Հավատո կամ Նիկիական Հանգանակը (Հավատամքը), որը քրիստոնեական հավատի, նրա ողջ դավանության հակիրճ շարադրանքն է, պարտավոր է իմանալ իրեն քրիստոնյա համարող յուրաքանչյուր մարդ: Հավատամքը պաշտոնապես ընդունում եւ խոստովանում են բոլոր քրիստոնեական Եկեղեցիները: Այն սուրբ Պատարագի անհրաժեշտ մասն է կազմում` հաջորդելով Ավետարանի ընթերցումին:

Անսխալ ձեւակերպված եւ սրբագործված դավանական ճշմարտությունների շարքում իր ուրույն տեղն ունի համընդհանուր հարության անխախտ հավատը. «Հավատում ենք մեռելների հարությանը, հոգիների եւ մարմինների հավիտենական դատաստանին, Երկնքի արքայությանը եւ հավիտենական կյանքին»: Քրիստոնեական հավատքն անմահության` Քրիստոսի հարության իրողության վրա հիմնված եւ մարդուն հավիտենականություն առաջնորդող հավատ է: Քրիստոսի հարությունը քրիստոնեության սիրտն է, քրիստոնեական հավատքի հիմքն ու էությունը: Առանց հարության` չկա քրիստոնեություն: Քրիստոնեությունը կյանքի կրոն է, քանի որ «Աստված մեռելների Աստվածը չէ, այլ` ողջերի» (Ղուկ. Ի 37): Ուստի պատահական չէ, որ Քրիստոսի հարության լուսավոր տոնը ամենից սիրելին է տաղավար տոների մեջ: Քրիստոսի հարությունը մանրամասնորեն նկարագրվում է Ավետարաններում (Մատթ. ԻԸ 1-8, Մարկ. ԺԶ 1-8, Ղուկ. ԻԴ 1-12, Հովհ. Ի 1-20): Աստծո Միածին Որդին մեղավոր մարդկության փրկության համար հանձն առավ խաչի անարգ ու ստորացուցիչ մահը, ճաշակեց չարչարանքների ու մահվան ողջ դառնությունը, թաղվեց եւ գերեզման դրվեց, սակայն, ինչպես եւ խոստացել էր Իր հետեւորդներին, երրորդ օրը հրաշափառապես հարություն առավ մեռելներից` մեզ հարության հույսը պարգեւելով: Քրիստոսն Իր մահվամբ եւ հրաշափառ հարությամբ հաղթեց մահվանը, խաղք ու խայտառակ արեց սատանային, որը մարդկանց կորստյան էր մատնում ամենակուլ դժոխքում: Քրիստոսի սոսկալի չարչարանքներով մեր հոգիներն ազատագրվեցին դժոխքից, քանզի, ինչպես ասում են Եկեղեցու սուրբ հայրերը, մեռելներից հարություն առնելով` Քրիստոսը իջավ դժոխք եւ ավերեց այն…

Մինչ Քրիստոսը՝ անկյալ մարդկությունը գտնվում էր ողորմելի ու ողբալի վիճակում, քանզի մահը համարվում էր չարիքների չարիքը, մարդկային խղճուկ կյանքի անհույս ու անլույս վերջակետը: Դարեր շարունակ մահվան ու գերեզմանի վախը ճնշել ու տանջել է մարդկային գիտակցությունը, կսկիծ պատճառել մարդու սրտին, այն մարդու, ում Աստված անմահության համար էր ստեղծել` անմահ հոգի շնորհելով: Գուցե այս էր պատճառը, որ չնայած այս ամենին, աստվածապատկեր մարդն իր հոգու խորքում միշտ փայփայել է անմահության գաղափարը, հավերժության ձգտումը, որը սակայն եղել է անհաստատ ու անկատար: Մարդ էակի հարության մասին ակնարկներ կան դեռեւս Հին Ուխտի մի շարք գրքերում: Հիշենք Մակաբայեցիների երկրորդ գրքից այն դրվագը, երբ Հուդա Մակաբայեցին, ունենալով պատերազմում ընկած իր ազգակիցների հարության ակնկալությունը, աղոթում էր նրանց համար, քանզի «եթե պատերազմում ընկածների հարության ակնկալություն չունենար, զուր կլիներ մեռելների համար աղոթք մատուցելը» (Բ Մակաբ. ԺԲ 44-45): Ուշագրավ է նաեւ նույն գրքի 7-րդ գլխում նկարագրվող յոթ եղբայրների եւ նրանց մոր նահատակությունը: Քաջասիրտ մայրը, տեսնելով իր յոթ որդիների նահատակությունը, եւ ինքն էլ նահատակվելով` խոստովանում է, որ հավատում է, որ «Արարիչ Աստված Իր ողորմությամբ ու գալստյամբ իրենց կյանքն ու հոգին վերստին պիտի վերադարձնի իրենց» (տե՛ս Բ Մակաբ. Է 23): Հոբը նույնպես իր անպատմելի ցավերի ու տառապանքների մեջ մխիթարվում էր նույն` հարության հավատով՝ ասելով. «Գիտեմ, որ հավերժական է Նա, Ով երկրի վրա պիտի փրկի ինձ` հարություն տալով մարմնիս» (Հոբ ԺԹ 25-26):

Հիշյալ հատվածները մեկ անգամ եւս փաստում են, որ մարդը երբեւէ չի կարողացել հաշտվել մահվան գոյության հետ, միշտ էլ հավատացել է հոգու անմահությանն ու մեռելներից վերստին հառնելուն: Վերջապես մարդու կյանքն այլեւս չի վերջանում մահվամբ: Քրիստոսը հարություն առավ մեռելներից, փրկեց մարդուն մահվան ու սատանայի ճիրաններից: Նա եղավ անդրանիկը մեռելների միջից, հաղթեց մահվանը, ինչպես հարության շարականում է ասվում. «Մահուամբ զմահ կոխեաց, եւ յարութեամբն յուրով մեզ զկեանս պարգեւեաց»: Ուստի Քրիստոսի հարությանը հավատացող մարդու համար մահն այլեւս սարսափելի չէ: «Ես իսկ եմ հարություն եւ կյանք. ով հավատում է ինձ, թեպետ եւ մեռնի, կապրի… »,- ասում է աշխարհի Փրկիչը (Հովհ. ԺԱ 25): Անմահ հոգի ունեցող մարդը կոչված է անմահության հավիտենականության մեջ: «Եթե հավատում ենք, թե Հիսուսը մեռավ եւ հարություն առավ, այդպես էլ Աստված Հիսուսի միջոցով ննջեցյալներին ետ կյանքի պիտի բերի նրա հետ» (Ա Թեսաղ. Դ 13): Հովհաննու Ավետարանում Տերը հստակ ասում է. «Կգա ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կլսեն Աստծու Որդու ձայնը եւ դուրս կգան. ովքեր բարի գործեր են արել` կյանքի հարության համար, իսկ ովքեր չար գործեր են արել` դատաստանի հարության համար» (Հովհ. Ե 28-29): Անիմաստ ու աննպատակ կլինի Քրիստոսի հարության հանդեպ մեր հավատը, եթե չհավատանք համընդհանուր հարությանը, որը լինելու է աշխարհի վախճանին, երբ Տերը գա` դատելու մարդկությանը: Այս մասին բազում վկայություններ կան Աստվածաշնչում: Հիշենք Հին Ուխտում հիշատակվող համընդհանուր հարության ամենապատկերավոր ու խորախորհուրդ օրինակներից մեկը Եզեկիելի մարգարեությունից, որն առանց սարսռալու հնարավոր չէ ընթերցել: Աստված Եզեկիել մարգարեին դնում է մարդկանց՝ չորացած ոսկորներով լի մի դաշտի մեջ` հրամայելով մարգարեանալ դրանց վրա, որպեսզի կենդանանան… «Ու երբ մարգարեացա, մի ձայն լսեցի. հետո շարժում եղավ. եւ ոսկորը ոսկորի հետ մոտեցավ բոլոր հոդերին… Ու շունչ մտավ նրանց մեջ, եւ կենդանացան: Ելան կանգնեցին իրենց ոտքերի վրա, դա բազմախուռն մի ժողովուրդ էր…»,- պատմում է մարգարեն ( Եզեկիել ԼԷ 1-14): Եսայի մարգարեն նույնպես ասում է, որ «պիտի հառնեն ու կանգնեն մեռածները, որոնք գերեզմաններում են…» (Եսայի ԻԶ 19): Մեկ այլ տեղում էլ հիացմունքով հարցնում է. «Ո՞վ է լսել, ո՞վ է տեսել այսպիսի բան, որ երկիրը մեկ օրում ծննդաբերի, եւ միանգանից մի ամբողջ ազգ ծնվի…» (Եսայի ԿԶ 8): Վարդան Այգեկցին, մի տեսակ մեկնելով մարգարեի խոսքը, ասում է. «Այդժամ Աստծո ակնթարթային հրամանով երկիրը կծնի Ադամի որդիներին եւ մարդկային ցեղը կհառնի հողից, ինչպես ծաղիկները գարնանը` զանազան գույներով…»: Մեծն Դանիելն էլ, լրացնելով մյուսներին, մարգարեանում է. «Երկրում, հողի մեջ ննջածներից (ոչ թե մահացածներից) շատերը հարություն պիտի առնեն, ոմանք հավիտենական կյանքի համար, ոմանք հավիտենական նախատինքի ու ամոթի համար» (Դանիել ԺԲ 2): Հավատանք թե ոչ, Տիրոջ երկրորդ գալուստը, մեռելների հարությունն ու Ահեղ Դատաստանն անխուսափելի են յուրաքանչյուրիս համար. «Փողը պիտի հնչի, եւ ննջեցյալները հարություն պիտի առնեն մի ակնթարթում», մարդու մտքի ու հոգու համար անհասանելի ու անըմբռնելի կերպով, «որովհետեւ պետք է, որ այս ապականացու մարմինը անապականություն կրի, եւ այս մահկանացու գոյությունը հագնի անմահություն» (տե՛ս Ա Կորնթ. ԺԵ 52),- ասում է սուրբ Պողոս առաքյալը: Իսկ հարության իրողությանը չհավատացողներին զգուշացնում է, որ «եթե մեռելները հարություն չեն առնում, ապա Քրիստոսն էլ հարություն չի առել, եւ եթե Քրիստոսը հարություն չի առել, իզուր է ձեր հավատը. եւ տակավին նույն մեղքերի մեջ եք» (Ա Կորնթ. ԺԵ 16,17): Նաեւ` «Եթե միայն այս կյանքի համար եք հույս դրել ի Քրիստոս, ողորմելի եք, քան բոլոր մարդիկ» (Ա Կորնթ. ԺԵ 19): Ժխտելով ու չընդունելով գերեզմանից այն կողմ կյանքի գոյության փաստը, հավիտենականության իրողությունը՝ իրապես գտնվում ենք ողորմելի ու խղճուկ վիճակում: Մարդկային կյանքն առանց անմահության անիմաստ ու աննպատակ գոյություն է: Ո՞րն է մեր կյանքի նպատակը, եթե մի օր մեռնելու ենք ու փոշիանանք հողի մեջ: Աստծո պատկերն ու նմանությունն ունեցող մարդը չի կարող այդպիսի վախճան ունենալ: Մարդն ունի անմահ հոգի, ինչպես ասում է Ժողովողն իր գրքում. «Մարդու աճյունը, ինչպես որ հող էր, հող պիտի դառնա, եւ հոգին, որ Աստված էր տվել, պիտի վերստին Նրա մոտ գնա» (Ժողովող ԺԲ 7): Եթե չենք հավատում հոգու անմահությանը, այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված մեր ունեցած հարգանքը գերեզմանների հանդեպ, չէ՞ որ մենք մեր նախնիների աճյունները հարգում ենք, որովհետեւ թեկուզ ենթագիտակցորեն հավատում ենք, մի ներքին ձայն կարծես ասում է մեզ, որ նրանք հավետ չմեռան, այլ կենդանի են, այսինքն` նրանց անմահ հոգիները…  Ըստ Արշակ Տեր-Միքելյանի` «մահվամբ բաժանվում է հոգին մարմնից, որ հետեւանք է Աստծո դեմ մեղանչելուն, իսկ հարությամբ միանում է հոգին մարմնի հետ, որ փոխադարձաբար հետեւանք է մարդու հաշտության Աստծո հետ Քրիստոսի փրկագործության շնորհիվ»: Ուրեմն քրիստոնյա մարդն իր հարազատին հողին է հանձնում՝ միանշանակ հարության հույսով: Ահա թե ինչու մահացածներին կոչում ենք ննջեցյալներ, այսինքն` ննջածներ, ովքեր մի օր զարթնելու են քնից` Քրիստոս Աստծո ահեղ ձայնը լսելով:

Քրիստոսի հարության վկաները` առաքյալները, եղան հարության իրականության տարածողները, երբեմնի «անուս ու պարզսիրտ» մարդիկ իրենց անընկճելի հավատքով եւ նահատակությամբ եւս մեկ անգամ հաստատեցին հարության ու անմահության գոյությունը: Առաքյալներից սկսած ու հետագա դարերում շարունակվող սրբերի նահատակություններին թիվ ու հաշիվ չկա: Ինչո՞ւ մեզ նման հողանյութ բնություն ունեցող մարդկանց համար մահը սարսափելի չէր, իսկ մահվան գործիքները, որոնցից մեկն իսկ բավական էր նրանց խուճապի մատնելու եւ նահատակությունից հետ պահելու համար, չսասանեցին նրանց հավատը, ինչո՞ւ նրանք երբեք չկուրացան խոստացված նյութական հարստությամբ ու աշխարհիկ փառքով` զրկվելով երկնային անթառամ պսակներից: Անշուշտ, որովհետեւ գնում էին գիտակցված մահվան, հավատում էին մահվանից հետո կյանքի գոյությանը, հավատում էին, որ նահատակությամբ պիտի միանան իրենց հավատի զորագլուխ Հիսուս Քրիստոսին. վայրկյան առաջ մարմնից դուրս գալու եւ Քրիստոսին միանալու տենչն անվախ էր դարձնում նրանց, քանզի գիտեին, որ ժամանակավոր են չարչարանքները, սակայն հավիտենական է հանգիստը` արքայության մեջ, հավատում էին համընդհանուր հարությանն ու արդարների երանավետ փառքին արքայության մեջ: Հարության անխախտ հավատն իրենց սրտում գիտակցված մահվան գնացին նաեւ մեր սուրբ Վարդանանք, որոնց համար նույնպես «Կյանքը Քրիստոսն էր, իսկ մեռնելը` շահ» (Փիլ. Ա 21): Նրանք գիտեին, որ մահը սկիզբն է հավիտենականության, որ մահվամբ ամեն ինչ չի վերջանում, այլ սկսվում է միայն: Մահը վերջին օրն է այս ժամանակավոր կյանքի, առաջին օրը` հավիտենականության: Ահա թե ինչու այս անխախտ հավատն իր սրտում չունեցող մարդը չի կարողանում մխիթարություն գտնել հարազատի կորստի դեպքում, անհույս տառապում ու սփոփանք չի գտնում, որովհետեւ չի հավատում, որ նորից է տեսնելու իր սիրելիին, երբ Տերը գա` աշխարհը դատելու, երբ ննջեցյալները հարություն առնեն մեռելներից ու կանգնեն ահեղ դատաստանի առջեւ, որպեսզի յուրաքանչյուրը ժառանգի այս աշխարհում իր սերմանածի պտուղները…

Քրիստոսի լույս հարության հավատն ու արդար դատաստանի սպասումն են մեզ ուժ տալիս համբերությամբ ու հնազանդությամբ կրելու կյանքի հասցրած դժվարություններն ու դառն հարվածները, ամեն քայլափոխի հանդիպող գայթակղություններն ու փորձությունները: Քրիստոնյան իր կյանքի ամենաողբերգական ու մռայլ պահերին անգամ զորանում է Քրիստոսով, պայքարելու ուժ գտնում, որովհետեւ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»` խոստանալով. «Ուր ես եմ, այնտեղ կլինի եւ Իմ ծառան…» (Հովհ. ԺԲ 26): «Ես հաղթեցի աշխարհին»,- ասաց Նա, Ով զորացնում է Իր հետեւորդներին` Իր օրինակով հաղթելու մահվան բռնությանը, ժառանգորդը լինելու Երկնքի արքայության: Քրիստոսի հարությամբ մահն այլեւս սարսափելի չէ քրիստոնյայի համար, որովհետեւ նա փորձում է հնարավորինս «հաշտ ապրել մահվան» հետ իր «պանդխտության ժամանակը»` ամեն օր սպասելով նրան` իբրեւ բարեկամի:

Ուրեմն զուր չկոչենք մեզ քրիստոնյաներ, եթե հարության հույս ու հավատ չունենք… Ամեն անգամ Քրիստոսի հրաշափառ Հարության հոգենորոգ տոնը տոնելիս, հարության խորհրդի առջեւ անկեղծորեն հարց տանք ինքներս մեզ. «Իսկ ես հավատո՞ւմ եմ հարության իրողությանը, թե՞ այն ինձ համար հեքիաթ է լոկ»: Խնդրենք Աստծուն զորացնել մեր հավատը, որպեսզի առավել լուսավորվեն մեր հոգու աչքերը` հավատալու ավետարանական ճշմարտություններին, Աստծո անսուտ խոստումներին: Փարատենք մահվան վախը մեր հոգիներից, քանզի մեր Փրկչի մահն ազատագրեց մեզ. «Քրիստոս հարյավ, իսկ դեւերն ընկան, Քրիստոս հարյավ, եւ հրեշտակները ցնծում են…» (սուրբ Հովհ. Ոսկեբերան): Քրիստոս հարյավ, եւ մահը կուլ գնաց հաղթության: Պողոս սրբազան առաքյալի հետ հաղթականորեն գոչենք. «Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթությունը, ո՞ւր է, գերեզմա՛ն, քո խայթոցը» (Ա Կորնթ. ԺԵ 55): Հաղորդ լինենք Քրիստոսի լույս հարության անմահացուցիչ զորությանը: Փա՜ռք Քրիստոսի ամենազոր հարությանը…

«Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի»

Անժելա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s