Սկիզբը՝ 2011 Մայիսի Ա

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Պատմվածքները: Պատմվածքների գեղագիտական հիմքը:

Բակունցը հրատարակել է Մթնաձոր (1927), Սպիտակ ձին (1929), Սեւ ցելերի սերմնացանը (1933), Անձրեւը (1935) պատմվածքների ժողովածուները, որոնցում զետեղված գործերը գրվել են 1924-1934 թթ.։ Մինչ այդ՝ 1918-ին, նա տպագրել է եւս երեք քնարական պատկեր՝ Աշոտը, Անտառում եւ Աղոթք։ 1920-1930-ական թթ., պատմվածքներից զատ, տպագրել է գեղարվեստական արժեք ունեցող ակնարկներ, որոնք ամբողջական պատկերացում են տալիս արձակի փոքրածավալ ձեւերի մեջ Բակունցի գեղագիտության յուրահատկությունների մասին։

Արձակի փոքր ձեւերի նախապատվությունը պատահական չէր Բակունցի համար։ Պատմվածքն ու նորավեպը մեծ զարգացում էին ապրել անմիջապես նրանից առաջ եւ լայն հնարավորություններ էին ի հայտ բերում նրա գործունեության շրջանում։ Հիշենք Թումանյանին, Զոհրապին, Դեմիրճյանին, Զորյանին, Համաստեղին։ Բակունցը դարձավ փոքր արձակի այս ավանդույթների շարունակողն ու զարգացնողը։

Բակունցի գեղարվեստական աշխարհի ձեւավորման գործում առանձնահատուկ տեղ ունեն Թումանյանը, Տերյանը, Համաստեղը։ Թումանյանը կոչ էր անում պատմաաշխարհագրական անունների ետեւում տեսնել ու ճանաչել իրական հայրենիքն ու նրա մարդկանց՝ Ինչպե՞ս են ապրում, ինչպե՞ս են խոսում, լալիս, ուրախանում հայ գյուղացիները։ Թումանյանն ի՛ր իսկ պատվիրանների առաջին կատարողն էր։ Ժողովրդի կյանքը եւ ոչ թե աշխարհագրական անունները ճանաչելու ճանապարհով ընթացավ նաեւ Բակունցը։ Նա ժառանգեց Թումանյանի խոսքի պարզությունը, հակիրճ սեղմությունը, նկարագրությունների եւ բնորոշումների դիպուկ ոճը։ Ընդհանուր կարգի այս առնչությունները որոշակի զուգադրությամբ երեւում են նաեւ Թումանյանի Գելը եւ Բակունցի Ձմռան մի գիշեր պատմվածքներում։ Ընդհանուրն ու նմանը զրույցի եղանակն է, պատմողի եւ լսողի հարաբերությունը, նաեւ` պատմվածքների կառուցվածքը։

Թումանյանից Բակունցը ժառանգել է նաեւ պատումի լեզվական ատաղձ ստեղծելու, գրական լեզուն ու բարբառը համադրելու միջոցները։ Ինքը՝ գրողը, խոստովանել է. Այս տեսակետից Թումանյանի փորձը շատ ուսանելի է մեզ համար։

Բակունցի պատկերած Հայաստանը ներքին կապեր ունի Տերյանի Երկիր Նաիրի շարքի հետ։ Տերյանը հեռու մնաց պատմական անունների ու դեպքերի ոգեկոչման ազգային հովվերգությունից եւ իրատես հայացքով պատկերեց իր ժողովրդի` լացի նմանվող անխինդ երգերը, նրա խարխուլ խուղերը, նրա տխուր ու անամոք կյանքը։ Հարազատի կարեկցությամբ նա սիրեց իր հեզ ու խոնարհ ժողովրդին, չունեցած արժանիքներով չգունազարդեց նրան եւ սիրո խոսք ասաց՝ ծունկի գալով նրա անփայլ գեղեցկության առջեւ. Տեսնում եմ ահա գյուղերը մեր խեղճ, // Եվ թուխ դեմքերն այն տխրության սովոր։ Այնուհետեւ.

Չշլացա խնդուն փառքիդ

 

Անցյալ ու հին փայլով երբեք.–

 

Սիրեցի հեզ, անքեն հոգիդ

 

Եվ երգերդ մեղմ ու բեկբեկ,

 

Խեղճությունըդ խավար ու լուռ,

 

Աղոթքներըդ դառն ու ցավոտ,

 

Զանգակներիդ զանգը տխուր

 

Եվ հյուղերիդ լույսերն աղոտ…

 

Տերյանական այս աշխարհընկալումը խոր շերտեր ունի Բակունցի արձակում, որն ընդհանուր օրինաչափություններից հասնում է կերպարային ակնհայտ զուգորդությունների՝ Տերյանի նաիրուհու անարվեստ նայվածքից մինչեւ Բակունցի Խոնարհ աղջկա անարվեստ սերը։ Տերյանից Բակունցը ժառանգեց նաեւ լեզվական արտահայտման նրբության, մեղմ հայտածումների այն անթերի արվեստը, որը նրա արձակում եւս մնաց որպես խոսքի բանաստեղծական արվեստ։

Բակունցի ստեղծագործական նկարագիրը հոգեհարազատ էր նաեւ Համաստեղին։

Հատկապես ակնբախ է վերջինիս Գյուղը (1924) եւ Անձրեւ (1929) ժողովածուների ներգործությունը։ Բակունցյան ընդհանուր ներշնչանքի ու բանարվեստի մեջ Համաստեղի ավանդույթներն առկա են բնաշխարհի ու բնաշխարհիկ մարդու նկարագրություններում, մարդու եւ բնության, մարդու եւ կենդանական աշխարհի կապի մեջ, համեմատությունների ու բնութագրությունների արվեստում։ Կան առնչության ավելի որոշակի եզրեր։ Բակունցը Համաստեղի նման իր ժողովածուներից մեկը վերնագրեց Անձրեւ, օգտագործեց միջնադարյան ժամանակագրության ձեւը. ընդհանրություններ ունեն Համաստեղի Վարդան եւ Բակունցի Տիգրանուհին պատմվածքները: Բակունցի Մուրոն (Մուրոյի զրուց) նույն ասացողն է, ինչ Համաստեղի Մկոն (Չոպան լերան հեքիաթը)։ Ընդհանրության եզրեր ունեն նաեւ նրանց ստեղծագործական խառնվածքի քնարական-բանաստեղծական շունչը, հուշի ու վերհուշի զգացողությամբ վերակենդանացող անցյալը, անամոք ու լուռ թախիծը, ասվածի տակ թաքնված կռահվելիք չասվածը եւ, ի վերջո, սովորականի ու առօրեականի մեջ գրեթե կորած անսովոր գեղեցկությունների հայտնաբերումը։

Բակունցը գրական ասպարեզ մտավ ոչ միայն զանգեզուրյան գյուղերի տպավորություններով, ոչ միայն գրական ազդակներով, այլեւ, առաջին հերթին, հայրենիքի ողբերգական զգացողությամբ։ Ազգային ծանր դրամայի վերապրումը դարձավ հայրենիքի ճակատագրի իմաստավորում եւ իր մեջ միավորեց այն ամենը, ինչը կազմում է բնաշխարհին ու պատմությանը ձուլված մարդ անհատի ապրումների անսահման աշխարհը։ Աղոթքը (1918) քնարական ինքնարտահայտում է. աղոթք՝ վերջ դնելու հայրենիքում կատարվող արյունոտ ողբերգություններին, աղերս՝ վերականգնելու ազգային կյանքի խախտված հիմքերը։ Դիմելով ամենատես ու կարեկից երկնային Տիրոջը՝ նա գրում է. Հեռացրու տանջանքն այս ահավոր, զրկանքները բյուրավոր, էլ թող արցունքներ չհոսեն, թող հեւոց չլինի, թող հրդեհ չլինի։ …Տե՛ր, ծուխ է ամենուր՝ տաճարներիդ գմբեթները հողի հետ են հավասարվում։ Քո տները ավերվում են։ Մոխիրը շատ է, արյունով հագեցավ երկիրը։ Հեռացրո՛ւ, հեռացրո՛ւ, հեռացրո՛ւ…։

Բակունցի հետագա ստեղծագործության մեջ հայրենիքի կերպարն ավելի է որոշակիանում՝ գրողին տանելով դեպի հայրենիքի ցավերի ու հոգսերի աշխարհը։

Մարդը եւ բնությունը: Ի՞նչն է բնորոշ գեղարվեստական այն իրականությանն ու կերպարներին, որ Մթնաձոր անունով մտավ հայ գրականության մեջ։

Դա մի աշխարհ է, որը, ձուլված բնությանը, իր ներքին օրինաչափությունների մեջ կրում է բնության նախնական ու նախաստեղծ շունչը։ Մարդն ու բնությունը, մարդու կյանքը եւ բնության տարերքը, մարդկանց ներքին փոխհարաբերություններն ու բնության հետ նրանց կապերը միասնական են եւ թողնում են ապրող ու շնչող մեկ ամբողջական կենսագոյության տպավորություն. Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը. քիչ է ասել կուսական ու վայրի։ Թվում է, թե մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, եւ բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում։ Գուցե այդպես է եղել աշխարհը այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտեր են գոյացել, եւ շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքերը (Մթնաձոր

Առասպելների, դարավոր սովորությունների, մարդու եւ բնության, մարդու եւ վայրի կենդանիների անխաթար համակեցության մի աշխարհ է Մթնաձորը։ Լեռների ու առասպելների մեջ կորած, ժամանակի ընթացքն իր շարժման օրենքներով չափող մի ինքնավար աշխարհ, որն ունի միմիայն իր ստեղծած կյանքի նիստուկացը։ Իր հերթին Բակունցը զարմանքով արձանագրում է, որ այդ վայրերում շատ տներ մինչեւ այժմ էլ տոնում են մի ուրիշ նոր տարի, որին Նավասարդ են ասում (Մրոց)։ Հեթանոսական ժամանակներից եկող մեկ այլ սովորության նկարագրություն է Խաղլացավ պատմվածքը։ Արեւորդիներից պահպանված այդպիսի հնօրյա մի աղանդ էլ մնացել է Սաբու գյուղում։

Այս աշխարհում ամեն ինչի սկիզբը գալիս է անհիշելի ժամանակներից։ Հավերժական ժամանակը Բակունցի ստեղծագործության մեջ ստանում է կյանքի անվախճանականության նշանակություն եւ մթնաձորյան աշխարհի համար դառնում հավիտենական կեցության նախապայման՝ պայմանավորված բնության հավերժականությամբ։ Եվ պատահական չէ, որ Բակունցը չունի ոչ մի պատմվածք կամ ակնարկ, որը չսկսվի կամ չշարունակվի բնության նկարագրությամբ։ Այդ աշխարհում բնությունն է տնօրինում մարդկանց կյանքն ու ճակատագիրը։ Այսպես. Անտառն իր կնիքն էր դրել Սաբուի վրա։ Ոչ միայն ափսեներն են անտառի փայտից, արորն ու շերեփը, այլեւ անտառից է նրանց ուտելիքի մեծ մասը։ …Նրանց պատմությունների մեծ մասը վայրի գազանների մասին է։ …Սաբուն մռայլ է։ Անտառն է վարժեցրել ունքերը կախ եւ կացնի կոթից պինդ բռնած լուռ ման գալ ծառերի տակ (Սաբու

Բնությանը ձուլված՝ մարդը նաեւ պայքարի մեջ է բնության դեմ, քանզի մաքառումներով է նվաճում իր կենսական իրավունքները. Աքարը հին է՝ անհիշելի ժամանակներից… Եվ եթե երկու տարի հողերը չվարեն, անտառն իր մեջ կառնի Աքարին, քամին լորենու սերմեր շաղ կտա, թռչունները կաղին կտանեն կտուրների վրա, եւ հանգած թոնրի մեջ կաղինն իր արմատները կխրի (Աքարում)։ Նույն նախնական բնազդով է մարդը մենամարտում նաեւ արջի դեմ, որովհետեւ բնությունը հավասար իրավունքով է ապրեցնում մարդուն ու գազանին։

Շարունակելի

Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s