ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԱՌԱԿՆԵՐ

 «ՉԱՐ ՄՇԱԿՆԵՐԻ ԱՌԱԿԸ»

(Մատթ. ԻԱ 33-46, Մարկ. ԺԲ 1-12, Ղուկ. Ի 9-19)

 
Մեր հյուրն է Բյուրավանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Ղազար քհն. ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

–Տաճարում հերթական քարոզությունից հետո քահանայապետներն ու ժողովրդի ծերերը Տիրոջը հարց տվեցին Իր իշխանության մասին՝ մեկ անգամ եւս փորձելով Նրան, այսպես ասած, նեղը գցել։ Սակայն Հիսուսը, հարցին հարցով պատասխանելով, հերթական անգամ ամոթով թողեց ու լռեցրեց նրանց (տե՛ս Մատթ. ԻԱ 23-27)։ Սրանից հետո է, որ մեր Տերը պատմեց «Չար մշակների առակը»։ Մատթեոսի Ավետարանում, սակայն, այս առակին նախորդում է «Երկու որդիների մասին առակը», որից էլ սկսենք մեր զրույցը, քանի որ երկու առակն էլ նույն նպատակով էին ասված։

–Նախ պատկերացնենք՝ ինչ իրավիճակ էր Երուսաղեմում եւ ողջ Հրեաստանում։ Քրիստոսը մոտեցել էր Իր սրբազան տնօրինության կիզակետին. երեքուկես տարի անդադար քարոզել էր Իր Ավետարանը, նվիրյալ աշակերտներ ուներ, հազարավոր մարդիկ ճանաչում, սիրում էին մարմնացյալ Աստվածորդուն։ Տիրոջ հեղինակության այսպիսի սրընթաց աճը, բնական է, խիստ անհանգստացնում էր հրեական կրոնական վերնախավին, ինչպես նաեւ աշխարհիկ իշխանավորներին, ովքեր ամեն ինչ անում էին՝ Նրան հեղինակազրկելու եւ մեջտեղից հանելու համար։ Հակառակ դրան՝ Քրիստոսի առաքելությունն օր օրի բարգավաճում ու պտղաբերում էր։

Եվ պետք է ասել, որ հիշատակված երկու առակներն էլ խիստ բնորոշ էին այս իրավիճակին։ Նախ՝ երկու որդիների առակի մասին։ Ծանոթ, հասկանալի, շատ ու շատ ընտանիքներում հաճախ պատահող մի պատմություն է կարծես թե պատմում Տերը. «Մի մարդ երկու որդի ուներ։ Առաջինին մոտենալով՝ նա ասաց. «Որդյա՛կ, գնա՛ այսօր աշխատիր այգում»։ Սա պատասխանեց ու ասաց. «Գնում եմ, տե՛ր»,- ու չգնաց։ Մոտեցավ մյուսին էլ եւ նույնն ասաց։ Սա պատասխանեց ու ասաց. «Չեմ ուզում»։ Բայց հետո զղջաց եւ գնաց այգին» (Մատթ. ԻԱ 28-30)։ Մի դեպքում գործ ունենք առ աչոք համաձայնության, հնազանդության հետ. որդու պատասխանը շատ հաճելի է՝ բարկություն չգրգռող։ Բայց արդյունքում պտուղ չունեցավ։ Աստված մարգարեի միջոցով ասում է. «Այս ժողովուրդը մոտ է Ինձ իր բերանով, իր շրթունքներով է մեծարում Ինձ, բայց սրտով հեռացել ու մեկուսացել է Ինձնից» (Ես. ԻԹ 13)։ Ճիշտ այդպիսին էր նաեւ առաջին որդու վերաբերմունքը. ասաց «այո՛», բայց չարեց։ Առաքյալն էլ ասում է. «Ինչպես որ մեռած է մարմինն առանց հոգու, այնպես էլ մեռած է հավատն առանց գործերի» (Հակ. Բ 26)։ Ճիշտ հակառակն է երկրորդ որդու պարագայում. սա ասաց՝ «ո՛չ», հակառակվեց հորը, անշնորհք պատասխան տվեց, բարկություն գրգռեց, բայց հետո զղջաց ու գնաց հոր պատվերը կատարեց։

Ընդհանրապես Հիսուսը հաճախ էր առակներով հասկացնում Հին Ուխտի անկումը եւ Նոր Ուխտի հաստատումը. այն է՝ հրեաների՝ որպես Աստծո ընտրյալ ժողովրդի դադարելը, եւ հեթանոսների՝ Երկնքի արքայության մեջ ընդունված լինելու գաղափարը։ Այս առակում էլ երկու եղբայրները ներկայացնում են հրեա եւ հեթանոս ազգերին։ Չէ՞ որ Աստված ընտրել էր Աբրահամի սերնդին, Մովսեսով եւ մյուս մարգարեներով Իր սուրբ կամքն էր հայտնել, Իր ուխտն էր հաստատել, եւ սրանք «այո՛» էին ասել Տիրոջը։ Սակայն այդ «այո՛»-ն գործի չվերածվեց։ Ավելին. երբ Աստված Ինքը հայտնվեց, նրանք խաչեցին իրենց Աստծուն։ Մինչդեռ ուրիշ ազգեր, որոնք անաստվածության, հեթանոսության ու կռապաշտության մեջ մոլորված էին, որոնց պատասխանն Աստծուն «ո՛չ» էր, արդյունքում խաչված Քրիստոսի ծառաները դարձան՝ իրապես կատարելով Տիրոջ կամքը։ Հիսուս Քրիստոսի տեսադաշտում ամբողջ հավերժությունն է՝ անցյալը, ներկան, ապագան, եւ Նրա պատմած առակներն էլ իրենց մեջ ամփոփում են ոչ միայն եղածը, այլեւ գալիքը։

– Իսկ ինչո՞ւ է այստեղ Հիսուսը հիշում Հովհաննես Մկրտչին՝ ասելով. «Հովհաննեսը արդարության ճանապարհով եկավ, եւ նրան չհավատացիք, իսկ մաքսավորներ ու պոռնիկներ հավատացին Նրան, եւ դուք այդ տեսաք եւ հետո էլ չզղջացիք, որ Նրան հավատայիք» (Մատթ. ԻԱ 32)։

– Ավետարանն ուշադիր ընթերցելով՝ տեսնում ենք, որ Քրիստոսը մեկ անգամ չէ, որ օգտվում է Հովհաննեսի հեղինակությունից՝ վկայակոչելով նրա անձը եւ գործունեությունը։ Եվ դա անում է՝ կեղծավոր փարիսեցիներին ու դպիրներին հանդիմանելու համար։ Ինչո՞ւ. որովհետեւ Հովհաննեսն Իր ծառան էր, Իր առջեւից եկողն էր, «անապատում կանչողի ձայնն էր», մարգարեությունների իրականացումն էր, եւ ահա իրենց աչքի առաջ մարգարեությունն իրականացավ, բայց իրենք այդպես էլ չհավատացին ու չընդունեցին։ Իսկ մաքսավորներ, մեղավորներ, շնացողեր, Աստծուն «ո՛չ» ասողներ, լսելով Հովհաննես Մկրտչի քարոզը, ապաշխարեցին ու կատարեցին Աստծու կամքը։

– Եվ ահա անմիջապես հաջորդում է «Չար մշակների առակը». «Լսեցե՛ք մի այլ առակ. մի տանուտեր կար…» (տե՛ս Մատթ. ԻԱ 33-39)։ Կարելի՞ է ասել, որ այստեղ նույն գաղափարն է արծարծվում՝ առավել խտացված գույներով։

 

– Ոչ միայն գույներն են խտացված, այլեւ ասելիքն է ավելի ամբողջական, ավարտուն։  «Չար մշակների առակը», կարելի է ասել, ամբողջ փրկաբանության համառոտ ներկայացումն է. «Մի տանուտեր կար, որ այգի տնկեց եւ այն ցանկապատեց ու նրա մեջ հնձան փորեց եւ աշտարակ շինեց, ապա այն վարձու տվեց մշակներին եւ գնաց հեռու երկիր»։ Հասկանալի է՝ «այգին» այլաբանորեն Իսրայելն է, «տանուտերը»՝ Աստված, որ հրեաներին եգիպտական գերությունից հանեց եւ Ավետյաց երկրում բնակեցրեց։ Եվ նրանց տվեց Օրենք ու մարգարեություններ։ Ուրեմն՝ այս ազգը՝ իբրեւ այգի, Աստծուն էր պատկանում, եւ այգու մշակներն օրենսգետներն ու փարիսեցիներն էին, որ նստեցին Մովսեսի աթոռին՝ որպես Աստծու անդաստանի ծառաներ։ Մովսեսի Օրենքի պահապանները, սակայն, անարժան գտնվեցին, քանի որ Տիրոջը վայել բարի գործերի պտուղ չտվեցին։ Եվ ահա. «Երբ պտղի ժամանակը մոտեցավ, իր ծառաներին ուղարկեց այն մշակների մոտ, որպեսզի բերքից իր բաժինն առնեն։ Իսկ մշակները, նրա ծառաներին բռնելով, մեկին տանջեցին, մեկին սպանեցին, մեկին քարկոծեցին» (ԻԱ 35-36)։ «Ծառաներին», այսինքն՝ մարգարեներին։ Աստված քանի՜-քանի՜ մարգարե ուղարկեց Իր ընտրյալ ազգին, քանի՜ցս նրանց միջոցով զգուշացրեց, զգոնության ու աստվածպաշտության, բարի գործերի կոչեց։ Բայց բոլորին էլ քարկոծեցին, սպանեցին ու անարգեցին, քանի որ չար մշակներ էին։ Սակայն մեր Տերը չի դադարում այցելել Իր ազգին՝  «Իր բաժինը» ստանալու։ Իսկ Իր բաժինը «այլ բան չէր, քան միայն սրտով ու հոգով պաշտամունքը, որին այդպես էլ չարժանացավ տիեզերքի Արարիչը։ Բայց չէ՞ որ Նա այդ ազգն առանձնացրել էր եւ օրհնել էր «մինչեւ հազար սերունդ», հրաշքներ էր գործում Իր ընտրյալ ժողովրդի համար, զորավիգ լինում։ Բայց… Ու ամենավերջում, երբ այլեւս անարգված էին Տիրոջ ուղարկած բոլոր մարգարեները, Նա Իր Որդուն ուղարկեց՝ ասելով. «Թերեւս Իմ այս որդուց ամաչեն»։ «Իսկ մշակները, երբ տեսան որդուն, իրենց մտքում ասացին. «Սա է ժառանգը, եկե՛ք սպանենք սրան եւ սրա ժառանգությունը մենք սեփականացնենք»։ Եվ նրան բռնեցին հանեցին այգուց դուրս եւ սպանեցին (ԻԱ 38-39)։ Հիսուս Քրիստոսի ծնունդը հրաշքով եղավ. սա գիտեին հրեաները։ Հիսուսը մանուկ հասակում արդեն վարդապետներին շշմեցրել էր Իր խորիմաստ քարոզներով. սա նույնպես գիտեին։ Գիտեին նաեւ, որ Քրիստոսը սուրբ կյանքով է ապրում։ Վերջապես գիտեին ու տեսնում էին Նրա փառահեղ գործերը՝ բժշկությունները, մեծամեծ հրաշքները… Եվ ակնհայտ է, որ այս ամենը տեսնելով՝ նրանք հասկացել էին, որ Նա՛ է «ժառանգը» եւ միայն Նա՛ կարող է իրենց ձեռքից այգին «խլել»։ Պետրոս արք. Բերդումյանն ասում է՝ մտածեցին սպանել Նրան, որպեսզի ժառանգությունն իրենց մնա, այսինքն՝ որպեսզի հավիտյան իշխեն մարդկանց վրա։ Այս Ժառանգը խոնարհություն էր քարոզում, մինչդեռ իրենց ուզածը հենց միայն այն էր, որ իշխեն մարդկանց վրա, ինչը որ անհնար էր համատեղել։ «Արդ, երբ այգու տերը գա, այդ մշակներին ի՞նչ կանի»,- հարցրեց Հիսուսն առակը պատմելուց հետո։ Եվ նրանք ասացին. «Չարերին չարաչար կոչնչացնի եւ այգին կտա այլ մշակների, որոնք նրան կտան պտուղներն իրենց ժամանակին»։ Նրանք ճիշտ պատասխանեցին։ Բայց անգամ այդ ճիշտ պատասխանով նրանք չկարողացան իրենց փրկել. եթե նույնիսկ չհայտնվեցին ծիծաղելի վիճակում, ապա իրենց իսկ շուրթերով «վավերացրին» այն, ինչի արժանի էին, եւ իրենք իսկ, արդեն Տիրոջ շուրթերով, հնչեցրին արդար դատավճիռը. «Դրա համար ասում եմ ձեզ, որ ձեզնից կվերցվի Աստծու արքայությունը եւ կտրվի այն ազգին, որ պտղաբեր կդարձնի այն» (Մատթ. ԻԱ 43)։

– Հիսուսն Իր մասին արված ակնարկությունն առավել շեշտելու եւ լսողներին հասկանալի դարձնելու համար մեկ այլ վկայություն էլ է բերում՝ այս անգամ Սաղմոսաց գրքից, որը քաջ ծանոթ էր փարիսեցիներին ու օրենսգետներին. «Վեմն այն, որ շինարարներն արհամարհեցին, ա՛յն դարձավ անկյունաքար» (Սաղմ. ՃԺԷ 22)։

 

— Երուսաղեմի տաճարը վերաշինելիս շինարարներն անընդհատ բախվում էին մի քարի, որը գետնի մեջ խոր թաղված՝ խանգարում էր իրենց աշխատանքներին։ Եվ անընդհատ դժգոհում էին, հայհոյում… Վերջապես մեկի մտքով անցավ փորել, հանել ու դուրս նետել քարը։ Ու երբ փորեցին, տեսան, որ դա մի հսկա ու գեղեցիկ վեմ է, որն էլ այնուհետեւ դարձավ անկյունաքար, այսինքն՝ ամենակարեւոր քարը՝ Աստծու տաճարի շինարարության մեջ։ Այս պատմությունը՝ իբրեւ թեւավոր խոսք, արտահայտվել էր Սաղմոսաց գրքում, նաեւ որպես ավանդազրույց՝ մնացել էր հրեաների հիշողության մեջ։ Եվ ահա Տերն ասաց. «Ես եմ Վեմը»։ Ու ավելացրեց. «Ով այս Վեմի վրա ընկնի, կփշրվի. եւ ում վրա այն ընկնի, նրան կճզմի» (Մատթ. ԻԱ 44)։ Այդպես էլ եղավ…

– Տե՛ր հայր, նրանք մինչեւ այսօր էլ ասպասո՞ւմ են «իրենց Մեսիային»

 

– Հաճախ հարցնում են. «Եթե Աստված գիտեր, որ հրեաները նման ձեւով են վարվելու, որ տիրասպան են դառնալու, որ խաչելու են Իր Աստված Որդուն, ինչո՞ւ ընտրեց նրանց»։ Աստված, իհարկե, ամեն բան գիտի, սակայն այդ ամենագիտությամբ հանդերձ՝ Արարիչը չի ճնշում մարդու ազատ կամքը։

Աբրահամը հոգով-սրտով աստվածապաշտ էր, ու թերեւս Աբրահամին սիրելով՝ Աստված ընտրեց նրա ազգը։ Սակայն Իր ընտրյալ ժողովրդի կամքի վրա երբեք չբռնացավ։ Բայց Աստված նաեւ մեր ազգին ընտրեց՝ սբ Գրիգոր Լուսավորչով, սբ Թադեոս եւ Բարթողիմեոս առաքյալներով՝ շատ լավ իմանալով, որ դարեր ու դարեր անց՝ 2-րդ հազարամյակի վերջնամասում, պիտի ընկղմվենք անաստվածության խավարի մեջ։ Ուրեմն՝ եթե գիտեր, չպիտի՞ ընտրեր Գրիգոր Լուսավորչին, չպիտի՞ դարձի բերեր մեր ամբողջ ազգին։ Այլ հարց է, թե մենք որքանով ենք գիտակցում Աստծու ընտրյալ ժողովուրդ լինելու արժեքը, որքանով ենք ջանում Նրա՝ մեզ տված այգին պտղաբեր դարձնել։ Մեկ բան հաստատ է. Տիրոջ «այգին» վերջնական պարգեւ չէ, այն կարող է վերցվել Պարգեւողի կողմից, եթե մենք՝ այգու մշակներս, նմանվենք առակի մշակներին։ Ուրեմն՝ լինենք բարի մշակներ, որպեսզի չփշրվենք Քրիստոս-Վեմի վրա, որպեսզի չճզմվենք այդ Վեմի տակ, այլ արժանանանք Նրա Լույսի երանավետ առագաստին ու Նրան տեսնելու հավերժական վայելքին։

Հյուրընկալեց Հայկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s