Այսօր ամենուրեք, ուր հայ կա ու Հայ Եկեղեցի, անսահման երախտագիտությամբ տոնախմբում են հիշատակը «Սրբոց Վարդանանց զօրավարացն մերոց՝ 1036 վկայիցն, որք կատարեցան ի մեծ պատերազմին»:

Խոսքը Ավարայրի հերոսամարտի մասին է, ուր «նորահրաշ պսակաւորների հեղուած վարդագոյն արեամբ» մեկօրյա հերոսամարտն իրավամբ դարձավ հայ ժողովրդի եւ Հայ Եկեղեցու պատմության` պանծալի եւ հավերժ հիշատակության արժանի ոսկյա էջերից մեկը: Վարդանանց ոգին էր, որ ի զեն կոչեց ողջ միջնադարի հայ ազատագրական պայքարի մասնակիցներին, գոտեպնդեց նաեւ Սարդարապատի եւ մերօրյա արցախյան խիզախ ու անմեռ հերոսներին, որոնք «իմացեալ մահով» Արցախ աշխարհը ազատագրեցին գերությունից՝ ապահովելով նրա անկախ ու ազատ ապրելու իրավունքը:

Այս խոհերով ու մտածումներով անդրադառնանք 5-րդ դարին, որը հայերիս համար դարձավ հրաշքների եւ պատմական մեծագույն սխրանքների դարաշրջան: Հիշենք, որ դարսկզբում՝ 405 թվականին, ձեռամբ սուրբ Մեսրոպ Մաշտոցի ստեղծվեցին հայոց գիրն ու գրականությունը, հանգամանք, որ լուսավորեց հայ ժողովրդին, ազատեց մեզ ասորա-հելլենական նսեմացուցիչ ազդեցությունից: Չմոռանանք, որ հենց այդ սքանչելագործ հայ գիրն ու փառապանծ մեր Ս. Եկեղեցին էին, որ ապահովեցին նաեւ Սասանյան Պարսկաստանի եւ նենգ Բյուզանդիայի լծի տակ տառապող հայ ժողովրդի միասնականությունը՝ հաստատուն պահելով նրան ձուլման եւ օտարացման վտանգից: Մի՞թե աստվածային հրաշք չէր հայոց գիրը, որով ազգայանացավ հայոց մշակույթը, եւ Հայոց եկեղեցիներում Աստծո պատգամը հայ մարդուն լսելի դարձավ՝ արդեն ժողովրդին հարազատ ու հասկանալի հայերեն:

Առաջին հրաշքին հաջորդեց երկրորդը: Սահակ Հայրապետի եւ նրա թարգմանիչ աշակերտների հոգածո բծախնդրությամբ՝ Աստվածաշունչ սրբազան մատյանը թարգմանվեց հայերեն, եւ հետագա երախտագետ սերունդները հաստատեցին, որ հայացած Աստվածաշունչն այնպիսի տաղանդով է թարգմանվել, որ եթե գրականագիտական իմաստով դիտարկելու լինենք, հպարտորեն ու միանշանակ պիտի ասենք, որ այդ թարգմանությունը հիասքանչ է ու անկրկնելի: Պատահական չէ, որ այն անվանվեց «Թագուհի թարգմանութեանց»:

5-րդ դարի երրորդ հրաշքը մեզ համար այն էր, որ հայոց գրերի գյուտն արդեն քաղաքական հողի վրա շարունակեց այն, ինչը կատարվել էր մշակույթի բնագավառում: 451 թվականի մայիսի 26-ին հայ ժողովուրդն իջավ Ավարայրի դաշտ` փառապանծ Հայկ Նահապետի խիզախումով, սուրբ Գրիգոր Լուսավորչի քրիստոնեական խոր ու անսասան հավատքի համոզումով պաշտպանելու մեր նվիրական սրբություններն ու Հայրենիքը, ազգային արժանապատվությունն ու ամենակարեւորը` հայոց անկոտրում եւ սրբազան ոգին: Ավարայրի դաշտում «գիտակցված մահով» ընկած հայորդիների կատարածը խոնարհում եւ հիացում պատճառեց մեր ժողովրդի՝ հաջորդ բոլոր սերունդներին: Իմացյալ նահատակությամբ, հանուն Քրիստոսի եւ Հայրենիքի սիրո, Տղմուտ գետի ափին մարտական փղերի դեմ կռիվ տված հերոսների զոհաբերությունն արթնացրեց ժողովրդի ներքին այն ուժերը, որոնցով նա կարողացավ դարերի հոլովույթում պաշտպանել մեր Սուրբ Եկեղեցին ու քրիստոնեական արժեքները, ոսկեղենիկ մեր լեզուն, եւ իհարկե, մեր ազգային անաղարտ դիմագիծը: Համոզված ենք, որ քրիստոնեական կեցվածքը, առ Աստված մեր ճշմարիտ հավատքը, շաղախվելով ազգային ինքնագիտակցությանը, հային պահեց-պահպանեց մեր պատմության փոթորկալից բոլոր ժամանակներում:

Մեր մշակույթի մեծերից ակադեմիկոս Մանուկ Աբեղյանը Ավարայրի ներքին խորհրդի մասին իր «Հայոց հին գրականության պատմության» մեջ իրավացիորեն գրում է. «Դա կորովի անվեհեր դիմագրավում էր մահվան, հանուն գաղափարի, հանուն խորին համոզումի, մանավանդ երբ այդ կապված է Հայրենի աշխարհի ու ժողովրդի շահերի հետ: Արի անձեր էին հարկավոր քաջալերելու համար»:

Հազարամյա մեր պատմության մեջ, երբ ազգի համար ստեղծվել են օրհասական վիճակներ, երբ ամեն անգամ դամոկլյան սրի նման մահացու վտանգն է կախվել մեր ժողովրդի գլխին, մեր քաջարի նախնիք մեկ բռունցք դարձած դիմագրավել են օտարին եւ Վարդանաց օրինակով պաշտպանել մեր հայրենին ու մեր սրբությունները:

Հիշենք, որ Վարդան Մամիկոնյանի բանակը, նույնիսկ երբ կորցրեց սիրելի սպարապետին, պահեց իր քաջարի ոգին ու չընկրկեց։ Այդ Ոգին շուրջ 30-տարի ընդմիջումներով՝ մեծ ու փոքր ճակատամարտեր տվեց Ներսեհապատի, Ակոռիի, Երեզ գյուղերի մոտ եւ տոնեց իր հաղթանակները

484 թ. Պարսկաստանում սպանվեց Պերոզ թագավորը, եւ նրան հաջորդեց եղբայրը` Վաղարշը (484-491) թթ.: Ապստամբ հայ ժողովրդի տարած հաղթանակներից հետո Սահակ Բագրատունու գլխավորությամբ Դվինում նոր Հայ կառավարություն կազմվեց: Վահան Մամիկոնյանը հռչակվեց հայոց սպարապետ։ Ողջ ավագանին եւ ժողովուրդը Ս. Ավետարանի վրա երդվեց, որ մինչեւ կատարյալ եւ վերջնական հաղթանակ պիտի կռվի՝ հույս չդնելով ո՛չ հույների եւ ո՛չ էլ հոների ռազմական օգնության վրա:

Այս անցքերի ականատեսն էր Հովհաննես Ա Մանդակունի Հայրապետը (478-490) թթ.։ Նա Դվինի Մայր եկեղեցում գոհաբանական աղոթք բարձրացրեց առ Աստված, որի ավարտին ինքն անձամբ երգեց Սաղմոսի 29 գլխի 11 եւ 12 համարները, ուր ասվում է. «Լսեց ինձ Տերն ու ողորմեց, Տերը եղավ իմ օգնականը։ Սուգս դարձրեց ուրախություն, հանեց քուրձն իմ եւ խնդություն հագցրեց ինձ»:

Այժմ փորձենք պատասխանել այն հարցին, թե հայ ժողովուրդը Վարդանանց պատերազմում բարոյական հաղթանակ տարա՞վ, թե՞ պարտվեց: Վստահ ենք, որ շատերը կասեն` հայ ժողովուրդը տարավ բարոյական հաղթանակ:

Թե ինչ է նշանակում բարոյական հաղթանակ, այս դեպքում, կարծես, այնքան էլ հասկանալի չէ, եթե հաշվի առնենք այն ձեռքբերումները, որ հետեւեցին Վարդանանց եւ Վահանանց մղած պատերազմներին։ Պարսից Վաղարշ թագավորի խնդրանքով՝ 484 թ. Նվարսակում հայերը ներկայացրին երեք պահանջ, որոնք ընդունվեցին միաձայն.

ա. քրիստոնեությունը ճանաչվեց որպես Հայաստանի պաշտոնական կրոն,

բ. Հայաստան երկրի կառավարումը վերստին հանձնվեց հայ ավագանուն,

գ. Հայաստանում պետական պաշտոնյաներ նշանակվեցին միմիայն հայ տոհմիկ ավագանուց:

Սրանք բարոյական հաղթանակ չէին եւ ոչ էլ՝ պարտություն: Նվարսակում հայ ժողովուրդը փաստեց իր հաղթանակը մարտի դաշտում եւ հաստատեց պայմանագրով:

Փառք Ավարայրի եւ Վահանյան ապստամբության հերոսներին, որոնք իրենց թափած արյամբ եւ հաղթանակներով հավերժացրին մեր ընթացքը գալիք բոլոր դարերում։

Հայ ժողովուրդը 451-484 թթ. մղած պատերազմներով ապահովեց իր ֆիզիկական ու հոգեւոր գոյության անշրջելի հաղթանակը:

Տ. Եղիշե ավ. քհն. ՍԱՐԳՍՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s