ՈՎ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՀԱՄԲԵՐԻ, ՆԱ ՊԻՏԻ ՓՐԿՎԻ…

 
Մեր հյուրն է Տաթեւի վանքի վանահայր հոգեշնորհ տեր Միքայել աբեղա ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

— Հա՛յր սուրբ, ինչո՞ւ է համբերությունն առաքինություն համարվում, եւ որքանո՞վ է այն կարեւոր քրիստոնյայի կյանքում.

— Քրիստոսն Ավետարանում ասում է. «Ով մինչեւ վերջ համբերի, նա պիտի փրկվի» (Մատթ. ԻԴ 13): Այս խոսքով Քրիստոսն ուսուցանում է, որ համբերությունը մեր փրկության գրավականն է: Սուրբ Գր. Տաթեւացին համբերությունը կոչում է քրիստոնյայի կյանքի աղը, կյանքին համ ու հոտ տվողը, քանի որ առանց համբերության չենք կարող մեղքի դեմ պայքար մղել: Տաթեւացին համբերությունն այս կերպ է ստուգաբանում` համ բերող ություն, այսինքն` համ բերող: Գիտենք, որ յուրաքանչյուր ոք վախենում է հալածվելուց, որովհետեւ հալածանքը երանություն չի դիտվում, մինչդեռ Տերը հակառակն է ասում: Նա երանի է տալիս արդարության համար հալածվողներին: Իրական արդարության համար հալածանքը երանություն է, քանի որ Տիրոջ կողմից ուղարկվող ցանկացած փորձություն՝ որպես դեղ, մաքրում է մեր հոգիները: Եվ երբ Սբ Հոգով ու Աստծո զորությամբ համբերությամբ պայքարում ենք դրանց դեմ, մեր հոգին էլ, ինչպես ոսկին` կրակի բովում, մաքրվում, թրծվում, սրբվում է: Ուստի շատ կարեւոր է համբերությամբ դիմակայել փորձություններին, որպեսզի մաքրվենք ու արդարանանք:

 — Հա՛յր սուրբ, սակայն փորձությունների բովում մարդը հաճախ է կորցնում իր համբերությունը` չկարողանալով այլեւս դիմակայել դրանց, ու ըմբոստանալով Աստծու դեմ՝ արժանանում է իմաստունի «վային», որ ասում է. «Վա՜յ ձեզ, որ կորցրել եք համբերությունը, եւ ի՞նչ պիտի անեք, երբ Տերն այցելի հաշիվ պահանջելու…» (Սիրաք Բ 16)։

 

— Այո՛, հաճախ մենք չենք դիմանում փորձություններին, սկսում ենք տրտնջալ, դժգոհել, բողոքել Աստծու դեմ… Մինչդեռ ամեն մի փորձություն մեզ վրա գալիս է ոսկերչի կշեռքի ստուգությամբ ու ճիշտ այն չափով, որչափ որ օգտակար է մեզ: Սրբերը փափագում էին հալածվել Աստծո անվան համար, փորձություններ ու նեղություններ կրել եւ արտասվում ու ողբում էին, երբ դրանք դադարում էին` ասելով. «Տե՛ր, ինչո՞ւ մոռացար մեզ»: Մի վանական գալիս է վանահոր մոտ եւ ասում է. «Հա՛յր սուրբ, տասը տարի է աղոթում եմ փորձություններից ազատվելու համար ու հասել եմ կատարյալ խաղաղության»: Վանահայրն ասում է. «Որդյա՛կ, անմիտ բան ես խնդրել, գնա՛, խնդրի՛ր Աստծուն՝ քեզ վերադարձնել այդ փորձությունները, որպեսզի կարողանաս հոգեւոր աճ ունենալ»: Պետք է համբերող լինել նեղությունների ժամանակ, որովհետեւ նեղությունների միջոցով է լինում մեղքերի թողություն: Աստծով հաղթահարելով դժվարություններն ու նեղությունները` սնում ենք մեր հոգիները: Նաեւ պետք է հիշել, որ մարդն իր ուժով չի կարող դիմակայել փորձություններին, այլ միայն Աստծու զորությամբ:

— Աստվածաշնչյան Հոբի օրինակը բոլոր ժամանակների համար եղել է համբերատարության դասական օրինակը: Հոբի պատմությունն ի՞նչ է ուսուցանում մերօրյա մարդուն։

 

— Այնքան մեծ էր Աստծու սերը Հոբի մեջ, որ նա կարողացավ իրեն բաժին հասած բոլոր չարչարանքներն ու նեղությունները (ոչ միայն մարմնական, նյութական կորուստները, այլեւ իր անձին հասցված անարգանքը) համբերությամբ տանել (տե՛ս Հոբի գիրքը): Ամենավերջին ծառաները գալիս թքում էիր նրա երեսին, կինն ասում էր` անիծիր Աստծուն եւ մեռիր: Իսկ Հոբը պատասխանում էր նրանց. «Եթե Տիրոջ ձեռքից բարիքներն ընդունեցինք, չարիքներին չհամբերե՞նք» (Հոբ Բ 10): Հոբն ուներ ծով համբերություն, որին հասնելու ճանապարհին նա լուրջ փորձառություն, ներքին պայքար ունեցավ… Մենք էլ, երբ ապավինում ենք Աստծուն` Նրա վճիռը կատարյալ ճշմարտություն համարելով, արդեն սկզբից իսկ հաղթահարում ենք փորձությունները, որովհետեւ գիտենք, որ Աստված է մեզ օգնական լինելու՝ դրանք հաղթահարելու համար:

— Փաստորեն փորձությունները համբերությամբ կրելու գործում կարեւոր է, որ մեր կամքն անտեսենք ու հնազանդվենք Աստծո սուրբ կամքին, այո՞։

 

— Աստծո ճանապարհով ընթացող մարդու կյանքն ամբողջովին փոխվում է: Պետրոս առաքյալն ասում է. «Տարօրինակ մի համարեք այն այրող նեղությունը, որ ձեզ փորձելու համար է, որպես թե մի տարօրինակ բան պատահած լիներ ձեզ: Այլ, որպես Քրիստոսի չարչարանքներին մասնակիցներ, ուրախ եղեք, որպեսզի Նրա փառքի հայտնության ժամանակ էլ ցնծաք եւ ուրախանաք…» (Ա Պետ. Դ 12-13):

Յուրաքանչյուրս կվկայենք, որ աստվածճանաչողությունից ի վեր մենք ենթարկվում ենք տարատեսակ փորձությունների… Սա նշանակում է, որ մեր հավատքն աճում է, որովհետեւ եթե մեր ներքին կյանքում փոփոխություն չլինի, արտառոց, տարօրինակ, արտաքին փոփոխություն էլ չի լինի: Սա նշանակում է` մենք ճշմարիտ ճանապարհով ենք ընթանում:

— Կարո՞ղ ենք ասել, որ ավելի հեշտ կկարողանանք դիմակայել փորձություններին, եթե մեր աչքի առջեւ միշտ ունենանք Քրիստոսի համբերության օրինակը, Ով համբերեց Իրեն չարչարողների անարգանքներին…

 

— Այո՛, Քրիստոսի խոնարհության, Նրա սրբության օրինակը մեր աչքի առջեւ պիտի ունենանք: Խոնարհ մարդը, ով գիտակցում է իր մեղքերը, իր գլխին եկած փորձությունները համարում է արժանի պատիժ իր սխալների համար: Ինչպես լիքը հասկը` խոնարհվելով խուսափում է քամու հասցրած վնասներից, իսկ դատարկ հասկը հեշտությամբ կոտրվում է քամուց, ճիշտ այդպես աստվածային առաքինություններով լցված, մեղքերի զղջումով խոնարհված մարդը հեշտությամբ կտանի փորձությունները` իրեն արժանի համարելով դրանց, իսկ հպարտին, ով չի տեսնում իր մեղքերը, փորձությունները գալիս եւ կոտրում են:

— Հա՛յր սուրբ, իսկ ինչպե՞ս է ձեռք բերվում իրական, ճշմարիտ համբերությունը։

 

— Համբերության հստակ դեղամիջոցը հետեւյալն է. երբ մարդու միտքը մաքուր, խաղաղ է` սրբված մեղքերից ու ուրախ Տիրոջով, այդպիսի մեկը տեսնում է եկող փորձությունները, սիրով է ընդունում դրանք, որոնք միայն արտաքին չեն, այլ նաեւ ներքին հոգեւոր պայքարներ են: Այսպիսի պայքարում հաղթանակած մարդը հեշտությամբ հաղթահարում է նաեւ արտաքին պայքարը: Փորձությունները համբերությամբ ու սիրով կրելու համար հույժ կարեւոր է նաեւ աղոթական արթուն վիճակը: Ս. Գիրքն ասում է, որ առավոտյան արեգակը ծագելիս պիտի կանգնել աղոթքի. սա մեծ խորհուրդ ունի. մեր միտքն ամեհի ձի է, որը պետք է առավոտյան սանձել, Աստծուն հնազանդեցնել, որպեսզի բարին խորհի, Սբ Հոգով առաջնորդի մեզ, Տիրոջը փառաբանի, քաղցրանա աստվածային շնորհով… Իսկ ով մտքով ու խորհուրդներով անընդհատ պարտվում է, չի կարող դիմակայել փորձություններին:

— Հակոբոս առաքյալն իր Ընդհանրական թղթում ասում է. «Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձությանը, որովհետեւ եթե փորձված լինի, կստանա կյանքի պսակը, որը Տերը խոստացավ Իրեն սիրողներին (Հակ. Ա 12): Ի՞նչ պսակի մասին է խոսքը։

 

— Պողոս առաքյալն ասում է, որ «Այս ժամանակի չարչարանքներն արժանի չեն բաղդատվելու գալիք փառքի հետ, որ հայտնվելու է մեզ» (Հռոմ. Ը 18 ): Իսկ Վ. Այգեկցին ասում է, որ եթե մարդիկ կարողանային հոգու աչքերով տեսնել կամ ականջներով լսել երկնքում Տիրոջը փառաբանող հրեշտակների երգեցողությունը, մի վայրկյան իսկ չէին ուզի այստեղ մնալ, այլ կխնդրեին Աստծուն վերցնել իրենց հոգին, որպեսզի միանան հրեշտակների երգեցողությանը: Եվ եթե մենք գեթ մեկ ակնթարթ տեսնեինք, թե ինչ է Տերը պատրաստել մեզ համար երկնքում, այս ժամանակավոր չարչարանքները ոչինչ կհամարեինք: Անճառելի են աստվածային շնորհները, որ պատրաստված են մեզ համար երկնքում: Որեւէ բերան չի կարող ճառել այս մասին: Տիրոջից խնդրենք մեկ կաթիլ Իր աստվածային սիրուց, քաղցրությունից կաթեցնել մեր մեջ, որպեսզի կարողանանք դիմակայել փորձություններին: Դրանք մեզ կառաջնորդեն դեպի երկնքի արքայություն: Սիրենք Քրիստոսին, ինչպես այն ծեր վանականը, ում մասին Հարանց վարքում պատմվում է, որ ամեն անգամ աղոթելիս բացում էր մի հին մագաղաթյա Ավետարան, կարդում էր ու արտասվում` թրջելով Ավետարանի էջերը: Ու երբ մի օր երիտասարդ վանականներն ասում են նրան, որ արցունքներով թրջելով՝ փչացնում է Ավետարանի էջերը, նա խոնարհաբար պատասխանում է. «Որդյակնե՛ր, ներեցեք ինձ այդ հանցանքը, բայց երբ Քրիստոսի անունն եմ կարդում, չեմ կարողանում չարտասվել»: Մենք էլ այսպիսի սեր ունենանք Աստծու հանդեպ, որպեսզի արժանի լինենք երկինք մտնելուն:

Հյուրընկալեց Անժելա ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Advertisements

One response

  1. lernciասում է՝

    Շնորհակալութիւն:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s