Ջրհեղեղից հետո մարդկային ցեղի հետագա ընթացքի համար հատուկ ու մեծ նշանակություն ունեցան լեզուների բաժանումը եւ մարդկության սփռվելը աշխարհով մեկ: Սրանցով ավարտվում է նախաստեղծ մարդու պատմությունը, եւ սկսվում՝ առանձին ազգերինը։ Լեզուների բաժանումից եւ մարդկանց սփռվելուց հետո հին աշխարհն սկսեց ապրել մեկուսացած կյանքով` իրարից առանձնացած, զատված ժողովուրդներով: Եվ միայն Քրիստոսի միջոցով՝ Շնորհի արքայության բացմամբ եւ մարդկության քավության ու հոգեւոր բարեբեր վերանորոգումից հետո, այդ բաժանվածությունը դարձյալ կանչվեց դեպի բարոյական միության:

Լեզվի եւ նրա զարգացմամբ զբաղվող լեզվաբանությունը նախալեզվի եւ նրանից առաջ եկած բազմատեսակ լեզուների հարցում հանդիպում է անհաղթահարելի դժվարությունների: Սրանով են եւ բացատրվում գիտնականների միջեւ առկա տարաձայնությունները: Սակայն մեծ եւ հեղինակավոր լեզվաբանները (օրինակ` Մաքս Մյուլերը) նախ եւ առաջ հերքում են պարզամիտ-մատերիալիստական հիպոթեզները լեզվի առաջացման վերաբերյալ, որոնք կապված են մարդու` անբանական եւ անխոս վիճակի զարգացման ընթացքում բանական եւ բանավոր էակ լինելու հետ: Խոսքի պարգեւը, նշանավոր լեզվաբանների կարծիքով, բնությունից հատուկ տրվել է մարդուն` մտածելու պարգեւի հետ միաժամանակ («Չկա միտք՝ առանց խոսքի, եւ չկա խոսք՝ առանց մտքի»,- Մաքս Մյուլեր): Սակայն հարցն այն է, թե ինչպիսին է եղել առաջնալեզուն, որով խոսել են առաջին մարդիկ, եւ արդյոք եղե՞լ է այն մեկ ընդհանուր լեզու, թե՞ գոյություն են ունեցել մի քանի տարբեր լեզուներ. գիտությունը դեռեւս այդ հարցը չի լուծել: Սուրբ Գրքի վկայությամբ` մինչեւ լեզուների խառնումը ամբողջ աշխարհում կային մեկ լեզու եւ մեկ բարբառ (Ծննդ. ԺԱ 1): Նույն այդ գիտնականները, որոնք ընդունում են մարդկային ցեղի մեկ ընդհանրական լինելը, ընդունում են նաեւ նախնական համամարդկային լեզվի մեկ լինելը: Մեկ լեզվից առաջացած շատ տարբեր լեզուները կարելի է նմանեցնել աճած, զարգացած ծառի, որի մի բնից առաջ են եկել բազմաթիվ ճյուղեր ու շիվեր` իրենց բազմազան ձեւերով` ունենալով իրենց յուրահատկությունները եւ միեւնույն ժամանակ ինչ-որ ընդհանուր բան: Տեսականորեն շատ լեզվաբաններ ընդունում են այսպիսի «լեզվաբանական ծառը», բայց «լեզվաբանական ճյուղերի» գործնական ուսումնասիրությունն առաջ է բերում բազում կոնֆլիկտներ: Սուրբ Գրքի պատումի համաձայն` լեզուների խառնումն առաջ է եկել հպարտ մարդկության նախաձեռնությամբ կառուցված քաղաքի եւ դեպի երկինք բարձրացող աշտարակի պատճառով: Այս բացառիկ հսկայական, համաշխարհային ձեռնարկի համար հարկավոր էր մի տեղում համակենտրոնացնել մեծաքանակ մարդկանց, ինչը եւ հանգեցնում է բարոյականի անկման գործոնի, որովհետեւ մարդկանց մեծ կուտակման ժամանակ, երբ չկան բարոյական նորմերի ամուր կապեր, միշտ գլուխ է բարձրացնում ընդհանուր անբարոյականությունը (սա հատկապես նկատվում է խիտ բնակչություն ունեցող մեծ քաղաքներում): Աստված, նկատելով ջրհեղեղից հետո նորից ահագնացող բարոյական փչացումն ու ախտավորությունը, ինչպես նաեւ աշտարակ կառուցողների ինքնավստահ, հպարտ մտքերը, որոշեց նրանց ցրել: Եվ այս բանի համար էլ եղավ լեզուների բաժանումը, որը պատճառ դարձավ առանձին ազգերի առաջացման, քանի որ գլխավոր տարբերությունն ազգերի միջեւ լեզուն է: Բայց ինչպե՞ս պետք է հասկանալ լեզուների բաժանումը: Մի՞թե սա եղել է գործողություն հրաշքի միջամտությամբ` առաջացնելով տարբեր լեզուներ, թե՞ բուն նախալեզուն, վաղ ժամանակներից սկսած արդեն կամաց-կամաց փոփոխության ենթարկվելով, դանդաղ եւ աստիճանաբար վերածվել է տարբեր լեզուների եւ բարբառների: Առաջին դեպքում պահանջվում է ընդունել հրաշքը, այսինքն` գերբնական երեւույթը: Անկրոն գիտությունը ջանում է ամեն ինչ բացատրել միայն բնական ճանապարհով, եւ այդ պատճառով բազմատեսակ լեզուների գոյությունը մեկնաբանելու համար ստեղծում է զանազան հակասական վարկածներ: Կրոնական միտքը, ավելի շատ վստահելով Աստվածաշնչին, քան գիտական իրարամերժ տեսակետներին, միանգամայն ընդունում է հրաշքի իրողությունը: Աստվածաշնչյան արտահայտությունը` «իջնենք եւ խառնենք նրանց լեզուները» (Ծննդ. ԺԱ 7), չի թողնում որեւէ կասկած՝ հատկապես աստվածային գործողության վերաբերյալ: «Եվ Աստված նրանց ցրեց աշխարհով մեկ, եւ նրանք դադարեցին կառուցել աշտարակը»,- ասվում է քիչ հետո (Ծննդ. ԺԱ 8): Աստված այս ցրված եւ բաժանված ցեղերից ու ժողովուրդներից Իր անիմանալի ճամփաներով ընտրեց հրեա ժողովրդին, բայց ոչ նրա բացառիկ ազգ լինելու պատճառով, ինչպես կարծում են շատ հրեաներ, այլ համամարդկային նպատակի պատրաստման համար, այն է` ընտրյալ ժողովրդի օգնությամբ իրականացնել ամբողջ մարդկային ցեղի խորհրդավոր փրկությունը: Ընտրված հրեա ժողովուրդը միջոց եղավ Աստծուն եւ մարդկությանը՝ առանձնահատուկ ծառայություն մատուցելու համար: Եվ ընտրյալ ազգ լինելը հրեա ժողովրդին տվեց ոչ այնքան իրավունք, որքան պարտականություն, քանի որ «ում շատ է տրված, նրանից շատ էլ պիտի պահանջվի» (Ղուկ. ԺԲ 48):

Տ. Վաչե աբեղա ՄԿՐՏՉՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s