Գաղտնիք չէ, որ մարդկային գործունեության ցանկացած հարցում առաջնային դերակատարություն ունի գիտակցությունը, որն, իհարկե, բխում է բանականությունից: Մարդն իրեն տրված բանականությամբ օժտված է կատարյալ ազատությամբ, որը ազատության աստվածաբանության մասնագետներն անվանում են աստվածապարգև ազատություն:

Ազատություն ասելով` իրավաբանները հասկանում են օրենքների շրջանակում մարդու գործողությունների լիակատարության հնարավորություն, մինչդեռ շատ գիտությունների ներկայացուցիչներ ազատություն բառն ըմբռնում են` որպես սանձազերծվածություն, այսինքն` գործողությունների ազատություն առանց սահմանափակումների: Այս ընկալումների տարբերությունները հստակորեն երևում են մարդ — շրջակա միջավայր հարաբերություններում, ուստի անհրաժեշտ է հասկանալ, թե, վերջին հաշվով, ինչպես հասկանանք ազատություն ասվածը:           

Հայացք գցելով պատմական անցյալին` մենք տեսնում ենք, որ վաղուցևեթ ազատության ըմբռնումը գիտակցվել է` որպես հնարավորությունների ամբողջական օգտագործում: Բավական է նշել, որ էթնիկ հանրությունների մեծ մասը դարեր շարունակ զարգացրել է սեփական տնտեսությունը, մասնավորապես` գյուղատնտեսությունը էքստենսիվ եղանակով, ինչը լիովին ենթադրում է հնարավորությունների օգտագործում սպառման ասպարեզում, մինչդեռ նույն բանական ազատությունը կարելի էր օգտագործել ինտենսիվ զարգացման ուղղությամբ, ինչի առաջին փորձերը կատարեցին Միջագետքյան քաղաք-պետությունների ու Վաղ Եգիպտական թագավորության բնակիչները, որոնք, առանց վնաս հասցնելու շրջակա միջավայրին, սահմանափակ տարածք ընդգրկող տարածքներում ծավալում էին իրենց տնտեսական գործունեությունը:

            Հնարավորությունների ամբողջական օգտագործելիության դրույթի նորագույն օրինակ է միջուկային, քիմիական և կենսաբանական զենքերի գյուտը, ինչը, իրենից ներկայացնելով մարդկության ապագային սպառնացող մեծագույն չարիք, միևնույն ժամանակ բավականին լրջորեն ցույց է տալիս մարդկային ազատության անշեղության երերունությունը:

            Այսպիսով, մարդը շատ հաճախ չի կարողանում ընկալել սահմանն իրական ազատության և մոլորության միջև: Հենց այստեղ էլ մարդու գիտակցական ընկալելիությանն օգնության են հասնում կրոնները: Դեռևս անիմիստական պաշտամունքների ժամանակաշրջանում շրջակա միջավայրը պատշաճորեն տեղ էր գտնում մարդու «վախ և հարգանք» ուղիղ համեմատական շղթայում:

Մարդը, օգտագործելով իր բանականությունը, դարերի ընթացքում քաղաքակրթական առաջընթաց էր ապրում, ինչի արդյունքը պետք է լիներ պաշտամունքային համակարգերի վերափոխումը և շրջակա միջավայրի պատվումը` հեթանոսական դիցարանում բնության ուժերի աստվածների ու աստվածությունների ի հայտ գալու ճանապարհով:

            Այնուհանդերձ մարդ — շրջակա միջավայր հարաբերությունների գիտակցականության բարձրակետը ժամանակակից աշխարհի էթնիկ հանրությունների ճնշող մեծամասնության համար սահմանվում է համաշխարհային կրոնների կողմից: Թե’ մահմեդականությունը և թե’ բուդդայականությունն իրենց հետևորդների համար հստակ սահմանաբաժանումներ են դնում շրջակա միջավայրի նկատմամբ վարվեցողության ազատության չափի մեջ:

            Մեզ` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդներիս համար անչափ կարևոր են քրիստոնեական ազատության ըմբռնման սահմանաբաժանումները մարդ — շրջակա միջավայր հարաբերություններում, որոնցով էլ որ առաջնորդվել է հայ հասարակությունը իր պատմության միջնադարյան, նոր և, մասամբ` նորագույն ժամանակաշրջանում:

            Այսպիսով, փորձենք տեսնել, թե ինչպես է քրիստոնեությունը տեսնում այս օրինաց կարգը մարդ — շրջակա միջավայր հարաբերություններում: Այս հարցում նախևառաջ ուշադրություն դարձնենք աշխարհի` Աստվածային արարչագործությանը: Չէ՞ որ մարդուն տրվում է լիակատար ազատություն:

Սակայն այստեղ կա մի հանգամանք. հենց սկզբից Աստված փորձեց ստուգել մարդու բարոյական ազատությունը և բարու մեջ հաստատուն լինելու համար մարդուն պատվիրեց չճաշակել բարու և չարի իմացության ծառից:

Այստեղ մարդը կատարում է առաջին կործանարար քայլը` գործում է առաջին մեղքը, ինչը կարող ենք դիտարկել նաև` որպես էկոլոգիական առաջին աղետ` զուտ հոգեբանական տեսանկյունից, քանի որ մարդ արարծը, չսահմանափակվելով իրեն տրված անսահմանափակ ազատությամբ, խախտեց միակ սահմանումը (այո’, սահմանում, և ոչ թե սահմանափակում, քանի որ իրականում այդ ծառից պտղի ճաշակել կամ չճաշակելն ամենևին էլ չէր սահմանափակում մարդու ազատությունը, այլ ընդամենը` սահմանում էր նրա ազատությունների «օրենսգիրքը»), ինչը դարերի ընթացքում, և հատկապես` 20-21-րդ դարերում մարդկության ապագայի դիմախեղման ճանապարհ էր հարթում:

            Այսպիսով, քրիստոնեությունը կատարում է կարևորագույն գործը էկոլոգիական աղետները չեզոքացնելու հարցում` ոչ թե վերացնելով հետևանքները, այլ գիտակցական բանականության շնորհիվ կանխելով էկոլոգիական ճգնաժամի դրսևորումները:

            Արարչագործությունից զատ` փորձենք դիտարկել նաև նորկտակարանյան մի օրինակ, որտեղ Հիսուս Քրիստոսն ինքը ցույց է տալիս սահմանումը մարդու և շրջակա միջավայրի փոխհարաբերություններում: Խոսքը, իհարկե, «Տասը մնասներ»-ի առակի (Ղուկ. 19: 11-27) մասին է, որտեղ ասվում է, որ մարդն Աստծուց իշխանություն է ստացել բնության վրա` ոչ միայն այն պահպանելու և անաղարտ տեսքով Աստծուն վերադարձնելու, այլ նաև այն բարձրացնելու, այսինքն` սրբացնելու, պայծառացնելու և Աստծու մեջ հաստատելու համար:

            Այսպիսով, մարդու` բնության զարդը լինելու քրիստոնեական հաստատումը ոչ թե շրջակա միջավայրի նկատմամբ զուտ գերիշխող դիրք ունենալու մտադրությունների արտահայտությունն է, այլ աստվածապարգև ազատության շնորհիվ շրջակա միջավայրի պահպանման ու բարելավման գիտակցումը և մեխանիզմների ստեղծումն ու կիրառումն է:

            Մարդու աստվածապարգև ազատության հարցի առնչությամբ, որպես ամփոփում, մտաբերեցինք դպրոցներում աշակերտների կողմից հաճախ հնչող մի բարդագույն հարց` ինչու էին կաթոլիկ հոգևորականները հետապնդում, պատժում և անգամ այրում ուշ միջնադարում գիտական հայտնագործություններով հանդես եկող գիտնականներին:

Աշակերտները, հավատարիմ մնալով քննական մտածելակերպի սկզբունքին, պնդում են, որ դասագրքային այն ձևակերպումը, թե կաթոլիկ հոգևորականները խավարամիտ էին, և այդ պատճառով էին հետապնդում գյուտարար գիտնականներին, իրենց համար ամենևին էլ համոզիչ չէ:

Իհարկե, այս հրահրիչ հարցն ստիպում է մտածել, որ միգուցե իսկապես այդ գյուտերը կաթոլիկ հոգևորականների համար իրականում ոչ թե գյուտեր, այլ սրբազան գաղտնիքներ էին:

Ծայրահեղ դեպքում կարելի է խորհել, որ, փաստորեն, միգուցե այդպես նրանք ցանկանում էին փրկել հասարակությանը հախուռն զարգացումից և ներկայիս էկոլոգիական աղետալի ճգնաժամից` դարերի խորքից հասկանալով այդ գյուտերի հետագա նաև բացասական հետևանքները, քանի որ սանձազերծ ազատությամբ օժտված մարդ արարածը, սահմանումներ չճանաչելով իր ազատությունների մեջ, ցանկացած ամենադրական գիտական հայտնագործության համար գտնում է նաև բացասական կիրառություն:

            Եկե’ք պարզապես խորհենք այս ուղղությամբ, և վերստին արժևորենք քրիստոնեական արժեհամակարգի` մարդ — շրջակա միջավայր հավասարակշռված հարաբերությունների բաղկացյալի կատարելությունը, որը կօգնի մեզ մշտապես արթուն լինել մեր բանականության մեջ:

 

Միքայել Մալխասյան

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s