ՊԱՐԶ ՔԱՐՈԶՆԵՐ

(հատված գրքից, էջ 83-87)


ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ է ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

 (2011 թ.)


Մանկավարժ, գրականագետ, քարոզիչ Էմմանուել քհն. Նազարյանցը թողել է զգալի գրական ժառանգություն` ինքնուրույն թե թարգմանական: Նրա գրքերից հայտնի են
«Հիսուս Քրիստոսի մկրտությունը», «Չարչարանքի շաբաթը» եւ «Պարզ քարոզներ» քառահատոր ժողովածուն: Ներկա հրատարակությունն ընդգրկում է նրա «Պարզ քարոզները», որոնք այսօր էլ պահպանում են իրենց կենդանի ուժն ու ներգործությունն ընթերցողների լայն շրջանակի վրա:

 

ԲԱՆ Գ

«Ապաշխարեցե՛ք եւ հավատացե՛ք Ավետարանին»

(Մարկ. Ա:15)

 

Մինչեւ կոկորդը մեղքի մեջ խրված մարդկությանը Հիսուսը երկու հրաման է արձակում` ապաշխարել եւ հավատալ Ավետարանին: Բայց Ավետարանի շատ խրատներ, Հիսուսի շատ պատվիրաններ, Եկեղեցու շատ պահանջներ մեր ժամանակներում միայն գրքերում ենք տեսնում, եկեղեցում լսում: Իսկ իրականում ոչ մի տեղ չեն պահպանվում: Աղոթքից սառած ժողովրդից, պահեցողությունը մոռացած քրիստոնյայից, մեղքն արհամարհող մարդուց ի՞նչ ունենք զարմանալու, որ ապաշխարության չի գնում, մեղքերը չի զղջում:

Այս աշխարհասեր ժողովրդի մեջ ավելի հեշտ կարելի է գտնել իրենց հոգու վրա հսկող, իրենց անմեղությունը պահպանող մարդիկ, քան թե ապաշխարող մեղավորներ: Այն մարդը, որ չի զգում, թե վերք է ստացել, պետք չունի սպեղանիների մասին մտածելու: Ով չի խոստովանում, որ ինքը հիվանդ է, ի՞նչ կարիք ունի բժշկի դիմելու: Մեղքն ու մեղանչելն էլ հոգի կորցնող բան չի թվում մեզ, ուստի սովորական երեւույթների կարգն է անցել: Կա՞ այնպիսի մարդ, որ կա՛մ մտածությամբ, կա՛մ խոսքով, կա՛մ գործով մեղանչելիս չլինի: Ավելի ճիշտն ասենք` կա՞ այնպիսի մի քրիստոնյա, որ հենց այդ երեք կերպով էլ մեղանչելիս չլինի: Կարո՞ղ ենք մեկ օր մթնեցնել, կարո՞ղ ենք մի քայլ փոխել, որ կա՛մ աչքերով չտեսնենք մեղքը, կա՛մ ականջներով չլսենք: Ո՛չ եւ ո՛չ: Անցել են այն ժամանակները, երբ մեղքը ծանր էր գործողի համար, զզվելի` լսողի համար, սոսկալի` տեսնողի համար: Իսկ այժմ մեղքն իր բոլոր կեղտոտ, ապականիչ կողմերով գործվում է մեր աչքի առաջ, հրապարակի վրա, բարի լույսի հետ, եւ սակայն տեսնում ենք անտարբեր, անցնում ենք անուշադիր: Բայց սրբերից մեկն ասում է. «Եթե ես գիտենայի, թե իմ մտքի մի խորհուրդը, իմ սրտի մի ցանկությունը, իմ ձեռքի մի գործն ուղղակի առ Աստված չպետք է նայի, Աստծո ուզածի պես չպետք է շարժվի, կցանկանայի, որ ո՛չ միտք ունենայի, ո՛չ սիրտ եւ ո՛չ ձեռք»:

Դանակի, սրի հարվածը մարմինն է վիրավորում, լեզվի, խոսքի պատճառած վիշտը սիրտն է վիրավորում, բայց մեղքի հարվածը հոգին է վիրավորում եւ աղտոտում: Եթե կարելի լիներ հոգին տեսնել, նրան սեւացած, բծերով լի, ուռուցքներով պատված եւ զազրատեսիլ տեսնելով` պետք է ամոթից կարմրեինք: Եթե մարմնի թանձրության եւ ոսկորների կարծրության միջով երեւում է նրա տգեղությունը, ի՞նչ կլիներ, եթե մերկ լիներ:

Մեղքի տված վնասները շատ-շատ են: Եթե մի քաղաքում մահը կոտորած է անում, թեպետ շատերն են մեռնում, բայց շատերն էլ ազատվում են: Եթե մրրիկը կարկտահար է անում մի այգի եւ վնասում շատ պտուղներ, շատերն էլ անվնաս են մնում: Եթե ծովն ալեկոծվում է եւ մի քանի նավ խորտակում, մի քանիսն էլ ազատվում են: Բայց երբ մեղքը մտնում է մեր հոգին, ամեն լավ բան ավերում, ամեն բան ոչնչացնում է: Մեղքը ոչ միայն մեր մարմինն է քայքայում, մեր հոգին ապականում, այլեւ Աստծուն է վիրավորում: Եթե մեկը փչացնում է թագավորի պատկերը կամ նշանավոր նկարչի մի նկարը, դրանով վիրավորում է թագավորին, նկարչին: Իսկ Աստված երկնային թագավորն է եւ ամենքի նկարիչն ու արվեստավորը, ուրեմն մեղքը, որ մեզանում Աստծո պատկերն է փչացնում, Աստծուն է վիրավորում: Եթե մեկը քաղաքում օրենքին հակառակ աղմուկ է բարձրացնում, անկարգություն անում, դրանով բարկացնում է ոստիկանությանը, իսկ մեղքն Աստծո օրենքներին հակառակ գնալն է, ուրեմն մեղքը բարկացնում է Աստծուն:

Մեղքն այրում, չորացնում է մեր հոգու ջլերը, փշրում-խորտակում է մեր խորհուրդների ոսկորները եւ փչում-մարում է մեր մտքի լույսը: Եթե մեղքը մեր ամենասիրելի Բարեկամին սպանեց, մենք էլ նրան մեր ամենագլխավոր թշնամին պետք է համարենք: Մեր «Տիրոջն ու Ուսուցչին» սպանողին պետք է մեզ սպանող համարենք, այս պատճառով պետք է նրա դեմ զինվենք մեր բոլոր ուժով ու հնարներով: Իսկ եթե կռվի մեջ հաղթվենք, պետք է դիմենք ապաշխարությանը:

Աստված մեղավորին աչքից շուտ չի գցում: Նա ամեն հնար ու միջոց տալիս է նրան` դարձի գալու համար, եւ շուտ ձեռք չի քաշում նրանից: Մանասե թագավորին քառասուն տարի ժամանակ տվեց, ջրհեղեղի դարի մեղավորներին` հարյուր տարի, իսրայելացի ազգին` հազար հինգ հարյուր տարի: Բայց սոսկալի պատիժ է, եթե Աստված մեղավորին թողնում է իր մեղքի մեջ, եթե նրանից ձեռք է քաշում` թողնելով, որ իր սրտի ուզածն անի: Եվ վա՛յ այն մեղավորին, որի բանը հաջող է գնում աշխարհումս, դա նշան է, թե զոհ պետք է գնա Աստծո բարկությանը: «Այս ի՛նչ բան է,- աղաղակում է Երեմիա մարգարեն,- որ չարերի ճանապարհները հաջողված են»: Բայց շուտով էլի ինքն է պատասխանում. «Գիտեմ, գիտեմ, ո՛վ Աստված, Դու նրանց ժողովում ես՝ կոտորելու համար»:

Մեղքերի բեռից թեթեւանալու միակ միջոցն ապաշխարությունն է, եթե միայն մարդս, զգալով իր մեղավորությունը, կամենում է ուղղվել, Աստծուն մոտենալ: Ապաշխարությունը զղջացողի համար երկրորդ ավազան է: Ինչքան մկրտությունն է հարկավոր քրիստոնյա չեղող մարդուն, այնքան էլ ապաշխարությունն է հարկավոր մեղավոր քրիստոնյային, որովհետեւ թե՛ մեկով եւ թե՛ մյուսով մեղքերը լվացվում են: Ջուրն ու անձրեւը տեսանելի կրակն են հանգցնում, իսկ ջերմ արցունքը մեղքի կրակն է հանգցնում: Ապաշխարությունը զղջացող մարդու վրեժխնդրությունն է, որով նա պատժում է իր անձը: Իսկ նա, ով ապաշխարության չի դիմում, մեղքի վրա մեղք է դիզում, կպատժվի անհանգչելի կրակով: Մարդս գտնվում է Աստծո եւ արարածների մեջտեղում, Աստծո կամ արարածների կողմը լինելն իր ձեռքին է: Եվ նա անպատճառ կա՛մ Աստծո կողմն է, կա՛մ արարածների: Երբ մեկը ծանր կերպով մեղանչում է, այդ ժամանակ նա մեջքը դարձնում է Աստծո կողմը, երեսը` արարածների կողմը` արարածներին ավելի սիրելով, քան նրանց Արարչին: Իսկ երբ մեկը զղջում է իր մեղքը, այդ ժամանակ նա դառնում է առ Աստված` մեջքը դարձնելով արարածների կողմը:

Ծանր բան է մեղքի մեջ ընկնելը, բայց ավելի ծանր է մեղքի մեջ մնալը, վատ բան է վերքերով խոցոտվելը, բայց ավելի վատ է վիրավորված մնալը, բժշկին ցույց չտալը: Մարմնավոր ցավերի ու վերքերի համար բժիշկը դառը դեղեր է տալիս, այրում է մեր վերքերը, բայց հոգեւոր բժիշկը` սուրբ Եկեղեցին, մեր հոգեւոր վերքերի վրա այնպիսի զովացուցիչ բալասան է դնում, որ առանց երկար տանջելու` մի րոպեում բժշկում է վերքերը: Մարմնավոր հիվանդությունների համար դեղերին ու բժշկին պետք է գումար տալ, եթե մի բժիշկը չի օգնում, մյուսին պետք է դիմենք, շատ անգամ մեր տեղում բժիշկ չկա, սարեր պետք է կտրենք, ծովեր պետք է անցնենք, ուրիշ երկրներում բժիշկ ու դեղ փնտրենք: Շատ անգամ էլ այնպես է պատահում, որ ողջ աշխարհը պտտում ենք, բայց բժիշկ ու դեղ չենք գտնում: Իսկ մեր հոգեւոր հիվանդությունները բժշկելու համար այդ նեղություններից ոչ մեկը չկա, բժիշկն էլ է մեր կողքին, դեղն էլ եւ ոչ թե մեր կողքին, այլ հենց մեր մեջ է: Հոգեւոր վերքերի դեղը սրտի խորքից դուրս եկած հառաչանքն է, արտասուքի երկու կաթիլն է, հոգեւոր դեղը երկու բառ է` մեղավոր եմ, Տե՛ր Աստված, քավի՛ր ինձ` մեղավորիս:

 

***

 Մարդը, զգալով, որ ինքը խրված է անթիվ մեղքերի մեջ, դրանց միջից դուրս գալու մասին ամենեւին չի էլ մտածում եւ զգալով, որ ինքն արդեն կորած է, թողության ոչ մի հույս չունենալով` մտքով չի էլ անցկացնում ապաշխարել: Բայց շատ կսխալվենք, եթե այդպես դատենք: Երկնավոր Դատավորը երկրավոր դատավորի պես չի դատում: Երկրավոր դատավորի հոգը չէ, թե մեկը, օրենքի դեմ մեղանչելով, շեղվել է ուղիղ ճանապարհից եւ իր համար սեւ ու մութ ապագա պատրաստել: Նա հիշում է օրենքի հոդվածը, դատաստան է անում եւ արժանի պատիժ տալիս: Բայց երկնավոր Դատավորը միշտ մտածում է ներելու մասին, երկնավոր Հովիվը հոգում է մոլորյալ ոչխարի հոգսը, երկնավոր Հայրն սպասում է անառակ որդու դարձին. «Մեղավորի մահը չեմ ուզում ես»,- ասում է Նա:

Ուրեմն թող ո՛չ ոք չասի, թե սխալվեցի, խաբվեցի, ոտքով-գլխով կորա, այլեւս փրկության հույս չկա, խավարեցի, կուրացա, այլեւս աչք բացելու հնար չկա, վիրավորվեցի, մեռա, այլեւս հարության հույս չկա: Նա, որ չորս օրվա թաղված Ղազարոսին հարություն տվեց, մի՞թե քեզ, որ կենդանի ես, չի կարող ոտքի կանգնեցնել: Նա, որ Իր սուրբ արյունը խաչի վրա թափելով, քեզ փրկեց քո առաջին ծնողների մեղքից, քեզ ավելի հեշտ չի՞ փրկի քո սեփական մեղքերից: Ո՛չ, փրկվելուդ հույսը չպետք է կտրես, հուսահատությունը վտանգավոր է: Այն հիվանդը, որ բժշկվելու հույս չունի, արդեն ինքն է հեշտացնում իր քայքայվելը, ինքն է մոտեցնում իր մահը, իսկ այն հիվանդը, որ հույս ունի բժշկվելու, խնայում է իր անձը եւ դեղ ու դարման է փնտրում: Այն ավազակը, որ թողություն ստանալու հույս չունի, ավելի հանդուգն է դառնում եւ ուղղակի դեպի կորուստն է դիմում, իսկ նա, ով թողության հույս ունի, զսպում է իրեն, ուղղում է իրեն: Քո մեղքերի շատությունը չի կարող հաղթել Աստծո ողորմությանը, քո վերքը, քո հիվանդությունը չեն կարող այնպիսի վերք, այնպիսի հիվանդություն լինել, որ «իմաստուն եւ ճարտարապետ Բժիշկը» չկարողանա բժշկել: Ուրեմն մեղանչեցի՞ր, հույսդ մի՛ կտրիր. Աստված մարդասեր է: Ադամը բանի տեղ չդրեց Աստծո պատվիրանները, իր կամքն առաջ տարավ: Աստված չէ՞ր կարող նրան իսկույն եւեթ փոշի դարձնել: Բայց բավականացավ նրան դրախտից դուրս գցելով եւ նրա դիմացը բնակեցնելով, որ լավ տեսնի ու իմանա, թե ինչ տեղից, ինչպիսի փառքից ու պատվից ընկավ, որ ամեն օր տեսնի եւ ապաշխարության կարոտի, կրկին իր տեղը դառնալուն արժանանա: Կայենն սպանեց իր եղբորը, բայց Աստված չսպանեց Կայենին, այլ թեթեւ պատիժ տվեց նրան. «Երերվես ու տատանվես,- ասաց,- աշխարհի վրա, հանգստանալու տեղ չգտնես»: Ինչքա՞ն մեծ էր հանցանքը, բայց ինչքան փոքր՝ պատիժը:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s