Սկիզբը՝ 2010-ի Նոյ. Բ — 2011-ի Ապր. Ա

Դժվար է ասել, թե ինչ էին մտածում լեհահայերի մասին Էջմիածնում, քանի որ պատմությունը հիշատակներ չի պահպանել։ Թերեւս գործը բարձիթողի չէր։ Պողոս Եվդոկացու նվիրակությունից հետո այդ գործով զբաղվեց Վալախիայի նվիրակը։ Նիկոլի՝ Լեհաստանից հեռանալուց հետո Հակոբ կաթողիկոսը, որին լատին պատմիչը հերձվածող է համարում, որպես Նիկոլի հաջորդ է ուղարկում Թեոդորոս վարդապետ Վարդանյանին, որը Լվովի նշանավոր դատավորի որդին էր եւ Ստեփանոս Վարդանովիչ վարդապետի եղբորորդին։ Թեոդորոսը կրթվել էր Լեհաստանում եւ հետո հորեղբոր կողմից կանչվել էր Էջմիածին եւ հասել վարդապետության աստիճանի։ 1671 թվի օգոստոսի 13-ին նա Կ. Պոլսում ձեռնադրվեց լեհահայոց եպիսկոպոս՝ դեռեւս երիտասարդ հասակում։ Նա ուղարկվեց սկզբում որպես տեղապահ, իսկ Նիկոլի մահից հետո՝ որպես առաջնորդ հովիվ եւ տեսուչ։ Սակայն 1671 թվի սեպտեմբերի 1-ի կոնդակով նա ուղղակի առաջնորդ հովիվ եւ տեսուչ է նշանակվում լեհահայերի վրա։ Նա պետք է իշխանությունը վարեր Հայոց Եկեղեցու կանոնների համաձայն։ Փիթուն դեռ Հռոմ չէր հասել, երբ Թեոդորոսը հասավ Լեհաստան, սակայն ետ չդարձավ եւ շարունակեց իր ուղեւորությունը։ Լոբելլին եւ Բոսսին դիմեցին լեհական թագավորին՝ պնդելով, թե Լվովի եպիսկոպոսը կենդանի է, իսկ նորին կարող է նշանակել թագավորը։ Այս բոլորով հանդերձ՝ Թեոդորոսը հանդիսավորապես մտավ Լվով, որտեղ նրա դեմ դուրս եկավ Կերիմովիչը, որը հույս ուներ Հռոմի օգնությամբ դառնալ Նիկոլի հաջորդը։ Գործը բարդ ընթացք ստացավ, եւ Թեոդորոսը Վարշավա գնաց, պաշտպանեց լեհահայերի բռնած դիրքը, թե հայերն իրենց կաթողիկոսով արդեն միացած են Հռոմին եւ ոչ թե նոր միություն են կնքում։ Սակայն հակառակորդները, շնորհիվ պետական աջակցության, ուժեղացան։ Նրան առաջարկեցին Հռոմ գնալ, բայց նա հանձն չառավ եւ գնաց Վենետիկ՝ այնտեղից Արեւելք գնալու համար։ Նա գնաց ուղղակի Բերիա, հետո՝ Իսպանի, որտեղ քաշվում է դոմինիկյան վանքը՝ ընդունելով հռոմեադավանություն, սակայն անգամ լատին պատմիչը չի հավատում նրա հռոմեադավան դառնալուն։ Թեոդորոսը մահացավ 1700 թվի փետրվարի 12-ին եւ թաղվեց Հռոմում։ Նրա Իսպանիա գնալու եւ մահվան հետ կապված մանրամասները պատմությունը չի պահպանել։

Թեոդորոսի հանգամանքն ստիպեց Հռոմին լրջորեն զբաղվել լեհահայերով։ Մի պահ մտածեցին մի ուժեղ լատին միաբանության հանձնել գործը, բայց թեաթինյանների կարգապետը հանձն չառավ, թեպետ Փիթուն դա ուզում էր։ Մտածեցին դիմել դոմինիկյաններին, որոնք հաստատություն ունեին Վարշավայում, սակայն դա էլ կյանքի չկոչվեց։ Նիկոլին իր անառակ վարքի պատճառով չէին ուզում վերադարձնել, որին գումարվում էին նրա անհաստատ բնավորությունը եւ երկդիմի վարքագիծը։ Այժմ հայերը Նիկոլի վերադարձը չարյաց փոքրագույնն էին համարում։ Մտածեցին որպես Նիկոլի տեղապահ նշանակել լվովցի հայր Պատրիալովիչ դոմինիկյան կրոնավորին, Զամոստիայի ավագերեց Հովհաննես Քրիստոստուրովիչին եւ փոխանորդություն վարող Հովհաննես Կերիմովիչին, բայց վստահ չէին ընտրությանը։ Հետո կանգ առան Վարդան Հունանյանի վրա, որը Եվդոկացու աշակերտն էր եղել եւ կրթվել Փիթուի ու Գալանոսի ձեռքի տակ։ Նա Հռոմ էր գնացել եւ երկու տարի էլ սովորել էր Հռոմի դպրանոցում։ Նրան կատարյալ վստահում էին։ Այդ ժամանակ տեղի ունեցավ Քյոփրյուլիօղլուի արշավանքը լեհահայերի դեմ։ Թուրքերը 1672 թվի օգոստոսի 26-ին գրավեցին Կամենիցը, իսկ սեպտեմբերի 9-ին՝ Լվովը։ Լոբելլին ու Բոսսին փախան Կրակով, նրանց դպրոցը քանդվեց, աշակերտները ցրվեցին, եւ լեհահայերի վերաբերյալ որոշումների իրագործումը հետաձգվեց։ Այս ընթացքում հայկական ծեսերն ուղղագրվեցին լատինականի համեմատ՝ հատուկ հանձնաժողովի կողմից, որին մասնակցում էին Փիթուն, Վարդան Հունանյանը եւ ուրիշներ։ Սրանց արածն աղավաղված էր, խճողված, որ անգամ Հռոմը չարտոնեց դրանք տպել։

1673 թ. ամռանը Յան Սոբեսկին հաղթեց թուրքերին։ Իսկ 1973-ի սեպտեմբերի 5-ին Պրոպագանդայի ժողովն արտակարգ հավաքվեց՝ քննելու Փիթուի առաջարկած տասը պայմանները։ Դրանցից առաջինն արգելում էր հայերին հեռանալ լատինացիների միությունից։ Բայց այս անգամ էլ որոշում չկայացվեց, Փիթուն կամենում էր Լվով վերադառնալ եւ թույլ չտալ, որ իր աշխատանքները վտանգվեն։ Նա համոզում էր, որ Նիկոլին թույլ տան վերադառնալ՝ հարմար օգնականի ընկերակցությամբ։ Փաստարկ էր բերում այն հանգամանքը, որ Նիկոլն իր առաջացած տարիքով չի կարող վտանգավոր լինել։ 1673 թվի նոյեմբերի 17-ին որոշումը կայացվեց, եւ դեկտեմբերի 2-ին Փիթուն Հռոմից մեկնեց եւ հաջորդ տարվա փետրվարի 1-ին հասավ Լվով։ Նա իսկույն ձեռնամուխ եղավ քանդված դպրոցի վերաշինությանը, աշակերտներ հավաքելուն եւ հռոմեադավանությունը հայերի մեջ տարածելուն։ Մարտի 30-ին մահացավ Լոբելլին, որը մեծապես օգնում էր Փիթուին։ Այս ընթացքում Լվովը կրկին պաշարվեց թուրքերի կողմից, բայց Սոբեսկին նրանց ետ շպրտեց, որը մի փոքր առաջ ընտրվել էր Լեհաստանի թագավոր։ Փիթուն աշխատում էր Նիկոլին ետ վերադարձնել, որի տեղապահը պետք է լիներ Հունանյանը։ Նա ստացավ Լեհաստանի արքունիքի համաձայնությունը, եւ Նիկոլը, ձեռնադրելով Հունանյանին Եպիփանիայի տիտղոսով, ուղեւորվեց Կրակով։ Նրանից հետո գալիս էր Հունանյանը։ Օսմանյան արշավանքի հետեւանքով նրանց գալը ձգձգվեց, եւ միայն հոկտեմբերի 2-ին նրանք Լվով մտան եւ ընդունվեցին մեծ հանդեսով։ Իսկ հոկտեմբերի 27-ին ներկայացան արքունիք։ Փիթուն հույս ուներ, որ Նիկոլը կշարժվի միայն իր հրահանգներով, սակայն շուտով փոխադարձ դժգոհություններ մեջտեղ ելան, քանի որ Նիկոլն սկսեց հետեւել կենցաղավարության իր նախկին կարգին եւ հանդես բերեց մեծ ագահություն, սկսեց նեղություն պատճառել լատիններին, անարգել Հունանյանին եւ վերականգնեց նախկին կացությունը։ Իր նախկին սիրուհուն կրկին վերցրեց իր հովանավորության ներքո, որին ամուսինը լքել էր՝ տեսնելով, որ Նիկոլը հաճախ գալիս է նրան տեսության։ Երբ կինը հիվանդացավ, նա նրան Սբ Խաչի վանքում բնակեցրեց, իսկ մեռնելուց հետո մեծ հանդեսով կազմակերպեց հուղարկավորությունը։ Սիրուհուն թաղեց ֆրանցիսկյանների եկեղեցում։ Իսկ նրա զավակները, հոռի դաստիարակության պատճառով, իրենց հորից ավելի լավը չեղան։

Նիկոլը Լվով վերադառնալուց հետո ապրեց 5 տարի եւ մահացավ 77 տարեկան հասակում՝ 1681 թվին։ Նրա անունը կարելի է հիշել միայն արգահատանքով, քանի որ նա եղավ պատճառը լեհահայության ուծացման։

Իսկ ինչպիսի՞ն էր իրավիճակը Կ. Պոլսում։ 1670-ին պատրիարք դարձած Ստեփանոս Մեղրեցին խոհական անձնավորություն էր եւ կարողացավ խաղաղ դրություն հաստատել։ Սակայն 1674-ին նա մահացավ։ Պատրիարքարանի պարտքերի համար նա բանտարկվել էր եւ ազատվելուց երկու օր անց մահացել։ Անշուշտ, բանտը արագացրեց նրա մահը։ Ըստ երեւույթին, նրա պատրիարքության վերջին շրջանում կրկին ընդդիմադիր խմբակցություններ էին հանդես եկել՝ պատրիարքությանը տիրանալու համար։ Նրան հաջորդեց Հովհաննես Թոփալը կամ Կաղը, որն Ամասիայից էր կամ Սամաթիայից։ Նա պատրիարք դարձավ քահանայության աստիճանում։ Սա էլ խոսում է ապօրինության մասին։ Պետք էր կուսակիցներ վաստակել, կաշառք տալ եւ ստանալ պատրիարքությունը։ Քահանաների դերը Կ. Պոլսի 6 հայկական թաղերում մեծ էր, եւ հիմնականում նրանք էին ընտրության գնում։ Պաշտպանելով այս կամ այն եպիսկոպոսին՝ նրանք մեծացնում էին իրենց ազդեցությունը։ Հովհաննեսի պատրիարքությունն ինչպես անակնկալ սկսվել էր, այնպես անակնկալ էլ ավարտվեց։ Սրա ժամանակ եղան Չինիլիհամամ թաղի Սբ Սարգիս հրկիզված եկեղեցու վերաշինությունը եւ դեռ չավարտված՝ քանդվելը։ Թերեւս, եկեղեցու փլուզվելը դարձավ նրա անկման պատճառը։ Չմոռանանք, որ Մարտիրոս Կաֆացին, որ նստում էր Կ. Պոլսում, ամենեւին անտարբեր չէր պատրիարքության հարցում։ Նա կուզենար ինքը դառնալ պատրիարք կամ իր կողմնակցին տեսնել այդ աթոռին։ Այսուհանդերձ, բոլորովին պարզ չէ նրա դերը Հովհաննեսի անկման մեջ։

Դեռ մի տարի չկար, ինչ Հովհաննեսը պատրիարք էր, երբ հայտնվում է մի ընդդիմադիր երեց՝ Ջեհեննեմ-Մերդիվենի Անդրեասը, որը թըլթըլյանների ղեկավարն էր եւ Կաֆացու հին բարեկամը։ Սակայն նրանց բարեկամությունը խզվեց, երբ Անդեասը 1675-ին Հովհաննեսին տապալեց եւ դարձավ պատրիարք՝ չմտածելով անգամ վարդապետ ձեռնադրվել։ Նա, փաստորեն, առաջին անվեղար պատրիարքը դարձավ։ Անդրեասը փորձեց հանդես գալ Կաֆացու ուղղության դեմ, սակայն շուտով ստիպված եղավ տեղի տալ մեկ այլ երեցի։ Կաֆացին գիտեր կաշառել, բայց մի իրողություն եկավ նրան օգնելու։ Քյոփրյուլիօղլու Ահմեդ փաշան, որ հիվանդ էր արդեն, կամեցավ ընկերանալ Մեհեմեդ Դ սուլթանին, երբ սա լեհական պատերազմից հետո վերդառնում էր Ադրիանուպոլիս, սակայն 1675 թվի հոկտեմբերի 30-ին մահացավ Բուրգասի մոտ՝ 42 տարեկան հասակում։ Նա 15 տարի եղել էր պետության մեծ վեզիրը։ Նրան հաջորդեց Կարա Մուսթաֆա փաշան, որ Մարզվանից էր եւ թագավորի քեռայրը։ Նա եղել էր նախկին մեծ վեզիրի մանկության ընկերը։ Կաֆացին իսկույն նոր վեզիրին գրավեց իր կողմը՝ հարուստ նվերներով, եւ Երուսաղեմի պատրիարքության հրովարտակ ստացավ։ Սակայն Երուսաղեմ չգնաց եւ Եղիազարին՝ որպես փոխանորդի, հրահանգներ ուղարկեց։ Նա Կ. Պոլսում սկսեց հավաքել Երուսաղեմի վանքի հասույթները։ Անդրեասն իր ընդդիմությունը նրա դեմ սաստկացրեց, բայց հաջողության չհասավ, քանի որ Մարտիրոս Կաֆացին նրան պաշտոնից վտարեց։ Նրա փոխարեն իրեն հլու-հնազանդ մի անուս քահանա վերցրեց գավառից՝ Կարապետ Կեսարացի անունով, որին ժողովուրդը Տեր Կրպո էր կոչում։ Կաֆացին նրան վարդապետ ձեռնադրեց, եւ Տեր Կրպոն սկսեց Կրպո Ռաբուն կոչվել։ Նա պատրիարք դարձավ 1676 թվի վերջին եւ պաշտոնավարեց մինչեւ 1679 թիվը։

Շարունակելի

 

Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s