Սկիզբը՝ 2010-ի թիվ 22-24, 2011-ի թիվ 1-3 (2010 Նոյ. Բ-Դեկտ. Բ, 2011 Հունվար Ա — Փետ. Ա)

Երբ Եղիազարը 1659-ին տիրացավ Սբ Հակոբի վանքին,  նվիրակներ ուղարկեց՝ դրամ հավաքելու համար, որոնցից էր Սարգիս եպս Թեքիրտաղցին, որն աշակերտել էր Աստվածատուր պատրիարքին։ Նա, որպես Երուսաղեմի միաբան, գնաց Կաֆա եւ բավականին մեծ գումար հավաքեց, սակայն Երուսաղեմ դառնալով՝ փոքր գումար ցույց տվեց։ Եղիազարը կասկածեց եւ Ղրիմից բերված հաշիվներով ստիպեց, որ Սարգիսը գումարը ճանաչի եւ վճարելու մուրհակներ տա։ Եղիազարը դրանք կես գնով վաճառեց այլազգիներին, որոնք սկսեցին Սարգսին նեղել։ Նա Կ. Պոլիս գնաց, որ գումար հավաքի, բայց չհաջողեց եւ պարտատերերի բողոքի վրա բանտարկվեց։ Բանտում նա իրեն բախտակից գտավ Ղազար Սեբաստացուն, որին Թութունչի Հովհաննեսը բանտարկել էր տվել՝ պատրիարքությունից զրկելուց հետո։ Մեկ տարի նրանք բանտում միասին անցկացրին եւ բարեկամացան ու իրենց թշնամիների դեմ ծրագրեր մշակեցին։ Սկզբում Ղազարն իր կողմնակիցների միջոցով ազատվեց, իսկ Սարգսին ազատեցին պարտատերերը, որոնք հաջողեցրին նրան պատրիարք դարձնել, որպեսզի իրենց հին ու նոր պարտքերը հետ ստանան։ Բանտից դուրս գալով՝ նա գնաց Ադրիանուպոլիս՝ մեծ վեզիրի մոտ, եւ պատրիարքության հրովարտակ վերցրեց։ 1664-ին եկավ Կ. Պոլիս, վտարեց Հովհաննես Թութունչուն եւ տիրացավ պատրիարքությանը։ Այդ ժամանակ էլ Եղիազարը կաթողիկոսական օծում ստացավ եւ կամենում էր Երուսաղեմ հաղթանակով մտնել, քանի որ հրովարտակ ուներ նաեւ Երուսաղեմի պատրիարքի համար։ Աստվածատուր պատրիարքը եւ Երուսաղեմի միաբանները չճանաչեցին նրա պատրիարքությունը՝ օգտվելով Երուսաղեմի կուսակալ Էմիրհաճ փաշայի օժանդակությունից։ Դիմեցին նաեւ Սարգիս Թեքիրտաղցի պատրիարքին, որը Եղիազարի մեծ թշնամին էր, որպեսզի նա Եղիազարի պատրիարքությունը վերացնի, եւ Աստվածատուրը պատրիարք ճանաչվի։ Եղիազարը Երուսաղեմ մտնել չկարողացավ եւ վերածվեց թափառականի՝ շրջելով Եգիպտոսում, Դամասկոսում, Անտիոքում եւ Բերիայում, որպեսզի ուժեր հավաքի եւ տիրի Երուսաղեմին։

Հակաթոռ կաթողիկոսության ստեղծումը նոր գայթակղությունների, կաշառքների ու խռովությունների պատճառ դարձավ։ Ընդդիմադիրները եւս ուժեղացրին իրենց ջանքերը։ Հատկապես ակտիվ էր գործում նրա նախկին բարեկամ Մարտիրոս Կաֆացին, որն Էջմիածին էր անցել՝ նրա դեմ պայքարելու համար։ Նա ամենուրեք վարկաբեկում էր նրան։ Եվդոկիա հասած ժամանակ նա տեսավ Եղիազարի առաջին կոնդակը, ուստի նրան խիստ քննադատեց եւ նամակ ուղարկեց Բերիա, որտեղ գտնվում էր Եղիազարը։ Իսկ որպեսզի Եղիազարը նամակն անպայման կարդա, նրա վրա գրեց՝ «Հայաստանյայց կաթողիկոս»։ Այստեղից գնաց Էջմիածին, որպեսզի ավելի գրգռի Հակոբ կաթողիկոսին, եւ հանդես եկավ Եղիազարի բոլոր հակառակորդների կողմից։ Նա կաթողիկոսին կոչ արեց գնալ Կ. Պոլիս, եւ հայրապետական ազդեցությամբ ու ժողովրդական համերաշխությամբ տապալել Երիազարին, հակաթոռության հերձվածը վերացնել։ Հակոբը նրան Կ. Պոլիս ուղարկեց՝ Եղիազարի հակաթոռությունը տապալելու համար, իսկ ինքը շրջաբերական նամակներով ժողովրդին հորդորում էր զգուշանալ հակաթոռության աղետից եւ Մայր Աթոռի իրավունքները պաշտպանել։ Նա բոլորին սիրո եւ միության կոչ արեց։ Նա նույնիսկ Եղիազարին նամակ գրեց՝ համոզելով հրաժարվել հակաթոռությունից։ Նրա մոտ ուղարկեց Հովհաննես Արզնեցի խելամիտ վարդապետին, որ աղետի առաջն առնի։

Մարտիրոս Կաֆացին Կ. Պոլիս հասավ 1665-ի սկզբներին եւ կանգնեց Եղիազարի դեմ շարժման գլուխ։ Նա հաշտվեց բոլոր ուժերի հետ՝ ստանալու համար նրանց օժանդակությունը։ Օսմանյան մայրաքաղաքում կային Պարսկաստանի պարսկահայ գավառներից գաղթածներ, որոնց գլխավորում էին Խուսրեւ եւ Միրզա մեծահարուստ իշխանավորները, որոնք սովորաբար ջահուկյաններ էին կոչվում, քանի որ Նախիջեւանի Ջահուկ գյուղից էին։ Կային այլ գաղթականներ եւս Արեւելյան Հայաստանից, որոնք պարզապես արեւելցիներ էին կոչվում։ Թըլթըլյանները, որ լատինասերներ էին, նույնպես նրան միացան։ Ասենք, որ նրանք սկզբից էլ նրան հակառակորդ էին։ Թըլթըլյաններն ընդհանրապես ստորին աստիճանի մարդկանց մեջ էին ուժեղ։ Կաֆացին իր կողմը գրավեց նաեւ Ղազար Սեբաստացուն՝ իր տիվրիկցիներով, որը բանտից դուրս գալուց հետո ձգտում էր պատրիարքության։ Նա հակառակորդ էր Եղիազարին, բայց նախկին ուժը չուներ՝ պարտքերը վճարած չլինելու պատճառով։ Սրանք բոլորը միացած դուրս եկան Եղիազարի դեմ՝ Կաֆացու առաջնորդությամբ։ Կաֆացին, թաղեթաղ գնալով, ամենուրեք պախարակում էր Եղիազարին։

Սակայն Եղիազարն էլ իր պաշտպաններն ուներ, որոնք գլխավորապես ծագում էին Փոքր Ասիայի նախկին Ռումի սուլթանության տարածքից եւ հայտնի էին հռոմցիներ անունով։ Սրանք առանձին համակրանք չունեին Էջմիածնի նկատմամբ եւ զզված էին Էջմիածնի նվիրակներից։ Կաֆացին ասում էր, որ նրանք տկար փոքրամասնություն են, իսկ սրանք էլ սպառնագին նամակներ ուղարկեցին նրան եւ ուրիշներին։ Եղիազարականների գլխավորն Աբրո Չելեբին էր, որը հաջողեցրել էր Եղիազարի կաթողիկոսությունը եւ մեծ ազդեցություն ուներ Քյոփրյուլիօղլուի մոտ։ Եղիազարի հույսը մեծ վեզիրի վրա էր։

Եղիազարը, ստանալով Կաֆացու նամակը, հակառակ Քյոմուրճյանի եւ իր աշակերտ Սուքիաս վարդապետի կարծիքին, այն հրապարակավ ընթերցել էր Բերիայում։ Նա, չկարողանալով Երուսաղեմ մտնել, թափառական էր դարձել՝ երբեմն ծպտվելով վաճառականի անվան տակ կամ էլ՝ այլազգի իշխանավորի։ Պատճառն այն էր, որ նրա հակառակորդները ժողովրդին ամենուր գրգռում էին նրա դեմ։ Կամենում էին նրան ձերբակալել։ 1665 թվի ապրիլին Եղիազարը Յոպպեում խառնվեց Եգիպտոսից եկած մի կարավանի, բայց Համա հասնելուն պես նրան մեկը ճանաչեց, ուստի նա խույս տվեց օթեւանից եւ Բեյլանում հանդիպեց Քյոմուրճյանին ու Դավթին, որոնցից նա օգնություն էր ակնկալում։ Հետո նա ծպտյալ ճեպընթաց ձեւով հասավ Բուրսա՝ միտք ունենալով գնալ Ադրիանուպոլիս եւ օգնության խնդրանքով դիմել Քյոփրյուլիօղլուին։ Նա լուր ուղարկեց Աբրոյին, որ սա մեծ վեզիրի մոտ խնդիրը նախապատրաստի։ Այս առթիվ Ադրիանուպոլսում հայոց ազգային գործերի համար ատյան հրավիրվեց։ Հովհաննես Թութունչին, որն արդեն պատրիարք չէր, թըլթըլյանների առաջնորդներից երկուսին վերցրած՝ գնաց մինչեւ Սերբիայի Բելգրադ քաղաքը՝ հետեւելով հունգարների պատերազմի հետեւանքով մեծ վեզիրի տեղաշարժերին։ Պատերազմից հետո նա եկել էր Ադրիանուպոլիս, որտեղ էր եկել նաեւ Մարտիրոս Կաֆացին՝ կաթողիկոսի կողմից, որպեսզի Եղիազարի կաթողիկոսությունը տապալի եւ նոր հրովարտակով վերահաստատի Աստվածատուրի պատրիարքությունը։ Սարգիս Թեքիրտաղցին, վտանգ զգալով Թութունչու կողմից, ինքն էլ գնաց Ադրիանուպոլիս՝ իրեն պաշտպանելու համար։ Այդ ժամանակ էլ հայտնվեց Եղիազարը, որպեսզի լուծի իր հարցերը եւ հաստատվի Երուսաղեմում։ Մեծ վեզիրը խնդիրների այդ թնջուկը պետք է լուծեր։ Նրա վրա ազդում էր Աբրոն, որ Եղիազարի պաշտպանն էր եւ վեզիրի ավագ պաշտոնյան։ Նա կաշառվել էր Կաֆացու կողմից՝ ընդդեմ Եղիազարի։ Ատյան հրավիրվեց, եւ չնայած բողոքներին՝ Եղիազարի կաթողիկոսությունը հաստատվեց, բայց հաստատվեցին նաեւ Աստվածատուրի պատրիարքությունը եւ Մարտիրոսի փոխանորդությունը Երուսաղեմի վրա։ Մարտիրոսը, դրանից գոհ, հրամանագրերով գնաց Երուսաղեմ, սակայն Եղիազարը դժգոհ մնաց, քանի որ առանց Երուսաղեմի նրա կաթողիկոսությունը ոչինչ չարժեր։ Հովհաննեսի եւ Սարգսի հարցում Եղիազարն ու Աբրոն դուրս եկան Սարգսի դեմ, կաշառքներ տրվեցին, եւ Հովհաննեսը կրկին հաստատվեց պատրիարքական աթոռին։ Այս ամենը տեղի ունեցավ 1665 թվի մայիսի վերջերին։

Հակոբ կաթողիկոսը, Կաֆացուն ուղարկելուց հետո, Սահակ Մակվեցի եպիսկոպոսին աթոռակալ ու տեղապահ նշանակելով, շարժվեց դեպի Եվդոկիա, բայց Օնոփրիոսի կողմնակիցների առաջ բերած բարդությունների պատճառով ստիպված եղավ վերադառնալ Էջմիածին։ Կաֆացու ետ գալուց հետո նա փութացրեց իր ուղեւորությունը՝ տեղապահ թողնելով Մատթեոս եպիսկոպոսին։ Ճամփորդության նպատակակետը Կ. Պոլիսն էր, սակայն սկզբում գնաց Զմյուռնիա։ Այդ ժամանակ մեծ վեզիրն արձակել էր իր հրովարտակները, իսկ Մարտիրոսը գնացել էր Երուսաղեմ։ Այստեղ նա հրավեր ստացավ Աստվածատուրից եւ Մարտիրոսից, որ գնա Երուսաղեմ եւ միասին խորհեն, թե ինչպես տապալեն Եղիազարի կաթողիկոսությունը, ինչն այլեւս դժվար չէր դիտվում։ Նա որոշեց գնալ Երուսաղեմ եւ ամենուրեք համակրանքի արժանացավ։ Եղիազարն Աբրոյի միջոցով փորձ արեց Երուսաղեմի պատրիարքության հրովարտակն ստանալ, սակայն Քյոփրյուլիօղլուն չհամաձայնեց, քանի որ Աստվածատուրին պաշտպանում էր իր ավագ պաշտոնյան։ Դա ստիպեց, որ եղիազարականները բավարարվեն միայն օսմանյան երկրների կաթողիկոսությամբ։ Սակայն Եղիազարը դրան դեմ էր՝ ասելով, թե որտե՞ղ պետք է հաստատի իր կաթողիկոսությունը։ Աբրոն, չուզենալով գրգռել մեծ վեզիրին, որն իր հրովարտակը փոխելու միտք չուներ, բավարարվեց «նազր» եւ «մյութեւելլի» կոչումներով, որոնք բավական էին Երուսաղեմի ստացվածքներին ու մատակարարմանը տիրանալու եւ Աստվածատուրի պատրիարքությունն ի դերեւ դարձնելու համար։ Եղիազարը դրան համակերպվեց, քանի որ վախենում էր, որ իր բացակայության ժամանակ կարող են թաքցրած դրամները գտնել, եւ վերցնելով հիշյալ հրովարտակները՝ շտապեց Ադրիանուպոլսից գնալ Ռոդոսթո, Բուրսա եւ այնտեղից էլ՝ Երուսաղեմ։ Բայց նրա հակառակորդները՝ թըլթըլյաններն ու ջահուկյանները, Բարձր դռանը բողոքեցին, թե նրա դեմ դատ ունեն։ Ուստի նրան ձերբակալեցին, իր հետ եղած երկու վարդապետներին նույնպես, որոնց հետո բերեցին Կ. Պոլիս։ Սակայն Կ. Պոլսում Եղիազարի կողմնակիցները կարողացան ազատել նրա հետ ձերբակալված վարդապետներին եւ հերքել Եղիազարի վրա բարդված մեղադրանքները։ Եղիազարը, որին Բուրսայի կուսակալն ազատել էր, եկավ Կ. Պոլիս եւ քարոզների շնորհիվ մեծ ժողովրդականություն վայելեց։ Սկզբում նա հաստատվել էր Ղալաթիայի Սբ Լուսավորիչ եկեղեցում, իսկ հետո տեղափոխվեց Սամաթիայի եկեղեցի, որը հայաշատ կենտրոն էր։ Եղիազարը հույս ուներ, որ Երուսաղեմի հարցը կլուծի, սակայն Հովհաննես Թութունչին կառավարությանը բողոքեց՝ պահանջելով, որ Եղիազարին հեռացնեն, քանի որ բոլոր օգուտները նրան էին գնում։ Եղիազարն ստիպված էր հեռանալ, եւ այս անգամ Աբրոն նրան հյուրընկալեց իր տանը եւ կառավարությանը համոզեց, որ Եղիազարին պատրիարքությունը չի հետաքրքրում, այլ կաթողիկսությունը եւ Երուսաղեմի խնամակալությունը։ Այս տեղի ունեցավ 1665 թվի երկրորդ կեսին։

Շարունակելի

 

Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s