Այսօր շատերին է հետաքրքրում, թե ինչ կապ ունի խարույկը Տյառնընդառաջի տոնի հետ։

Նախ՝ համառոտակի անդրադառնանք խարույկի, այսինքն՝ կրակի, բոցի ընդհանրական խորհրդանիշներին։

Կրակը, բոցը հնագույն ժողովուրդների մշակույթում ունեցել են արեւի, աստվածային էներգիայի, մաքրագործության, այլակերպության, վերածննդի, հոգեւոր սլացքի, գայթակղության, փառասիրության, ոգեշնչումի խորհրդանիշ։ Կրակը նաեւ ընտանիքի պահպանման, համերաշխության ու ջերմության խորհուրդ ունի։ Ուստի պատահական չէ, որ արեւելյան շատ ժողովուրդների մոտ կրակը, կրակատեղին՝ օջախը, դարձել են ընտանիք հասկացության հոմանիշը։

Կրակն իր վերոհիշյալ խորհրդանիշների կողքին ունեցել է նաեւ կործանարար գերուժի արտահայտություն։ Վաղնջական ժամանակներում կրակին վերաբերվել են որպես աստծու, իսկ հետագայում՝ աստվածային զորության, արեւի երկրային մարմնավորման։ Քանի որ կրակն ունի սնվելու, աճելու, մեռնելու եւ ապա վերածնվելու հատկություն, կրակապաշտները նրան համարել են կենդանի գոյություն, մեռնող եւ հարություն առնող էություն։

Հետաքրքիր է, որ շատ ժողովուրդներ սրբացրել են նաեւ իրենց տարածքներում գտնվող այն լեռները, որոնք հրաբխային ծնունդ են եղել։

Ալքիմիայում կրակը, որի գրաֆիկական պատկերանշանը եռանկյունին է, համարվել է այն անփոփոխ էությունը, որն իրենով միավորում է մնացյալ երեք տարրերը՝ հողը, ջուրը, օդը։

Կրակը՝ որպես աստվածային հայտնության խորհրդանիշ, ոչ պակաս դերակատարություն է ունեցել հրեական մշակույթում, իսկ քրիստոնեության մեջ այն ընկալվեց նաեւ որպես Սուրբ Հոգու մարմնավորում, որպես մաքրագործության, հոգեւոր վերելքի ու նվիրումի, իսկ կերպարվեստում՝ բարեպաշտների ու հավատքի մեծագույն փորձության նշան։ Միջնադարյան գեղանկարչության մեջ հաճախ կարելի է հանդիպել սրբերի պատկերների, որտեղ նրանք ներկայացված են բոցավառվող սրտերով։ Կաթոլիկ Եկեղեցում, ինչպես նաեւ Բյուզանդականում, կրակը՝ որպես հարության խորհրդանիշ, նույնացվել է փյունիկ առասպելական թռչնի (կրակից վերստին հառնող) եւ սալամանդր կենդանու (կրակի անմահ ոգի) հետ։ Այսօր էլ Կաթոլիկ եւ Ուղափառ Եկեղեցիներում զատկական տոնի արարողության ժամանակ հանդիսավորապես մարում եւ վերստին «նոր կրակով» վառում են ծիսական մոմերը՝ որպես Տիրոջ հարության խորհրդանիշ։

Իսկ հիմա անդրադառնանք Հայաստանյայց Առաքելական Եկեղեցում Տյառնընդառաջի տոնի նախօրին՝ երեկոյան ժամերգությունից հետո, վառվող խարույկին, որի ավանդույթը մեր Եկեղեցում սկզբնավորվել է Լուսավորչի ժամանակներից։

Հայաստանում խարույկը՝ որպես կրակի, լույսի ու արեգակի խորհրդանիշ, մեծ տարածում է ունեցել հնդկա-իրանական Միթրաս (Միհր) աստվածությանը նվիրված ժողովրդական տոնակատարությունների ժամանակ։ Այս աստվածության պաշտամունքը Հայաստան էր ներթափանցել հռոմեացիների միջոցով։ Ըստ Պլուտարքոսի՝ Միթրասի պաշտամունքը Հռոմ էր անցել Պոմպեոսի գերեվարած կիլիկեցի ծովահենների միջոցով, որն էլ հետագայում տարածվել էր Հռոմեական ողջ կայսրության մեջ՝ միաձուլվելով մինչ այդ եղած արեգակի պաշտամունքին։ Մ. թ. 3-րդ դարում, երբ կայսրության տարածքում գործում էին արդեն քրիստոնեական բավականին հոծ համայնքներ, Միթրասի պաշտամունքը դեռեւս լրջորեն նստած էր ժողովուրդների գիտակցության մեջ։

Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո Եկեղեցին ստիպված էր հեթանոսական շատ սովորություններ խորհրդով մոտեցնել քրիստոնեականին եւ ներառել ծիսակարգերում, այդ թվում նաեւ՝ կրակի խորհուրդը։ Միթրասի ծննդյան օրը համարվում էր դեկտեմբերի 25-ը եւ տոնվում էր մեծ շուքով։ Սա էր պատճառը, որ հետագայում Կաթոլիկ եւ Ուղղափառ Եկեղեցիները, մոռացության տալու համար այս աստծուն, Տիրոջ ծննդյան օրը, որ նախապես քրիստոնեական բոլոր Եկեղեցիները տոնում էին հունվարի 6-ին, տեղափոխեցին դեկտեմբերի 25-ը։ Ռուս Ուղղափառ Եկեղեցին տոնում է հունվարի 7-ին, այսինքն՝ կրկին դեկտեմբերի 25-ին, բայց հին տոմարով։

Միթրասի կամ Միհրի պաշտամունքը տարածում գտավ նաեւ հեթանոսական Հայաստանում՝ փոխարինելով հայերի արեւի աստված Տիրին։ Թեեւ մեր հեթանոս նախնիները Տիրին արդեն նոր դեր էին վերագրել՝ դարձնելով Արամազդի դպիրը, ուստի եւ գիր ու գրականության, գիտության ու մշակույթի հովանավորը, այնուհանդերձ, ժողովրդի մոտ պահպանվել էր նրա տոնին խարույկներ վառելու, շուրջը տոնախմբություններ կատարելու սովորությունը։ Հավանաբար այդ տոնախմբումները տեղի էին ունենում փետրվարի կեսերին։

 Ըստ Եկեղեցու հայրերի՝ Գրիգոր Լուսավորիչը, այս խարույկը վերաիմաստավորելով քրիստոնեական կրակի, հրի՝ ավետարանական խորհուրդներով, հարմարեցրեց Տյառնընդառաջին՝ քառասնօրյա Տիրոջը տաճարին նվիրաբերելու տոնին։ Սակայն պետք է նշել, որ մեր ժողովրդի մոտ այսօր էլ պահպանվել են հեթանոսական շրջանից մնացած որոշ սովորություններ, այն է՝ խարույկի վրայից թռչելը, շուրջը պտտվելը, կրակը կոխոտելը, ծխով գուշակություններ անելը, որոնք խոտելի են եւ Եկեղեցու կողմից մերժված։

Ստորեւ ընթերցողին ենք ներկայացնում մեր Եկեղեցու մեծագույն հայրերից մեկի՝ Գր. Տաթեւացու մեկնությունները՝ Տյառնըդառաջի խարույկի վերաբերյալ՝ Ասողիկ քհն. Կարապետյանի թարգմանությամբ։

«Իսկ ինչո՞ւ ենք կրակ վառում։

Նախ՝ որովհետեւ [երբ] Տերը տաճարին մոտեցավ, դուռն ինքնիրեն բացվեց, մեծ ճայթում եղավ, եւ քաղաքը տիեզերքի օրինակով դղրդաց։ Եվ բոլորը վառած լույսերով եկան տաճար՝ Տիրոջն ընդառաջ եւ ասացին. «Տերն անցավ այս դռնով»։ Ուստի այդ օրվա տոնն անվանվեց «Տեառնընդառաջ», «Տէրն ընդ այս», որն աղավաղելով ասում ենք՝ «Տէր ընդ էս»։ Եվ մենք դրա համար նույն օրինակով՝ հուր ու ջահ վառած, Տիրոջ [տաճար] գալստյան նախատոնակն ենք կատարում։

Երկրորդ՝ հեթանոսները բոլոր արարածներին էին պաշտում, առավելապես հրին, ինչպես պարսից ազգը։ Այժմ էլ՝ հյուսիսային կողմերում շատերն են կրակապաշտներ։ [Ուստի] դրա համար մենք վառած հուրն ընծայում ենք ի պատիվ Աստծո, թե՝ «Դո՛ւ ես ճշմարիտ Աստված, որ այժմ երեւացիր», իսկ հուրն աստված չէ, այլ Քո արարածը։ Դրա համար քեզ ծառայություն ենք բերում, ինչպես որ եբրայեցի մանուկները՝ ծառերի ոստերն ընծայեցին ի պատիվ Քրիստոսի (հմմտ. Մատթ. ԻԱ 8), որովհետեւ Նա է ճշմարիտ Աստված, նույնպես եւ մենք հուրն ենք ընծայում։ Եվ ինչպես որ [Անանիան եւ իր ընկերները], երբ հրի մեջ ընկան, գովում եւ օրհնում էին Աստծուն (Դանիել Գ 51), այլեւ բոլոր արարածներին՝ ջրին, հրին, ցրտին, տոթին ու մյուսներին, օրհնության էին հրավիրում (Դանիել Գ 61-79)։ Նույնպես եւ մենք, խոսքով ու գործերով, վառած հուրն ի պատիվ արարածների Արարչի, ընծայում ենք Քրիստոսին։

Երրորդ՝ որովհետեւ Քրիստոսն իր գալստյամբ ասաց. «Ես եմ աշխարհի լույսը. ամեն ոք, որ Ինձ հավատում է, խավարում չի մնա» (Հովհ. Ը 12, ԺԲ 46), նաեւ ասաց. «Երկրի վրա կրակ գցելու եկա, եւ որքա՜ն եմ կամենում, որ արդեն իսկ բորբոքված լինի» (Ղուկ. ԺԲ 49)։ Դա Սուրբ Հոգին էր խորհրդանշում, որ հրեղեն լեզուներով առաքյալների վրա իջավ, նրանց մեղքերը մաքրեց ու միտքը լուսավորեց։ Սրա համար ենք Քրիստոսին ընդառաջ ելնում ու լույս վառում, որովհետեւ Քրիստոսը [իբրեւ] լույս եկավ աշխարհ, մենք էլ Լույսին հավատացինք եւ Լուսո որդիներ դարձանք։ Եվ հուրը բորբոքելով՝ Նրա սիրո հուրն ենք խնդրում, որպեսզի մաքրի մեր մեղքերի ժանգն ու աղտոտությունը, եւ սրբելով պայծառեցնի մեր միտքն ու հոգիները։ Դրա համար այդ երեկո կրակ ենք վառում։

Չորրորդ՝ քանի որ Քրիստոսի հաջորդ ու վերջին գալուստը հրով է լինելու, վախճանի ժամանակ, ինչպես ասում է մարգարեն՝ «Մեր Աստված հայտնապես է գալու, եւ Նրա առաջ հուր է բորբոքվելու» (Սաղմոս ԽԹ 3)։ Որովհետեւ առաջին գալուստը խոնարհությամբ ու ծածուկ էր, ինչպես [որ անձայն իջնում է] ցողը բրդի վրա (Սաղմոս ՀԱ 6), որպեսզի ով որ իր անձնիշխան կամքով կամենա, Քրիստոսին հավատա ու փրկվի։ Իսկ վերջին գալուստը սրա պես չէ, այլ հայտնապես ու տիեզերատես՝ հարական փառքով, ու բոլոր հրեշտակները՝ Նրա հետ. «Ինչպես փայլակը, որ ելնում է արեւելքից եւ երեւում է մինչեւ արեւմուտք» (Մատթ. ԻԴ 27), եւ հուրը Նրա առջեւ կբորբոքվի, եւ Նրա շուրջն էլ սաստիկ մրրիկ [կլինի] (Սաղմոս ԽԹ 3)։ Մրրիկն ու մեգը մեղավորներից ծածուկ ու անտես լինելն են խորհրդանշում, որովհետեւ մեղավորներն ու անհավատները չեն կարող Քրիստոսի աստվածությունը տեսնել, քանի որ հուրը մատնանշում է սրբերի ու հավատացյալների պայծառ տեսությունը, որ հայտնապես տեսնում են Քրիստոս Աստծուն մարդացած, մարմնով երեւացած, եւ Մարդուն որպես մարդկանց Արարիչ են տեսնում։ Դարձյալ կրակը երկու հատկություն ունի։ Եվ Քրիստոսը հրով պիտի երեւա, որպեսզի սրբերին լուսավորի, պսակի ու անստվեր լույսը մտցնի, իսկ մարդկանցից չարերին ու անհավատներին՝ սատանայի հետ հավիտենական հուրն ուղարկի ու տանջի։ Ըստ այդմ՝ «անիծյալնե՛ր, գնացե՛ք ինձանից հավիտենական կրակը, որ պատրաստված է սատանայի եւ իր հրեշտակների համար» (Մատթ. ԻԵ 41)։ Այս խորհրդով կրակ ու ջահ ենք վառում եւ Քրիստոսի գալուստը պատվում։ Կրակը ծուխ ու այրում ունի, որոնք աչքերի լացն ու մեղավորների տանջանքներն են խորհրդանշում, իսկ լույսը պայծառության ու լուսավորելու [հատկություն] ունի, որ արդարների պայծառության խորհրդանիշն է, եւ Քրիստոսը որպես Լույս եկավ ու աշխարհում ծագեց (Հովհ. ԺԲ 46)։

Սրանք են այդ օրը հուր եւ լույս վառելու պատճառները» («Ձմեռան հատոր», էջ 79-80)։

Ռ. ԱՐՈՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s