Եկեղեցու սուրբ հայրերի բնորոշմամբ` աղոթքն Աստծո հետ հաղորդակցություն հաստատելու ամենաանմիջական ճանապարհն է, դեմ հանդիման խոսակցություն Նրա հետ: Ինչպես կերակուրը մարմնի սնունդն է, այնպես էլ աղոթքը` հոգու: «Ուստի մարմնի պես պետք է ամեն օր սնել նաեւ հոգին, այլապես կնվաղի, կհիվանդանա կամ կմեռնի»,- ասում է Պողոս Ադրիանուպոլսեցին եւ հավելում. «Որքան մարդիկ օտարանում են աղոթքից, այնքան Աստծո շնորհը հեռանում է նրանցից, մինչեւ մեծամեծ մեղքերի մեջ ընկնելը, որ հոգու մահն է»: Ինքը` մեր Տեր Հիսուս Քրիստոսը, բոլոր աղաչանքներն Ընդունողը, որպես մեզ օրինակ եւ հորդոր բազում անգամ ողջ գիշեր աղոթում էր Աստծուն` նույնը պատվիրելով եւ մեզ. «Արթո՛ւն կացեք եւ ամեն ժամ աղոթեցե՛ք» (տե՛ս Մատթ. ԻԶ 41): Աղոթքների մեջ չկա ավելի մեծը, քան Տերունական աղոթքը` «Հայր մեր»-ը, որը Տերը սովորեցրեց մեզ, եւ որը պարտավոր է իմանալ յուրաքանչյուր քրիստոնյա:


Եկեղեցու սուրբ հայրերն ուսուցանում են, որ աղոթելիս հարկ է նախ տրված բարիքների համար գոհանալ Աստծուց եւ ապա առաջիկայի համար խնդրել: Այս է աղոթքի ճշմարիտ կերպը: Ըստ Հովհան Ոսկեբերանի` պետք է երախտագիտություն հայտնել Աստծուն նաեւ այն ժամանակ, երբ չենք ստացել մեր խնդրածը, որովհետեւ Նա ավելի լավ գիտի, թե ինչ է մեզ պետք, քանի որ երբեմն օգտակար է չստանալը: Այս է աղոթքի ճշմարիտ կերպը: Եվ դարձյալ աղոթելիս պետք է խնդրել, որ Աստծու կամքը կատարվի մեր մեջ եւ ոչ թե մերը: «Սրանում են հաստատված աղոթքի կատարելությունն ու մարդու երջանկությունը» (Պողոս Ադրիանուպոլսեցի):

Մեծ է աղոթքի զորությունը, սակայն եթե միայն մեր անձերի համար խնդրենք, անձնասեր ու անողորմ կլինենք, ուստի անհրաժեշտ է նաեւ այլոց համար աղոթել: Վերջինիս օգտակար լինելը ցույց է տալիս սուրբ Հակոբոս առաքյալի հետեւյալ խոսքը. «Միմյանց համար աղոթք արեք, որպեսզի բժշկվեք. քանզի արդարի աղոթքը շատ ազդեցիկ է եւ օգնում է» (Հակ. Ե 16): Պողոս առաքյալի թղթերը ողողված են միմյանց համար աղոթելու պատգամներով: Տիմոթեոսին ուղղված իր առաջին թղթում առաքյալն ասում է. «Ամենից առաջ աղաչում եմ աղոթք անել, խնդրել, պաղատել, գոհություն մատուցել բոլոր մարդկանց համար, մանավանդ թագավորների եւ բոլոր իշխանավորների համար, որպեսզի խաղաղությամբ ու հանդարտությամբ վարենք մեր կյանքը» (Ա Տիմոթ. Բ 1-2): Պետք է աղոթել նաեւ քրիստոնեական մեր հավատքի պայծառության, Եկեղեցու հաստատունության, ազգի ու համայն աշխարհի խաղաղության, մեղավորների դարձի ու ապաշխարության, նաեւ` մեր հոգեւորականաց դասի համար, ինչը եւ անում ենք յուրաքանչյուր Պատարագի եւ ամենօրյա ժամերգությունների ժամանակ` ըստ հաստատված կարգի: Ուրեմն՝ այլոց համար աղոթքը հույժ կարեւոր եւ օգտակար է:

Հիշեցինք Պողոս առաքյալի` բոլոր մարդկանց համար աղոթելու հորդորները: Նա տարբեր եկեղեցիներին ուղղված իր գրեթե բոլոր թղթերում խնդրում է աղոթել նաեւ իր համար. «Աղոթեցե՛ք նաեւ մեզ համար» (Ա Թեսաղ. Ե 25): Ինքն իսկ օրինակ էր լինում, քանզի բոլոր թղթերում վկայում է, որ ջերմեռանդորեն աղոթում է բոլորի համար. «….չեմ դադարում գոհություն հայտնել ձեզ համար` հիշելով ձեզ իմ աղոթքներում» (Եփես. Ա 16), նաեւ` «ձեզ բոլորիդ համար աղոթում եմ խնդությամբ» (Փիլ. Ա 4), նաեւ` «Իմ աղոթքներում գիշեր-ցերեկ անընդհատ քեզ եմ հիշում» (Բ Տիմ. Ա 3): Եթե Պողոս առաքյալն աշակերտների աղոթքների կարիքն ուներ, որչափ առավել եւս մենք կարիք ունենք միմյանց համար աղոթելու. եւ մենք, ուրիշների համար աղոթելով, ուրիշների աղոթքները կշահենք մեզ համար: Քանզի Նա, Ով աղոթքների Վարդապետն է եւ Ընդունիչը, հրամայում է ամենքի Հորն աղոթել ոչ հատուկ անձի համար, այլ բոլորի` «Հայր մեր» ասելով, քանզի սուրբ Ավազանով որդիացանք Նրան (Խոսրով Անձեւացի):

Այո՛, խիստ կարեւոր են միմյանց համար արված մեր աղոթքները, քանզի շատ հաճախ, երբ մեր մերձավորներն ու մտերիմները հայտնվում են ինչ-ինչ նեղությունների ու վշտերի մեջ, մենք չենք կարողանում նրանց օգնել այլ կերպ, եթե ոչ՝ միայն աղոթքով, որն էլ ամենամեծ օգնությունն է լինում նրանց: Շատերս ենք մեր առօրյա կյանքում Պողոս առաքյալի պես դիմում մեր մտերիմներին` ասելով. «Աղոթի՛ր ինձ համար»: Խնդրում ենք, որովհետեւ հավատում ենք աղոթքի զորությանը, զգում ենք այդ աղոթքի կարիքը, եւ ամենաբարդ իրավիճակներում, երբ վտանգված է, օրինակ, մեր առողջությունը, եւ վիրահատական միջամտության անհրաժեշտություն ունենք կամ հայտնվել ենք որեւէ դժվարին փորձության մեջ, խնդրում ենք մեր մերձավոր բարեկամ-հարազատներին, ընկերներին` հիշել մեզ իրենց աղոթքներում: Եվ թե որքան երախտապարտ ենք լինում նրանց հետո, երբ ամեն ինչ հաջողությամբ է պսակվում, հնարավոր չէ նկարագրել բառերով: «Ուր մեկ կամ երկու հոգի հավաքված են Իմ անունով, այնտեղ եմ Ես, նրանց մեջ»,- ասում է Տերը (տե՛ս Մատթ. ԺԸ 20): Այո՛, Նա լսում է մաքուր ու անկեղծ սրտից բխած աղոթքները նրանց, ովքեր աղոթում են իրենց պատկերակցի, ի Քրիստոս իրենց քույրերի ու եղբայրների համար: Մերձավորների համար աղոթող մարդը նույնպես զգում է իր արած աղոթքի զորությունը, քանզի ինքը նմանապես հոգեւոր օգուտ է ստանում` արժանանալով Աստծու ողորմածությանն ու ներողամտությանը։ Այլոց համար իր արած աղոթքները, մի տեսակ, վերադառնում են իրեն, քանզի մարդը չի կարող աղոթել ուրիշի համար, եթե իր սրտում չունենա սրտացավություն, մարդասիրություն ու կարեկցանք դեպի իր մերձավորը: Ուրիշի համար աղոթքը հոգեւոր ողորմության մի տեսակ է՝ ոչ պակաս կարեւոր նյութական ողորմությունից: Այլոց համար աղոթքի մեծ զորության եւս մեկ օրինակ հիշենք «Գործք առաքելոց»-ից, երբ Պետրոս առաքյալը կապկպված էր ամուր կապանքներով, մինչդեռ «եկեղեցում նրա համար ստեպ-ստեպ աղոթքներ էին արվում» (Գործք. ԺԲ 5), որոնք էլ նրան անմիջապես ազատեցին բանտից: Սակայն պետք է աղոթել ոչ միայն մերձավորների ու ընկերների, այլեւ որքան էլ դժվար լինի` մեր թշնամիների ու մեզ ատողների համար՝ ըստ տերունական խոսքի. «Սիրեցեք ձեր թշնամիներին եւ աղոթեցեք նրանց համար, որ չարչարում են ձեզ եւ հալածում» ( Մատթ. Ե 44): Որպես ճշմարիտ քրիստոնյաներ՝ պետք է մերժենք մեր սրտերից քենն ու ոխը, ներենք նրանց, որպեսզի մեր երկնավոր Հայրն էլ մեզ ների մեր հանցանքները (տե՛ս Մատթ. Զ 14): Առավել հեշտ կլինի նրանց համար աղոթել, եթե խղճանք նրանց ու գիտակցենք, որ սատանան կուրացրել է նրանց, ու չեն հասկանում, թե ինչ են անում: Հայրերն իրենց գրվածքներում ունեն հատուկ թշնամիների համար գրված աղոթքներ: Սուրբ Ն. Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքի 23-րդ գլխից մի հատված հիշենք. «Թողություն շնորհիր նաեւ իմ թշնամիներին եւ ինձ ատողներին` իմ դեմ գործած հանցանքների համար, եւ ետ դարձրու նրանց չարիքից, որ պահում են իմ դեմ…»: Աղոթելով նրանց համար` մենք իրապես կկատարենք առաքյալի այս պատգամը եւս. «Թույլ մի՛ տուր որ չարը հաղթի քեզ, այլ բարիո՛վ հաղթիր չարին» (Հռոմ. ԺԲ 21):

Աղոթենք նաեւ մեղավորների ու անհավատների դարձի ու ապաշխարության համար, որպեսզի մեղքերի մեջ անզղջում չմնան, այլ Տիրոջ ողորմությամբ ու մեր հարատեւ ու անձանձրույթ աղոթքների շնորհիվ դառնան Աստծուն` ժառանգելով փրկությունը:
Հայրերն իրենց գրվածքներում կարեւորում են նաեւ մեր ննջեցյալների համար մեր կատարած աղոթքները, որովհետեւ, ինչպես Գր. Տաթեւացին է ասում, «նրանք այլեւս չեն կարող ապաշխարել մեղքերի համար, ուստի միայն մարդասեր եւ գթած Աստծու ողորմությունն են ակնկալում եւ կարոտում ողջերի աղոթքներին…»:
Ճշմարտապես աղոթելով մեզ նմանների համար` սրբվում ու ազնվանում են մեր հոգիները, թեթեւանում ու խաղաղվում, որովհետեւ «Աղոթքը սեր է, անձնվիրություն դեպի մեր երկնավոր Հայրը եւ Նրա երկրավոր որդիները, որ մեր եղբայրներն են»,-  ասում է Գարեգին Հովսեփյան կաթողիկոսը եւ հավելում, որ Քրիստոսի ողջ կյանքն էլ Աստծուն նվիրված մի աղոթք էր: Այո՛, մեր Տերն Իր երկրավոր կյանքի ընթացքում աղոթեց ողջ մարդկության փրկության համար, մինչեւ իսկ վերջին շունչն աղոթում էր Իրեն անարգողների ու խաչողների համար` մեզ օրինակ լինելով: Թող մեր կյանքն էլ լինի Աստծուն նվիրված աղոթք` զարդարված բարի գործերով ու աղոթասիրությամբ:
«Անդադար աղոթենք, որպեսզի փորձության մեջ չընկնենք» (տե՛ս Մատթ. ԻԶ 41), քանզի օրերը չար են, երբ ամեն քայլափոխի հանդիպում ենք մեր հավատի հիմքերը խարխլող տարատեսակ փորձությունների ու գայթակղությունների: Աղոթենք Աստծուն` խնդրելով մեղքերի թողություն, հոգիների ու մարմինների բժշկություն, ճշմարիտ դարձ եւ ապաշխարություն ոչ միայն մեր անձերի, այլեւ բոլորի համար, աշխարհին ու մարդկանց հոգիներին խաղաղություն, սեր, համերաշխություն… Աղոթենք թե՛ ծանոթների, թե՛ անծանոթների համար, եւ ինչպես Ֆ. Դոստոեւսկու հայտնի ստեղծագործության մեջ գլխավոր հերոսներից մեկն է ասում. «Մեր աղոթքների մեջ հիշատակենք նրանց, ովքեր աղոթող չունեն իրենց համար, նաեւ նրանց համար, ովքեր չեն ուզում աղոթել…»: Այո՛, աղոթենք այդպիսիների համար, որպեսզի մի օր Տիրոջ ողորմությամբ նրանք էլ դառնան ջերմեռանդ աղոթողներ` մատուցելով Աստծուն իրենց աղոթքի պտուղները` սեր, խնդություն, խաղաղություն, խոնարհություն, եղբայրասիրություն, ողորմածություն, համբերություն…

Անժելա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s