Սկիզբը՝ 2010-ի թիվ 22-24, 2011-ի թիվ 1-4 (2010 Նոյեմբ. Բ — 2011 Փետ. Բ)
Եղիազարի հակառակորդներն էլ եկան այն մտքին, որ կարելի է հարվածել արդեն թուլացած Եղիազարին։ Նրա դեմ բողոքելու համար Երուսաղեմից Կ. Պոլիս եկավ Մարտիրոս Կաֆացին, որի դերն ի չիք էր դարձել Եղիազարի ստացած հրովարտակներով։ Աստվածատուր պատրիարքին ու Մարտիրոս Կաֆացուն միացավ նաեւ Հակոբ կաթողիկոսը։ Կաֆացին Կ. Պոլսում իր շուրջը համախմբեց բոլոր հակաեղիազարյաններին՝ ջահուկյաններին, թըլթըլյաններին եւ արեւելցիներին։ Մի պահ եղիազարյանները երերացին եւ անգամ հաշտության առաջարկ արեցին։ Գործին խառնվեցին Աբրոն եւ Քյոմուրճյանը։ Կաֆացին ուզեց ժամանակ շահել եւ հարձակման անցնել ու անգամ պատրիարքությունն իր անունով դարձնել։ Դրան նրա համախոհները կողմ էին, քանի որ Աստվածատուրը ծերացել էր։ Գործարքի մեջ մտան մեծ վեզիրի ավագ պաշտոնյայի հետ։ Սա մյուս կողմի հետ էլ բանակցեց, որ տեսնի, թե ով ավելի շատ կաշառք կտա։ Այսպես շարունակվեց մինչեւ մեծ վեզիրի Կ. Պոլսից մեկնելը՝ Կրետեի պատերազմի առիթով։ Նրա ետեւից գնաց Մարտիրոսը եւ ամբաստանագրերը մատուցեց մեծ վեզիրին։

Սակայն Աբրոն կարողացավ մեծ վեզիրին համոզել, որ խնդրի լուծումն Աստվածատուրին եւ Մարտիրոսին գործերից հեռացնելն է ու ամեն ինչ Եղիազարին հանձնելը, որը թե՛ ունակ եւ թե՛ տերությանը հավատարիմ մարդ է։ Եղիազարն էլ, իր դիրքերն ամրացնելու համար, նամակներ բերեց Արեւմտյան Հայաստանի քաղաքներից եւ Օսմանյան տերության հայաշատ վայրերից, որոնք գանգատվում էին Հակոբ կաթողիկոսի նվիրակներից եւ գոհունակություն էին հայտնում Եղիազարի վերաբերյալ, որը ձրի մյուռոն էր բաժանում։ Նման նամակներ եղան նաեւ Կ. Պոլսի հայությունից։ Մեծ վեզիրն Աբրոյի ազդեցությամբ հաստատեց Եղիազարի կաթողիկոսությունը եւ տվեց Երուսաղեմի պատրիարքությունը՝ 1666-ի մարտի 31-ին։

Գործը հաջողությամբ գլուխ բերելով՝ Եղիազարը հրաման ուղարկեց Երուսաղեմ, որ Հակոբ կաթողիկոսին, որպես հյուրի, պատվով ճանապարհեն, իսկ եթե միջամտի գործերին, բռնությամբ վտարեն։ Հակոբը, միաբանության համար խնդիրներ չստեղծելով, քաշվեց հունաց վանքը եւ որոշեց Կ. Պոլիս գնալ։ Իսկ դա դժվար էր, քանի որ միջոցները սպառվել էին։ Նա պարտք վերցրեց։ Եղիազարն էլ պատրաստվում էր Երուսաղեմ գնալ, սակայն սկզբում ուզեց եկեղեցական հանդեսներով փառավորվել մայրաքաղաքում ու յոթ եպիսկոպոս ձեռանդրեց։ Սուրբ վայրերի համար նվերներ հավաքելով՝ նա 250 ուխտավորների կարավան կազմեց եւ ուղեւորվեց Երուսաղեմ։ Հակոբը եւ Եղիազարը ճանապարհին իրար չհանդիպեցին։ Հակոբը եկավ մայրաքաղաք՝ իր պարտատերերի հետ, իսկ Եղիազարը հատուկ հրովարտակ էր ստացել՝ Սբ Գերեզմանի վրա պատարագելու համար, որը հայերի հին իրավունքն էր, սակայն լատինները դրա վրա արգելք էին դրել։ Այսուհանդերձ՝ չկարողացավ դա կատարել։ Նա 1667 թվի հունվարի 6-ին Երուսաղեմում կատարեց մյուռոնի օրհնությունը։ Իսկ հունվարի 27-ի կոնդակով դա անվճար ուղարկեց իր թեմերը։ Հետո նա Երուսաղեմում եւ Յոպպեում ձեռնամուխ եղավ շինարարական գործունեության։ Միաբանությունն ստիպված էր հնազանդվել նրան։

Հակոբին, Սկյուտարից սկսած, շատ դիմավորողներ եղան։ Ջահուկյանները, արեւելցիները եւ թըլթըլյանները նրան ընդունեցին մեծ պատվով եւ կծու ակնարկություններ էին անում Եղիազարի հասցեին։ Հակոբը դրանք լսում էր, բայց չէր արձագանքում եւ միայն սիրո քարոզներ էր կարդում։ Նրա այդ վարքագիծը մեծ տպավորություն թողեց բոլորի վրա։ Անգամ եղիազարյաններն սկսեցին նրան մերձենալ։ Աբրոն նույնիսկ կոչ արեց նրան համաձայնել, որ Եղիազարն օսմանյան գավառների վրա կաթողիկոսի, իսկ նա հայրապետություն անի պարսկահայ գավառների վրա։ Հակոբը մեղմ բացատրում էր ազգի համար դրա վտանգավոր հետեւանքները, ինչին Աբրոն ոչինչ ասել չէր կարողանում։ Ի վերջո, շատ եղիազարյաններ դարձան հակոբական։ Նրանք խոստանում էին վերականգնել Էջմիածնի իրավունքներն օսմանյան գավառների վրա։ Հակոբին շատ օգնեցին Խոսրով եւ Միրզա ջահուկյանները, եւ որոշվում է, որ կաթողիկոսն Ադրիանուպոլիս գնա ու սուլթանին ներկայանա։ Խայմազ խանի խորհրդով աղերսագիր է պատրաստվում, որը կաթողիկոսը պետք է ներկայացներ սուլթանին՝ մյուս ձեռքին ունենալով Փիլիպոսի հրովարտակը։ Կաթողիկոսը լավ տպավորություն է թողնում սուլթանի վրա, որը ճանաչում է իր՝ Փիլիպոսին տված հրովարտակը եւ Ղայմազ խանի խորհրդով՝ Եղիազարին զրկում է բոլոր իրավունքներից։ Դա եղավ այն ժամանակ, երբ Եղիազարին Երուսաղեմում թվում էր, որ ինքը լրիվ ապահով է։ Անգամ Օնոփրիոսը հեռացավ Եղիազարից եւ անցավ Հոկոբի կողմը՝ զղջալով նախորդ ընթացքի համար։ Կաթողիկոսը նրան ուղարկեց Էջմիածին՝ որպես աթոռակալ՝ հավատալով նրա պատիր խոսքերին։

Հակոբը, որ բոլորի սիրելին էր դարձել Կ. Պոլսում, տեղում կարգադրություններ արեց։ Իրեն տրված՝ Երուսաղեմի պատրիարքությունը նա փոխանցեց Կաֆացուն, որը նրա հրամանագրով գնաց Եղիազարին հեռացնելու։ Աստվածատուրի իրավունքը խախտվում էր, սակայն նրա տկարությունը տեսնելով՝ կաթողիկոսը նրան այլեւս հարմար չէր գտնում պատրիարքության աթոռին։ Կաթողիկոսի աչքից ընկել էր Հովհաննես Թութունչին, որը փորձել էր չճանաչել Էջմիածնի իրավունքը։ Թութունչին սիրելի չէր նաեւ ժողովրդին, եւ Հակոբը նրան զրկեց պատրիարքությունից եւ այն տվեց Սարգիս Թեքիրտաղցուն։ Դրա համար նա պետական հրովարտակ ձեռք բերեց։ Հակոբը հեշտությամբ կարողացավ իր պարտքերը վճարել՝ ժողովրդի հոժար օգնությամբ եւ նվերներով։ Նա իր պարտքերը վճարեց մինչեւ Զատիկը եւ գարնան սկզբներին ուղեւորվեց Էջմիածին՝ հաջողելով բոլոր հարցերում։

Մարտիրոսը, գալով Երուսաղեմ, Եղիազարին վտարեց պատրիարքությունից։ Եղիազարը, որի հակաթոռ գործունեությունն արժանի է ամեն տեսակի պարսավանքի, մինչեւ Մարտիրոսի գալը, այնուամենայնիվ, աչքի ընկավ մի շարք գործերով։ Նա արմատապես ոչնչացրեց վրաց Մելետիոս վարդապետի հավակնությունները Սբ Հակոբի վանքի նկատմամբ։ Սբ Հարության տաճարի մեջ վերականգնեց հայերի իրավունքները եւ ունեցվածքը պետական արձանգրությամբ ապահովեց։ Նա զսպեց Դավիթ Բերիացուն, որը մյուռոն էր ուղարկում Էջմիածնի վիճակները՝ օգտվելով իր կեղծ կաթողիկոսությունից։ Նա Դավթի նվիրակներին արտաքսեց։ Երբ իրեն թվում էր, որ իր դիրքերն ամուր են, Մարտիրոսը նրան հանեց պատրիարքությունից։ Վերցվեց նաեւ կաթողիկոսությունը։ Նա ստիպված քաշվեց Ռամլեի վանքը, որն ինքն էր շինել։ Հետո այնտեղից գնաց Արզնի, որտեղ սպասեց պատեհ առիթի՝ կրկին ասպարեզ նետվելու համար։

Հետաքրքիր վիճակ ստեղծվեց Երուսաղեմի պատրիարքությունում։ Միաբանությունը հանդես եկավ Աստվածատուրի պատրիարքության օգտին։ Աստվածատուրը ծեր էր եւ հիվանդ, ուստի Մարտիրոսը պատրիարքության անունը եւ պատիվը նրան տվեց՝ իրեն պահելով փոխանորդության կամ նազրի պաշտոնը։ Սա եղավ 1668 թվին։

Իմանալով այդ մասին՝ Եղիազարը եկավ Կ. Պոլիս եւ Աբրոյի միջնորդությամբ ու հարուստ նվերներով նորոգել տվեց իր հրովարտակը։ 1668-ին նա՝ որպես պատրիարք եւ կաթողիկոս, գնաց Երուսաղեմ։ Իր հերթին Մարտիրոսն էլ գնաց Կ. Պոլիս եւ վերահաստատեց իր պատրիարքությունը՝ մեղադրելով Եղիազարին անհրաման շինություններ կատարելու մեջ։ Դա լավ ձեւ չէր, որովհետեւ պաշտոնյաներ ուղարկվեցին, որ անհրաման շինությունները քանդեն։ Մարտիրոսն ստիպված դիմեց Եղիազարին, որը պաշտոնյաներին կաշառքներով գոհացրեց, եւ միայն քանդեցին մի փոքրիկ շինություն՝ վանքից դուրս։ Եղիազարը հասկացավ, որ իր դիրքերը խախուտ են, ուստի քաշվեց Բուրսա։

1671-ին մահացավ Աստվածատուր պատրիարքը, եւ Մարտիրոսը կրկին ստանձնեց պատրիարքությունը։ Իմանալով պատրիարքի մահվան մասին՝ Եղիազարն ուղեւորվեց Կ. Պոլիս՝ Երուսաղեմի պատրիարքությունը կրկին ձեռք ձգելու։ Նրա համար նպաստավոր էր, որ մահացել էր Սարգիս Թեքիրտաղցի պատրիարքը, որը նրա հակառակորդն էր։ Սարգսին հաջորդել էր Էջմիածնի միաբաններից Ստեփանոս Մեղրեցին, որը Կ. Պոլսում էր գտնվում՝ նվիրակության պաշտոնով։ Նրա համար կար նպաստավոր մի հանգամանք եւս։ Երուսաղեմի պատրիարքներից շատերը հասել էին այդ պաշտոնին՝ կաշառքներ տալով, որի հետեւանքով աթոռի կալվածքները պակասել էին, իսկ տաճարի գանձարանը դատարկ էր։ Միաբաններն անգամ պահանջում էին, որ Երուսաղեմի պատրիարքներն իրավունք չունենան ձեռք տալու կալվածքներին ու սպասներին։ Հատկապես բողոքել էին Մարտիրոսի դեմ, որ նա իր նպատակների համար կորցրել է շատ կալվածքներ։ Եղիազարը հարուստ էր եւ ոչ միայն աթոռից ոչինչ չէր վերցնում, այլեւ իր միջոցներով պայծառացնում էր վանքը։ Աբրոյի միջնորդությունը, մեծ վեզիրի դրական վերաբերունքը Եղիազարի նկատմամբ, ինչպես նաեւ մեծ կաշառքները հնարավորություն տվեցին Եղիազարին Երուսաղեմի պատրիարքության հրովարտակն ստանալու եւ վերադառնալու Երուսաղեմ ու տիրելու պատրիարքությանը։ Կաֆացին ստիպված Երուսաղեմից հեռացավ Կ. Պոլիս, որտեղ առաջնորդարան բացեց՝ պահելով Երուսաղեմի պատրիարքի անունը։ Նա օրհնության կոնդակներ էր գրում, որից դրամական հասույթներ էր ստանում։ Նա իր պատրիարքության համար հրովարտակ ձեռք բերեց, սակայն այդպես էլ չհեռացավ Կ. Պոլսից։ Իսկ Եղիազարն իր պաշտոնը պահեց տասը տարուց ավելի։

Էջմիածին վերադառնալուց հետո բավական հետաքրքիր դասավորվեցին Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի գործերը։ Երեւանի Աբաս խանին փոխարինել էր լեզգի ծագումով Սաֆի խանը։ Նա աչք էր տնկել Հակոբի սարքած լճին եւ այգուն, որոնք Մատթեոս աթոռակալը չէր տվել՝ բացատրելով կաթողիկոսի բացակայությամբ։ Հակոբը գնաց խանին տեսության, եւ վերջինս նրանից խնդրեց ջրամբարները, սակայն Հակոբը դա համարեց անհնարին, քանի որ արտերն ու այգիները դրանով էին ոռոգվում։ Հետո Հակոբը որոշեց գնալ Սպահան եւ ներկայանալ Սուլեյման շահին, որը հաջորդել էր իր հորը՝ Շահ-Աբաս Բ-ին։ Հակոբն իր պարտքն էր համարում ներկայանալ շահին ընծաներով, սակայն Սաֆին թույլ չէր տալիս՝ վախենալով, որ իր դեմ կխոսի։ Եվ երբ Հակոբը հասավ Աստապատ, նրան ետ վերադարձրեց եւ Սբ Անանիայի անապատում փակեց եւ չուզեց ազատ թողնել։ Խանը շատ մարդկանցից գումարներ վերցրեց Էջմիածնի անունով եւ լափեց։ Հակոբն ի վերջո որոշեց փախչել՝ օգտվելով պահապանների թույլտվությունից։ Օսմանյան տերությունից հավատավորների կարավան էր եկել, ուստի կաթողիկոսն իր գույքն ուղարկեց Արտավիլ եւ 1668 թվի ապրիլի 30-ին ուղեւորվեց դեպի Եղվարդ, Նիգ, Դսեղ եւ Բարկուշատ գյուղերը, իսկ հետո՝ Արտավիլ։ Դրանից հետո առանց դժվարության հասավ Սպահան։ Այստեղ նա հանդիպեց կուսակալ Էհտիմալ-Տելվաթին եւ նրա միջոցով շահին մատուցեց իր նվերները։ Նա բացատրեց իր՝ Օսմանյան երկիր գալու շարժառիթները՝ պաշտպանել Էջմիածնի իրավունքները։ Միաժամանակ բողոքեց Սաֆի խանից, որն իր հերթին, իմանալով նրա փախուստի մասին, մեղադրանք էր ներկայացրել շահին։ Կուսակալը Սաֆի խանին չէր սիրում եւ այդպես էլ գործը ներկայացրեց շահին։ Շահը կաթողիկոսին պատվեց, իսկ Սաֆիին ծանր պատժի ենթարկեց, շղթայակապ բանտերկել տվեց Վարդաջրի բանտում, որը գտնվում է Գուլաբի գավառում։ Երեւանի հասույթները տրվեցին Սարուխան բեկին։
Շարունակելի
Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s