Մեսրոպ Մաշտոցի աշակերտ եւ զինակից, մեծանուն իմաստասեր, հայագիր դպրության սկզբնավորողներից եւ նվիրյալներից մեկի՝ Եզնիկ Կողբացու կյանքի եւ գործունեության մասին քիչ բան է մեզ հայտնի: Մոտավոր հաշվարկներով՝ նա ծնվել է 380-ական թվականներին Արարատյան աշխարհի Կողբ գյուղում, որտեղից էլ ստացել է իր մականունը` Կողբացի: Եզնիկը սկզբից եւեթ հոգեւորական է եղել, աշակերտել է իր մեծանուն ուսուցչապետին` հայոց գրերի արարչին, հմտացել է ինչպես ասորական, այնպես էլ հունական դպրությունների ու լեզուների ուսումնասիրության մեջ: Կողբացին, լինելով ժամանակի ականավոր ուսումնական գործիչներից մեկը, բեղմնավոր կերպով զբաղվել է թարգմանչական ու խմբագրական գործունեությամբ:

Ըստ Կորյունի վկայության՝ հայ դպրության երկու ռահվիրանները` Մաշտոցն ու Սահակը, պատասխանատու հանձնարարություններով ուղարկում են Եզնիկին ասորական դպրության խոշոր կենտրոն Եդեսիա քաղաքը, որպեսզի նա, տեղում թարգմանություններ կատարելով, հայերենի վերածի ասորաց հոգեւոր հայրերի ավանդույթներն ու վարքագրություններն ամփոփող երկերը: Այդ մասին վկայություններ է թողել նաեւ պատմահայր Մ. Խորենացին:

Կողբացին, Եդեսիայում թարգմանական առաքելությունը հաջողությամբ ավարտելուց հետո, ինչպես նաեւ նրա զինակից Հովսեփ Պաղնացին անցնում են Կոստանդնուպոլիս, ուր առավել կատարելագործվում են հունարենի եւ արվեստների ուսումնասիրության մեջ:

Հայ մատենագիտությունը համոզված է, որ Եզնիկ Կողբացին ոչ միայն հմուտ պարսկագետ, հունագետ եւ ասորագետ էր, այլ նաեւ՝ եբրայագետ, այլապես նրան չէր հանձնարարվի այնպիսի պատասխանատու մի գործ, որպիսին Աստվածաշնչի հայերեն թարգմանության խմբագրումն է եւ համեմատումը` ասորերեն եւ հունարեն բնագրերի հետ:

Եզնիկ Կողբացու գործունեության բարձրակետը հանդիսանում է նրա տեսական-փիլիսոփայական երկը` «Եղծ աղանդոց» խորագրով, որով նա հայ իրականության մեջ հանդես է գալիս որպես խոշոր տեսաբան եւ աստվածաբանության կարկառուն մի հեղինակություն:

Վերոնշյալ աշխատությունը հեղինակվել է Վարդանանց պատերազմի նախօրյակին, եւ նրա անհրաժեշտությունը շատ էր զգացվում եւ կարեւորվում այդ տագնապալից ժամանակաշրջանում: Պետք է հիշել, որ 440- ական թվականների կեսերին եւ վերջերին Հայաստանում առկա հասարակական-քաղաքական մթնոլորտն այնքան թեժացած ու անհանգստացնող էր, որ հարկավոր էր գաղափարական եւ հոգեւոր առումներով եւս ժողովրդին նախապատրաստել՝ դիմագրավելու ահագնացող վտանգներն ու մարտահրավերները:

Բացի այդ, անկարելի է չմատնանշել այն իրողությունը, որ այդ ժամանակ երկրում աշխուժացել էին նաեւ ամեն կարգի աղանդներն ու հերձվածները, քրիստոնեական ուսմունքից խոտորված բազմերանգ ուղղվածությունների կրողներն ու կողմնակիցները:

Ուստի անհրաժեշտ էր գաղափարաբանական-փիլիսոփայական բարձր մակարդակով հակահարված տալ եւ մերկացնել վերջիններիս, ցույց տալ նրանց հոգեւոր սնանկությունը եւ տգիտությունը:

Ահա այս ամենի հաշվառումով ու հանրագումարով ծնվեց, լույս աշխարհ եկավ «Եղծ աղանդոց»-ը, որի հեղինակը նաեւ ազգային ազատագրական շարժման ակտիվ մասնակիցներից էր: Բավական է նշել, որ Եզնիկ Կողբացու անունը հայ մատենագրության մեջ հիշատակվում է Եղիշեի «Վասն Վարդանա եւ հայոց պատերազմին» աշխատության էջերում` 449 թվականին Աշտիշատի հանրահայտ ժողովին մասնակցած բարձր հոգեւորականության այլ ներկայացուցիչների հետ միասին: Իսկ վերոնշյալ ժողովը բուռն ու կրակոտ քննում էր պարսից արքունիքից ուղարկված չարագուշակ նամակը, որով առաջարկվում էր հայ ժողովրդին հրաժարվել քրիստոնեությունից եւ ընդունել զրադաշտականությունը:

Սակայն զրադաշտականությունն այլեւս տեղ չուներ հայ հասարակության առաջնորդող խավի համար, քանզի մեծ տեսաբան ու մտածող Եզ. Կողբացին յուր աշխատությամբ հիմնավոր, սպառիչ կերպով տվել էր զրադաշտականության դրույթների քննադատությունն ու հերքումը:

Անտարակուսելի է, որ «Եղծ աղանդոց»-ը հանդիսացավ հայ ազգային-ազատագրական պայքարի հոգեւոր-բարոյական հռչակագիրը:

Կողբացին սույն աշխատությունը հեղինակելիս գլխավորապես նպատակ է ունեցել պաշտպանել հայկական ու հայաստանյան հոգեւոր-բարոյական իրականության տիրույթները հերձվածողական-աղանդավորական տարբեր կարգի եւ բնույթի հարձակումներից, այդ պատճառով էլ երկի շարադրանքը գերազանցապես ստացել է հակաճառության եւ հերքումների բնույթ:

Նրա օգտագործած գլխավոր աղբյուրն Աստվածաշունչն է, որից բավական հաճախ է վկայակոչումներ կատարում: Կողբացին հատկապես խիստ ու հետեւողական կերպով քննադատում է զրադաշտական կրոնի դոգմաները՝ ցույց տալով զրադաշտականության բոլոր թերի կողմերն ու հակասությունները:

Մեծ մտածողը նաեւ անդրադառնում է հույն իմաստասերների տեսություններին` հեթանոսական աստվածների ջատագովության առնչությամբ, եւ մանրամասն ցույց է տալիս վերոնշյալ տեսությունների սնանկությունը:

Նա խիստ քննադատական հարված է ուղղում զրադաշտական կրոնի երկվության (դուալիզմ) դեմ, քանզի պարսկական կրոնը, ընդունելով չարի եւ բարու աստվածությունների համատեղ գոյությունը, հանգում էր նաեւ նյութի ինքնուրույն լինելու ընդունմանը: Իսկ այդ դրույթն արմատապես հակասում էր քրիստոնեական միաստվածության գաղափարին:

Հայ մեծ մտածողը, անդրադառնալով չարի եւ բարու փոխհարաբերություններին, չարիք է որակում բոլոր այն գործողությունները, որոնք մարդկանց համար վնասակար հետեւանքներ են ունենում, իսկ ավելի գործնական հարթության վրա դնելով հարցադրումը՝ համոզմունք է հայտնում, որ հայ ժողովուրդն իր ողջ ուժերի նպատակասլաց համախմբման դեպքում կարող է հաղթահարել զրադաշտականության պարտադրման սպառնալիքը: Ահա այս կետում է , որ Կողբացին հանդես է գալիս որպես ճակատագրի բացասական ազդեցությունների դեմ ակտիվ պայքարի նախաձեռնող, որով եւ վարակում է իր ժամանակակիցներին ու հետագա սերունդներին:

Եզնիկ Կողբացու, ինչպես եւ Հայ Եկեղեցու ու գիտության մյուս սուրբ նվիրյալների` Մեսրոպ Մաշտացի, Մովսես Խորենացու, Սահակ Պարթեւի, Եղիշեի, Դավիթ Անհաղթի, Անանիա Շիրակացու, Գրիգոր Նարեկացու, Ներսես Լամբրոնացու, Գրիգոր Տաթեւացու ստեղծագործական անսպառ ժառանգությունը դարեր շարունակ նպաստել է հայ ժողովրդի ներքին եւ արտաքին ինքնության պահպանմանը եւ հոգեկան բարձր ու բյուրեղյա կերտվածքի ձեւավորմանը:

Հինգերորդ դարի հայ մեծագույն փիլիսոփա-մտածողի «Եղծ աղանդոց» աշխատությունը հայ սերունդների համար միշտ էլ մնացել է օրակարգային՝ երբեք չխամրելով ու չկորցնելով իր արդիական կենսատու նշանակությունը նաեւ այսօր:

 Արմեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Պատմ. գիտութ. թեկնածու

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s