեգրությունում:

«Վերք Հայաստանի»-ն խոսեց հային հարազատ ձայնով ու ոճով, խոսեց հայության իրական հոգսերի ու տառապանքների մասին, խոսեց անցյալից ու ներկայից, խոսեց ապագայի մասին:

Ճիշտ ժամանակին ծնվեց «Վերք Հայաստանի» դարագլուխ բացող երկը, քանզի իր ողջ պատմությունը, հայրենի երկիրը, անցյալն ու ներկան կորստի մատնած ժողովուրդն ապավինելու էր լոկ մայրենի լեզվին եւ հավատին:

Աբովյանի կյանքի եւ գործունեության գերագույն արժեք հանդիսացող այս երկը գալիս էր ժողովրդին վերստին ապրեցնելու պատմության հիշատակներով ու անցյալի բարոյական արժեքներով, որոնք կարող էին օգնել ինքնահաստատվելուն եւ ստրկական, դժոխային վիճակից դուրս գալու գործին:

Պետք է անպայմանորեն շեշտադրել, որ իր գրական-հասարակական ողջ գործունեության ընթացքում Խ. Աբովյանն առաջնորդվել է այն հիմնարար սկզբունքով, որ որեւէ ազգի ու ազգության պահողը լեզուն է եւ հավատը:

«Վերք Հայաստանի»-ն հայրենասերի ճիչն էր` ուղղված իր հայրենակիցներին, գալիք սերունդներին` ստրկությունից, գերությունից, բռնատիրությունից ազատագրվելու հստակ կողմնորոշումներով ու նշանադրումներով, եւ որի հավաքական ձեւակերպումը եղավ սույն սահմանումը. «Այդ ո՞ւմ վրա եք թուր հանել, հայոց մեծ ազգին չե՞ք ճանաչում…»:

Կյանքի վերջին տարիներին էական եւ զարմանալի փոփոխություններ կրեց Աբովյանի աշխարհընկալումների համակարգը: Նա ուղնուծուծով հասկացավ, որ ռուսական տիրապետությունը բնավ փրկություն չէր հայության ճակատագրում. մի նվաճողին փոխարինել է համանման մեկ ուրիշը: Այս զգացողությունը ներքին տարողությամբ (ոչ բացահայտ) զգալի է նաեւ «Վերք»-ում, որտեղ գրողը շեշտադրումներ է անում, որ ժողովուրդը պետք է լինի իր երկրի տերն ու տիրակալը. «Վա՜յ մի ազգի, որ այս աշխարհի մեջ անտեր է, վա՜յ մի երկրի, որ թշնամու ձեռքին գերի է: Կորոստյան է մատնված այն ժողովուրդը, որ իր երկիրն ու կյանքը չի պահպանում սեփական ձեռքով եւ հանձնում է ավազակաբարո օտարների տնօրինության»: Հիրավի, պատմականորեն ճշմարիտ ու արդարացված վերաբերմունք:

Իր ժամանակի դիտանկյունից նա երիցս ճշմարիտ է ձեւակերպում Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքն ու կացությունը, որով պայմանավորված են նրա շփումները հարեւանների եւ արտաքին աշխարհի հետ:

Ահա այս տրամաբանությամբ էր ձեւակերպում հետեւյալ` միշտ ու մշտապես արդիական ճշմարտությունը. «Այս աշխարհում ով ոտը բարձրացրեց` Հայաստանի վրայով պետք է անցներ, հայոց ազգին պետք է ոտնատակ տար, ձեռքի տակ առներ, որպեսզի կարողանար հաղթել իր թշնամուն»:

Իր ժողովրդի պատմական ճակատագրի դառնության մրուրը մինչեւ վերջ ըմպած հայ մտավորականը գործունեության ընթացքում պիտի խոր հակասությունների մեջ լիներ շրջապատող իրականության, գործող վարչակարգի հետ: Այդ ամենը վկայող բազմաթիվ ուղղակի ու անուղղակի փաստեր կան, եւ դրանցից մեկն էլ իր բարեկամին` Ֆրիդրիխ Բոդենշտեդտին հղած վերջին նամակում արտահայտված հետեւյալ միտքն է. «Վճռել եմ հրաժարվել ռուսական տերունական ծառայությունից, գնալ Հայաստանի խորքերն ու այնտեղ իմ պապերի հետ երկրագործությամբ զբաղվել»:

Նաեւ մեջբերենք Ներսես Աշտարակեցի կաթողիկոսին գրած, սակայն չուղարկված նամակում շեշտադրված հետեւյալը. Եվրոպական տերությունների մեջ ուրախ են արդար խոսքի ու մտքերի համար:

Եվրոպայում, այո՛, բայց ոչ ցարիզմի բռնապետական ռեժիմի ճիրաններում հայտնված իր փոքրիկ ու մեծ հայրենիքում: Արտասովոր էին Աբովյանի ճակատագրի ոչ միայն սկիզբն ու ընթացքը, այլեւ նրա վերջաբանը:

Նա եղավ այն անհատը, որը մեր պատմության էջերում պիտի դրոշմվեր որպես Մեծ բացակայող:

Ո՛չ սպանված, վախճանված, նահատակված:

Այլ որպես անհայտ բացակա: Հավե՛րժ բացակա…

Թեեւ, իհարկե, ստեղծված հանգամանքներում պարզ էր, որ Աբովյանի ճակատագիրն արդեն իսկ վճռված էր տիրող կարգերի ու իշխանությունների կողմից, բացակայում էր միայն ու միայն մահն ազդարարող կրակոցը:

Սակայն, այդ կրակոցը գոնե հրապարակավ չհնչեց:

Հավանաբար, ցարական իշխանություններն ունեին իրենց ծրագրերն ու հաշիվները, որոնց մանրամասներին մենք երբեք էլ տեղյակ չենք լինի:

Սակայն, Աբովյանի կրծքին ու քունքին ուղղված կրակոցը չէ, որ պիտի հետմահու անմահություն պարգեւեր հայոց պատմության մեջ երբեւիցե գործած ամենալուսամիտ անհատին:

Կրակոցը չհնչեց, սակայն Խ. Աբովյանը հայոց պատմության էջերում իր ուսերին առավ մեծ նահատակի պատմուճանը, քանզի պարզ էր, որ ցարիզմի բռնապետական լծի ներքո հալումաշ եղող ժողովրդի մտավորականը հանդգնել էր իր խոսքի եւ գործունեության սահմանն ընդլայնել, տարածել շատ ավելին, քան կարելի ու թույլատրված էր կայսերական գայիսոնով գծված շառավղով:

Դեռեւս կյանքի քառասնամյակը չբոլորած Խ. Աբովյանը գերեզման տարավ նաեւ այն բոլոր նվիրական իղձերն ու մտահղացումները, որոնք կապված էին իր ժողովրդի կուլտուր-լուսավորչական եւ ազգային-ազատագրության իդեալների հետ:

Մեծ բացակայողը, սակայն, մշտական ներկա դարձավ հայրենի պատմության էջերում:

Եվ 1848 թ. ապրիլի 2-ից մեծ լուսավորիչն իր ժողովրդի պատմական երթին մասնակցում է հեռակա՝ հոգեւոր կարգով՝ մնալով որպես բարոյական վեհ ու վսեմ խորհրդանիշը՝ ազգային նվիրական իղձերի ու ձգտումների:

Արմեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Պատմական գիտ. թեկնածու

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s