ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԱՌԱԿՆԵՐ

 «ՄԵԾ ԽՆՋՈՒՅՔԻ ԱՌԱԿԸ»

(Ղուկ. ԺԴ 15-24)

 

Մեր հյուրն է Բյուրավանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Ղազար քհն. ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

– Ղուկասի Ավետարանում այս առակին նախորդում է մի իրադարձություն. դա ջրգողով հիվանդի բժշկումն էր շաբաթ օրով՝ փարիսեցի իշխանավորի տանը, ուր Հիսուսը ժողովարանում հերթական քարոզությունից հետո հրավիրվել էր ճաշի, որի ընթացքում Տերն առականման խրատով դիմում է նախ հրավիրվածներին, ապա եւ տանտիրոջը, որից հետո միայն պատմում է «Մեծ խնջույքի առակը», ինչն էլ, ըստ էության, ամբողջացնում է ասելիքը։ Մեկնիչներն էլ սովորաբար այս ամենը դիտում են իբրեւ միեւնույն նպատակին ծառայող ամբողջություն։

– Անկասկա՛ծ մեկ ամբողջություն է, եւ առակն էլ դրա կիզակետն է։ Այստեղ նույնպես շատ կարեւոր է միջավայրի հանգամանքը, որում տեղի են ունենում իրադարձությունները։ Դա մեզ քաջ ծանոթ փարիսեցիական միջավայրն էր։ Ավելին. Հիսուսին հացի հրավիրողն այս անգամ սովորական փարիսեցի չէր, այլ իշխանավոր, եւ արդեն պարզ է, թե ովքեր պիտի հրավիրված լինեին այնտեղ եւ ինչ նպատակով։

Մեր Տերն այս ամենը շատ լավ գիտեր եւ պատրաստ էր փարիսեցիների լարած ցանկացած որոգայթին դիմագրավելու՝ բացահայտելով դրանք եւ ամոթահար թողնելով դավ նյութողներին։ Մեկ անգամ չէր, որ Քրիստոսը վշտացած սրտով հանդիմանել եւ վայերի տարափ էր թափել կեղծավոր օրենսգետների, դպիրների եւ փարիսեցիների վրա, որոնք մովսիսական Օրենքի անունից խոսելով՝ իրենք իսկ ոտնահարում ու անտեսում էին այն։ Այս դեպքում ծուղակը ջրգողով հիվանդն էր, որը ներկա էր իշխանավոր փարիսեցու հրավերքին։ Ի՞նչ անել։ Թեկուզեւ օրը շաբաթ էր, Հիսուսը չէր կարող չբուժել հիվանդին։ Եվ բուժեց։ Բայց միայն Իրեն բնորոշ՝ խորագետի իմաստությամբ նախ հարցրեց ներկա գտնվող օրենսգետներին ու փարիսեցիներին, թե շաբաթ օրով բժշկելն օրինավո՞ր է (Ղուկ. ԺԴ 3)։ Եվ երբ նրանք լուռ մնացին, քանի որ չգիտեին, թե ինչ է ասելու կամ անելու Տերը, նոր միայն բժշկեց հիվանդին եւ առանց նրանց պատասխանին սպասելու՝ շարունակեց. «Ձեզնից ո՞ւմ եզը կամ էշը ընկնի ջրհորի մեջ, նա իսկույն այն չի հանի շաբաթ օրով» (Ղուկ. ԺԴ 5)։ Եվ այս հարցին էլ պատասխան չունեին, քանի որ եթե ասեին, թե չեն հանի, բացահայտ սուտ պիտի լիներ։ Որովհետեւ իրենք դա անում էին, եւ որեւէ մեկը չէր թողնի, որ իր անասունը սատկի։ Եվ դա չէին համարում օրինախախտություն։ Իսկ այս դեպքում, երբ մի հավիտենական հոգի ապաքինվելու եւ Աստծու շնորհն ստանալու կարիքն ուներ, նրանք հանկարծ հիշում էին Օրենքը, որն իբրեւ թե արգելում է շաբաթ օրով բուժել։ Եթե ոչ կեղծավորություն, ապա առավել վատթար՝ սրտի կուրություն էր դա, որ մարդուն ստորադասում էին կենդանուց, ինչի համար Քրիստոսն իր հարցմամբ հանդիմանեց փարիսեցիներին…

– Դրանով իսկ, թերեւս, կանխեց փարիսեցիների նենգադավ մտադրությունները։ Մաղաքիա Օրմաննյանն ասում է՝ հատուկ էին հրավիրել ջրգողով հիվանդին, որ Տիրոջը փորձության ենթարկեին։

 

– Անշուշտ։ Եվ սա Ավետարանում հիշատկվող բազմաթիվ նմանատիպ դրվագներից մեկն է միայն։ Սա փարիսեցիների գործելակերպն էր, կենսակերպը, մտածողության կերպը, քանի որ նրանք իրենց սրտի մեջ մշտապես ունեին այդ ամբարտավանությունը՝ հակադրվելու ախտը։ Թշնամության բուն օջախը հենց իրենց ներսում էր։

– Շարունակենք՝ մոտենալով բուն առակին։ Այնուհետեւ Տերը խոնարհության դաս է տալիս խնջույքի հրավիրվածներին։ Ինչո՞ւ։

 

– Այդ առականման խրատը Հիսուսն ասաց հրավիրվածներին, երբ տեսավ, «թե ինչպես նրանք պատվո տեղերն էին ընտրում»։ Եվ այս պարագայում Տիրոջ խոսքը հույժ տրամաբանական եւ իմաստուն էր՝ ճիշտ ժամանակին ասված։ Ասաց. «Առաջին տեղը մի՛ նստիր, գուցե քեզնից ավելի պատվական մեկը նրա կողմից կանչված լինի»։ Պատկերացրեք այդ վիճակը. հրավիրողը ի՞նչ պիտի ասի. լավագույն դեպքում, ներողություն խնդրելով, պետք է քեզ ցույց տա ավելի «ցածր» տեղ, ու դու պիտի ամոթահար լինես բոլորի ներկայությամբ։ Պարզ տրամաբանություն է՝ բոլոր ժամանակների եւ ամեն մարդու համար ասված. եթե չես ուզում անխելքի, անշնորհքի տպավորություն թողնել շրջապատի վրա եւ ծաղրուծանակի առարկա դառնալ, վերջին տե՛ղը զբաղեցրու, այսինքն՝ ինքդ քեզ խոնարհեցրո՛ւ, «որպեսզի երբ քեզ կանչողը գա եւ քեզ ասի՝ «Բարեկա՛մ, ավելի վե՛ր մոտեցիր», այն ժամանակ քո սեղանակիցների առաջ դու փառավորվես»։ Եվ անմիջապես հետեւում է խրատի բարոյական եզրահանգում-ընդհանրացումը. «Որովհետեւ նա, ով ինքն իրեն բարձրացնում է, պիտի խոնարհվի, եւ նա, ով ինքն իրեն խոնարհեցնում է, պիտի բարձրանա» (Ղուկ. ԺԴ 11)։

– Իսկ ավետարանական առումով, ըստ Օրմանյանի եւ այլ մեկնիչների, սա մի խրատ է՝ ուղղված հատկապես հրեական վերնախավին, ովքեր իրենց Երկնքի արքայության առաջին շարքերում էին դասում եւ հենց դրա համար էլ պիտի գահավիժեն…

 

                    Ինչո՞ւ միայն հրեական վերնախավին։ Առհասարակ աշխարհի մեջ բարգավաճող իշխանական մրցավազքին է վերաբերում, մեզ բոլորիս է ուղղված այս խրատը։ Քրիստոսն ասում է՝ սեփական անձը խոնարհեցնողը պիտի բարձրանա։ Սա հակառակ է աշխարհիկ մտածողությանը, ըստ որի՝ խոնարհությունն անպետք մի բան է, անզորության ու խեղճության հոմանիշը, իսկ սեփական անձն առաջ մղելը՝ սխրագործության պես մի բան։ Քրիստոսը՝ խոնարհության, սիրո, գթասրտության, լույսի Աղբյուրը, չէր կարող չմերժել այս մտածողությունը, չէր կարող հանգիստ «հաց ուտել» այսպես մտածող մարդկանց հետ՝ նրանց երեսին չասելով ճշմարտությունը։ Եվ հենց ճիշտ ժամանակին դիմում է խնջույքի տիրոջը՝ հրավիրողին, ու բարեկամաբար ասված հորդորի մեջ պարզորոշ տեսանելի է Տիրոջ հանդիմանությունը՝ այս ո՜ւմ ես հրավիրել։ Ասում է. «Երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մի՛ կանչիր ո՛չ քո բարեկամներին, ո՛չ քո եղբայրներին, ո՛չ քո ազգականներին եւ ո՛չ էլ քո հարուստ հարեւաններին, որպեսզի նրանք էլ փոխարենը քեզ չհրավիրեն, եւ հատուցում լինի» (Ղուկ. ԺԴ 12)։ Այլ,- ասում է,- կանչի՛ր նրանց, ովքեր փոխարենը քեզ հատուցելու ոչինչ չունեն։ Իսկ ովքե՞ր էին դրանք. աղքատները, խեղանդամները, կաղերը, կույրերը… «Եվ դրա փոխարեն քեզ կհատուցվի արդարների հարության օրը»,- ասում է Հիսուսը։ Թերեւս ա՛յս պատգամն էր, որ դարձավ ակունքը քրիստոնեական բարեպաշտական այն գեղեցիկ արարողության, որը կոչում ենք մատաղ։ Եկեղեցին հարաժամ քարոզել է՝ մատաղ անելիս բաժանել աղքատներին, կարիքավորներին, ծերերին, որբերին, այլ ոչ թե այն վերածել խնջույքի, ընկեր-բարեկամների հետ կերուխումի, որն արդեն մատաղ չէ, որովհետեւ մատաղի հիմքում ողորմության գաղափարն է։ Այդպես չէին մտածում փարիսեցիները, այլ՝ որքան ազդեցիկ, հեղինակավոր, «արժանավոր» մարդկանց հրավիրեն իրենց խնջույքին, այնքան առավել օգուտ պիտի լինի իրենց անձին եւ ընտանիքին։ Սա տիպիկ աշխարհիկ մտածողությունն էր։ Սակայն այլ է հոգեւոր մոտեցումը։ Եվ աստվածային պատգամը ճիշտ հակառակն է ասում։ Այն է. պիտի ջանանք մեր բոլոր գործերը հաճո դարձնել Աստծուն։ Պողոս առաքյալն ասում է. «Թե՛ մնամ այստեղ, թե՛ դուրս գամ այս կյանքից, ձգտում եմ միմիայն հաճելի լինել Նրան եւ իմ անձի օգուտը համարեմ այն, ինչը որ հաճելի է Աստծուն» (հմմտ. Բ Կորնթ. Ե 9)։ Այսպես պետք է մտածի եւ ապրի յուրաքանչյուր քրիստոնյա, քանզի մենք բոլորս Քրիստոսի ատյանի առաջ պիտի ներկայանանք։

Շարունակելի

 

Հյուրընկալեց Հայկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s