Կան գրողներ, որոնց անունը տալիս անմիջապես պատկերացնում ես ուրույն ու անկրկնելի մի աշխարհ, որը թեեւ հավերժորեն եղել է նրանցից առաջ եւ հավիտենորեն գոյություն կունենա նրանցից հետո, բայց իր առանձնահատուկ գեղեցկություններով բոլորին հայտնի է նրա՛նց անունով եւ նրա՛նց շնորհիվ։

Այդպիսի գրող է հայ արձակի նշանավոր դեմքերից մեկը՝ Ակսել Բակունցը, որը գրականություն մուտք գործեց՝ իր հետ բերելով զանգեզուրյան μնաշխարհի նախնական ու վայրի պատկերները, լեռներում ապրող պարզ ու անապական մարդկանց հոգու գեղեցկությունների ու լուռ ողբերգությունների պատմությունները։ Բակունցի շնորհիվ հայ գրականության մեջ հավերժական գրանցում ստացավ զանգեզուրյան աշխարհը, որտեղից գալիս էր ինքը եւ որը պատկերավոր անվանեց Մթնաձոր. այսինքն՝ նախաստեղծ մի աշխարհ՝ մարդու, հողի, բույսերի ու կենդանիների հազարամյա դաշինքով, երբ փոխադարձ հաղորդակցության միջոցը դառնում է անխոս ճանաչողությունը, իսկ գրական վերարտադրման համար՝ «հնամենի, բուրյան» բառերի լեզուն…

ԿՅԱՆՔԸ

Ակսել Բակունցը, ծնունդով՝ Ալեքսանդր (Աղեքսանդր) Թեւոսյան, ծնվել է 1899 թ. հունիսի 13-ին Գորիս քաղաքում։ Հոր՝ Ստեփանի եւ մոր՝ Բոխչագյուլի նախկին հարստությունից ոչինչ չէր մնացել։ «Ես հիշում եմ մի զարհուրելի չքավորություն, «մի տուն լիքը մանուկներ», եւ այդ՝ գավառական քաղաքում, որտեղ հասարակական դիրքը որոշում էին կուպեցի արշինը եւ չինովնիկի չինը»,- մտաբերում էր գրողը։

Պատանի Ալեքսանդրը հասակ է առել μազմամարդ նահապետական ընտանիքում։ Տասը երեխա էին, տղաներից մեծը ինքն էր: 1905-ից հաճախել է քաղաքային ծխական դպրոց եւ սովորել հինգ տարի։ 1910-ի օգոստոսին համաքաղաքացիները դիմում են Էջմիածնի հոգեւոր ղեկավարությանը՝ Բակունցին ընդունելու Գեւորգյան ճեմարան։ Խնդրանքը μավարարվում է, եւ նույն տարի, որպես գիշերօթիկ սան, նա ընդունվում է

Գեւորգյան ճեմարանի 3-րդ դասարանը։ 1917-ին ավարտելով ճեմարանի դասարանական μաժինը՝ ցանկություն է հայտնում ուսումը շարունակելու լսարանական բաժնում, ինչը, սակայն, դեպքերի բերումով չի իրականանում։

Աշխատանքային գործունեությունը Բակունցն սկսել է 1912-ին՝ Գորիսի գրադարանում, նաեւ՝ որպես դասուսույց։ Վաղ տարիներից թղթակցել է մամուլին։ Առաջին գործը` «Հիմար մարդը» ժողովրդական հեքիաթի մշակումը, 1913-ին տպագրվել է «Աղբյուրում»։ 1915-ին Շուշիի «Փայլակ» թերթում Գորիսի քաղաքագլխի եւ կառավարիչների դեմ տպագրած ֆելիետոնը նրա ձերբակալության պատճառ է դառնում։ 34-րդ օրը նրան ազատում են կալանավայրից՝ պայմանով, որ ուսուցչության մեկնի հեռավոր Լոր գյուղը։ 1915-1916 թթ. նա դասավանդում է Լորի դպրոցում։ Այդ օրերի տպավորությունների ծնունդ է «Խոնարհ աղջիկը» չքնաղ պատմվածքը։

Բակունց ազգանունը ծագում է տոհմական Բեգունց ձեւից, որն առաջացել է նախապապի Բագի անունից: Ակսելը նորվեգացի գրող Բ. Բյոռնսոնի «Նորապսակներ» թատերգության գլխավոր հերոսի անունն է, ում դերը 1916-ին Գորիսում կատարել է գրողը: Այսպես ստեղծվել է Ակսել Բակունց գրական անունը:

1915-ին նա դիմել է Հայկական կենտրոնական կոմիտեին՝ առաջարկելով իր ծառայություններն արեւմտահայ փախստականներին օգնելու գործում։ «Համաձայն եմ ամենածանր ու դժվարին աշխատանքը կատարելու»,- գրում է նա։ Ցանկությունը կատարվում է երկու տարի անց. 1917-1918 թթ., որպես կամավոր, նա մասնակցել է Էրզրումի, Սարդարապատի կռիվներին։ Այս տարիներին թղթակցել է մամուլին՝ «Հորիզոն», «Աշխատավոր»։ Կարսում մասնակցել է «Ռազմիկ» թերթի խմբագրման աշխատանքներին։ 1918-ից որպես սրբագրիչ աշխատել է Երեւանի «Լույս» տպարանում, ապա՝ «Զանգ» թերթում, տպագրվել «Ժողովուրդ» լրագրում։ Այնուհետեւ. «Եղել եմ «Զանգի» խրոնիկյոր, «Հառաջի» խմբագրության թարգման եւ լրատու, «Հայաստանի աշխատավորի» խմբագրության աշխատակից։ Դաշնակցական պառլամենտում մինչ 1919-ի հոկտեմբերը եղել եմ նիստերի արձանագրող»,- շարունակում է նա։ 1919-ի նոյեմբերից Բակունցն ուսանել է Թիֆլիսի պոլիտեխնիկումի գյուղատնտեսական բաժանմունքում, նաեւ` պաշտոնավարել տեղի` Մոսկվայի կոմիտեի որբերի գիմնազիայում։ 1920-ի գարնանը մեկնել է Խարկով եւ մինչեւ 1923 թ. ուսումը շարունակել գյուղատնտեսական ինստիտուտում։ Խարկովում նա նաեւ աշխատել է, կազմակերպել դասախոսություններ, սերտ կապերի մեջ է եղել հայության հետ։

1923-ի ամռանը՝ Հայաստան վերադառնալուց հետո, մի կարճ ժամանակաշրջան Բակունցը դասախոսել է Զանգեզուրի ուսուցչական դասընթացներում։ 1924-1926 թթ. աշխատել է որպես Զանգեզուրի գավառի գլխավոր գյուղատնտես, հողբաժնի վարիչ։ 1926-ին, փոխադրվելով Երեւան, շարունակում է գյուղատնտեսի մասնագիտությամբ աշխատել հողժողկոմատի սերմնաμուծարանում՝ որպես վարչության պետի տեղակալ։ Այդ ընթացքում հիմնադրում է «Գյուղացու գրադարան» մատենաշարը, տպագրում հանրամատչելի զրույցներ, նաեւ՝ իր հեղինակած «Գալուստի վիկը», «Կարտոֆիլի մշակությունը», «Խոտորջուրի կոմունան» գրքույկները։ Մասնագիտական հոդվածներով աշխատակցում է գյուղատնտեսական մամուլին («Մաճկալ», «Նոր ակոս»

1923-1925 թթ. «Մարտակոչ» եւ «Խորհրդային Հայաստան» օրաթերթերում լույս են տեսնում նրա «Մեր գյուղերում», «Գավառական նամականի», «Նամակներ գյուղից» ակնարկաշարերը, որոնցում ներկայացված է հայկական լեռնային գյուղերի իրական պատկերը։ Այդ տարիներին մամուլում տպագրվում են նաեւ նրա առաջին պատմվածքները՝ («Միրհավ», «Սաբու», «Ալպիական մանուշակ»)։ Գյուղատնտեսական աշխատանքը խանգարում է նրա ստեղծագործական գործունեությանը։ «Խլելով օրվա մեծ մասը` այդ աշխատանքը ֆիզիկապես անհնար է դարձնում գրական գործով զբաղվել։ Թեկուզ նյութական զրկանքի գնով՝ ես իմ պատրաստակամությունն եմ հայտնում բացառապես գրական աշխատանքով զբաղվելու»,- 1928-ի մարտին հանրապետության ղեկավարությանն ուղղված դիմումի մեջ

գրում էր նա։ Այդուհանդերձ` նույն 1928-ին մասնակցում է Երեւանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտի հիմնադրման աշխատանքներին եւ մինչեւ 1929-ի կեսերն աշխատում այնտեղ։ Բակունցը երազում էր ամբողջովին նվիրվել ստեղծագործական աշխատանքի։ Արդեն տպագրվել էր «Մթնաձոր» (1927) ժողովածուն, գրվում էին նորանոր պատմվածքներ, հղացվել էին վեպերն ու վիպակները։ Այդ տարիներին նա սերտորեն համագործակցում էր Ե. Չարենցի գլխավորած «Նոյեմբեր» գրական միության աշխատանքներին եւ նրա ու համախոհների ընկերակցությամբ ջանում ուղենշել ազգային նոր գրականության ճանապարհը։ Այդ ոգով հանդես է գալիս հոդվածներով ու զեկուցումներով, 1934-ին ելույթ ունենում Հայաստանի եւ ԽՍՀՄ գրողների հիմնադիր համագումարներում։ Նրան խորապես մտահոգում էին ազգային մշակույթի ժառանգորդության եւ ավանդույթների շարունակության հարցերը։

Ստեղծագործական լայն ընդգրկումը գրողի առջեւ ի հայտ է μերում նորանոր հնարավորություններ։ Հայֆիլմում աշխատելիս նրա բեմագրերով նկարահանվում են «Խաչի ստրուկները» («Սեւ թեւի տակ» խորագրով, 1930), «Արեւի զավակը» (1933), «Ալագյազ» (1935) շարժանկարները։ Աշխատանքներ են տարվում «Զանգեզուրի» ստեղծման ուղղությամբ: «Խաչատուր Աբովյան» վեպը գրելիս կատարում է նաեւ բանասիրական աշխատանք, որի արդյունքը «Խաչատուր Աբովյանի «անհայտ բացակայումը» ուսումնասիրությունն է (1932)։ Բակունցն զբաղվում է նաեւ թարգմանությամբ՝ հայերենի վերածելով Ն. Գոգոլի «Տարաս Բուլբան» (1934), աշխարհաբարի փոխադրելով Վարդան Այգեկցու առակների «Աղվեսագիրք» (1935) ժողովածուն։

Հեշտ չէր անցնում Բակունցի ստեղծագործական ճանապարհը։ Որպես ազգային դեմք ու դիմագիծ ունեցող գրող՝ «Մթնաձոր» ժողովածուի տպագրությունից հետո եւ հատկապես 1930-ական թթ. իր գրական հակառակորդների կողմից նա, ինչպես ինքն է գրում, զրպարտվում է «մահացու բոլոր մեղքերի մեջ»։ Այս պայմաններում Բակունցի

դեմ ուղղվում են քաղաքական ծանրագույն մեղադրանքներ, եւ 1936 թ. օգոստոսի 9-ին շատ այլ գրչակիցների հետ ձերբակալվում է ու կալանավորվում Երեւանի բանտում։ Մեղադրանքը նույնն էր, ինչ որ բոլորինը՝ «հակահեղափոխական, հակախորհրդային, ահաբեկչական, ազգայնամոլական գործունեություն»։ Բանտի խիստ կանոնակարգի պայմաններում 11 ամիս շարունակ Բակունցը ենթարկվել է ամեն տեսակի ստորացումների, անընդմեջ հարցաքննությունների, ամենադաժան կտտանքների, առերեսումների։ 11 ամիս շարունակ նա պարտավոր էր ապացուցել իր անմեղությունը, անսահման նվիրվածությունը հայրենիքին։ Բայց ծախված էին հայրենիքի տերերը, բոլոր նրանք, որոնց Բակունցը բանտից «Դիմումներ» էր գրում։ Հուզիչ են անխտիր բոլոր գրությունները, որոնց միջից հառնում է մեծ տառապյալի կերպարը։ Ահա 1936 թ. հոկտեմբերի 6-ի «Դիմումից» մի քանի տող. «Ծա՜նր է, շա՜տ ծանր… Փաստը մնում է անշրջանցելի. ես մեկուսացված եմ։ Այստեղից սկսվում է ամոթի տանջալի գիտակցումը, միլիոն անգամ բանտարկման փաստի վերապրումը։ Օտարված եմ հանրությունից, ամոթը ստվեր է գցում նաեւ արված լավի վրա, ստվերում քո մասին եղած հիշողությունը։ Մտածում ես մեկ ժամ, երկու, երեք, մեկ օր, երկու

օր, մտածում ես հիմարանալու աստիճանի, մինչեւ հիշողությունդ փուլ է գալիս, եւ չգիտես՝ գիշե՞ր է, թե՞ ցերեկ, միայն պարզ գիտակցում ես, որ կյանքը մնաց փակ դռան ետեւում։ Մտքերը հեռու են գնում, իսկ ի՞նչ կլինի հետագայում. ահա կվերջանա հետաքննությունը, ի՞նչ է սպասվում հետո… Երբ ես հարցնում եմ, թե ի՞նչ է լինելու հետո՝ հուսահատվում եմ, գիտակցությունս մթագնում է, ջղաձգությունները խեղդում են կոկորդս, դե, ինչպե՞ս դա ձեզ բացատրեմ։ Այ, երμ մարդ խեղդվում է՝ նա ե՛ւ շնչահեղձ է լինում, ե՛ւ թպրտում, հույսի հետ մեկտեղ նա նաեւ մահվան հոտ է առնում…

Միտքս միշտ տանջալիորեն շաղափում է ֆիզիկական ցավի աստիճանի հասնող միեւնույն խոհը. ի՞նչ է լինելու ինձ հետ։ Արդյո՞ք ինձ հնարավորություն կտրվի գործով, այսինքն՝ գրական աշխատանքով ապացուցել, որ ես գրականության թշնամի չեմ։ Գոյության միակ նպատակը մնում է գրականությունը… Ինձ գրելու եւ կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…»։

Այս նամակը շարադրելիս Բակունցը դեռ կարծում էր, որ իրեն ոչ թե կգնդակահարեն, այլ կաքսորեն, եւ այդ հույսով խնդրում էր, որ իրեն ոչ թե օտարություն տարագրեն, այլ` Հայաստանի հեռավոր մի շրջան, որ նա կարողանա լսել ժողովրդի «կենդանի խոսքը» եւ աշխատել, այսինքն՝ գրել։ Հոգեկան այս սոսկալի մաքառումները տեսնող չկար։ Ընդհակառակը՝ նրա հանդեպ պատիժներն ավելի են խստացնում։ Կազմվում է մեղադրական եզրակացությունը, ընդունվում ԽՍՀՄ գերագույն դատարանի զինվորական հանձնաժողովի որոշումը, եւ 1937 թ. հուլիսի 7-ի կարճատեւ հարցաքննությունից հետո Բակունցը դատապարտվում է պատժի առավելագույն չափի՝ գնդակահարության։

Վերջին խոսքում, ինչպես եւ «Դիմումի» մեջ, Բակունցը խնդրում է հնարավորություն տալ ազնիվ աշխատանքով քավել իր «հանցանքները», եթե, իհարկե, այդպիսիք կան։ Բայց բոլոր դռները փակվում են նրա առջեւ։ Ահավոր ծանր ու սրտակեղեք օրվանից հետո, որի ընթացքում հնարավոր էր, որ իրեն սպասվող ճակատագրից մարդ խելագարվեր, Բակունցի գնդակահարության դատավճիռն ի կատար է ածվում հաջորդ օրը՝ 1937 թ. հուլիսի 8-ին։ Ավարտվում է մեծ ու լուսավոր կյանքը, մարում է ժամանակի հայ արձակի ամենաշողուն աստղը։ Կյանքի 38 տարին նոր-նոր լրացրած՝ անժամանակ հեռանում է ամենապայծառ, «արցունքի պես ջինջ» գրողը, արձակի նուրբ քնարերգուն։

Բակունցի անունը նորից պիտի հնչեր 1955 թ., երμ արդարացրեցին նրան: Նա իր ժողովրդի գիրկը պիտի դառնար՝ որպես անմեղ նահատակ ու հայ գեղարվեստական խոսքի հավիտենական ուղեկից։

Շարունակելի

 

Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s