Անցած տարեվերջին Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություն վերադարձավ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի արդեն նախկին տեսուչ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, ում հնգամյա ներկայությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մնայուն հուշեր է թողել ոչ միայն ճեմարանականների, այլեւ բազմաթիվ հավատացյալների շրջանում։

2005 թվականին Մայր Աթոռում կազմակերպված սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացների առիթով այցը հայրենիք, որ թվում էր կարճատեւ, ձգվեց 5 տարի. սկզբնական շրջանում իբրեւ դասախոս Սեւանի Վազգենյան դպրանոցում եւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանում, ապա դասախոսություններին զուգընթաց՝ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի փոխտեսուչ, իսկ 2008-ից՝ ճեմարանի տեսուչ։ Այս ընթացքում էլ՝ վարդապետական թեզի պաշտպանություն եւ եպիսկոպոսական ձեռնադրություն։ Իսկ պարզ հավատացյալը սրբազանին առիթ ունեցավ ճանաչելու՝ սեղանին ունենալով նրա «Երկու ուխտավոր» պատմավեպը, լսելով «Շողակաթի» եթերից հնչող ավետարանական մեկնությունները, եւ նաեւ այն քարոզների շնորհիվ, որ ամեն չորեքշաբթի Էջմիածին էր բերում մարդկանց Երեւանից եւ մոտակա շրջաններից։

Սրբազանի մեկնումից առաջ «Քրիստոնյա Հայաստանը» եւս զրուցեց սրբազանի հետ։ Զրույցը նրա ցանկությամբ ներկայացվում է արեւելահայերենով։

— Սրբազա՛ն հայր, ինչպե՞ս եք գնահատում Մայր Աթոռում Ձեր անցկացրած հինգ տարիները։

— Կարծում եմ՝ բավական արդյունավետ եղան դրանք։ Կարող եմ ասել՝ կյանքիս ամենաարդյունաբեր, ամենաաշխույժ ժամանակաշրջաններից մեկն էր, որ շատ բան տվեց ինձ։ Ավելի մոտիկից ճանաչեցի Էջմիածինը, Մայր Աթոռը, առիթ ունեցա շփվելու ու ճանաչելու բոլոր եպիսկոպոսներին ու վարդապետներին։ Դա, իրապես, մեծ հարստություն է ինձ համար։ Նախկինում երեք տարի ծառայել էի Սուրբ Երուսաղեմում, սակայն այս 5 տարիները մի տեսակ ուրիշ երանգ եւ իմաստ հաղորդեցին իմ եկեղեցական կյանքին։ Այս ընթացքում ճանաչեցի հայրենիքը, նրա հողի զորությունը զգացի։ Ավելի հայացա։ Անշուշտ, մեծ հարստություն էր նաեւ այն, որ առիթ ունեցա հաղորդակցվել ավելի ընդարձակ համայնքի հետ եւ երկար տարիների ուսումով ամբարածս հաղորդել նրանց։

— Սրբազա՛ն, Ձեր քարոզները շատերին էր հրավիրում Մայր Աթոռ։ Կշարունակվե՞ն ամենշաբաթյա քարոզները Մայր Աթոռում։

 

— Ես չեմ հավատում անհատական առաքելությանը։ Ես հավատում եմ Եկեղեցու առաքելությանը։ Այսինքն՝ Հայ Առաքելական Եկեղեցին է սնուցում իր հոտին։ Մայր Աթոռում մենք ունենք ուժեր՝ սարկավագներ, աբեղաներ, վարդապետներ, որոնք կարող են այդ գործը կատարել, թերեւս ինձանից ավելի լավ։ Անշուշտ, ամեն մի քարոզիչ ունի իր ոճը, որն իր շուրջն է հավաքում համակիրներին։ Սակայն մեր ժողովուրդը պետք է սովորի Աստծո խոսքը լսել, ինչ ոճով էլ այն մատուցվի։ Ժողովուրդը պետք է այն ընդունի որպես հարստություն եւ հետեւի այդ պատգամներին։ Ինձ հետ շփումները, թերեւս, հետաքրքիր էին, որովհետեւ սփյուռքահայի մատուցմամբ էին այդ քարոզները. Հայաստանում անվարժ էին նման քարոզների, նման մոտեցումների։

— Ո՞րն է այդ մոտեցումների տարբերությունը, որ հավատացյալ լսարան էր ապահովում։

 

— Կարծում եմ՝ սփյուռքահայությունը գտնվում է առավել կրոնական միջավայրում։ Չպետք է սխալ հասկանալ, բայց Սփյուռքում Հայ Եկեղեցու ավանդույթներն ավելի անաղարտ են պահպանված։ Այստեղ, համայնավարների ամենավնասակար գործը, ըստ իս, եղել է Հայ Եկեղեցու քարոզչության կասեցումը։ Մի տեսակ մոռացվել էր քարոզի կարեւորությունը, ազդեցությունը, եւ այդ ամենն ավելի ձեւական տեսք էր ստացել համայնավարության տարիներին։

— Սրբազա՛ն, ի՞նչ զգացումներով եք հեռանում Մայր Աթոռից։ Դժվար չէ՞ հեռանալը։

 

— Ես իմ ամբողջ կյանքում ինձ իբրեւ ուխտավոր եմ տեսնում։ Որովհետեւ Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւոր մշակի ծառայության դաշտն ամբողջ աշխարհն է։ Ավստրալիայց մինչեւ Ալյասկա, Սիբիրից մինչեւ Հարավային Աֆրիկա մենք ծուխ ունենք։ Եվ այդ գիտակցությունն այն բնական զգացումն է հաղորդում, որ մենք ուխտավոր ենք։ Ուր որ կանչվում ենք՝ պատրաստ ենք ծառայելու։ Եվ եթե արկածախնդրության փոքր-ինչ սիրահար ես, այնժամ այդ բարի հորիզոնները քեզ են կանչում՝ նոր-նոր հոգեւոր ապրումների, Տիրոջ հետ քայլքի։ Ես ինձ ճերմակ ամպի եմ նմանեցում։ Մի օր, ձեռնադրության առաջին տարիներս էին, դժգոհ էի, որ ամեն ինչ իմ ուզածի պես չէր։ Այդ մտածումներով աղոթում էի, երբ երկնքում ճերմակ ամպեր տեսա։ Առաջ էին շարժվում՝ հովից քշվելով։ Կարծես մի ձայն ինձ ասաց, թե նայիր, այս ամպերն իրենց կամքը չունեն, հովից են տարվում։ Հովը ուր տանի, այնտեղ պիտի գնան եւ այնտեղ պիտի պարպեն իրենց պարունակությունը։ Եվ եթե դու էլ, որպես կուսակրոն հոգեւորական, նրանց պես չլինես, երբեք երջանիկ չես կարող լինել կոչմանդ մեջ։ Պատրաստ պետք է լինես Սուրբ Հոգու շարժումներին։ Այդպես՝ ճերմակ ամպի պես, հինգ տարի առաջ եկա եւ հիմա ամպի նման վերադառնում եմ։ Այսպես մտածելը մխիթարում է ինձ։ Եվ վստահ եմ, որ սա ոչ միայն կրոնավորների, այլեւ հավատացյալ ժողովրդի համար ուսանելի դաս կարող է լինել։

— Սրբազա՛ն, Դուք վերադառնում եք Թուրքիա՝ հայ համայնքի համար բարդ մի ժամանակ։ Դժվար չի՞ լինելու։

 

— Պոլիսն իմ ծննդավայրն է, ուր երկար տարիներ աշխատել եմ, ուր իմ ծնողներն են։ Այս հինգ տարվա ընթացքում էլ կապը խզված չի եղել։ Հուշեր ունեմ թողած այնտեղ, այսօր նաեւ շատ տկարացած մի Աթոռ ու համայնք։ Թուրքիայում 60 հազարանոց հայ համայնք կա, եւ ընդամենը՝ 25 եկեղեցական։ Պատրիարքարանն էլ, Արամ եպիսկոպոսից բացի, կարելի է ասել, այլ եպիսկոպոս չունի։ Շահան սրբազանը 85 տարեկան է եւ այլեւս չի կարող պաշտոնավարել։ Չեմ կարող անտեսել խղճիս կանչը եւ այս դժվար պահին չլինել այնտեղ։

— Համայնքի ներսում պատրիարքական ընտրության հետ կապված տարաձայնությունները դեռ շարունակվում են։ Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը։

 

— Աշխարհում ամենափոքր կազմակերպությունն անգամ ունի իր կանոնադրությունը։ Կարելի՞ է երեւակայել, որ Կ. Պոլսի Հայոց պատրիարքությունը, որն ամենահին կառույցներից մեկն է, չունի իր կանոնադրությունը։ Հայտնի է, որ 1863 թվականի Ազգային սահմանադրությունը վաղուց ի վեր չի գործում։ Սակայն Լոզանի դաշնագրով հայ համայնքը շարունակում է իր իրավունքներն ունենալ, եւ պատրիարքի լինելության իրավունքն էլ անտեսված չէ։ Սակայն մինչեւ հիմա ճշտված չեն պատրիարքարանի հետ պետության, ինչպես նաեւ իր իսկ եկեղեցիների հետ հարաբերությունները։ Չունենք պատրիարքի ընտրության մասին հաստատագրված կանոնակարգ, եւ նման պարագաներում ո՛չ ժողովուրդը, ո՛չ եկեղեցականները չգիտեն՝ ինչպես վարվել, կամ թե՝ պատրիարքարանի եւ եկեղեցիների հարաբերություններն ինչպիսին պիտի լինեն։ Պատկերացրեք մի քաղաք, որ ճանապարհներ ունի, բայց տեղաշարժի հնարավորություն չունի։ Պոլսի վիճակն այժմ այդպիսին է։ Անշուշտ, Հանրապետության այս բոլոր տարիների ընթացքում վիճակը նույն է եղել։ Սակայն խնդիրն այն է, որ այժմ պատրիարքն էլ մեջտեղում չէ։ Դժբախտաբար, ամեն ինչ պատրիարքի մահվան հետ են կապում, ինչն, իրապես, շատ տգեղ երեւույթ է։ Ժողովուրդը պետք է կարողանար ընտրել պատրիարք կամ համապատրիարք։ Սակայն հայերը միասնական չեղան։ Եվ պետությունն իր որոշումը կայացրեց։ Մինչդեռ պատրիարքական աթոռը երկար ժամանակ փոխանորդությամբ հնարավոր չէ կառավարել։ Ամեն ոք հասկանում է այս։ Արդեն 1000-ավոր մարդիկ դիմումով իրենց դժգոհությունն են հայտնել պետությանը։ Խնդիրն իր արձագանքն է գտել թուրքական եւ արտաքին մամուլում, եւ հայտնի չէ, թե թուրքական կառավարությունը ինչ դիրք կգրավի։ Որոնումները շարունակվում են։ Հուսամ, որ այդ խառնաշփոթությունը կվերանա, եւ մի արդար լուծում կգտնվի խնդրի հանգուցալուծման համար։

 

Հ. Գ. Այս հարցազրույցից հետո հայտնի դարձավ, որ փետրվարի 8-ին Թուրքիայի դատարանը մերժել է հայ համայնքի` Կ.Պոլսի հայոց նոր պատրիարք ընտրելու վերաբերյալ հայցը:

Զրույցը վարեց Հեղինե ՄԿՐՏՉՅԱՆԸ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s