Սկիզբը՝ 2010-ի թիվ 22-24 (Նոյեմբ. Բ- Դեկտ. Բ), 2011-ի թիվ 1-2 (Հունվար Ա-Բ)

 

Սսի կաթողիկոսությունը ներկայացվում է որպես մեկ նահանգ, իսկ Աղթամարը՝ պարզ արքեպիսկոպոսություն։ Ցուցակում կան անբացատրելի անուններ։ Շատ եպիսկոպոսարանների անուններից զատ, տրված են նաեւ նստավայր վանքերի անունները։ Էջմիածնի կաթողիկոսության ենթակայության տակ ցուցակում հիշվում են Երեւանի արքեպիսկոպոսարանը՝ Առինջի, Եղվարդի, Մուղնիի, Սաղմոսավանքի, Գոշավանքի, Հովհաննավանքի, Գեղարդի, Տփղիսի, Մաղարդավանքի, Վարդիհայրի, Խոյի, Կարբիի, Աղջոցվանքի եւ Գետարգելի եպիսկոպոսարաններով, Խորվիրապի,

Ուշիի եւ Բաղեշի պատվակալ արքեպիսկոպոսարաններով (18 աթոռ), Բջնիի արքեպիսկոպոսարանը՝ Կեչառիսի վանքի, Գեղարքունու, Շողագավանքի եւ Սեւանի եպիսկոպոսարաններով (5 աթոռ), Հաղբատի արքեպիսկոպոսարանը՝ Գորու, Հաղարծնի եւ Մակարավանքի եպիսկոպոսարաններով, Մաքենոցաց վանքի պատվակալ արքեպիսկոպոսարանով (5 աթոռ), Կարմիր վանքի արքեպիսկոպոսարանը՝ Կապույտ վանքի, Հերմոնիվանքի եւ 3 անբացատրելի անուններ ունեցող եպիսկոպոսարաններով (6 աթոռ), Սուրբ Նախավկայի արքեպիսկոպոսարանը՝ Աստապատի եւ Նախիջեւանի եպիսկոպոսարաններով, Ագուլիսի, Սանահնի եւ Շամախի պատվակալ արքեպիսկոպոսարաններով (6 աթոռ), Մակուի արքեպիսկոպոսարանը՝ Խոյի, Ուրմիայի, Մարաղայի, Սալմաստի եւ մի անծանոթ անունով եպիսկոպոսարաններով (6 աթոռ), Տաթեւի արքեպիսկոպոսարանը՝ Մեղրիի եւ 3 անծանոթ անուն կրող եպիսկոպոսարաններով, Ֆահրապատի պատվակալ արքեպիսկոպոսարանով (6 աթոռ), Սպահանի արքեպիսկոպոսարանը՝ Փերիայի եւ 3 անծանոթ եպիսկոպոսարաններով, Վանի պատվակալ արքեպիսկոպոսարանով, Արճեշի, Խլաթի, Կտուցի, Լիմի, Ոստանի, Խիզանի եւ Աղբակի պատվակալ եպիսկոպոսարններով (8 աթոռ), Աղթամարի արքեպիսկոպոսարանը՝ 3 անբացատրելի եւ այլ անծանոթ եպիսկոպոսարաններով (6 աթոռ), Ամիդի արքեպիսկոպոսարանը՝ Ակլի, Արզնիի, Բալուի, Եդեսիայի, Ջերմիկի, Մերտինի, Չնքուշի եւ Թուլկուրանի եպիսկոպոսարաններով (9 աթոռ), Խարբերդի արքեպիսկոպոսարանը՝ 4 անծանոթ եպիսկոպոսարաններով (5 աթոռ), Մուշի արքեպիսկոպոսարանը՝ Մատնավանքի եւ Բաղեշի եպիսկոպոսարաններով (3 աթոռ), Կարինի արքեպիսկոպոսարանը՝ Հինձքի Սբ Աստվածածնի, Ջինիսի եւ Մամրվանի եպիսկոպոսարաններով, Դերֆանի պատվակալ արքեպիսկոպոսարանով (5 աթոռ), Սեբաստիայի արքեպիսկոպոսարանը՝ Ածպերի, Անդրեասի եւ Սբ Հրեշտակապետի եպիսկոպոսարաններով (4 աթոռ), Կեսարիայի արքեպիսկոպոսարանը՝ Սբ Աստվածածնի եւ 1 անբացատրելի եպիսկոպոսարաններով (3 աթոռ), Եվդոկիայի արքեպիսկոպոսարանը՝ Նազիանզի, Մարզվանի եւ Նեոկեսարիայի եպիսկոպոսարաններով (4 աթոռ)։ Դրանով Էջմիածնի կաթողիկոսության աթոռները 105-ն էին։ Խոյը եւ Բաղեշը հիշատակված են երկու անգամ, եթե դա, իհարկե, այլ բացատրություն չունի։ Սսի կաթողիկոսության ներքո գտնվող աթոռների սկզբնավորման թվերն են տրվում, եւ նշվում է, որ կաթողիկոսությունը հիմնադրվել է 13-րդ դարում։ Վերջինիս արքեպիսկոպոսարաններն են. Կոստանդնուպոլիսը՝ պատրիարքական իրավունքներով, Երուսաղեմը, Բերիան, Թեսալոնիկեն, Կիպրոսը եւ Տարսոնը։ Եպիսկոպոսարաններն են. Անարզաբան, Ադանան, Մոպսվեստիան, Տիանան, Նեոկեսարիան, Անկյուրիան (ընդամենը՝ 12 աթոռ)։ Արժե նշել, որ Անկյուրիան եւ Նեոկեսարիան հիշված են նաեւ Էջմիածնի կաթողիկոսության ենթակայության ներքո։ Ցուցակի վերջում հիշվում են անծանոթ անունով կամ իրենց գոյությունը դադարեցրած եպիսկոպոսարաններ։ Տրվում է 25 անուն, որոնց մի մասն անբացատրելի է։ Դրանց մեջ են Բարձրաբերդը, Կապանը, Մաշկեւորը, Բասենը, Կոպիտարը, Օծոպը, Մարաշը, Բաբերդը, Նփրկերտը, Ճապաղջուրը, Մեծկերտը, Կարսը, Կոկիսոնը, Այասը, Ծամնդավը եւ Խորձյալը։ Պարզ երեւում է, որ տարբեր կողմերի աթոռներ են։ Դրանով աթոռների թիվը հասնում է 144-ի։ Շատ հապճեպ կազմված ցուցակ է, որտեղ հաճախ խախտվում է աշխարհագրությունը։ Զգալի թիվ են կազմում կրկնությունները։ Հատուկ նահանգ էլ է հիշվում՝ Լատինացյալ Հայք անունով։ Հիշվում են 5 պատվակալ արքեպիսկոպոսարաններ՝ Նախիջեւանը, Կաֆան, Մարաղան, Տփղիսը եւ Սուլթանիեն, բայց վերջին չորսը, կարծես, վերացվել են։ Հետաքրքիր է, որ Աղթամարի կաթողիկոսությունը չի ճանաչվում։ Եվ վերջապես, չգիտես ինչու, Կ. Պոլիսը եւ Երուսաղեմը ցույց են տրվում Սսի ենթակայության ներքո։ Դա պայմանավորված է այդ ժամանակների խառնակ կացությամբ եւ հակաթոռ կաթողիկոսություն ստեղծելու ջանքերով։

Այժմ կրկին անդրադառնանք Եղիազար Այնթապցու գործունեությանը եւ հակաթոռության շարժմանը, որի մեջ ներառվեցին Էջմիածինը, Սիսը, Երուսաղեմը եւ Կ. Պոլիսը։ Դրան առիթ ծառայեց նվիրակների վարքագիծը, ինչպես վերը նշվել է։ Դա էլ զորավոր պատճառ դարձավ Եղիազարի համար։ Նա, Երուսաղեմ գալով որպես վերակուցու, պայծառացրել էր Սբ Հակոբի վանքը։ Եվ անգամ Աստվածատուր պատրիարքի՝ Երուսաղեմ վերադառնալուց հետո էլ գործերը տնօրինում էր Եղիազարը։ Բայց նրան պատրիարքական աթոռը չէր բավարարում. նա հետապնդում էր հեռուն գնացող ծրագրեր։ Դրա համար նա  անգամ իր անձնական գումարներն էր ծախսում։ Իսկ երբ Էջմիածնից մի քանի վանականներ, Օնոփրիոս Երեւանցի վարդապետի գլխավորությամբ, բազում հայհոյանքներ գրեցին Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի հասցեին, Եղիազարն ավելի քաջալերվեց։ Նրանք նույնիսկ առաջարկեցին գալ եւ տիրանալ Էջմիածնի կաթողիկոսությանը։ Ինքը՝ Օնոփրիոսը, գնաց նրա հետեւից՝ որպես հրավիրյալ։ Նրանց մտերմությունը ծագել էր այն ժամանակներից, երբ Եղիազարն Արզնիի վերակացուն էր, իսկ Օնոփրիոսն էլ ուղարկվել էր Ամիդ՝ որպես նվիրակ։ Դեռ այն ժամանակ Օնոփրիոսը կաթողիկոսի դեմ նախատական նամակներ էր գրել, բայց արդյունքի չէր հասել։ Իր կեղտոտ գործերի համար ամդեցիները նրան քշեցին, եւ նա փախավ Էջմիածին։ Ուզեց փախչել այդտեղից էլ, բայց Կավակերտում ձերբակալվեց եւ բերվեց Էջմիածին։ Նրան դատեցին եւ դատապարտեցին։ Հակոբն ինքը մկրատով խուզեց նրա գանգուրները եւ կարգադրեց բանտարկել մի մահահոտ եւ խավար աշտարակում։ Սակայն նա կարողացավ փախչել Սպահան եւ հաշտվել կաթողիկոսի հետ եւ վերադառնալ Էջմիածին, սակայն դեռ շարունակում էր չարիք մտմտալ։ Այս անգամ էլ Օնոփրիոսը, նամակն ուղարկելով, դրա հետեւից գնաց Կարին, սակայն մեզ անհայտ պատճառով ետ վերադարձավ։ Իսկ Եղիազարը, լավ հասկանալով Էջմիածնում հաստատվելու դժվարությունները, մտքում որոճում էր նոր կաթողիկոսություն ստեղծելու միտքը։

Եղիազարն իր գաղտնի ծրագրի մասին հայտնում է Կիլիկիո Խաչատուր կաթողիկոսին, երբ վերջինս 1663 թվին ուխտի էր եկել Երուսաղեմ։ Նա հայտնում է, որ ինքը կամենում է Օսմանյան գավառներն անջատել Էջմիածնից եւ նոր կաթողիկոսություն ստեղծել Երուսաղեմում, իրեն ենթարկել Երուսաղեմի եւ Կ. Պոլսի պատրիարքությունները՝ առանց դիպչելու Կիլիկիո կաթողիկոսությանը։ Դրա համար նա դրամական միջոցներ ուներ եւ կառուցել էր Էջմիածին անունը կրող մատուռը։ Նա հույս ուներ հեշտությամբ ստանալ կառավարության համաձայնությունը՝ վախեցնելով Պարսկաստանով։ Դրա համար պետք էր ձեռնադրվել կաթողիկոս՝ որեւէ ճանաչված կաթողիկոսից, ուստի նա դիմեց Խաչատուր կաթողիկոսին։ Խաչատուրի սրտով էր այդ, քանի որ Էջմիածինը թուլանալու էր, իսկ ինքն էլ, ոչինչ չկորցնելով, պատշաճ վարձատրվելու էր։ Մնում էր որոշել օծման տեղն ու օրը։ Այսպես՝ 1663 թվին ծնունդ առավ հակաթոռության առաջին խորհուրդը։

Խաչատուր կաթողիկոսն այնպես էր հաշտվել հակաթոռ կաթողիկոսություն ստեղծելու մտքի հետ, որ համագործակցեց Անդրեաս Ասորի վարդապետի հետ, որը կամենում էր հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել։ Ըստ որում, նա ստացել էր կառավարության հավանությունը։ Ուստի նա Բերիայում նրան կաթողիկոս ձեռնադրեց եւ օծեց։ Դրանով խռովություն առաջացավ ասորիների մեջ։ Դա հայերին դուր չեկավ, եւ դժգոհություններ ծագեցին, որոնք գլխավորում էր Դավիթ Բերիացի եպիսկոպոսը։ Նա, որ Բերիայի Կարկառ գյուղից էր, որոշեց Խաչատուրին հակառակ կաթողիկոսություն ստեղծել։ Գնաց Կ. Պոլիս, իր կողմը գրավեց Հովհաննես պատրիարքին եւ նրա միջոցով հրովարտակ ստացավ եւ վերադառնալով Բերիա եւ ստանալով ասորվոց կաթողիկոսի օժանդակությունը՝ նրա կողմից կաթողիկոս օծվեց Բերիայի եւ շրջակա գավառների վրա։ Դա եղավ 1663-ի վերջերին։ Խաչատուրն էլ պատրաստվում էր մայրաքաղաք գնալ եւ իր կողմը շահելով պատրիարքին ու մեծամեծներին՝ հեռացնել Դավթին։ Վերջինս ինքն էլ գնաց Կ. Պոլիս, եւ քանի որ երկուսն էլ գործում էին հնչուն դրամով, Հովհաննես պատրիարքը չկարողացավ երկուսին էլ մերժել եւ առաջարկեց Սսի կաթողիկոսությունը միմյանց միջեւ բաժանել։ Թեեւ Խաչատուրը դժգոհ էր, սակայն համաձայնությունը կայացավ, եւ խնդիրը փակվեց։ Իր հերթին Եղիազարն անհրաժեշտ գումարներով եկել էր Կ. Պոլիս՝ Քյոփրյուլիօղլու մեծ վեզիրի մոտ, որը 1664 թվի մարտի 20-ին գտնվում էր Սեմլինում եւ պատրաստվում էր պատերազմի ելնել հունգարների դեմ։ Նա մտերմացավ մեծ վեզիրի սեղանավոր Աբրո Չելեբիի հետ եւ նրա միջոցով մեծ վեզիրին հայտնեց իր միտքը՝ օսմանյան գավառներում հակաթոռ կաթողիկոսություն ստեղծելու մասին, ինչը շատ դուր եկավ մեծ վեզիրին։ Ընծաներով եւ կաշառքով՝ Եղիազարը կաթողիոսությունը հաստատող հրովարտակ ստացավ։ Գործը գաղտնի պահվեց, եւ Եղիազարը, առանց Կ. Պոլիս գնալու, եկավ Բերիա։ Նա նամակ գրեց եւ Խաչատուրին առաջարկեց գալ Բերիա՝ իրեն ձեռնադրելու։

Երբ Եղիազարն արդեն ամեն ինչ կազմակերպել էր, Խաչատուր կաթողիկոսը վարանեց այդ գործը կատարել։ Նա այդ գաղտնի խորհուրդը հայտնեց մի քանիսին, մասնավորապես՝ Երեմիա Չելեբի Քյոմուրճյանին։ Նրանք Խաչատուրին խորհուրդ տվեցին դա չանել եւ Եղիազարին էլ համոզել, որ դրանից ետ կանգնի։ Քյոմուրճյանը, որին Եղիազարը շատ վստահում էր, եկավ Բերիա, որ այդ գործը կասեցնեն։ Սակայն Եղիազարը լսել անգամ չուզեց նրա հորդորները՝ կարծելով, որ ազգին մեծ օգուտ է բերում։ Խաչատուրն էլ, մեծ վեզիրի հրովարտակն արդարացում համարելով, 1664 թվին հավաքեց Կիլիկիայի եպիսկոպոսներին եւ Բերիայի Սբ Քառասունք եկեղեցում նրան կաթողիկոս ձեռնադրեց։ Դրանից հետո Եղիազարը կոնդակ ուղարկեց Օսմանյան կայսրության հայկական բոլոր թեմերին՝ բացառությամբ Կիլիկիո թեմի, եւ քննադատելով Էջմիածինն ու նրա նվիրակներին՝ խոստանում էր հարցերը լուծել դրականորեն։ Նա խնդրում էր, որ Օսմանյան կայսրության հայկական թեմեր եկած նվիրակներին իշխանությունները հեռացնեն։ Եղիազարին հարողներ կային, բայց մեծ էր դեմ եղողների թիվը։ Չնայած Հակոբ կաթողիկոսի շատ նվիրակներ իրենց վատ էին դրսեւորել, Հակոբ կաթողիկոսի վարկը բարձր էր։ Իսկ Օնոփրիոսը, իմանալով այդ մասին, շտապեց Եղիազարի մոտ։  Գզվռտոցը շարունակվեց։ Կիլիկիան արդեն կիսվել էր, Աղթամարը յուրացրել էր բազմաթիվ թեմեր, այնպես որ բավական կրճատվել էին Եղիազարի թեմերը։ Սակայն նրա համար անակնկալ եղավ, որ չկարողացավ մտնել Երուսաղեմ, որը նա մտադիր էր դարձնել իր աթոռանիստը։

Շարունակելի

 

Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s