ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԱՌԱԿՆԵՐ

 «ՄՇԱԿՆԵՐԻ ԱՌԱԿԸ»

(Մատթ. Ի 1-16)

 

Մեր հյուրն է Բյուրավանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Ղազար քհն. ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

 – «Վերջիններն առաջին պիտի լինեն, եւ առաջինները՝ վերջին. որովհետեւ բազում են կանչվածները, բայց սակավ են ընտրյալները» (Մատթ. Ի 16)։ Սա «Մշակների առակը» եզրափակող նախադասությունն է՝ առակի ասելիքն ամփոփող, միաժամանակ՝ Տիրոջ անուղղակի պատասխանը (ուղղակին անմիջապես հետեւում է հարցին) Պետրոսի այն հարցին, թե ինչ վարձատրություն կունենան իրենք՝ աշակերտները, ամեն բան թողնելու եւ Տիրոջ ետեւից գնալու դիմաց։ Վերջինները՝ առաջին, եւ առաջինները՝ վերջին. ավետարանական այս խոսքերը տարակերպ ընկալումների տեղիք են տվել եւ կարող են բացատրվել նաեւ զուտ աշխարհիկ մտածողությամբ։ Ով ոչինչ չուներ (ոչինչ էր), կունենա (կդառնա) ամեն ինչ։

 

Առաջադիր օրենքները, թերեւս, ցանկացած ասպարեզում անփոփոխ են։ «Առաջինների» եւ «վերջինների» մասին ասվածը նույնպես ցանկացած ոլորտում գործադրվելիք դրույթ է, քանի որ Արարչի կողմից դրվեց եւ հաստատվեց։ Սակայն այստեղ շատ կարեւոր նրբություններ կան, որոնց վրա ուշարդրություն դարձնելով է, որ մենք կարող ենք իմաստություն քաղել։ Աստված հավասար ստեղծեց բոլորին՝ մեկ Ադամից ու մեկ Եվայից։ Հետո, երբ մարդկային ցեղը բազմացավ, անհավասարություններ ի հայտ եկան. ոմանք եղան առաջիններ, ոմանք՝ վերջիններ։ Մեկ սերնդի մեջ ինչ-որ դրվածքներ հաստատվեցին, եկավ հաջորդ սերունդը, եւ փոխվեց այդ դրվածքը. արդյունքում վերջինները դարձան առաջիններ, նոր դրվածքի մեջ նախկին առաջինները դարձան վերջիններ։ Եվ այսպես՝ շարունակական, հարաժամ փոփոխություններ…

Աստվածածինն իր «Օրհներգության» մեջ ասում է. «Նա Իր բազուկով…. հզորներին տապալեց իրենց աթոռներից եւ բարձրացրեց խոնարհներին» (Ղուկ. Ա 51-52)։ Այսինքն՝ աստվածային տնօրինություն կա այս ամենում։ Կարծում եմ՝ այստեղ եւս նշմարելի է Աստծու կամքը. Աստված կամենում է, որ մարդ ցանկացած իրավիճակում հավատարիմ մնա եւ ամբողջ սրտով պաշտի տիեզերքի Արարչին։ Այս առիթով եւս ուզում եմ հիշել Հոբին։ Հոբն սկզբում «առաջիններից» էր՝ մեծահարուստ, բազմանդամ ընտանիքի, ունեցվածքի տեր։ Չորս կողմից՝ պատիվ ու հարգանք։ Եվ այդ ունեցվածքից նա ամեն օր զոհ էր մատուցում Աստծուն, անչափելի հարստության մեջ աստվածապաշտ, հավատավոր մարդ էր, այն քչերից մեկը, որ արդար համարվեց։ Հետո տեսնում ենք, թե ինչպես կորցնելով ամեն ինչ՝ կնոջը, զավակներին, ողջ հարստությունը, առողջությունը, նա՝ այդ արդարը, դարձավ «վերջին»…

Արդյունքում բոլոր այս վիճակների մեջ հավատարիմ գտնված այդ արդարն անվանվեց նաեւ երանելի՝ արժանանալով աստվածային օրհնություններին, ու թերեւս երկրի վրա վարձատրվելուց առավել վարձատրվեց հավիտենական կյանքի համար։ Կարծում եմ՝ Հոբի պատմությունը շատ ընդհանուր եզրեր ունի ավետարանական առակի հետ։

Կար տանուտեր, որն ուներ այգի՝ մշակելու կարոտ։ Այսինքն՝ կա Աստված, Ով ունի փրկագործության ծրագիր։ Տանուտերը շատ ջանասեր է. առավոտից մինչեւ երեկո չորս անգամ (ըստ առակի) դուրս է ելնում՝ իր այգու համար մշակներ որոնելու։ Ճիշտ այնպես, ինչպես Աստված ջանք չի խնայում՝ փրկագործության ծրագիրն իրագործելու համար։ Եվ Նա դա անում է՝ սկսած Իր սրբազան խաչից՝ Եկեղեցու հիմնադրումից, բոլոր սերունդների մեջ շարունակաբար, մինչեւ այս կյանքի երեկոն՝ ահեղ դատաստանը։ Այսպես՝ Աստված անդադար մշակներ է վարձում, որպեսզի Իր սրբազան տնօրինությունը (Իր այգին) մշակեն։ Առակի տանուտիրոջ այգին, ուրեմն, Տիրոջ Եկեղեցին է, Երկնային թագավորությունն է, սրբազան խորհուրդներն են, իսկ մշակները՝ հոգեւոր կյանքի հրավիրվող մարդիկ։ Հրավիրված (վարձված) □առաջինները□ հրեաներն էին, որոնք սակարկեցին։ «Վերջինները» հեթանոսներն էին, որոնք ամբողջ օրը «պարապ կանգնել էին», ինչի համար Տերը նրանց հանդիմանեց, սակայն չանտեսեց. նրանց նույնպես հրավիրեց Իր այգին՝ ասելով. «Ինչ որ արժան է, կստանաք»։

      Տե՛ր հայր, առաջին եկածները, որ աշխատեցին ամբողջ օրը, եւ վերջինները, ովքեր ընդամենը մեկ ժամ աշխատեցին, վարձատրվեցին հավասարաչափ՝ մեկ դահեկան։ Ավետարանական այս առակի իմաստի մեջ չխորացած մեկը, որքան էլ ցանկանա, չի կարող խուսափել Տիրոջը (տանուտիրոջը) անարդարության մեջ մեղադրելու գայթակղությունից։ Տերը կարո՞ղ էր գոնե կես դահեկան ավելի տալ առաջիններին. չէ՞ որ ամբողջ օրն աշխատեցին։ Ինչո՞ւ չտվեց, ա՞յն պատճառով, որ սակարկեցին։

 

– Անշուշտ, կարող էր տալ։ Ինչո՞ւ չտվեց. այս հարցը քննելով է, որ պիտի հասկանանք՝ ինչպես պետք է գործել Տիրոջ այգու մեջ։ Սակարկելու հանգամանքը, իհարկե, կարեւոր է. սա նշանակում է, որ նախ՝ մշակներն ի սկզբանե չէին վստահում Տիրոջը, որ արժանին կհատուցի, երկրորդ՝ սակարկող մշակը հազիվ թե գործի հավատարմորեն։ Սակայն կա եւս մեկ կարեւոր հանգամանք. առակի տեքստից հասկացվում է, որ ամեն անգամ մշակների նոր խումբ բերելով այգի՝ տանուտերը տեսնում էր, թե նախորդներն ինչ եւ ինչպես են արել, ու թերեւս գովեստի արժանի ոչինչ չէին արել…

– Տե՛ր հայր, իսկ արժե՞ քննել այդ հարցը՝ լա՞վ էին աշխատել, թե՞ վատ. չէ՞ որ տանուտերը նրանց չզրկեց, այլ վճարեց խոստացածը, չնայած մշակները դժգոհեցին։

 

– Այս հարցը չքննելը սխալ պիտի լիներ. թերեւս գայթակղիչ պահ կմնա։ Տեսեք՝ «անաչառ» հայացքով նայելիս թվում է, որ եթե մեկ ժամ աշխատողն ստացավ մեկ դահեկան, ապա տասը ժամ աշխատողը գոնե մի քիչ ավելին պիտի ստանար, ինչը չեղավ, եւ որի համար առաջին մշակներն «արդարացիորեն» վրդովվեցին։ Բայց արի ու տես, որ արդարը տերն էր, իսկ մշակները՝ անիրավ։ Որովհետե տանուտերը, որ Տիրոջն է խորհրդանշում, մշակներից լավ գիտեր արդարություն գործել։ Եթե տերը, այցելելով այգի, տեսներ առաջինների ժրաջան աշխատանքը, անպայման նրանց եւս կպարգեւատրեր եւ կտար պայմանավորվածից ավելի. չէ՞ որ Տերն առատաձեռն է եւ ողորմած։ Սակայն այդ պարգեւը չեղավ, որովհետեւ սակարկածից ավելիին չէին արժանացել։ Ըստ Պետրոս արք. Բերդումյանի՝ Քրիստոսի արդյունավորմամբ եւ շնորհով՝ քրիստոնյաների («վերջինների») մեկ ժամվա գործն ավելին է, քան հրեաների («առաջինների») մեկ օրվա աշխատանքը։ Նախ՝ որովհետեւ նրանք ավելի ջերմ սիրով աշխատեցին, քան առաջինները, ուստի Աստծու աչքում առավել քաղցր դարձան, քանի որ Աստված առավել ուշադրություն է դարձնում գործի կատարման կերպին, քան բուն գործին, եւ ոչ թե նա է գովաբանվում, ով պարզապես աշխատում է, այլ նա, ով լավ է աշխատում։ Ըստ այդմ՝ վերջինները ոչ միայն չսակարկեցին, այլեւ լավ աշխատեցին։

– Մյուս կողմից՝ տերը վերջիններին հանդիմանեց վարձելուց առաջ. «Ինչո՞ւ եք այստեղ ամբողջ օրը պարապ կանգնել» (Մատթ. Ի 6), եւ նրանք պատասխանեցին. «Որովհետեւ մեզ ոչ ոք չվարձեց»։

 

Օրմանյան պատրիարքն ասում է, թե իրենց կամքից անկախ էին պարապ մնացել։

 

– Ուրիշ վարդապետներ էլ ասում են՝ «պարապ մնալ» արտահայտությունը նշանակում է խաբեության, մոլորության մեջ, այլ կրոնների ազդեցության տակ մնալ, որի պատճառով սրանք առիթ չէին ունեցել հրավիրվելու եւ աստվածային ճշմարտոթյանը հաղորդակցվելու։ Չնայած դրան՝ այս վերջիններն անհամեմատ ավելի ժրաջան ու հավատարիմ գտնվեցին, քան առաջինները, ինչի համար էլ տիրոջ մեծ պարգեւին արժանացան։

– Եվ դարձան «առաջիննե՞ր»…

 

– Եվ դարձան «առաջիններ» ու ընտրյալներ։ «Բազում են կանչվածները, բայց սակավ են ընտրյալները»,- առակի վերջում ասաց Տերը։ Կանչված էին բոլորը, սակայն առատաձեռն վարձատրություն ստացան միայն «վերջինները», որոնք առանձնապես արժանիք չունեին էլ («պարապ էին»)։ Ստացան, որովհետեւ սրանք մյուսներից ավելի մեծ նվիրումով, ոգեւորությամբ ու ժրաջանորեն աշխատեցին Տիրոջ այգում։ Եվ ամենակարեւորը՝ իրենք ի սկզբանե հասկանում էին, որ արժանի չեն, եւ Տերն ինչ էլ տա, շնորհակալ պիտի լինեն։ Ի դեպ, այս խոնարհ ու անսակարկ բնությունը շատ բնորոշ է մեր բոլոր սուրբ հայրերին, նրանց հոգեկերտվածքին։ Լինելով սրբակյաց այրեր՝ իրենք իրենց մասին մտածում էին, իրենց ներկայացնում էին իբրեւ ամենահետին մեղավորներ ու անարժաններ։ Հենց ա՛յս հոգեբանությամբ ջանացին ու աշխատեցին վերջին եկածները։ Մյուս կողմից՝ Աստված բարեգութ է եւ Իր ողորմությամբ կամեցավ առատորեն վարձատրել անգիտությամբ սխալ ճանապարհի վրա գտնված, սակայն ճշմարտապես դարձի եկած, անկեղծորեն զղջացող ու Իր այգում այլեւս ջանադրաբար աշխատող մշակներին՝ Իր հավատարիմ ծառաներին։ Նման օրինակներ շատ կան Ավետարանում։ Հիշենք թեկուզ աջակողմյան ավազակին, որը ոչ մի բարի գործ չէր արել եւ այլեւս չէր էլ կարող անել խաչի վրա։ Ողջ կյանքում մեղանչել էր, վերջում էլ խաչեցին։ Բայց քանի որ խաչի վրա, անասելի տառապանքների մեջ, նա հավատքով դիմեց Քրիստոսին, սա համարվեց մեծ սխրագործություն, եւ ավազակը վարձատրվեց՝ այդ օրն իսկ Տիրոջ հետ դրախտում լինել։

– Տե՛ր հայր, «առաջինների» եւ «վերջինների» աշխարհիկ ընկալումն անհնար է անտեսել, այն առավել «տեսանելի» է։ Այսօր (եւ ինչո՞ւ միայն այսօր) փող, իշխանություն ունեցողը դիտվում է որպես «առաջին»՝ անկախ հոգեմտավոր կարողությունից, անկախ մարդու բարոյական սկզբունքներից։ Չեմ ուզում խոսել «վերջինների» մասին, որոնց շարքին քիչ չեն գիտնական-մտավորական, պարզապես ազնիվ ու առաքինի մարդիկ, ովքեր վերջին են դարձել՝ վերը նշածս առավելությունները չունենալու պատճառով։

 

Աշխարհիկ ընկալումն ինչպիսին էլ լինի եւ որքան էլ «տեսանելի» լինի, չեմ կարծում, թե արժանի է լուրջ քննության։ Իսկ Աստծու աչքին մեծահարուստը կամ իշխանավորը չէ, որ առաջին է։ Աստծու համար առաջինը հոգեւոր ասպարեզում, առաքինության եւ ճշմարտության մեջ ամուր կանգնած մարդն է։ Երկնքի թագավորության չափանիշն է սա։ Այս առթիվ ուզում եմ մի ավանդություն հիշել, որն իր մեջ, կարծում եմ, լիովին բովանդակում է այս հարցի պատասխանը։ Մի հոգեւոր համայնք՝ իր քահանայով, մտնում է Երկնքի արքայություն։ Աստծու հրեշտակը նրանց առաջնորդում է մի սենյակ, որտեղ աթոռներ էին դրված, իսկ կենտրոնում՝ մի շքեղ բազմոց։ Բոլորը մտածում են, որ դա իրենց հոգեւոր առաջնորդի՝ քահանայի տեղը պիտի լինի։ Եվ երբ քահանան, որ բոլորի նման նույնն էր մտածել, մոտենում է, որ նստի բազմոցին, հրեշտակն ասում է. «Դու այդտեղ մի՛ նստիր. դա քո տեղը չէ. ա՛յ, այն վերջին աթոռն է քոնը»։ Բոլորը զարմանում են, իսկ հրեշտակը կանչում է շատ համեստ ու աննկատ մի տատիկի, ով իր ողջ կյանքում անկեղծ սրտով հարատեւ աղոթել ու պաշտել էր Աստծուն, եւ ասում. «Ահա՛ այս կնոջ աղոթքներով էր, որ այդքան մեծ ու արդյունավետ գործեր էին կատարվում այս համայնքում. սա ի՛ր տեղն է»։ Այնպես որ՝ Աստծու չափանիշները բոլորովին այլ են։ Ե՛վ հարստությունը, ե՛ւ իշխանությունը կարող են թե՛ բարիքի, թե՛ չարյաց պատճառ դառնալ՝ նայած թե ում ձեռքերում են։ Բռնությամբ, կեղծիքով, հափշտակությամբ ձեռք բերված իշխանությունն Աստված չի ընդունելու, որովհետեւ հենց դա էլ նրանց համար պիտի դառնա կորստյան պատճառ, քանի որ նման ճանապարհով ձեռք բերված իշխանության մեջ մարդը շարունակելու է անօրինությամբ գործել եւ իշխել։

Հյուրընկալեց Հայկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s