Սկիզբը՝ 2011 Մարտ Բ-Մայիս Ա

Քրիստոնեությունը կյանքը դիտում է բարիք իր բոլոր դրսեւորումներում` ե՛ւ տանջանքներում, ե՛ւ հաճույքներում: Կյանքը բարիք է եւ բարիք է մնում նույնիսկ այն ժամանակ, երբ այն գերազանցապես տանջանք է դառնում կամ նույնիսկ` անվերջ տանջանք: Ինքնասպանության կարեւոր դրդապատճառներից է տառապանքներից ազատվելը, բայց արդյոք գոյություն ունի՞ սպասվող հանգստությունը: Քրիստոնեությունն ասում է, որ դա հուսախաբություն է, որը հանգեցնում է ավելի մեծ տառապանքների, բայց այն աշխարհում:

Հեդոնիզմը (բարոյական  դիրքորոշում, երբ մարդու վարքի հիմնական դրդապատճառն ու նպատակը դառնում է հաճույքի ստացումը- խմբգ.) արդարացնում է էվթանազիայի կողմնակիցների` տառապանքի եւ հաճույքների վերաբերյալ առաջ քաշած փաստարկները: Եթե հեդոնիստի համար մահը լիակատար անորոշություն է եւ հնարավոր է նաեւ բացարձակ վերջը, ապա քրիստոնյայի համար կեցության ձեւի փոփոխություն է միայն, կյանքի օրինաչափ ընթացքի մի հանգրվանը հավերժության անցման ճանապարհին: Սրանցով են պայմանավորված կյանքի նպատակի ընկալման երկու տեսակետները. հեդոնիստի համար՝ այս կյանքի հաճույքները, քրիստոնյայի համար՝ հոգու փրկությունը: Երբ խոսք է գնում տառապանքների ժամանակ կյանքի եւ մահվան ընտրության միջեւ, քրիստոնեական տեսանկյունից հարցը մտնում է հոգու փրկության դաշտ:

Աստված երբեք մարդուն թույլ չի տալիս կրելու առավել տառապանք, քան նա կարող է տանել, եթե ունենա համբերություն եւ  ընդունի այն շնորհն ու ուժը, որ Ինքն է տալիս մարդուն՝ նրա պայքարի ընթացքում: Երբ Աստված թույլ է տալիս, որ տառապանքը մուտք գործի մարդու կյանք, Նա դրանում մեծ բարիք է դնում, որին մարդն արժանանում է այն հաղթահարելու միջոցով: Եթե ամփոփենք տառապանքի իմաստի քրիստոնեական  ողջ էությունը, ապա այն կարելի է մեկ մտքով արտահայտել. տառապանքը բացահայտում է կյանքի խոր իմաստը եւ մարդուն հասկացնել տալիս, որ նա տիեզերքի տերը չէ, մարդ, ով այսօրվա տեխնիկայով հագեցված ժամանակաշրջանում իրեն Աստված է զգում, եւ ում թվում է, թե ինքը կարող է գերազանցել Աստծո արարչագործությունը:

Հաջորդ փաստարկը, որն առաջին հայացքից շատ հիմնավոր եւ համոզիչ է թվում, էվթանազիայի արդարացումն է գթասրտության եւ արդարության միջոցով. էվթանազիան համարվում է գթասրտություն նրա նկատմամբ, ում օգնում են մահանալ, եւ արդարացի՝ շրջապատի եւ հասարակության նկատմամբ:

Էվթանազիայի կողմնակիցների բարեգութ սպանության տեսությունը մերժվում է քրիստոնեական մտածողության դիրքերից: Էվթանազիայի արդարացման գթասրտության փաստարկը հաճախ կարող է կեղծվել թե՛ հիվանդի հարազատների, թե՛ բժիշկների կողմից. միգուցե հարազատների համա՞ր է անտանելի` տեսնել հիվանդին այդ վիճակում, եւ հիվանդի հանգիստ մահվան միջոցով փորձում են հենց իրենց ազատել այդ տառապանքներից: Էվթանազիան նման պարագաներում հանդիսանում է հեշտ եւ էժան ընտրություն: Իսկ այն դեպքում, երբ էվթանազիան կատարվում է իրական գթասրտության քողի տակ, պետք է մի բանում համոզված լինել. բժիշկը եւ առհասարակ որեւէ մեկը ավելի գթասիրտ չեն, քան Նա, Ով մարդկային էակին է արարել: Աստված մարդուն կյանք է շնորհել, եւ Նա էլ կանխորոշված ժամկետում այն նրանից վերցնում է: Սիրաքի իմաստության մեջ ասվում է. Տիրոջ բոլոր գործերը շատ բարի են, եւ Նրա բոլոր հրամանները կատարվում են իրենց ժամանակին. վայել չէ ասել` ի՞նչ է սա, կամ ինչո՞ւ է սա, քանզի ամեն ինչ պիտի կատարվի իր ժանանակին (Սիրաք ԼԹ 21): Բժշկի գթասիրտ քայլը չի դադարում սպանություն լինելուց նույնիսկ այն պարագայում, երբ այդ քայլին նրան դրդել են գթասրտության զգացումը, անհուսալի ու ծանր հիվանդին հետագա տառապանքներից ազատելու մարդկային ցանկությունն ու խիղճը: Էվթանազիայի հակառակորդների այս հիմնավորման դեմ առաջ է քաշվել այն հակափաստարկը, որ սարքը պահպանում է միայն կյանքի երեւութականությունը, որը դրսեւորվում է շնչառության եւ արյան շրջանառության ձեւով այն դեպքում, երբ իրականում մարդը մեռած է, որեւիցե ցավ չի զգում, նրա կենսագործունեության աղբյուրը` ուղեղը, արդեն մեռած է: 18-րդ դարի փիլիսոփա Դեյվիդ Հյումը պնդում էր, որ եթե արհեստականորեն մարդու կյանքին վերջ դնելն օրինազանցություն է Աստծո առջեւ` իբրեւ կյանք պարգեւողի եւ տնօրինողի, նույնը կարող է ասվել արհեստականորեն որեւէ մեկի կյանքը բժշկական սարքավորումներով երկարաձգելու պարագայում(տե՛ս Վազգենյան դպրանոց, հոգեւոր-մշակութային պարբերական, 2008, թիվ 2, էջ 29 (Գեւորգ աբղ. Սարոյան, Էվթանազիա եւ բժշկական էթիկա):

Քրիստոնեությունը մարդու կյանքը բացառիկ արժեք է ընդունում, արժեք, որն անփոխարինելի եւ եզակի է: Հետեւաբար մարդն ամեն ինչ պետք է անի այդ արժեքը պահպանելու համար: Բժշկությունից պետք է օգտվել միայն այն դեպքում, երբ այն նպատակ ունի երկարաձգելու Աստծո պարգեւը` կյանքը: Չպետք է առաջնորդվել մարդկային չափորոշիչներով` կյանքի արժեքը սահմանելու համար: Այդ արժեքն արդեն իսկ Աստծո կողմից բացարձակ է տրվել մարդուն, բացարձակ այն կոչումով, որ նա այլեւս պահապանն ու պատասխանատուն է այդ  անսահման արժեքի:  Իսկ իրականում գթասրտությունը ոչ թե մահվան օգնության մեջ է, այլ նրա հետ ցավը կիսելու, նրան կարեկից լինելու մեջ, որը հիմնավորվում է  Հիսուսի խոսքերում. Հիվանդ էի, եւ Ինձ տեսնելու եկաք (Մատթ. ԻԵ 36):

Գիտությունը սրընթաց կերպով զարգանում է, կատարելագործված կենսաբժշկական տեխնիկան հրաշքներ է գործում` պահպանելով մարդու կյանքը նույնիսկ տասնյակ տարիներ, բայց ավելին անել անկարող է: Նա բացահայտեց մարդու մարմնի գրեթե բոլոր գաղտնիքները, բայց դրանից այն կողմ մի իրականություն է, որտեղ այլեւս անելիք չունի: Հոգեւոր այդ իրականությունը հավիտենական է ու անսահման, եւ մարդը, ըստ Սուրբ Գրքի, մասնակից է լինելու այդ հավիտենականությանը՝ հոգին փրկելու կամ կործանելու վիճակներով: Քանի դեռ մարդը երկրային կյանքի մեջ է, հնարավորություն ունի շատ բան ճանաչելու եւ որ գլխավորն է` իր ընթացքից դարձի գալու: Տառապող հիվանդը շատ մոտ է ճանաչողության այդ սահմանին եւ, ո՞վ գիտի, միգուցե արդեն իսկ սկսում է ճանաչել, իսկ մարդուն կյանքից զրկելն էվթանազիայի միջոցով ոչ միայն բռնությամբ հոգու վտարում է, այլեւ զրկում է ճանաչելու եւ մեղանչելու հնարավորությունից: Եթե Աստծո կամքն է, որ հիվանդը մահանա, ապա կատարելագործված տեխնիկան ոչինչ չի կարող անել, իսկ քանի դեռ հիվանդը կա, ապրում է, ուրեմն դա Աստծո կամքն է, եւ պետք է ընդառաջ գնալ Նրա կամքին: Աստծո կամքին ընդառաջ գնալն այս պարագայում Նրա իսկ կողմից մարդուն պարգեւած շնորհի ճիշտ օգտագործումն է` պահելու, պահպանելու եւ արդյունավորելու այն կյանքը, որը սուրբ է:  Այսպիսով, քրիստոնեական տեսանկյունից էվթանազիան աստվածադիր օրենքների խախտում է, մարդուն տրված ազատության չարաշահում, հոգու անմահության ու հավիտենական կյանքի ժխտում եւ վերջապես` անհավատություն: Մարդկության այդ անհավատությունն ու մեղքերը թերեւս բավարար կլինեին կրկին խաչը բարձրացնելու Հիսուսին, Ով պիտի  կրկներ` Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետեւ չգիտեն, թե ինչ են անում (Ղուկ. ԻԳ 34):

Էվթանազիայի մասին վեճերը շարունակվում են, օրեցօր ավելանում են նրա օրինականացման փորձերն ու հաջողությունները, իսկ թե ինչ կլինի մոտ ապագայում, հայտնի չէ. միայն մի բան պետք է հիշել` մարդու հետագա գոյությունը կախված է նրա հոգեւոր վիճակից:                                                              

 

 

Ժորա սրկ. ՍԱՐԳՍՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s