Գաղտնիք չէ, որ մարդկային գործունեության ցանկացած հարցում առաջնային դերակատարություն ունի գիտակցությունը, որն, իհարկե, բխում է բանականությունից: Մարդն իրեն տրված բանականությամբ օժտված է կատարյալ ազատությամբ, ինչն աստվածաբանության մասնագետներն անվանում են աստվածապարգեւ ազատություն:

Ազատություն ասելով` իրավաբանները հասկանում են օրենքների շրջանակում մարդու գործողությունների լիակատարության հնարավորություն, մինչդեռ շատ գիտությունների ներկայացուցիչներ «ազատություն» բառն ըմբռնում են որպես սանձազերծվածություն, այսինքն` գործողությունների ազատություն՝ առանց սահմանափակումների: Այս ընկալումների տարբերությունները հստակորեն երեւում են մարդ — շրջակա միջավայր հարաբերություններում, ուստի անհրաժեշտ է ճշտել, թե, վերջին հաշվով, ինչպես հասկանալ ազատություն ասվածը:

Հայացք գցելով պատմական անցյալին` մենք տեսնում ենք, որ վաղուցեւեթ ազատության ըմբռնումը գիտակցվել է որպես հնարավորությունների ամբողջական օգտագործում: Բավական է նշել, որ էթնիկ հանրությունների մեծ մասը դարեր շարունակ զարգացրել է սեփական տնտեսությունը, մասնավորապես` գյուղատնտեսությունը՝ էքստենսիվ եղանակով, ինչը լիովին ենթադրում է հնարավորությունների օգտագործում սպառման ասպարեզում, մինչդեռ նույն բանական ազատությունը կարելի էր օգտագործել ինտենսիվ զարգացման ուղղությամբ, ինչի առաջին փորձերը կատարեցին միջագետքյան քաղաք-պետությունների ու վաղ եգիպտական թագավորության բնակիչները, որոնք, առանց վնաս հասցնելու շրջակա միջավայրին, սահմանափակ տարածքներում ծավալում էին իրենց տնտեսական գործունեությունը:

Հնարավորությունների ամբողջական օգտագործելիության դրույթի նորագույն օրինակ է միջուկային, քիմիական եւ կենսաբանական զենքերի գյուտը, ինչը, իրենից ներկայացնելով մարդկության ապագային սպառնացող մեծագույն չարիք, միեւնույն ժամանակ բավականին լրջորեն ցույց է տալիս մարդկային ազատության անշեղության երերունությունը:

Այսպիսով, մարդը շատ հաճախ չի կարողանում ընկալել սահմանը՝ իրական ազատության եւ մոլորության միջեւ: Հենց այստեղ էլ մարդու գիտակցական ընկալելիությանն օգնության են հասնում կրոնները: Դեռեւս անիմիստական պաշտամունքների ժամանակաշրջանում շրջակա միջավայրը պատշաճորեն տեղ էր գտնում մարդու «վախ եւ հարգանք» ուղիղ համեմատական շղթայում:

Մարդը, օգտագործելով իր բանականությունը, դարերի ընթացքում քաղաքակրթական առաջընթաց էր ապրում, ինչի արդյունքը պետք է լինեին պաշտամունքային համակարգերի վերափոխումը եւ շրջակա միջավայրի պատվումը` հեթանոսական դիցարանում բնության ուժերի աստվածների ու աստվածությունների ի հայտ գալու ճանապարհով:

Այնուհանդերձ, մարդ — շրջակա միջավայր հարաբերությունների գիտակցականության բարձրակետը ժամանակակից աշխարհի էթնիկ հանրությունների ճնշող մեծամասնության համար սահմանվում է համաշխարհային կրոնների կողմից: Թե՛ մահմեդականությունը եւ թե՛ բուդդայականությունը իրենց հետեւորդների համար հստակ սահմանաբաժանումներ են դնում շրջակա միջավայրի նկատմամբ վարվեցողության ազատության չափի մեջ:

Մեզ` Հայաստանյայց Առաքելական Սբ Եկեղեցու հետեւորդներիս համար անչափ կարեւոր են քրիստոնեական ազատության ըմբռնման սահմանաբաժանումները մարդ — շրջակա միջավայր հարաբերություններում, որոնցով էլ առաջնորդվել է հայ հասարակությունը՝ իր պատմության միջնադարյան, նոր եւ մասամբ` նորագույն ժամանակաշրջանում:

Այսպիսով, փորձենք դիտարկել, թե ինչպես է քրիստոնեությունը տեսնում այս օրինաց կարգը մարդ — շրջակա միջավայր հարաբերություններում: Այս հարցում նախ եւ առաջ ուշադրություն դարձնենք աշխարհի` աստվածային արարչագործությանը: Չէ՞ որ մարդուն տրվում է լիակատար ազատություն:

Սակայն այստեղ կա մի հանգամանք. հենց սկզբից Աստված փորձեց ստուգել մարդու բարոյական ազատությունը եւ բարու մեջ հաստատուն լինելու համար մարդուն պատվիրեց չճաշակել բարու եւ չարի իմացության ծառից:

Այստեղ մարդը կատարում է առաջին կործանարար քայլը. գործում է առաջին մեղքը, ինչը կարող ենք դիտարկել նաեւ որպես էկոլոգիական առաջին աղետ` զուտ հոգեբանական տեսանկյունից, քանի որ մարդ արարծը, չսահմանափակվելով իրեն տրված անսահմանափակ ազատությամբ, խախտեց միակ սահմանումը (այո՛, սահմանում եւ ոչ թե սահմանափակում, քանի որ իրականում այդ ծառի պտղի ճաշակել կամ չճաշակելն ամենեւին էլ չէր սահմանափակում մարդու ազատությունը, այլ ընդամենը` սահմանում էր նրա ազատությունների «օրենսգիրքը»), ինչը դարերի ընթացքում եւ հատկապես` 20-21-րդ դարերում մարդկության ապագայի դիմախեղման ճանապարհ էր հարթում:

Այսպիսով, քրիստոնեությունը կատարում է կարեւորագույն գործը էկոլոգիական աղետները չեզոքացնելու հարցում` ոչ թե վերացնելով հետեւանքները, այլ գիտակցական բանականության շնորհիվ կանխելով էկոլոգիական ճգնաժամի դրսեւորումները:

Արարչագործությունից զատ` փորձենք դիտարկել նաեւ նորկտակարանյան մի օրինակ, որտեղ Հիսուս Քրիստոսն Ինքը ցույց է տալիս սահմանումը մարդու եւ շրջակա միջավայրի փոխհարաբերություններում: Խոսքը, իհարկե, «Տասը մնասներ»-ի առակի (Ղուկ. ԺԹ 11-27) մասին է, որտեղ ասվում է, որ մարդն Աստծուց իշխանություն է ստացել բնության վրա` ոչ միայն այն պահպանելու եւ անաղարտ տեսքով Աստծուն վերադարձնելու, այլ նաեւ այն բարձրացնելու, այսինքն` սրբացնելու, պայծառացնելու եւ Աստծու մեջ հաստատելու համար:

Այսպիսով, մարդու` բնության զարդը լինելու քրիստոնեական հաստատումը ոչ թե շրջակա միջավայրի նկատմամբ զուտ գերիշխող դիրք ունենալու մտադրությունների արտահայտությունն է, այլ աստվածապարգեւ ազատության շնորհիվ շրջակա միջավայրի պահպանման ու բարելավման գիտակցումը եւ մեխանիզմների ստեղծումն ու կիրառումը:

Մարդու աստվածապարգեւ ազատության հարցի առնչությամբ, որպես ամփոփում, մտաբերենք դպրոցներում աշակերտների կողմից հաճախ հնչող մի բարդագույն հարց. ինչո՞ւ էին կաթոլիկ հոգեւորականները հետապնդում, պատժում եւ անգամ այրում ուշ միջնադարում գիտական հայտնագործություններով հանդես եկող գիտնականներին:

Աշակերտները, հավատարիմ մնալով քննական մտածելակերպի սկզբունքին, պնդում են, որ դասագրքային այն ձեւակերպումը, թե կաթոլիկ հոգեւորականները խավարամիտ էին եւ այդ պատճառով էին հետապնդում գյուտարար գիտնականներին, իրենց համար ամենեւին էլ համոզիչ չէ:

Իհարկե, այս հրահրիչ հարցն ստիպում է մտածել, որ միգուցե իսկապես այդ գյուտերը կաթոլիկ հոգեւորականների համար իրականում ոչ թե գյուտեր, այլ սրբազան գաղտնիքներ էին:

Ծայրահեղ դեպքում կարելի է խորհել, որ, փաստորեն, միգուցե այդպես նրանք ցանկանում էին փրկել հասարակությանը հախուռն զարգացումից եւ ներկայիս էկոլոգիական աղետալի ճգնաժամից` դարերի խորքից հասկանալով այդ գյուտերի հետագա բացասական հետեւանքները նաեւ, քանի որ սանձազերծ ազատությամբ օժտված մարդ արարածը, սահմանումներ չճանաչելով իր ազատությունների մեջ, ցանկացած ամենադրական գիտական հայտնագործության համար գտնում է նաեւ բացասական կիրառություն:

Եկե՛ք պարզապես խորհենք այս ուղղությամբ եւ վերստին արժեւորենք քրիստոնեական արժեհամակարգի` մարդ — շրջակա միջավայր հավասարակշռված հարաբերությունների բաղկացյալի կատարելությունը, որը կօգնի մեզ մշտապես արթուն լինել մեր բանականության մեջ:

 

Միքայել ՄԱԼԽԱՍՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s