(պատմական զուգահեռներ)

Հայոց պատմության երկու խորհրդանշական հասկացությունները՝ Ավարայրն ու Սարդարապատը, մշտապես դրվում են կողք կողքի՝ իրարից անբաժան:

Երկու խորհրդանիշներ, որոնք կապվում են մեր ժողովրդի լինել-չլինելու ահեղ հարցականի հետ: Պատմագիտական եւ հրապարակախոսական գրականության մեջ անսակարկելի ու անառարկելի տոնով արվում է սույն հարցադրումը: Ճշմարի՞տ է արդյոք սա: Ընդհանուր առմամբ՝ այո՛, սակայն որոշակի էական տարբերություններ, այնուամենայնիվ, կան Ավարայրի եւ Սարդարապատի միջեւ:

Ոչ միայն տարբեր էին հինգերորդ եւ քսաներորդ դարերի հայկական իրականությունները, այլեւ թշնամի-հակառակորդը՝ հետապնդած նպատակներով, պատերազմելու մեթոդներով, հայ ժողովրդի հանդեպ որդեգրած վերջնական դիրքորոշումով ու վերաբերմունքով:

5-րդ դարում պարսիկները ձգտում էին նվաճել ողջ Հայաստանը, տարածել զրադաշտականություն, ապա՝ հայերին ձուլել պարսիկներին: Սակայն պետք է ընդգծել, որ պարսիկների, կոնկրետ՝ Սասանյան դինաստիայի եւ Հազկերտ Երկրորդի ծրագիրն անկարելի է համեմատել 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի Օսմանյան կայսրության պետական իշխանությունների ՝ Սուլթան Աբդուլ Համիդի եւ այնուհետեւ երիտթուրքերի՝ հայ ժողովրդի ամբողջական ֆիզիկական բնաջնջման մտադրության ու գործողությունների հետ: Պարսիկները բնավ չէին ձգտում հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջմանը: Ուրեմն, մեր ժողովրդին սպառնացող վտանգի աստիճանն ու ահագնությունը 5-րդ դարում այն չէր, ինչ 20-րդ դարասկզբին: Եվ եթե մերոնք Ավարայրում ծանր պարտություն կրեին ու ջախջախվեին, կարծում ենք, դրանով վերջակետ չէր դրվի մեր ժողովրդի գոյությանը, այլ կերպ` չէր ավարտվի հայ ժողովրդի հարատեւման գործընթացը, քանի որ Հայոց աշխարհը դեռեւս զգալիորեն շեն էր ու ամրակուռ, ուներ դիմադրությունը շարունակելու ու հարատեւելու պաշարներ ու հնարավորություններ: Ավարայրի անկումը կարող էր դեռեւս չնշանակել հայոց երկրի ու պետականության անկում ու կործանում. Ավարայրի անկումից հետո պարսիկները դեռ պետք է նվաճեին հայոց մարտունակ երկիրը: Մինչեւ 5-րդ դարը, մինչեւ Վարդանանց պատերազմը հայ ժողովրդին ու հայ ինքնությանը չէր հասցվել այնպիսի մահացու հարված, որն անդարմանելի ու անվերականգնելի լիներ մեր երկրի ու մեր ժողովրդի համար: Բոլորովին այլ՝ անմխիթար ու ողբերգական էր 20-րդ դարի առաջին երկու տասնամյակի հայկական իրականությունը:

Սարդարապատի նախօրյակին մեր երկիրը հոգեվարքի մեջ էր, քաղաքական, տնտեսական ու բարոյական առումներով թույլ, բզկտված, քայքայված ու պառակտված, սովահար որբերով ու գաղթականներով լեցուն: Եվ ամենակարեւորը՝ Սարդարապատի հերոսամարտից ընդամենը մի քանի տարի առաջ տեղի էր ունեցել Հայոց ցեղասպանությունը:

1915-1918 թվականներին տեղի ունեցած դեպքերը բնավ էլ պատահական, պատերազմական թոհուբոհի հետեւանք չէին, այլ թուրքական պետականության վաղեմի երազած ու մանրամասն մշակած հայաջինջ ու հայասպան քաղաքականության հաշվենկատ իրագործումն էին:

Նշենք, որ 1918 թ. գարնանը թուրքերը շատ մոտ էին իրենց փայփայած ծրագրերի իրագործմանը: Եվ եթե Սարդարապատն ընկներ, թուրքերը գրավելու էին Էջմիածինն ու Երեւանը, որով փակվելու էր հայ ժողովրդի արյունոտ Գողգոթայի վերջին արարը: Անկասկած է, որ Սարդարապատի անկումից հետո թուրքական յաթաղանից հայության անպաշտպան բեկորներին փրկություն չէր լինելու:

Ցեղասպան թուրքը, դարեր շարունակ կեղեքելով ու հալածելով հայությանը, 20-րդ դարի դարասկզբին ձգտում էր լուծել Հայկական հարցը` Հայաստան երկրում հայ չթողնելով: Արեւմտյան Հայաստանում արդեն մեծ մասամբ իրագործել էին իրենց ծրագիրը, մնում էր վերջ տալ գաղթականների բեկորների եւ փոքրիկ արեւելահայության գոյությանը նաեւ Արեւելյան Հայաստանում:

Ի դեպ, թուրքերի՝ տվյալ ժամանակի քաղաքական ու ռազմական առաջնորդները գրեթե ոչ մի կասկած չունեին, որ իրենք հաջողությամբ սրի կքաշեն նաեւ արեւելահայությանը: Հայ ժողովրդի անելանելի հուսահատական վիճակը Սարդարապատի նախօրյակին, թերեւս, առավել պատկերավոր ու դիպուկ արտահայտել է ժամանակակիցը՝ հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանը. Հայության վիճակն ամենահուսահատականն է. վտանգված է հայի գոյությունը. Կարսը եւ Բաթումը գրավելուց հետո ամբողջ Կովկասը թուրքերի ոտքի տակն է. կջարդեն հայերին եւ մասամբ էլ վրացիներին, կհասնեն Բաքու եւ Թավրիզ (Ավ. Իսահակյան, Հիշատակարան, Եր., 1977, 330-331): Ապա մեծ մտածողն ընդհանրացնում է. Հայությունն ապրում է իր 3 հազար տարվա պատմության ընթացքում չտեսնված մի ճգնաժամ: Թուրքահայաստանը՝ կոտորված, ավեր ու ամայի, իսկ Ռուսահայաստանը՝ նույն օրհասի առջեւ սրտադող կանգնած, աշխարհից, մարդկանցից ու աստծուց լքված (նույն տեղում, 331-332):

Այսպիսի քաղաքական, պատմահոգեբանական պայմաններում կայացավ Սարդարապատի հերոսամարտը: Կատարվեց իրական հրաշքը, հրաշք քանզի առավել անիրական ու հեքիաթային էր թվում հաղթանակը 1918 թ. մայիսին Սարդարապատի մոտ, քան հաղթությունը 451 թ. մայիսի 26-ին՝ Ավարայրի դաշտում: Հայ ժողովուրդը կարողացավ իր բոլոր խավերով ու հատվածներով, մեծով ու փոքրով հավաքել եւ գոյապայքարի նետել կենսունակության վերջին ռեսուրսները: Իր բազմադարյան պատմության ամենաօրհասական պահին հայ ժողովուրդը համախմբումի ու բռունցքվելու, քաջության ու հերոսության եզակի կամք դրսեւորեց, որի արդյունքում Սարդարապատում ջարդվեց թուրքական բանակի ողնաշարը: Այս ամենից հետո, այնուամենայնիվ, ուզում ենք արձանագրել, որ էական բախտորոշ ընդհանրություններ կան Ավարայրի ու Սարդարապատի միջեւ: Երկու իրադարձություններին էլ բնորոշ է հետեւյալը. Ավարայրն ու Սարդարապատը համաժողովրդական պատերազմի ուժգնություն, բնույթ ու հնչեղություն ունեին՝ չնայած այն հանգամանքին, որ թե՛ Ավարայրում, թե՛ Սարդարապատում թշնամու դեմ կռվողների հիմնական միջուկը կանոնավոր բանակն էր: Հայոց պատմության ողջ ընթացքում միայն երկու անգամ են մեր հայրենքում մղվել նման ծավալի պատերազմներ: Զարմանալիորեն համընկնում են տարվա եղանակը, ամիսը, օրը: Վտանգի, տագնապի եւ ցասման վիթխարիությունը բնորոշ էր ե՛ւ Ավարայրը, ե՛ւ Սարդարապատը կերտողներին:

Անկարելի է չնկատել զարմանալի հոգեհարազատություն երկու ճակատամարտերը հրամանատարած հայ զորավարների ոգեշունչ վարքի ու բարոյական բարձր նկարագրի մեջ: Որքան հանդուգն, խիզախ ու քաջակորով էին 5-րդ դարի հայ զորավարները՝ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ, նույնքան արիասիրտ ու ոգեշունչ էին Սարդարապատում հայ զինյալ ուժերն առաջնորդած զորականները՝ Մովսես Սիլիկյանի եւ Դանիել Բեկ-Փիրումյանի գլխավորությամբ: Ավարայրի դաշտում Մատյանի գնդի դեմ գրոհողները Սարդարապատի Մահապարտների գնդի խիզախներն էին, որոնք առաջնորդվում էին Մահ իմացյալ՝ անմահություն պատգամով: Եվ, վերջապես, միեւնույն հերոսական, ոգեշունչ պահվածքը դրսեւորեցին հայ հոգեւոր դասի ներկայացուցիչները: Ավարայրի դաշտում զորքին եւ աշխարհազորայիններին ոգեշունչ խոսքով քաջալերող Հովսեփ Վայոցձորեցի կաթողիկոսի, Ղեւոնդ Երեցի արժանավոր հետնորդները հանդիսացան Գեւորգ 5-րդ կաթողիկոսը, Եզնիկ եւ Թադեւոս եպիսկոպոսները, արքեպիսկոպոս Գարեգին Հովսեփյանը, Էրզրումի առաջնորդ Զավեն Բաբայանը: Հենց վերոնշյալների կամքի ու ջանքերի շնորհիվ հայ զինվորն ու գյուղացին համոզվեցին, որ այլեւս նահանջելու տեղ չկա:

 

Եվ ճշմարիտ է հայ պատմաբանի այն դիտարկումը, որ ազգի բոլոր ազնիվ զավակները նման դեպքում միայն մեկ նշանաբան են ունենում՝ հաղթել կամ պատվով մեռնել: Այն, ինչ տանելի էր Երզնկայի, Էրզրումի, Սարիղամիշի, անգամ Կարսի մոտ, այլեւս անտանելի էր Երեւանի մատույցներում, Էջմիածնի պատերի տակ (Ա. Հարությունյան, Թուրքական ինտերվենցիան Անդրկովկաս 1918 թ. եւ ինքնապաշտպանական կռիվները, Եր., 1984, 187): Ավելացնենք, որ Ավարայր-Սարդարապատ պատմական զուգահեռը տանելիս պետք է անվարան շեշտադրել. եթե 5-րդ դարում կարելի էր նահանջել Ավարայրից, ապա նույն բանն անկարելի էր անել Սարդարապատում: Դա կլիներ ոչ թե դավաճանություն հայրենիքի նկատմամբ, այլ պարզապես ինքնաոչնչացում:

Ավարայրի ու Սարդարապատի մարտիկներին ոգեշնչման ու խիզախման էր տանում հայոց պատմության հերոսական ոգին:

Արմեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

Պատմական գիտ. թեկնածու

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s