(հատված)

… Այս ժամանակ լինում էր, [որ] երբեմն Նիկողայոս կայսրն այցելում էր սրբազան Ներսես կաթողիկոսին՝ զրուցելու եւ հիշելու անցած դեպքերը։ Ներսեսը հիշեցնում է հայոց ազգի հավատարիմ ծառայությունները։ Ասում է. «Այս Ներսեսը չէ՞ր, որ Պասկեւիչ զորապետի խնդրանքով, աղաչանքով ու հորդորով համոզված՝ նրանից ստացավ դաշնագիր, որի վրա եւ ձեր ստորագրությունն է փայլում, այդտեղ մեր հայրենիքի ու ազգի ազատության համար, [հաստատելու] առանձին դքսություն՝ ամենազոր կայսրությանդ հովանավորությամբ ու պաշտպանությամբ, լինելու ձեզ մշտական աջակից եւ օգնական բոլոր ասպարեզներում։ Այս Ներսեսը, այո՛, այս Ներսեսն էր, որ իր հետ ոտքի հանեց հայոց բոլոր քաջերին՝ Հայաստան աշխարհից եւ Վրաստանի ու Իմերեթի կովկասյան գավառներից եւ իր առաջնորդությամբ քաջ զորապետի պես իր անձը չխնայեց եւ 25000-ի կորստով գլուխ բերեց հաղթանակը, պարսից հպատակությունից ազատեց Երեւանը, Նախիջեւանը եւ բոլոր մյուս [վայրերը] մինչեւ Ատրպատական, որոնց տեր եք այժմ դուք։

Այս դաշնագիրն ու ձեր ստորագրությունը պահվում են մոտս, ո՛վ Վեհափառ Տեր, որպես սրբազան մասունք, բայց չգիտեմ, թե ե՛րբ է լինելու»։

Կայսրը պատասխանում է. «Ես խոստմանս հավատարիմ եմ եւ հույս ունեմ կատարել՝ ինչ որ ստորագրեցի հանուն Աստծո, եւ ձեր ազգին պարտական չմնալ եւ այնքան թափված արյան պարտքից ազատ, [արյուն], որ հեղվել է ի փառս իմ կայսրության։ Բայց եվրոպացիների արդի քաղաքականությունը խանգարում է այս կարգադրությանս, եւ բնավ չի հաջողվի, ձեր ազգը կվնասվի ամեն կողմ, ուր ցրված են։ Եթե Աստծո ողորմությամբ գլուխ բերվի Արեւելյան խնդիրը քրիստոնյաների ազատության համար, այն ժամանակ դյուրությամբ կհաջողվի եւ ձեր այդ հարցը։ Ուստի դուք պիտի համբերեք մինչեւ Աստված Ինքը տնօրինե, եւ ժամանակը հաջողեցնի»։

Հաջորդ օրը կաթողիկոսը գնում է փոխադարձ այցի Նիկողայոս կայսրին, որ նրան ընդառաջ է ելնում գլխաբաց եւ առանձին սենյակում ընդունում է մեծարանքով ու պատվով։ Սիրալիր խոսակցության ընթացքում կայսրը հառաչելով ասում է. «Ո՛վ սրբազան հայր, իմ սրտում մեծ ցավ ունեմ վաղուց ի վեր, որը ոչ ոք չի կարող բուժել կամ հնար գտնել, այլ միայն դու, սրբազա՛ն հայր, եթե դու կամենաս, կարող ես իմ ցավերին բուժիչ դեղ լինել ու ցավերի փարատիչ»։

Կաթողիկոսն ասում է. «Ո՞րն է ցավդ, ո՛վ Վեհափառ Տեր, պատմի՛ր ինձ, եւ եթե կարող եմ դրան դարման լինել, չեմ զլանա»։ Կայսրն ասում է. «Մեր Տերը մեկ է, հավատը, մկրտությունը եւ Եկեղեցին՝ մեկ, եւ ի՞նչ է այս բաժանումը Ռուսական ու Հայկական Եկեղեցիների, եւ մի՞թե հնար չկա Ուղղափառ Եկեղեցիների միության ինչպես հավատով, նույնպես եւ ամբողջ կրոնական պաշտամունքով, ծեսով ու արարողությամբ»։ Կաթողիկոսը պատասխանում է՝ ասելով. «Դուք ուզում եք երկու Եկեղեցին ձուլել մի զանգվածով, բայց ի՞նչ եղանակով. հինը նորի՞ն է ծառայելու, թե նորը՝ հնին. ո՞րն է իրավացին ու աստվածահաճոն»։ Կայսրը լռեց եւ բան չասաց։

Մի այլ անգամ կաթողիկոսի հետ կայսեր զրույցի ժամանակ կայսրն ասաց. «Սրբազա՛ն հայր, խնդրում եմ քեզ, որ փոխես վեղարիդ ձեւը, դարձնես մեր հոգեւոր առաջնորդի վեղարի նման»։ Կաթողիկոսն ասում է նրան. «Այն օրը, երբ դրի վեղարս իմ գլխին՝ քահանա ձեռնադրվելիս Զմյուռնիա քաղաքի Սուրբ Ստեփանոս եկեղեցում, այն օրը ուխտեցի երկնավոր Քահանայապետ Հիսուս Քրիստոսին՝ այս վեղարով իջնել գերեզման. արդ ուխտս, որ խոստացա իմ Աստծուն, չեմ կարող փոխել հանուն մարդկանց»։ Այնժամ կայսրը, հիացած կաթողիկոսի խորագիտությամբ ու բազմահանճար խոհականությամբ, ասում է մոտի մարդկանց. «Շատ ավելի տեսա, քան լսել էի այս մեծ մարդու մասին»։ Եվ հրամայեց ադամանդյա խաչ դնել վեղարին՝ տարբերվելու համար ուրիշ արքեպիսկոպոսներից։

Ա­ւետիս վարդապետ ՊԷՐ­ՊԷ­ՐԵԱՆ, ՊԱՏ­ՄՈՒ­ԹԻՒՆ ՀԱ­ՅՈՑ,
Մայր Ա­թոռ Սուրբ Էջ­միա­ծին, 2009, էջ 267-269

Փոխադրեց Ա. ՄԱԴՈՅԱՆԸ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s