Սկիզբը՝ 2010-ի նոյեմբ. Բ — 2011-ի Ապր. Ա

Ընդդիմության գլխավորները Կարապետին մի կողմ թողեցին եւ սկսեցին պայքարել Կաֆացու դեմ։ Դրան մեծապես նպաստում էր Եղիազարը՝ իր հորդորներով ու դրամով։ Նա ամեն կերպ ուզում էր տապալել Երուսաղեմի պատրիարքի տիտղոս ունեցող Կաֆացուն։ Վերջինիս հակառակորդները, Եղիազարի հովանավորությամբ, որոշեցին Երուսաղեմի առաջնորդի պաշտոնը փոխանցել մեկ ուրիշի։ Անդրեասը, որ զրկվել էր պատրիարքությունից, առաջինը նետվեց նրա դեմ պայքարի եւ 1677 թվի սկզբներին Կաֆացու պաշտոնը ձեռք ձգեց՝ արքունի հրովարտակով։ Մարտիրոսը եւ Կարապետը միանալով դուրս են գալիս նրա դեմ եւ 1678-ին տապալում։ Կաֆացին կրկին դառնում է Երուսաղեմի պատրիարք՝ արքունի հրովարտակով։ Պաշտոնապես նա ստանում է Երուսաղեմի առաջնորդությունը։ Սակայն նախկին պատրիարք Հովհաննեսը ուժեղանալով տապալում է Կաֆացուն եւ տիրանում նրա պաշտոնին։ Իհարկե, գործնականում Եղիազարն էր պատրիարքը, որ հարաբերություն չուներ Կ. Պոլսում նստող ձեւական պատրիարքի հետ։ Սա էլ կատարվեց 1679 թվին։ Սակայն այս անգամ ընդդիմադիրները չբավարարվեցին միայն Կաֆացուն հետապնդելով։ Ջանքեր գործադրվեցին Կրպո պատրիարքին էլ պաշտոնից զրկելու։ Պատրիարքության էր ձգտում մի աշխարհական՝ Սարգիս անունով։ Նա քահանա ձեռնադրվեց եւ իբրեւ Սարգիս երեց՝ պատրիարքության հրովարտակ ստացավ։ Նրան գրավում էին պատրիարքարանի հասույթները։ Սա ցույց է տալիս, թե ինչ անկման էր հասել Հայոց Եկեղեցին։

Այս ամենը մեծապես հուզում էր Հակոբ կաթողիկոսին։ Ավելորդ է ասել, որ Էջմիածինն էլ զուրկ չէր ներքին հուզումներից։ Նրան հատկապես անհանգստացնում էին հռոմեադավանները, որոնք գործում էին Հայաստանում եւ հայաշատ վայրերում։ Սրանք մե՛կ փորձում էին կատաղորեն ոչնչացնել հայկականությունը, մե՛կ էլ, հասկանալով դրա անհեռանկար լինելը, շոյում էին հայերի ազգային զգացումները՝ մշտապես ձգտելով հայերին ենթարկել պապականությանը։ Մենք արդեն ծանոթ ենք Փիրոմալլիի, թեաթինյան Գալանոսի եւ Փիթուի գործունեությանը։ Դրանց հետեւեցին ավելի ճարտար ու ճկուն ճիզվիտներ կամ հիսուսականներ՝ Իգնատիոս Լոյոլայի աշակերտությունից։ Սրանք կարողանում էին տիրող պետության հետ էլ բարեկամություն հաստատել, բնության եւ աստղերի գիտության թեթեւ իմացությամբ զարմացնում էին մարդկանց, բժշկական օգնությամբ եւ խորհուրդներով գրավում եւ դրանով փորձում հասնել իրենց նպատակին։ Նրանք իրենց ողջ աղտեղությամբ կարողանում էին արտաքին բարեկարգություն պահպանել, իրենց անձնուրաց էին պահում, ճշտորեն հետեւում էին մեծամեծների հրամաններին, ինչը հմայք էր տալիս նրանց Արեւելքում։ Նրանց օգնում էր մի հանգամանք եւս, որ Արեւելքում քրիստոնյաներն ակնկալում էին Արեւմուտքի օժանդակությունը՝ բռնապետության ճնշումների դեպքում։

Հիշյալ գաղափարները գրավում էին նաեւ Հակոբ կաթողիկոսին, որը կամենում էր, օտարի դրական կողմերն օգտագործելով, Հայոց Եկեղեցին բարձրացնել։ Այդ գաղափարի մասին նոր չէր, որ մտածում էր, այլ դեռ այն ժամանակ էր շատ խորհել, երբ գնացել էր Զմյուռնիա, Կոստանդնուպոլիս ու Երուսաղեմ։ Իր նպատակին հասնելու համար՝ նա պատրաստ էր անգամ Արեւմուտք գնալու, որի կենտրոնն այդ ժամանակ Հռոմն էր։ Հռոմում լուրեր էին պտտվում, որ Հայոց առաջին պատրիարքն իր մի քանի մետրոպոլիտների հետ շուտով գալու է Հռոմ։ Սակայն դա անհնար էր, քանի որ Հայոց կաթողիկոսը վերադարձել էր Էջմիածին։ Հակոբ կաթողիկոսը կամենում էր օգտվել Արեւմուտքի օգնությունից, բարեկարգել հայկականությունը, բայց նրա մտքով անգամ չէր անցնում վերջ տալ Հայոց Եկեղեցու ինքնությանը եւ ազգը լատինացնել։ Գուցե այդ ծրագրի հետ կապված նա խորհրդակցություններ է ունեցել Կ. Պոլսում եւ այլ վայրերում, եւ թերեւս դրանց արձագանքն է Հակոբի՝ իբր Հռոմ գնալու լուրը։ Ըստ երեւույթին, Հակոբը, ծանոթանալով լատինների ծրագրին, ետ է կանգնել իր մտքից եւ վերադրաձել Էջմիածին։ Անգամ օտարերկրյա ուղեւորը նշել է, որ Հայոց պատրիարքը նույնքան հեռու էր մի որեւէ օտար Եկեղեցու ենթարկվելուց կամ հպատակվելուց, որքան Հայաստանը հեռու է հռոմեական կրոնի աթոռից։

Իհարկե, ավելորդ է ասել, որ Հակոբը բոլորովին միտք չուներ Հայոց Եկեղեցին հպատակեցնելու Հռոմին, սակայն նա կամենում էր օրինավոր համաձայնության գալ Արեւմուտքի հետ՝ միամտորեն մտածելով, որ դիմացինները նույնքան ուղղամիտ կլինեն իրենց պահանջների մեջ։ Անշուշտ, նա իր ծրագիրը մտմտում էր ամենաքիչը 10 տարի՝ այդ ընթացքում հանդիպելով օտար միաբանությունների կրոնավորների ու ազգային գործիչների հետ։

1678 թվին, թեեւ կարծիք կա, որ այն եղել է 1677 թվին, նա հրավիրեց իր նշանավոր խորհրդակցությունը կամ խորհրդաժողովը, որին մասնակցեցին 6 եկեղեցական եւ 6 աշխարհիկ։ Ժողովը որոշում է, իբր, հպատակություն հայտնել պապին, ինչը շատ անհարիր է Հակոբի կեցվածքին։ Խորհրդակցությանը մասնակցել են Արցախի եւ Սյունիքի լեռնային գավառների խրոխտ ժողովրդի ներկայացուցիչներ, որոնց նպատակը Հայաստանի քաղաքական ազատությունն էր։ Աշխարհական մասնակիցներից էր Պռոշ իշխանը, որը ծեր էր, եւ նրա փոխարեն եկել էր իր որդին՝ Իսրայել Օրին։

Խորհրդաժողովն ստեղծեց պատվիրակություն՝ Արեւմուտք ուղարկելու համար, որը գլխավորեց ծերունահասակ Հակոբ կաթողիկոսը։ Կարեւոր է ընդգծել, որ պատվիրակությունը, առանց կուսակալին տեղյակ պահելու, սկզբում ուղեւորվեց Տփղիս՝ դրամ հանգանակելու։ Նա հանդիպեց վրաց իշխանների հետ, եւ հակառակ խանի պատվիրակի՝ ետ վերադառնալու պահանջին՝ Հակոբ կաթողիկոսը շարունակեց ուղեւորությունը դեպի Սեբաստիա։ Կար մի հանգամանք եւս. Վրաստանում ապստամբություն էր բռնկվել, որն անհաջող ընթացք ունեցավ։ Կարելի է ենթադրել, որ Տփղիս գնալու պատճառը միայն դրամահավաքը չէր, այլեւ վրացիների հետ համագործակցությունը։ Խնդիրն այնպես էր մատուցվում, որ կաթողիկոսը գնում է Օսմանյան կայսրություն՝ կապված Եղիազարի հակաթոռ կաթողիկոսության եւ Կ. Պոլսի պատրիարքության շփոթների հետ։ Նա իր պատվիրակության հետ Կ. Պոլիս հասավ 1679 թվի դեկտեմբերին։

Դժբախտաբար մանրամասներ մեզ չեն հասել, եւ մենք այսօր տեղեկություն չունենք շատ հետաքրքիր այդ իրադարձությունների մասին։ Պատվիրակությունը Կ. Պոլսում մնաց 8 ամիս՝ մինչեւ 1680 թվի օգոստոսի 1-ը։ Նա այդտեղ էլ մահացավ եւ թաղվեց։ 1680 թվին պատրիարքությունից հանվեց Սարգիս երեց Էքմեքչին, եւ տեղը կրկին գրավեց Կրպոն կամ Կրպո Ռաբունին։ Հայտնի է, որ Հակոբ կաթողիկոսը լավ հարաբերությունների մեջ էր Մարտիրոս Կաֆացու հետ, որը պաշտպանում էր Կրպոյին։ Կաֆացին ամենաուժեղ դեմքն էր Կ. Պոլսում, որը ջահուկյանների, արեւելցիների եւ խոսրովյանների օգնությամբ Թոփալ Հովհաննեսին զրկել էր Երուսաղեմի առաջնորդությունից եւ պաշտոնը կրկին իրեն էր վերադարձրել։ Հակոբի մտերիմ խորհրդականներից էր Երեմիա Չելեբի Քյոմուրճյանը, որը հմուտ եւ ուսումնական մարդ էր, նշանավոր գործիչ։ Նա մեծ հարգանք էր վայելում ոչ միայն հայկական շրջաններում, այլեւ իշխանությունների մոտ։ Նա կարող գրիչ էր եւ ճարտար թարգմանիչ, որի համար էլ արժանացել էր Չելեբի պատվավոր տիտղոսին։ Նա 1667 թվին Կ. Պոլսում տպարան բացեց, բայց այն մեծ ընդունելություն չգտավ՝ իր պատրաստած ոչ հաջող տառերի պատճառով։ Հարկ է կարծել, որ կաթողիկոսը տեղյակ պահեց նրան պատվիրակության պլաններին եւ նրանից լավ խորհրդատվություն ստացավ՝ օտար պետությունների հետ բանակցելու հարցում։ Նրա խորհրդով հատուկ հրավեր ուղարկվեց Եղիազարին, որ նա Կ. Պոլիս գա։ Հրավերը տարավ Մարտիրոս Կաֆացին։ Կաթողիկոսը կոչ էր անում նրան գալ եւ խորհել ազգի օգուտի համար։ Զարմանալիորեն սիրալիր եղան նախկին մրցակիցների հարաբերությունները, եւ Կաֆացին միջնորդեց, որ Եղիազարը՝ իբրեւ օրինավոր կաթողիկոս, եպիսկոպոսական ձեռնադրություն կատարի։

Եկավ 1680 թվի փետրվարի 21-ը։ Մեծ պահքի եւ Զատկի ուխտագնացության ժամանակն էր, ուստի Եղիազարը հայտնեց, որ Կ. Պոլիս կգա ուխտագնացությունից հետո։ Պատասխանը, ինչպես ճիշտ ենթադրում է Մ. Օրմանյանը, հավանաբար բերեց Կաֆացին։ Կարելի է ենթադրել, որ համաձայնություն կայացավ կաթողիկոսի, Եղիազարի, Կաֆացու եւ Երեմիա Չելեբիի միջեւ։ Նա հանդիպեց նաեւ հայոց ազգային գործիչներին, պապական ներկայացուցչին, որոնցից հիշվում են Գասպարե Գասպարինին եւ Ֆրանչեսկո Ջիլին։ Սրանք ճիզվիտական միաբանության մեծավորներ էին։ Ըստ երեւույթին, բանակցությունները նրանց հետ գոհացուցիչ արդյունք չեն տվել։ Որոշներ դա բացատրում են նրանով, որ Հակոբի ծրագիրը համակրություն չի գտել Հռոմի հոգեւորականության կողմից։ Մ. Օրմանյանն իրավացիորեն դա չի ընդունում, քանի որ ոչ մի փաստ չկա, որ Հակոբը կուրորեն ընդունել է հռոմեական պահանջները։ Հակոբը կամենում էր հայերի համար ապահովել արտաքին հովանավորություն եւ ներքին բարեկարգություն։ Այդ նպատակով նա կամենում էր Հռոմի հետ համաձայնության գալ, բայց մտադիր չէր Հայոց Եկեղեցու ազատությունը զոհաբերել։ Այլ հարց է, որ Հակոբը միամիտ էր եւ հավատում էր լատին քարոզիչների շոյող խոսքերին։ Համենայն դեպս, նրա մտքով երբեք չի անցել Հռոմին հպատակվելը։ Այդ մասին է հավաստում նրա՝ 8 ամիս Կ. Պոլսում գտնվելը եւ Հռոմ չուղեւորվելը։

Փաստը մնում է փաստ, որ Հակոբ կաթողիկոսը Կ. Պոլսից այն կողմ գնալ չկարողացավ։ Մայիսի 30-ին նա հիվանդացավ եւ օրեցօր տկարանալով՝ կորցրեց գործելու հնարավորությունը եւ 1680 թվի օգոստոսի 1-ին՝ Վարդավառից 15 օր հետո, մահացավ՝ 82 տարեկան եւ 4 ամսական հասակում։ Թաղվեց Բերիայի գերեզմանատանը. այն վայրում, որ կոչվում էր Բեկօղլի։ Հուղարկավորությունը կատարվեց օգոստոսի 2-ին։ Հռոմեադավան քարոզիչները մահվան օրը կեղծել են մի թուղթ, թե նա ընդունել է հռոմեադավանությունը, ինչը հնարավոր չէր հոգեվարք ապրող կաթողիկոսի կողմից։

Հակոբին վերագրված գրությունը որոշակիորեն կեղծիք է։ Դա հանվել է Հռոմի արխիվից՝ հայերեն եւ ֆրանսերեն լեզուներով, եւ հրապարակվել։ Բայց ինչն է հետաքրքիր։ Հայերենն ընդամենը 37 տող է, իսկ ֆրանսերենը՝ 95։ Արդեն տողերի քանակը ցույց է տալիս խարդախությունը։ Լավ կեղծիքներ են հայերեն եւ ֆրանսերեն գրությունները խորամանկ կաթոլիկների համար, որոնք բանակցությունների ժամանակ ոչնչի չհասնելով՝ կարող էին ամեն ինչ բարդել մահացած կաթողիկոսի վրա։ Պատահական չէ, որ այդ մասին ոչինչ չգիտեն ազգային հիշատակարանները։ Ավելորդ չի լինի նշել, որ ֆրանսերեն թարգմանության մեջ ասված է, որ այն ստորագրվել է կաթողիկոսի 26-րդ տարում եւ 70 տարեկան հասակում, ինչը  եւս վկայում է կեղծիքի մասին։ Հետաքրքիր է, որ վավերագիրը ներկայացվում է 1670 թվականով։ Կեղծիքներն այնքան շատ են, որ բոլորի վրա կանգ առնելն իմաստ չունի։

Հակոբ կաթողիկոսի գերազմանը հուղարկավորությունից անմիջապես հետո վերածվեց ուխտավայրի։ Այս առիթով պատմվում է, որ մի տաճիկ իշխան Հակոբի հրաշքով բուժվել էր անդամալուծությունից եւ նրա գերեզմանին ծառայություն էր անում։

Շարունակելի

 

Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s