ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏԸ ԵՎ ՆՐԱ ԻՆՔՆԱԿՈՉ «ԺԱՌԱՆԳՈՐԴՆԵՐԸ»

 
«Աստվածաշունչը վկայում է, որ Հոգեգալստյան օրը հավատացյալների վրա իջավ Սուրբ Հոգին եւ մկրտեց նրանց՝ տալով այլ լեզուների շնորհը։ Այդ շնորհը մշտապես եղել է Եկեղեցում, եւ ճշմարիտ հավատացյալները կարողանում էին խոսել այլ լեզուներով (Գործք ԺԹ 6)։ Մարկոսը ուղղակի նշում է, որ լեզուներով խոսելը քրիստոնյայի առաջին նշաններից է (Մարկ. ԺԶ 17)։ Ինչպե՞ս կարող են ճշմարիտ լինել ավանդական Եկեղեցիները, եթե այդ շնորհը նրանցում պակասում է։ Միայն Հոգեգալստական Եկեղեցին է, որում վերածնվեց այդ շնորհը, իրենից ներկայացնում ճշմարիտ Եկեղեցու օրինակը՝ ճշմարտապես հոգեւոր լինելով»։

 Հրեական Պենտեկոստեի տոնակատարության օրը, որը զարմանալի զուգադիպությամբ համընկավ Քրիստոսի հարության հիսուներորդ օրվա հետ, ինչպես խոստացել էր Տերն Իր աշակերտներին (Ղուկ. ԻԴ 49), Սուրբ Հոգին իջավ նրանց վրա՝ օժտելով նրանց Իր պարգեւներով ու զորությամբ, որպեսզի կարողանան Տիրոջ մասին վկայությունը տանել մինչեւ աշխարհի ծայրը (Գործք Բ 1-4)։ Այդ հոգեւոր մկրտության արտաքին դրսեւորումը եղան ասես հրեղեն լեզուները, որ իջան յուրաքանչյուր աշակերտի վրա, եւ վերջիններս սկսեցին խոսել ուրիշ լեզուներով (Գործք Բ 1-4)։ Այսինքն՝ առաքյալները ձեռք բերեցին մինչ այդ իրենց անծանոթ լեզուներով խոսելու կարողություն. ի դեպ, այդ ձեռքբերումը տեղի ունեցավ ակնթարթորեն ու անսպասելի կերպով։

Այն, որ այդ լեզուները տարբեր էին ու իրապես գոյություն ունեցող, վկայում է Աստվածաշունչը։ Տարբեր երկրների բնակիչները, որոնք հավաքվել էին Երուսաղեմում, զարմացած էին, որ այդ պարզ գալիլեացիները խոսում էին իրենցից յուրաքանչյուրի լեզվով (Գործք Բ 6-8)։ Չնայած որ այդ լեզուների ձեռքբերումը սովորական գիտելիքների ձեռքբերում չէր, այլ Սուրբ Հոգու ներգործության դրսեւորումը մարդու մեջ, այնուամենայնիվ, առաքյալների ստացած լեզուների իրականությունն ու հասկանալիությունն այնքան ակնհայտ էին (Գործք Բ 11), որ դույզն-ինչ կասկածանքի ու վերամեկնաբանման տեղիք չեն տալիս։

Առաքյալներին ինչո՞ւ էր պետք այդ սքանչելի շնորհը։ Նրա համար, որ կատարեին իրենց գլխավոր առաքելությունը, այն է՝ գնային ու սովորեցնեին բոլոր ժողովուրդներին, հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու մկրտեին նրանց (Մատթ. ԻԸ 19)։ Բայց ինչպե՞ս կարող էին նրանք իրագործել Ուսուցչի պատվիրանը, եթե մեծ մասը պարզ ու անուս ձկնորսներ էին, որոնք գիտեին միայն իրենց բարբառը եւ զանազան լեզուներ սովորելու համար ո՛չ ժամանակ եւ ո՛չ էլ հնարավորություն ունեին։

Հայտնի է, որ 1-ին դարի հրեա հայտնի պատմիչ, ազնվական ու զորավար Հովսեպոս Փլավիոսը, ով ծագումով քահանայապետական տոհմից էր, չգիտեր նույնիսկ իր ժամանակին միջազգային համարվող հունարենը։ Հետագայում մի քանի տարի Հռոմեական կայսերական պալատում նա ուսումնասիրել էր այդ լեզուն, որպեսզի իր գրքերը գրեր հունարեն։ Ուստի հասկանալի է, որ առաքյալները, որպեսզի կարողանային քարոզել բոլոր ժողովուրդներին, առանց Աստծո օգնության գլուխ չպիտի հանեին։

***

Հոգեգալստականների Եկեղեցին, որը հիմնվել է 20-րդ դարի հենց սկզբներին, վստահեցնում է, թե երկհազարամյա մոռացությունից հետո իրենց մեջ կյանքի են վերակոչվել հոգեւոր շնորհները, եւ առաջին հերթին՝ այլ լեզուներով խոսելու ունակությունը։ Եվ իսկապես էլ, մարդու անսովոր ունակությունը խոսելու նոր, հենց խոսողին անհայտ մի լեզվով, հոգեգալստականների համար ակնհայտ վկայությունն է քրիստոնեության այն տեսակի ճշմարտության, ինչը նրանք դավանում են եւ դրանով դեպի իրենց հրապուրում տասնյակ միլիոններով հետեւորդների։

Իսկ այդ դեպքում ինչո՞ւ նորաբողոքական եւ ավանդական այլ Եկեղեցիներ չեն ընդունում այդ երեւույթը։ Մի՞թե նրանք իրենց ոչ հոգեւոր լինելու պատճառով են միայն մերժում Հոգու այդչափ ակնհայտ ու հզոր դրսեւորումը։ Իհարկե՝ ո՛չ։ Բանն այն է, որ «այլ լեզուները», որ կիրառում են հոգեգալստականները, չեն կարող ընդունելի լինել որպես հոգեւոր շնորհ՝ նման այն շնորհին, որ ստացան առաքյալները Հոգեգալստյան օրը։

Այդ երեւույթը միանգամայն ուրիշ բնույթ ունի եւ գիտությանը հայտնի է «լեզվախոսություն» տերմինով։ Գիտության տարբեր ոլորտների մասնագետներն ու գիտնականները, այդ երեւույթը լուրջ քննության ենթարկելով, արել են մի քանի եզրահանգում։

ա. Լեզվախոսությունը որեւէ լեզու խոսել չէ՝ այդ բառի ոչ մի իմաստով, թեպետ այդպես է «խոսողին» թվում։ Դա հափշտակվածության, անիմաստ, տրամաբանությունից զուրկ հնչյունների արտանետում է՝ մռթմռթոցից մինչեւ հիստերիկ ճղճղոց։ Այդ իսկ պատճառով էլ այն հնարավոր չէ ո՛չ հասկանալ, ո՛չ թարգմանել եւ ո՛չ էլ մեկնաբանել։ Այնուհանդերձ, «թարգմանությունները» եւ «մեկնաբանությունները», որոնք անում են հոգեգալստականներն իրենց հավաքներում, պարզ խաբեություն ու խարդախություն են։

 

բ. Լեզվախոսությունն ի հայտ է գալիս միայն տրանսի վիճակում։ Հայտնի հոգեբան եւ լեզվաբան Ֆելիսիստաս Դ. Գուդմանն այսպիսի եզրակացություն է տալիս. «Խոսքի ավտոմատացում, որն ի հայտ է գալիս որպես տրանսի սուբստատ եւ ուղղակիորեն արտացոլում է սեգմենտալ (հատվածավոր) եւ սուպրասեգմենտալ (սեգմենտալի ռիթմը, հնչերանգը, տեւողությունը) կառույցներում նյարդահոգեբանական պրոցեսներ, որոնք բնորոշ են գիտակցությանը այդ փոփոխված վիճակում»։ Չնայած որ հաճախ ստաժավոր հոգեգալստականներն իրենց նեղություն չեն տալիս հասնելու տրանսի վիճակի՝ ճարպկորեն նմանակում են լեզվախոսությունը լավ փորձված ելույթներով։

 

գ. Հոգեգալստականների լեզվախոսությունը նման է այն պրակտիկային, որ ունեն այլ քրիստոնեական եւ կեղծ քրիստոնեական խմբեր, ոչ քրիստոնեական կրոններն ու հնամենի պաշտամունքներ (հյուսիսի շամաններից մինչեւ աֆրիկական կախարդներ), ինչպես նաեւ որոշ ոգեկանչներ, «հեքիմներ» եւ ակնհայտ անհավատներ, որոնք սիրում են «ընդլայնել» իրենց գիտակցությունը։

 

դ. Լեզվախոսությունը ձեռքբերովի հմտություն է եւ կապ չունի մարդու կրոնականության հետ։ Այսինքն՝ այն կարելի է սովորել։

 

Եվ այսպես՝ հոգեգալստականներն առաջին հերթին փորձում են իրենց «խոսվածքը» ներկայացնել որպես օտար լեզու։ Երբեմն նրանք նույնիսկ կոնկրետացնում են, թե ով ինչ լեզվով է խոսում, սակայն երբ առաջարկում ես ներկայացնել իրենց «շնորհը» այն մարդուն, ով տիրապետում է այդ լեզվին, կտրականապես մերժում են, որ չմերկացնեն իրենց կեղծիքը։ Թեպետ, իհարկե, նրանց միջավայրում պատմություններ են շրջում, թե ինչպես մի «օտարական» նրանց «լեզուն» համարեց իբրեւ թե իրենը։

Հանդիպելով այդ ամենի հիմնավոր հերքմանը՝ որոշ հոգեգալստականներ հրաժարվում են օտար լեզուների շնորհի հավակնություններից՝ հասկանալով, որ արդեն շատերին է հայտնի այդ կեղծիքը։ Այժմ նրանք լեզվախոսությունը ներկայացնում են որպես «հրեշտակային լեզու»՝ առանց հիմնավորումի հենվելով Պողոս առաքյալի ակնհայտ պատկերավոր արտահայտության վրա (Ա Կորնթ. ԺԳ 1)։ Նրանք նույնիսկ չեն մտածում՝ մի՞թե հրեշտակների լեզուն կարող է լինել ձայնային։ Հրեշտակները հոգիներ են եւ ապրում են նյութական աշխարհից դուրս։ Այնտեղ չկա օդ, որի միջոցով հաղորդվի ձայնը։ Հոգեւոր արարածները, չունենալով նյութական մարմին, անշուշտ, չունեն նաեւ ձայնային հանգույցներ։ Ուստի միանգամայն ակնհայտ է , որ նրանք իրար հետ չեն հաղորդակցվում ձայնային լեզվով։ Բոլոր այն դեպքերում, երբ հրեշտակները հաղորդակցվել են մարդկանց հետ, նրանց խոսքը միանգամայն հասկանալի է եղել (Ղուկ. Ա 13, Մատթ. Բ 13, Ելք Զ 7, Ես. Զ 7, Դան. Ը 16, Թ 21-27)։

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ լեզվախոսությունը միայն հոգեգալստականների «հոգեւոր» փորձառությունը չէ։ 20-րդ դարի երկրորդ կեսից աշխարհում սկսվեցին «սուրբ հոգու» գալստյան նոր հուզումներ։ Սնկերի պես ամենուրեք սկսեցին ի հայտ գալ զանազան ուղղություններ, որոնք ոչ մի կապ չունեին հոգեգալստականների հետ, այլ կերպ ասած՝ դրանք խարիզմատիկ, նոր հոգեգալստական աղանդներ են (որոնցից որոշներ կեղծ քրիստոնեական քայքայիչ աղանդներ են)։

Հասկանալի է, որ ոչ մի միաբանություն չկա խարիզմատների մեջ՝ ո՛չ ուսմունքով եւ ո՛չ էլ կազմակերպությամբ։ Նրանք բոլորն էլ այնքան են իրարից տարբերվում, որ նրանց փոխհարաբերությունները ոչ միայն անբարյացակամ են, այլեւ հաճախ հասնում են ընդհարումների։ Այս կապակցությամբ հարց է ծագում. եթե լեզվախոսությունը ճշմարիտ քրիստոնեության նշան է, ապա ինչո՞ւ խարիզմատները չունեն միասնականություն։ Եվ ինչո՞ւ նրանք չեն միանում ավելի վաղ ստեղծված հոգեգալստականների Եկեղեցուն, այլ ընդհակառակը՝ այնտեղից դեպի իրենց են ներքաշում հավատացյալներին՝ համարելով, որ այդ Եկեղեցին անկատար է։

Փաստ է եւ այն, որ լեզվախոսությունը գնալով ձեռք է բերում ավելի շատ համախոհներ ավելի հին Եկեղեցիներում, քան հոգեգալստականների Եկեղեցին է, եւ որոնց այդ փորձառությունը, ըստ էության, բնորոշ չէ։ Արդեն դա կիրառում են մորմոնների, բապտիստների, մեթոդիստների, լյութերական եւ, որ ավելի զարմանալի է, կաթոլիկների որոշ խմբեր։ Լեզվախոսության օրինակներ են հայտնի նաեւ իրենց ուղղափառ համարող որոշ անհատների վերաբերյալ։

Սա, ի դեպ, վերաբերում է նրան, որ ավանդական Եկեղեցիներում այդ, այսպես կոչված, «շնորհը» բացակայում է։ Հարց է ծագում. կարո՞ղ է այդչափ տարբեր, միմյանց չընդունող եւ իրենց ուսմունքով իրարից տարբերվող խմբերում միատեսակ գործել Աստծո Հոգին։ Եվ եթե այո, ապա այդ դեպքում ո՞րն է հոգեգալստականների (եւ նրանց հետ մեկտեղ նաեւ նոր հոգեգալստականների) յուրօրինակությունը։

Լեզվախոսության «աստվածային» ծագման հերքումը ոչ մի կասկած չի հարուցում այլեւս. փաստ է, որ դա հնուց ի վեր կիրառվում է հեթանոսական շատ կրոններում։ Առանձնապես հանրահայտ է աֆրիկյան ցեղերի պաշտամունքներում առկա հմայական խոսքը։ Հենց դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ խարիզմատիկ քրիստոնեությունը բավականին հեշտությամբ է տարածվում Աֆրիկայի վայրի ցեղերի շրջանում։

Սակայն այդ «քրիստոնեությունը» երբեմն ձեռք է բերում յուրօրինակ գծեր։ Հաճախ աֆրիկացիները, չթողնելով իրենց նախկին հավատալիքները, դրանց են խառնում քրիստոնեական ուսմունքի տարրեր։ Նման «եկեղեցիներում» լեզվախոսության հետ մեկտեղ տարածված են ֆետիշականությունը, տոտեմները, հմայությունը, ցեղի ոգիների պաշտամունքը, բազմակնությունը եւ այլն։ Նման աղանդների հիմնադիրներն օժտում են իրենց գերբնական որակներով եւ երբեմն էլ աստվածացվում են։ Իսկ Քրիստոսն էլ հայտարարվում է նեգր եւ տեղական «աստվածների» կողմից ուղարկված։ Այս կերպ եթե մենք համաձայնենք հոգեգալստականներին եւ ընդունենք լեզվախոսությունը՝ որպես Սուրբ Հոգու շնորհ, ապա ստիպված պետք է լինենք ընդունել, որ Աստված Իր շնորհներն անխտիր բաժանում է՝ ում պատահի։

Շարունակելի

 

Սամվել ԳՐԻԳՈՐՅԱՆ

(Ուկրաինա)

Թարգմանությունը՝ Ռ. ԱՐՈՅԱՆԻ

Advertisements

One response

  1. pingback_botասում է՝

    No title
    User referenced to your post from No title saying: […] Естественно, продолжение следует. Спасибо Ռ. ԱՐՈՅԱՆу http://kh-tert.livejournal.com/44943.html […]

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s