Սկիզբը՝ 2010-ի Նոյ. Բ — 2011-ի Մարտ Ա

Երեւանում ջրօրհնեքը կատարելուց հետո Հակոբ կաթողիկոսն անցավ Էջմիածին եւ այնտեղ մնաց մինչեւ 1678 թիվը։ Զբաղվեց մատակարարությամբ ու շինական գործունեությամբ։ Նրա սիրտը բեկբեկվում էր՝ տեսնելով Հայոց Եկեղեցու ներհակ դրությունը, տրոհվածությունը։ Այդ շրջանում Աղթամարի կաթողիկոսությունը շարունակում էր իր անշուք գոյությունը։ Իբրեւ կաթողիկոս՝ հիշվում են Բաղդասարն ու Կարապետ Քռնածը, որոնց հաջորդում է Մարտիրոս Մոկացին, որը Նանենց գյուղից էր՝ Գուռճի ընտանիքից։ Նրա մականունը Փշրուկ էր։ Սրա օրոք մոկացիները եւ շատախցիները գժտվեցին իրար հետ, եւ Շատախի իշխան Եզդինշերն իր գավառը հայտարարեց Էջմիածնի թեմ։ Նա Հակոբ կաթողիկոսից խնդրեց կաթողիկոսացու, իսկ նա էլ մեկին ուղարկեց, որի անունը մեզ չի հասել։ Թերեւս այդ պատճառով էլ Ոսկանն Աղթամարը մտցրել էր Էջմիածնի թեմերի մեջ՝ որպես արքեպիսկոպոսություն։ Սակայն Մարտիրոսը թույլ չի տալիս այդ բաժանումը։ Նա գալիս է Շատախ եւ տեղի կուսակալի օգնությամբ Շատախն իրեն է ենթարկում։ Շատախի հետ միացան նաեւ Վանը, Բերկրին, Արճեշը, Խլաթը, Բաղեշը, Մուշը, Խոշաբը։ Եվ մինչեւ Ամիդ հովվապետելու համար սուլթան Մահմուդից հրովարտակ է ստանում։ Հակոբ կաթողիկոսը կարողացավ նոր հրովարտակով թեմերը ետ առնել եւ տալ Վանի առաջնորդ Պողոս վարդապետին՝ իբրեւ Վարագավանքի վիճակ՝ առանց հիշելու Էջմիածնի անունը, քանի որ օսմանյան եւ պարսկական տերությունները թշնամական հարաբերությունների մեջ էին։ Հակոբը համաձայնեց Մարտիրոսին եւ Աղթամարի կուսակալ Աբդուլլահ Չելեբիին վճարել նրանց պահանջած գումարը՝ որպես հատուցում իրենց ծախսերի։ Մարտիրոսը դրանից հետո նոր փորձեր չարեց եւ մահացավ 1663-ին։

Մարտիրոսից հետո կաթողիկոս դարձան ոմն Բաղդասարը եւ ոմն Ստեփանոսը եւ Մարկոս Արճիշեցին՝ Բլուրմակ գյուղից։ Վերջինիս հաջորդեց Հովհաննես Թութունչին, որ մինչ այդ եղել էր Կ. Պոլսի պատրիարք։ Երկրորդ անգամ զրկվելով պատրիարքությունից՝ նա հույսը կորցրեց Կ. Պոլսում հաջողության հասնելուց, ուստի վերադարձավ իր հայրենի Վասպուրական, որտեղ 1667-ին դարձավ Աղթամարի կաթողիկոս եւ հովվապետեց 14 տարի։ Պատմությունը Հովհաննես Թութունչու գործունեության այս շրջանի վերաբերյալ հիշատակներ չի պահպանել։ Հայտնի չէ, թե ինչպիսին էին նրա հարաբերությունները Հակոբ կաթողիկոսի հետ, եւ ինչպես էին կատարվում Էջմիածնի վճարումները։

Արդ, տեսնենք, թե ինչպես էին գործերը Կիլիկիայում եւ Երուսաղեմում։ Ասվեց, որ Կիլիկիայի կաթողիկոսությունը երկատված էր, եւ հովվապետում էին Խաչատուր Սեբաստացին ու Դավիթ Բերիացին կամ Կարկառեցին։ Նրանք երկուսն էլ մահացան 1679 թվին։ Նրանց մահից հետո էլ բաժանումը շարունակվեց։ Խաչատուրին փոխարինեց Սահակ Մեյխանեջին, իսկ Դավթին՝ Ազարիա Կարկառեցին։

Երուսաղեմում 1671-ից ի վեր պատրիարք էր Եղիազար Այնթապցին։ Նա պահել էր նաեւ կաթողիկոսությունը։ Այլեւս ուժեղ հակառակորդներ չուներ, քանի որ Մարտիրոս Կաֆացին իր համար եկամուտ ստանալու յուրօրինակ ձեւ էր գտել Կ. Պոլսում, ինչպես վերն ասվեց։ Սակայն սուրբ վայրերում հայերի դեմ ոտնձգությունները չէին դադարել։ Եղիազարի օրոք էլ դատեր վարվեցին Սբ Հրեշտակապետի պատի, Բեթղեհեմի եկեղեցու, Բեթղեհեմի գերազմանատան, Սբ Փրկչի գերեզմանոցի եւ Սբ Հարության դռնապանների պահանջմունքների համար, որոնք միշտ հայերի օգտին ավարտվեցին՝ շնորհիվ թե՛ ընդհանուր ազդեցության եւ թե՛ Եղիազարի հարստության ու Խաչատուր եպիսկոպոսի ճարպիկ ու հմուտ գործունեության։ Նա էր որպես դատապաշտպան հանդես գալիս դատարաններում։ 1676 թվի հունվարի 25-ին արքունական հրովարտակով Սբ Գերեզմանի խնդիրն էլ լուծվեց։ Լատինների պահանջները մերժվեցին, եւ ճանաչվեց դրա պահպանության՝ հույների իրավունքը՝ բանալիներով, գույքով ու կանթեղներով։

Լավ չէին գործերը լեհահայության շրջանում։ Հակոբ կաթողիկոսի նվիրակ Պողոս Եվդոկացի վարդապետին վտարելուց հետո՝ 1665 թվի հոկտեմբերի 29-ին, Կղեմես Գալանոսը եւ Ալսիզիոս Փիթուն ամբողջ ուժով ձեռնամուխ եղան լեհահայերի կաթոլիկացմանը։ Վարժարանն ավարտածներին նրանք ձեռնադրում էին քահանաներ ու դարձնում իրենց կամակատարները, քանի որ հին քահանաները դեմ էին փոփոխություններին։ Շատ հաճախ նրանք առիթից օգտվում էին՝ դրանք թոթափելու համար։ Նրանցից էին Յազլովիցի Ներսես նախանդամ երեցը եւ Արեւելքում ձեռնադրված լեհահայ երկու քահանա՝ Հովհաննես Բեռնարդովիչը եւ էլի մեկը, որի անունը մեզ չի հասել։ Սրանք էլ, ի վերջո, ստիպված էին առերես հպատակվել Գալանոսին։ Իսկ Նիկոլը միշտ իր երկդիմի վարքագիծը շարունակում էր՝ սկզբում դիմադրություն ցույց տալով լատինամետ փոփոխություններին, որ ժողովուրդն իրենից չհեռանա, իսկ վերջում համակերպություն էր ցույց տալիս։ Փիթուն նրան լավ էր ճանաչել ու ասում էր, թե իրենց գործը հաջողվում էր, քանի որ Նիկոլը երկու հարյուր դահեկան թոշակի համար ամեն ինչի պատրաստ էր։ Հակոբ կաթողիկոսը նոր նվիրակ ուղարկեց Լեհաստան՝ կամենալով լեհահայերին պահել հայկական դավանության, սակայն նվիրակի ջանքերն ի չիք դարձան։ Ճիշտ այդ ժամանակ՝ 1666 թ. մայիսի 14-ին, 56 տարեկան հասակում մեռնում է Գալանոսը եւ թաղվում Լվովի հայոց Մայր եկեղեցում։ Նա ընդամենը 26 տարեկան էր, երբ ուղարկվեց Վրաստան, եւ 30 տարեկան, երբ սկսեց աշխատել Կ. Պոլսի հայերի շրջանում։ Դրանից քիչ առաջ մեռել էր Բոնավենդուրա աշխատավոր եղբայրը, եւ ասպարեզը մնացել էր Փիթունին, որը փոխարինեց Գալանոսին։ Նա ընդամենը 28 տարեկան էր՝ առանձնապես չկրթված, բայց ուժեղ ճարտասան։ Փիթուն իրեն դրեց Լվովի լատին արքեպիսկոպոսի եւ Լեհաստանի պապական նվիրակի տրամադրության տակ, որով կարողացավ Նիկոլի պահանջների դեմն առնել։ Նրան աջակից էր Հովհաննես Կերիմովիչ հայ եպիսկոպոսը, որը Նիկոլի քրոջ ամուսնու եղբայրն էր եւ նրա փոխանորդությունն էր վարում։ Նա դրանից առաջ գնացել էր Էջմիածին եւ անգամ Մոլդովիայի եպիսկոպոս էր նշանակվել։ Գժտվելով ժողովրդի հետ՝ նա հեռացել էր Երուսաղեմ եւ այնտեղ 7 տարի մնալուց հետո անցել էր Հռոմ ու դարձել հռոմեադավան, այնտեղից էլ 5 տարի հետո անցել էր Լիվոռնո եւ ապա եկել Լվով ու Գալանոսի օգնությամբ փոխանորդ նշանակվել։

Փիթուն սկզբում իր ամբողջ ուժը կիրառեց Լվովի վանական եկեղեցու ավագերեց Սիմեոն քահանայի դեմ, որն ամբողջությամբ հավատարիմ էր մնում հայկական ծեսերին։ Նա իր աշակերտներից մեկին քահանա դրեց եւ նրա մատնությամբ Սիմեոնին ձերբակալեց։ Հայոց քաղաքապետին սպառնաց, որ եթե նա պաշտպանի Սիմեոնին, ապա իր գլուխը կդնի վտանգի տակ։ Վերջապես 1666 թվի հուլիսի 16-ին նա քահանային աքսորել տվեց։ Փիթուն Նիկոլի եւ Կերիմովիչի հետ այցելում է Լեհաստանի հայ գաղթավայրերը՝ ծիսական փոփոխություններ մտցնելու համար։ Այդպես են վարվում Յազլովիցում, Կամենիցում, ինչպես նաեւ այլ վայրերում։ Փիթուն հաջողում է՝ շնորհիվ Նիկոլի, չնայած գիտեին, թե ով է նա։ Կարիք էին զգում, որ Նիկոլը թողնի իր խայտառակ կենցաղը, արձակի կանանց, սակայն իրենց շահերից ելնելով՝ հանդուրժում էին այդ։ Նիկոլը որոշում է Հռոմ գնալ՝ Փիթուի ընկերակցությամբ։ 1667 սեպտեմբերի 26-ին գալիս են Կրակով, սակայն կազակների ապաստամբության պատճառով մտափոխվում են եւ հոկտեմբերի 19-ին վերադառնում Լվով։ Այստեղ էր ժամանել Ջուզեպպե Գրազիոլին, որին նշանակել էին Գալանոսի տեղը։ Սա, չիմանալով ինչպես գործի եւ ինչպես մարդկանց շահագրգռի,  հանդիպում է Նիկոլի դիմադրությանը։ Անգամ հիվանդության ժամանակ արգահատանքի չի արժանանում եւ մահանում է 1667 թվի դեկտեմբերի 30-ին՝ 39 տարեկան հասակում։ Կրկին տեսչությունն անցավ Փիթուին, որը շողոքորթելով, երբեմն ճնշում գործադրելով՝ կարողանում էր իրեն ենթարկել Նիկոլին։ Նա շարունակեց հռոմեադավանությունը տարածել հայերի շրջանում՝ ամեն անթույլատրելի միջոցներով։

Պապական նոր նվիրակ էր Գալեացցո Մարեսկոտտին, որը տեսնելով Նիկոլի այլանդակությունները եւ անարժան մարդկանց ձեռնադրվելը՝ համոզում է նրան Հռոմ գնալ։ Նիկոլը Հռոմ մեկնեց 1668 թվի հոտեմբերի 11-ին եւ տեղ հասավ դեկտեմբերի 31-ին՝ 20 ուղեկիցներով եւ 21 ձիերով։ Ո՞րն էր նրան Հռոմ կանչելու նպատակը։ Մի կողմից նրա անառակ կյանքն իրենց դուր չէր գալիս, իսկ մյուս կողմից նրա փոփոխամիտ ընթացքը նրանց վտանգավոր էր թվում՝ իրենց նպատակին ծառայելու համար։ Նրան հեռացանելով եւ Կերիմովիչին թողնելով տեղապահ՝ նրանք կարող էին հռոմեադավանության գործն առաջ տանել՝ մանավանդ որ ունեին Լեհաստանի պետական աջակցությունը։ Նրա բացակայության շրջանում Փիթուն Կերիմովիչի ձեռքով հեռացրեց հին քահանաներին եւ նրանց տեղը երիտասարդների նշանակեց։ Հայկական ծեսերը կամաց-կամաց հանվեցին՝ որպես հերետիկոսություն։ Այս հաջողությունների արդյունքը եղավ Փիթուին 1670 թվին առաքելության տեսուչ նշանակելը, քանի որ մինչ այդ նա ընդամենը փոխանորդ էր։ Նրան կարող էր խանգարել միայն ներքին գժտությունը։ Փիթուին օգնության ուղարկված Ջուզեպպե Բագատտա Վերոնացին, որ Լվով եկավ հունիսի 22-ին, ատում էր հայերին եւ չէր կամենում շարժվել Փիթուի խորամանկ ճանապարհով։ Նա ընդդիմանում էր ամեն ինչի, մինչեւ որ ծագեց նրան հեռացնելու խնդիրը։ Եվ 1671 թվի հուլիսի 15-ին Բագատտան ստիպված եղավ վերադառնալ Իտալիա։ Այդ ժամանակներում Լեհաստան է գալիս Թադեոս Համազասպյանը՝ Ոսկանի տպագրած գրքերը վաճառելու համար։ Փիթուն դրան հակառակվում է, հատկապես՝ Դավիրժեցու հարցում։ Սակայն Կերիմովիչի թույլտվությամբ գրքերը վաճառվեցին, եւ Թադեոսը դրանից հետո անցավ Մոլդովիա եւ Վալախիա։

Փիթուն, Հռոմից օգնություն ստանալու համար, 1671 թվի հոկտեմբերի 26-ին Լվովից մեկնեց եւ Հռոմ հասավ 1672 թվի հունվարի 16-ին։ Հայերին լատինացնելու գործը նա հանձնարարեց Ավգուստինոս Լոբելլիին եւ Ջիրոլամո Բոսսիին։ Առաջինը պետք է զբաղվեր վարչական ու կրթական, իսկ երկրորդը՝ մատակարարման եւ դրամական խնդիրներով։

Շարունակելի

 

Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s