Սկիզբը՝ 2010-ի Նոյ. Բ- 2011 Մարտ Ա

Այս շրջանում վերջ գտան Օնոփրիոս Երեւանցու նենգավոր գործերը, որին ժողովուրդը կնքել էր Կարկուտ մականունով։ Տեսնելով Սաֆի խանի վերաբերմունքը կաթողիկոսի նկատմամբ՝ նա անցավ խանի կողմը եւ կամենում էր կաթողիկոս դառնալ։ Երբ խանն ընկավ, նա ուզեց Սպահանում ապավինություն գտնել, սակայն Սաֆի խանի հակառակորդները նրան ճանապարհին բռնեցին եւ Զանկյանում շղթայակապ ձերբակալեցին։ Կաթողիկոսն այս անգամ էլ նրան ազատեց, սակայն նա շարունակեց գաղտնի կերպով հանդես գալ կաթողիկոսի դեմ։ Կաթողիկոսին հրովարտակ տալով՝ շահը նրա պաշպանությունը հանձնեց Երեւանի նոր խան Սաֆիղուլիին։ Օնոփրիոսը որոշեց առաջինը Երեւան մտնել եւ զգեստավորված՝ ջրօրհնեք կատարել խանի առաջ։ Վրա է հասնում կաթողիկոսը։ Նոր խանի հրամանով Օնոփրիոսի զգեստները հանում են եւ հագցնում կաթողիկոսին։ Խանը միաժամանակ իրավունք տվեց կաթողիկոսին՝ Կարկուտի հետ վարվել այնպես, ինչպես ուզում է։ Այս անգամ կաթողիկոսի ներողամտությունն սպառվեց։ Նա նրան կարգալույծ արեց եւ մկրատով անձամբ խուզեց գլուխն ու մորուսը։ Կարգալույծ արված Օնոփրիոսին ձերբակալեցին, բրածեծ արեցին, եւ նա վերադարձրեց կալվածների թղթերը։ Նրա խցում կանացի հագուստներ գտան, ինչպես նաեւ նամակներ՝ այն մասին, որ նա կամեցել է կաթողիկոս դառնալ։ Ջրօրհնեքը եղավ 1670 թվի հունվարի 6-ին։ Օնոփրիոսը բանտում երկար չապրեց եւ մահացավ։ Մ. Օրմանյանը նրա մահը դնում է նույն թվի մարտին։

Փոխվեց Սաֆիղուլի խանի վերաբերմունքը կաթողիկոսի նկատմամբ։ Նա Թավրիզից բոզ կանայք է բերում Երեւան, ինչը հայերի շրջանում խիստ պարսավելի էր։ Սակայն պարսիկների մոտ վիճակն ուրիշ էր։ Շահն իր կրքերին հագուրդ տալու համար կարող էր բռնությամբ բերել տալ անգամ մեծատունների կանանց։ Սաֆիղուլին բռնանում է ժողովրդի վրա ու նաեւ դրամ կորզում։ Նա կարգադրում է մեծամեծ եւ օտարական մեռելները չթաղել՝ առանց վճարման հրամանագրի, գողերին չէր պատժում, այլ միայն տուգանք վերցնելով՝ ազատ էր արձակում։ Անձրեւի ժամանակ քրիստոնյաներին թույլ չէր տալիս տնից դուրս գալ, որից առեւտուրը տուժում էր։ Մահմեդականներին չէր արտոնում քրիստոնեական եկեղեցիներ մտնել։ Նրա դեմ հանդես եկան անգամ պարսիկները՝ կամենալով նրան պաշտոնանկ անել։ Բռնություններ էին կատարվում հարկահանության ժամանակ։ Զաքարիա պատմիչի հորը ենթարկում են ահավոր ծեծի այն բանի համար, որ իբր առողջ զավակներին թաքցրել է եւ միայն փոքրին ու կաղին ներկայացրել։ Կատարվեցին այլեւայլ անօրինություններ։ Ծերերը, որ հարկից ազատվում էին, պետք է հատուկ նշան կրեին։ Այլ նշան էր նախատեսված տղաների համար։ Ահա այսպիսին էին պարսկական տիրապետության այլանդակ բարքերը։

Որոտնեցու եւ Ղրիմեցու ժամանակներից սկսած՝ լատինացած հայերը շատ էին նվազել, բայց չէին վերացել։ Նրանք շարունակում էին ունիթորների աշխատանքը, որքան էլ Փիրոմալի Պողոսի ձեռքով նրանց գործունեությունը մի փոքր խախտվել էր։ Կրոնամոլ խստությունների փոխարեն շահեցողական զիջողություններ էին ցույց տալիս։ Նրանց մեծապես նպաստում էր Հռոմի պապերի միջնորդությունը պարսից շահերի առաջ, որպեսզի հատուկ պաշտպանության տակ առնվեն իրենց հավատակիցները։ Պարսից շահերն էլ գոհ էին դրանից, քանի որ դրանով Եվրոպայում ձեռք էին բերում համակրություն եւ եվրոպացիների հետ հարաբերվելու հնարավորություն։ Երբ պապի պատվիրակ նշանակված Պաոլո Չիթթատինի կրոնավորը, դոմինիկյաններից զատ, Կարմեղական եւ Ավգուստյան միաբանների ուղեկցությամբ 1615 թվի դեկտեմբերի 13-ին Ֆահրապատում ներկայացավ Շահ-Աբաս Ա-ին, շահն ունիթորների կենտրոն Երնջակում հայ կառավարիչ նշանակեց, մանկաժողովն արգելեց, գրավված գույքն ու ունեցվածքը վերադարձրեց եւ այլեւայլ արտոնություններ շնորհեց։ Ունիթորները դրանից ոգեւորվեցին եւ լայն գործունեություն ծավալեցին։ Այդ ժամանակ է ընկնում Ավգուստինոս Բաջենցի՝ Նախիջեւանի եպիսկոպոսի եւ նրա գործակից Փիրոմալիի ակտիվ գործունեությունը։ Կրոնական նոր պատվիրակ ուղարկվեց Ուրբանոս Ը պապի կողմից, որը ներկայացավ շահ Սաֆիին 1637 թվի հոկտեմբերի 13-ին եւ իրավունք ստացավ վարժարաններ բացելու Ջահուկ եւ Ապարաներ գյուղերում, որպեսզի դրանց աշակերտները Հռոմում կատարելագործվեն եւ հռոմեադավան քարոզիչներ դառնան։ Այդ շարժմանը մեծապես նպաստեց Փիրոմալին, որը 1654-1664 թթ. գլխավորեց Նախիջեւանի ունիթորական աթոռը։ Հետո նա Իտալիա տեղափոխվեց եւ մահացավ Բիսինիանո քաղաքում՝ 1667 թվի դեկտեմբերի 28-ին։ 1664-ին Շահ-Աբաս Բ-ին հռոմեադավանների համար նոր միջնորդություն կատարեց Ալեքսանդր Է պապը։ Երբ Ֆրանսիան էլ է այդ գործին ձեռնարկում, Լյուդովիկոս ԺԴ-ն 1667-ի հունիսի 26-ի պաշտոնական նամակով շահ Սուլեյմանին հայտնում է, թե ինքը կաթոլիկ հայերի պաշտպանն է եւ փոխադարձ բարեկամության եւ օգնության առաջարկ է անում՝ կաթոլիկներին պաշտպանելու պայմանով։ Դա Պարսկաստանին սրտամոտ էր, քանի որ կարող էին ապահով զգալ օսմանյան հարձակումից։ Ուստի շահը մեծ խոստումներ տվեց եւ դրանցից շատերն իրականացրեց։ Լյուդովիկոսն էլ իր հերթին Նախիջեւանի հայ կաթոլիկներին տեղյակ պահեց իր միջնորդության դրական արդյունքների մասին եւ խոստացավ նոր օգնություն։ Թեեւ հայ կաթոլիկների հինգ եպիսկոպոսարանները վերածվել էին մեկի, եվրոպական օգնությունը տպավորություն թողեց անգամ հայ առաքելականների վրա։

Հայ առաքելականների տկարանալը բացատրվում էր եկեղեցական բարքերի անկումով եւ եկեղեցականների անփառունակ վարքով։ Երուսաղեմի եւ Կ. Պոլսի պատրիարքությունների խառնակ վիճակն արդեն բավական է, որ կացությունը հասկանալի լինի։ Կաշառք, ամբաստանություններ, պայքար պատրիարքության համար։ Դրան հակառակ՝ պապությունն ամենուր քարոզիչներ էր ուղարկում՝ չխնայելով անհրաժեշտ նյութական միջոցներ։ Հարկ է խոստովանել, որ քարոզիչներն էլ ճարտար էին՝ ընդունակ վճարովի հայտարարություններ կորզելու եւ դրանք, որպես իրենց հաղթանակի նշան, մատուցելու պապերին։

Հայտարարություն տվողներն էլ ուրախ էին իրենց կեղծիքը ծախելու համար։ Հիշվում է, որ Խաչատուր Սեբաստացին 1665-ին 13 եպիսկոպոսի եւ 9 վարդապետի հետ Ալեքսանդր Է պապին, իսկ Դավիթ Բերիացին 1668-ին Կղեմես Թ պապին հպատակության նամակներ են ուղարկել։ Սրանք էին, որ կամենում էին փողի զորությամբ Կիլիկիայի կաթողիկոսությունը միմյանցից խլել։ Նրանք ծեսերը չփոխեցին, բայց նամակները եւ ստորագրությունները թանկ գնով վաճառեցին։ Այդ մասին լատինները գիտեին, եւ Փիթուն Խաչատուրին կոչում է խաբեբա՝ ուրիշների պես։ Նիկոլի մասին, որ նախանձախնդիր կաթողիկոս էր համարվում, նա գրում էր, թե համաձայնություն է ցույց տալիս, որ թոշակից չզրկվի։

Սակայն բոլորը չէ, որ շահամոլ էին։ Կային նաեւ այնպիսիները, որ հանրային օգուտից դրդված եւ անհրաժեշտությունից ելնելով՝ ստիպված էին մերձավորություն ցույց տալ հռոմեադավանությանը։ Արեւելքը առաջին հերթին շփվում էր լատին Եվրոպայի հետ՝ իտալացիների եւ ֆրանսիացիների, որոնք կաթոլիկ էին եւ պապի հոգեւոր իշխանությանը հլու-հնազանդ։ Հայ տպագրություն զարգացնելու համար գիտակցված զիջումների գնաց Ոսկան Երեւանցին, որի տպարանից, ըստ կաթոլիկների, հերետիկոսական գրքեր էին դուրս գալիս։ Ոսկանին համարում էին կաթոլիկ, բայց ոչ իրենցից մեկը։ Հայ գործիչներից շատերն առերես ընդունում էին հռոմեադավանությունը, որպեսզի ազգային խնդիրներ լուծեն։

Կային, սակայն, ազգային եւ եկեղեցական գործիչներ, որոնք օտար Եկեղեցուց սպասում էին քաղաքական կամ եկեղեցական օգնություն։ Հին դարերում նրանք փորձում էին հույներից ստանալ իրենց քաղաքական կացության կամ պետական դրության պաշտպանությունը։ Հետո էլ նրանց հայացքն ուղղվեց դեպի լատինները, որոնք հաջողությամբ կռվում էին մահմեդականների դեմ։ Մեզ հուզող դարերում այլեւս հայերը չէին կարող հույս կապել Արեւմուտքի հետ՝ ազգային իշխանությունը վերանորոգելու համար։ Սակայն իսլամական միջավայրում լինելով իրավազուրկ եւ հարստահարված՝ նրանք ակնկալում էին Արեւմուտքի զորավոր օգնությամբ մի փոքր մեղմել իրենց վիճակը։ Դրա համար հիմք էր ծառայում հատկապես հայ հռոմեադավանների հովանավորվելը պապերի եւ եվրոպական թագավորների կողմից։ Դա էր պատճառը, որ մարդիկ հարում էին հռոմեադավանությանը, սակայն նրանք էլ փորձում էին դրան հասնել փոխադարձ բանակցություններով, որպեսզի Հայ Եկեղեցու ինքնությունը չխախտվի, եւ հայկական ծեսերը պահպանվեն։ Ինչ-որ մի աստիճանի զիջումների կարող էին գնալ, սակայն դա չպետք է խարխլեր Հայ Եկեղեցու դավանական հիմքերը։ Այլ խոսքով՝ նրանք պատրաստ էին չափավոր զիջելու պապականությանը եւ հռոմեադավանությանն ընդհանրապես։ Սակայն, դժբախտաբար, նման վարքագիծն առանձին ընդունելություն չէր գտնում Արեւմուտքում։ Եվ քանի դեռ վերջնական որոշում ընդունված չէր, բանակցողները մտափոխ եղած համարվել չեն կարող։
Շարունակելի
Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s