ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԱՌԱԿՆԵՐ

«ՄԵԾ ԽՆՋՈՒՅՔԻ ԱՌԱԿԸ»

(Ղուկ. ԺԴ 15-24)


Մեր հյուրն է Բյուրավանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Ղազար քհն. ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

 Սկիզբը՝ 2011 Ապր. Ա

 – Եվ ահա սկսվում է բուն առակը. «Մի մարդ ընթրիք սարքեց եւ հրավիրեց շատերին…. Եվ ամենքը մեկ-մեկ սկսեցին հրաժարվել…» (տե՛ս Ղուկ. 16-24)։

– Ակնհայտ է, որ ընթրիք սարքողը խորհրդաբար մատնանշում է Աստծուն. Աստված մեծ ընթրիք կազմակերպեց՝ Իր Որդուն զոհագործելով։ Աստված այդ տիեզերական սրբազան սեղանը բացեց եւ բաց է պահում Քրիստոսի ժամանակներից մինչեւ այսօր, եւ այդ սեղանը սբ Պատարագն է, որտեղ հանապազ զոհագործվում են Քրիստոսի մարմինն ու արյունը, որտեղ աստվածային սրբություններն են ներկա, եւ Աստված Ինքն է ներկա՝ Իր սուրբ մարմնի եւ արյան հաղորդությամբ։ Այս տիեզերական ընթրիքին հրավիրվել եւ հրավիրվում են շատ-շատերը։ Առաջին հրավիրյալները հրեաներն էին, մնացած ազգերն արժանի չէին հրավիրվելու, որովհետեւ հեթանոսության մեջ խավարած էին։ Սակայն ընտրյալները՝ առաջին հրավիրվածները, անարժան գտնվեցին. հրեա ազգը խաչեց Քրիստոսին։ Փոխարենը հեթանոս ազգերը, որ առակում ներկայացված են իբրեւ աղքատների, խեղանդամների, կաղերի, կույրերի եւ պատահական մարդկանց մի հավաքականություն, անսացին Տիրոջ կանչին, դիմեցին դեպի սբ Սիոն, Տիրոջ սուրբ խաչից օրհնություն առան, Տիրոջ մարմինն ու արյունը ճաշակեցին եւ առավել սրբագործվեցին, քան հրեա ազգը, որը մնաց իր ամբարիշտ սնափառության մեջ եւ այդպես էլ չճաշակեց Տիրոջ ընթրիքից։ Սա՝ իբրեւ դիտարկում պատմական եւ ավետարանական հարթության վրա։ Սակայն առակն ունի նաեւ առավել ընդհանրական՝ զուտ անձնական, ներհայեցողական իմաստ, որը հատուկ է բոլոր ժամանակների մարդկանց, բոլորիս, եւ սա արդեն բարոյական կողմն է։ Տեսեք՝ մորթված է պարարտ զվարակը, զոհը մատուցված է, սեղանը պատրաստ է, ինչը, ասացինք, Քրիստոսի զոհագործությունն է խորհրդանշում. փրկագործությունն իրագործվել է, Քրիստոսը ջախջախել է սատանայի գլուխը, եւ ահա հրավիրակները կանչում են ընտրյալներին, արժանավորներին։ Եվ տեսե՛ք արժնավոր մարդկանց՝ ընթրիքից հրաժարվելու պատճառները. «Առաջինն ասաց. «Ագարակ գնեցի եւ պետք է, որ գնամ տեսնեմ. խնդրում եմ քեզ, ինձ հրաժարված համարիր»։ Եվ մյուսն ասաց. «Հինգ լուծ եզներ գնեցի. գնում եմ դրանք փորձելու. խնդրում եմ քեզ, ինձ հրաժարված համարիր»։ Իսկ մյուսն ասաց. «Կին եմ առել, դրա համար էլ չեմ կարող գալ» (Ղուկ. ԺԴ 18-20)։ Երեք պատճառներն էին՝ ագարակ, եզներ, ամուսնություն։ Մերօրյա տերմինաբանությամբ՝ անշարժ գույք, շարժական գույք, ընտանիք։ Որեւէ մեկը մեղսալից պատճառաբանություն չբերեց, որեւէ մեկը չասաց. «Կներես, բայց այսօր գողության եմ գնալու» կամ՝ «Մարդ եմ սպանելու»։ Հրաժարվելու երեք պատճառներն էլ, ըստ էության, դրական շարժառիթներով էին թելադրված. չէ՞ որ Աստված Ինքն է արտոնել, որ մարդն ագարակ գնի, եզներ պահի, ամուսնանա եւ այլն, մի խոսքով՝ իր երկրային պարտականությունները կատարի։ Իրականում, սակայն, այս բոլոր պատճառները վարպետորեն քողարկված խաբեություններ էին, որոնցով իբրեւ թե արդարացվում էր Տիրոջ հրավերը մերժելը։ Իսկ եւ իսկ սատանայի լարած թակարդ։ Իրականում սատանան, մարդկանց մոլորեցնելով, բարի գործերի անվան տակ նրանց զրկեց արքայական սեղանից, զրկեց Պատարագից ու սրբությունից, զրկեց մխիթարությունից։ Եվ գիտեք՝ շատ բան չի փոխվել. նույնն այսօր է կատարվում։ Մարդուն ասում ես. «Եղբա՛յր, դու քեզ քրիստոնյա՞ ես համարում»։ «Այո՛, իհարկե»,- պատասխանում է։ Հարցնում ես. «Կնքվա՞ծ ես»։ «Անպայմա՛ն»։ Մի հռչակավոր սրբավայրի անուն կտա՝ Սբ Էջմիածին, Սբ Գեղարդ, Խորվիրապ… Ու երբ հարցնում ես. «Բա ինչո՞ւ չես մասնակցում սուրբ Պատարագին եւ հաղորդվում Տիրոջ մարմնին ու արյանը, ճաշակում երկնային սուրբ սեղանից, որ ամեն կիրակի բացվում է սուրբ եկեղեցու խորանի վրա», ասում է. «Գիտե՞ք, տե՛ր հայր, ժամանակ չունեմ»… Օհո՜, սրա կարծիքով, ուրեմն, Պատարագը պարապ մարդկանց մի հավաքույթ է, եւ ինքն էլ շատ ավելի կարեւոր գործերով է զբաղված, ինչպես առակի հրավիրյալները՝ անշարժ գույք, շարժական գույք, ընտանիք, գործեր, հոգսեր, խնդիրներ… բոլորն էլ ավելի «կարեւոր», քան սբ Պատարագը։ Սո՛ւտ է։ Տիրոջ համար այս պարագայում բոլոր պատճառաբանություններն են անընդունելի։ Եվ «ժամանակ չունեմ» գաղափարական եզրը սատանայի հորինածն է, որ Աստծուն հակադրի։ «Ժամանակ չունեմ»,- ու բարի բաներ է մեջտեղ բերում։ Բայց մի՞թե անպայման է, որ քո բարի ու անհրաժեշտ պետքերը հոգաս հենց սուրբ սեղանի բացվելու ժամին։ Շաբաթը յոթ օր ունի, եւ դու այդ յոթ օրերից երկու ժամը չե՞ս ուզում նվիրել այդ ժամանակը քեզ պարգեւող Արարչին ու հանդուգն ձեւով ասում ես՝ «Ժամանակ չունեմ»… Հրեշտակը կհայտնվի ու կասի. «Ի՜նչ ես անում, ասա մի տեսնեմ՝ ի՜նչ է գործիդ անունը Պատարագի ժամին, որ խիստ զբաղվածի տեղ ես քեզ դնում»։ Եվ խնջույքի Տերը ոչ մի պատճառ չի ընդունելու ու չի ներելու։ Շատ խիստ ու վճռական է լինելու Աստծու խոսքը, ինչպես առակում. «Ասում եմ քեզ, որ այդ հրավիրվածներից ոչ ոք իմ ընթրիքից չի ճաշակի» (Ղուկ. ԺԴ 24)։ Եվ Աստված առակի տանտիրոջ շուրթերով Իր ծառային ասաց. «Իսկույն դո՛ւրս եկ քաղաքի հրապարակներն ու փողոցները եւ աղքատներին, խեղանդամներին, կաղերին, կույրերին բեր մտցրո՛ւ այստեղ… որպեսզի տունս լցվի» (Ղուկ. ԺԴ 21-23)։ Այս նույն ցասումով Աստված պատժեց հրեա ազգին։ Քրիստոսն ասաց. «Դուք հոր կողմից սատանայի զավակներ եք, եւ ձեր հոր ցանկություններն եք ուզում կատարել…» (Հովհ. Ը 44)։ Եվ այդ մարդիկ՝ Քրիստոսին խաչողները, այդպես էլ զրկվեցին աստվածային սրբությունից, եւ իրենց հետագա ամբողջ զարգացումն այլեւս մերժված եղավ՝ քահանյությունը դադարեց, տաճարն ավերվեց… Եվ այդքան պատիժներից հետո, ինչպես ասում են, իմաստունն իմաստնացավ, անմիտն ավելի անմիտ դարձավ։ Եթե Աստված չխնայեց Իր իսկ ժողովրդին՝ Իր սիրելի Աբրահամի, Մովսեսի, Ահարոնի սերնդին, ապա Նա որեւէ մեկին չի խնայի աստվածուրացության համար։ Մեզ էլ չի խնայի, որքան էլ որ ասենք՝ առաջին քրիստոնյա պետությունն ենք, եթե մենք արհամարհում ենք Իր սրբազան սեղանը, Իր Որդու սրբազան արյունն ու մարմինը։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ զգուշացնելով հիշեցնել մեր բոլոր հայրենակիցներին, մեր ժողովրդի ու մեր Եկեղեցու զավակներին. երբ խոսքը տոնական Պատարագների մասին է, եւ որեւէ մեկն ասում է, թե ժամանակ չունի, մեծ մեղքի տակ է ընկնում։ Երբ Աստված իրեն պատժի, ինքը կհասկանա, որ իր ամբողջ կյանքն ունայնություն է եղել։ Երբ մի գեշ հիվանդություն ձեռք բերի ու շա՜տ ժամանակ ունենա, նոր կհասկանա, որ այդ բոլոր զբաղմունքներն ուռենու տերեւներ էին, որ չորացան ու թափվեցին եւ այլեւս չկան։ Եվ մնացել են ինքը եւ Աստված։ Իսկ ահեղ դատաստանին պատասխան չի ունենալու Աստծու առաջ։ Հետեւաբար, սիրելի՛ եղբայր, սիրելի՛ քույր, քո վարքն այստե՛ղ շտկիր, քանի դեռ ուշ չէ։ Տե՛ս՝ առակի մեծ խնջույքի տանտերը՝ Աստված, ամեն ինչ արեց քո փրկության համար, ինչո՞ւ չես ուզում ծառայել Նրան, ի՞նչ պատճառներ ես հորինում եւ քո սխալների մեջ մոլորված՝ անզեղջ մնում։ Քո իսկ օգուտի, քո իսկ փրկության համար ճիշտն այն է, որ արձագանքես հրավերին, սիրո՛վ արձագանքես, գնաս դեպի Աստված, խոնարհվես եւ ամենակարեւորը՝ Տիրոջ սրբազան մարմինն ու արյունը ճաշակես ու մշտապես սրբության մեջ այս անցողիկ կյանքն ապրես՝ վայելելով Աստծու պարգեւած սեղանը եւ Տիրոջ ներկայությունը, Որին փա՜ռք հավիտյանս։ Ամե՛ն։

 

Հյուրընկալեց Հայկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s