Սկիզբը՝ 2010 Հոկտ. Բ, 2011 Հունվար Ա-Մայ. Ա

Հակոբ կաթողիկոսի մահվանից հետո պատվիրակության անդամ երեք եպիսկոպոսներն ու երեք աշխարհականներն իրենց առաջադրանքը համարեցին վերջացած եւ որոշեցին ետ վերադառնալ։ Աշխարհականներից միայն մեկը՝ Իսրայել Օրին, չվերադարձավ եւ ուղեւորվեց Վենետիկ, այդտեղից էլ՝ Ֆրանսիա՝ ռազմական գործը սովորելու։ Սա արդեն նորություն էր, քանի որ մինչ այդ Եվրոպա էին գնում՝ միայն տպագրության գործի հետ կապված։ Եղիազարը, իր խոստման համաձայն, ուղեւորվեց դեպի Կ. Պոլիս։ Ճանապարհին իմանալով Հակոբ կաթողիկոսի մահվան լուրը՝ այլեւս չեկավ Կ.Պոլիս եւ վերադարձավ Երուսաղեմ։ Նրան Պոլիսը ոչինչ չէր տալիս, իսկ Երուսաղեմում նա իրեն ուժեղ էր զգում։

Էջմիածնում կաթողիկոսի անմիջական ընտրություն չեղավ։ Ներքին կառավարումը մնաց Ստեփանոս Լվովցի եպիսկոպոսի ձեռքին, որը նրա բացակայության ժամանակ փոխանորդ էր նշանակված։ Հակոբի մեռնելուց հետո նա տեղապահ ճանաչվեց։ Հակոբի մահից հետո ուժեղացել էին Եղիազար Այնթապցու դիրքերը։ Դրան նպաաստել էր նաեւ այն իրողությունը, որ Հակոբ կաթողիկոսը շատ մեղմ էր վերաբերվել Եղիազարին՝ Կ. Պոլսում վերջին անգամ գտնվելու ժամանակ։ Չի բացառվում, որ նա նույնիսկ մտադիր էր հրաժարվել, միայն թե դա նպաստեր իր գաղափարին։ Կրպոն համամիտ էր Եղիազարի հետ։ Անհավանական է, որ Եղիազարն ինքն անհրաժեշտ ճիգեր չի գործադրել։ Վերջապես Էջմիածնի միաբանությունն էլ համոզվեց, որ Հայոց Եկեղեցու խաղաղության համար լավ կլինի Եղիազարի կաթաղիկոսությունը։ Նրանք համոզեցին նաեւ պարսիկ խանին, եւ պարսից արքունիքը հրովարտակ տվեց։ Կաթողիկոսության հարցը լուծվեց 1691 թվի հուլիսին։

Հետաքրքիր է, որ մեջտեղ եկավ կաթողիկոսության թեկնածու։ 1680 թվի օգոստոսի 10-ին գրված մի նամակում ասվում է, որ երկու վարդապետ՝ Գրիգոր Կեսարացին եւ Աստվածատուրը, Կոստանդնուպոլսից գրում են Երուսաղեմ, թե Հակոբն իրենց նշանակել է հաջորդ։ Եվ որ իբր հանձնարարել է Եղիազարին ու Կաֆացուն հոգալ այդ մասին։ Իսկ Քյոմուրճյանը Հակոբի համար գրված ողբում նշում է, որ կաթողիկոսը կտակ է թողել՝ հաջորդ տեսնելով Սահակին։ Սակայն այս ամենը հազիվ թե իրավունք է տալիս՝ նրան մտցնելու հայրապետական թեկնածուների ցանկի մեջ։

Կաթողիկոսի կտակն ավելի շուտ փափագ է եղել, քան իրականություն։ Ասվում է նաեւ, որ Էջմիածնի ռաբունների խումբը մեծարում է Սահակին աթոռով, եւ որ եկել է մխիթարանքի նամակ՝ օրհնությամբ։ Իրավացի է Մ. Օրմանյանը, որ դրա տակ չի հասկանում Սահակի օծումը եւ առաջին կոնդակի հրապարակումը։ Հնարավոր է, որ միաբանությունը նրան մեծարել է եւ ճանաչել հայրապետության տեղակալ եւ Սահակին էլ մխիթարանքի նամակ է ուղարկել Կ. Պոլիս՝ Հակոբի մահվան առթիվ, սակայն միաբանությունը սպասել է, որ հակաթոռության խնդիրը փակվի, եւ նոր միայն անցնեն պաշտոնական ծիսակատարություններին։ Այդ է հաստատում նաեւ Կաֆացու նամակը։ 1781 թվին էլ Եղիազարի գրած նամակում Սահակի անունը չի հիշվում, եւ աթոռը թափուր է։ Եթե Սահակը կաթողիկոս դարձած լիներ, ապա այդ մասին անպայման կգրեր Քանաքեռցին, կգրեին ուրիշները։ Հետեւաբար բացառվում է Սահակի կաթողիկոսությունը։ Սահակին որպես ակտիվ կաթողիկոս ցույց տալու ջանքեր էլ են եղել։ Նա Հակոբի պես, իրոք, եղել է Հայոց Եկեղեցու մեծ ջատագով։

Դեռ Եղիազարի կաթողիկոսության շրջանում պատմությունը հիշում է նոր վկաների։ Ժամանակագրական առումով առաջինը Մխիթար Վանեցին էր, որն ուժեղ, քաջ, ձիավար ու զինախաղաց մեկն էր։ Այդ պատճառով սիրված էր անգամ օտար իշխաններից։ Եվ մի օր, երբ նա տանը ուրախանում էր՝ երգով ու քնարով, մի խումբ այլազգի տղաներ տունը շրջապատում են եւ նրան անհանգստացնում։ Հայրը կամենում է նրանց հեռացնել, իսկ նրանք հարվածում են ծերունուն։ Մխիթարը դուրս է գալիս եւ հալածում նրանց ու հայհոյում նրանց հավատը։ Որոշ թուրքեր նրան զգուշացնում են, բայց նա չի լռում։ Մի խումբ կրոնամոլներ նրան ձերբակալում են ու բանտարկում, սակայն ենիչերիները նրան ազատում են եւ մի քանի օր իրենց մոտ պահելուց հետո բաց թողնում։ Կրոնամոլները նրան կրկին ձերբակալում են եւ տանում դատավորի մոտ։ Սակայն սպանության հրաման չի տրվում։ Ձեռքերը մեջքին կապած, բոկոտն ու գլխաբաց ման են ածում քաղաքում, ծեծում, անարգում եւ ստիպում ընդունել իսլամը։ Նա մերժում է, չնայած ազգականները խորհուրդ են տալիս առերես ընդունել։ Նրան տանջում են, բայց նա չի տկարանում, ի վերջո սպանում են եւ ոտքերից պարան կապած՝ քարշ են տալիս քաղաքից դուրս, դիակը քարկոծում՝ մինչեւ քարերով ծածկվելը։ Դա եղավ 1656 թվի  նոյեմբերին, իսկ մյուս օրը, թույլտվություն ստանալով, նրան հանդիսավոր հանձնում են հողին։

Մյուս նահատակն Ավետիս Ոստանցին էր՝ նույնպես Վասպուրականից։

Նա աղքատ շինական էր եւ ապրուստի համար տեղափոխվում է  Աղբակի Բաբլասան գյուղը եւ ծառայության անցնում Լոռիքան բերդի քուրդ իշխան Բաքտարի մոտ։ Այլազգի ծառայակիցները նրան նախանձում են եւ սուտ վկայություն տալիս, թե իբր նա խոստացել է մահմեդական դառնալ։ Բաքտարը դրան ուշադրություն չի դարձնում։ Դիմում են Խուսրեւ փաշային, որը համոզվում է զրպարտության մեջ եւ հարցը փակում է։ Կրոնամոլները նրան ձերբակալում են, փորձում սիրահոժար դարձնել մահմեդական, իսկ երբ մերժում են ստանում, նրան սրերով ծակծկում են, տանում Փիզանի հրապարակ եւ այնտեղ գլխատում։ Դա եղել է 1656 թվի մարտի 20-ին։ Մարմինն իշխանը տալիս է եղբորը, որը նրան հողին է հանձնում Առակ գյուղի գերեզմանոցում։

Վկայեց Գաբրիել Ղալաթիացին, որը Տիվրիկի Խուռնավիլ գյուղից էր։ Նրա եղբայրն իսլամացել էր եւ դարձել ենիչերի։ Գաբրիելը նրան հաճախ  էր այցելում եւ  համակերպվել էր թլփատվելուն եւ ենիչերի դառնալուն։ Մասնակցում է Կրետեի պատերազմին։ Սակայն սիրտը ցավում էր, որ իսլամացել էր։ Վերստին քրիստոնյա դառնալու համար փախչում է Եվրոպա եւ 12 տարի թափառում այնտեղ։ Ուխտի է գնում Պետրոս, Պողոս եւ Հակոբ առաքյալների գերեզմաններին։ Զղջալով իսլամանալու համար՝ նա 1662 թվի օգոստոսին վերադառնում է Կ. Պոլիս։ Որոշ ժամանակ փակվում է ծնողների տանը՝ Ղալաթիայում, եւ սեպտեմբերի 14-ին՝ Խաչվերացի օրը, այցելում է հայոց գերեզմանոց։ Հաղորդվում է Ղալաթիայի Սբ Լուսավորիչ եկեղեցում։ Երեքշաբթի օրը շուկա դուրս գալով՝ ճանաչվում է. նրան քարշ են տալիս դատարան։ Քրիստոնեությունից չհրաժարվելու համար բանտարկվում է եւ դատապարտվում կախաղանի։ Նրան կախում են 1662 թվի սեպտեմբերի 1-ին, իսկ մարմինը երկու օր անց նետում ծովը։

Վկաների շարքում տեղ գրավեց Վայոց ձորի Արփա գյուղից Խաչիկի նորահաս դուստրը՝ Ազիզեն կամ Պատվականը, որը նշանված էր Միրման անունով մի երիտասարդի հետ։ Փեսացուն կենակցում է Պատվականի հետ, որը երեխա է բերում։ Նախիջեւանի Մուրադ խանը, իմանալով այդ մասին, կամենում է ձերբակալել Միրմանին, որը փախչում է, եւ ձերբակալում են Պատվականին։ Նրան մեղադրում են՝ իբրեւ պոռնիկի։ Աղջիկն էլ ասում է, որ իրենք նշանված են։ Մուրադ խանը նրան ազատելու համար ուրացություն է առաջարկում, ինչը Պատվականը չի ընդունում։ Հաջողության չհասնելով՝ նրան կախում են մինարեթից եւ դարձյալ հավատափոխություն առաջարկում։ Նա չի ընկրկում, սրանք էլ պարանը կտրում են։ Նա նահատակվեց 1669 թվին։

Բաղդասար Եվդոկացին նահատակվեց Կարինում կամ Էրզրումում։ Բաղդասարը փոքր հասակից հորից որբ է մնում եւ ավագ եղբոր՝ Անտոնի հետ կոշկակարություն է անում։ Նրանք միասին Զմյուռնիա են գնում։ Այնտեղ նրան բռնությամբ իսլամացնում են եւ թլփատում՝ 13 տարեկանում։ Նա այդ ամենին դժկամ էր, ուստի կրկին գալիս է Եվդոկիա, որտեղ մայրը եւ եղբայրները, վտանգ տեսնելով, նրան խորհուրդ են տալիս թողնել օսմանյան երկիրը եւ գնալ Էջմիածին։ Այդպես էլ անում է։ Նա շատ վանքեր ուխտի է գնում եւ վերջաեպս հաստատվում մի վանքում ու մնում այնտեղ 7 տարի՝ Զաքարիա վարդապետի մոտ։ Վարդապետի մահից հետո նա վանքը թողնում է եւ 2 տարի այս ու այն կողմ պտտելուց հետո Երեւանում աշխատանքի է անցնում մի կոշկակարի մոտ։ Այստեղ նրան ճանաչում է մի եվդոկացի հայ, որից էլ լսում է մի կարնեցի թուրք, որը որոշում է տղային խաբելով տանել Կարին եւ այնտեղ ստիպել, որ նա վերադառնա իսլամին։ Նա համոզում է Բաղդասարին միասին ուղեւորվել եւ նրա դրամն էլ ձեռքից առնում է եւ Կարին հասնելուն պես Յուսուֆ փաշային հաղորդում է, որ նա իսլամացած է եղել։ Բաղդասարը ձերբակալվում եւ բանտարկվում է։ Բանտում նրան հաղորդություն է տալիս Հակոբ քահանան, որը նախկինում եղել էր մաքսապետ։ 4 օր անց նորից փորձում են ստիպել եւ հաջողության չհասնելով՝ գլխատման հրաման են տալիս։ Նա գլխատվում է Սբ Նշան կոչվող բլրի վրա՝ 1672 թվի հունիսի 4-ին՝ ժամը 6-ին։ Բաղդասարն այդ ժամանակ ընդամենը 25 տարեկան էր։ Նրա մարմինը հողին է հանձնվում Կարնո եկեղեցու հարավակողմում։ Նրա գերեզմանը՝ իբրեւ նահատակի գերեզման, պատվվել է կարնեցիների կողմից։

Եղան նաեւ ուրիշ վկաներ։ Նրանցից էին Հակուբ Կարնեցին՝ Ղուլիկենց տոհմից, եւս մի կարնեցի ու մի սեբաստացի, մեկն էլ՝ քյոփրյուքյոցի (հին Վաղարշավանը)։ Հակոբ Կարնեցուն սուտ մեղադրում են, թե խոստացել է իսլամանալ, որից հետո նրան բանտարկում են, տանջում, երեք անգամ քարշ տալիս դատարան եւ քարկոծում Սբ Նշանի վրա, որտեղ սպանել էին Բաղդասարին։ Նրան նահատակեցին 1667 թվին եւ թաղեցին Բաղդասարի գերեզմանի մոտ։

Նահատակվեց մանկահասակ Գրիգորը՝ Տաթեւ գյուղից, որ ուխտի էր եկել Մշո Սբ Կարապետ։ Նահատակներից էր Դավիթ Մելքոնյան Սեբաստացին, որ 21 տարեկան էր։ Ահա այս էր մահմեդական տիրապետության գազանային էությունը։

Մեզ հետաքրքրող ժամանակաշրջանում մեծ ծավալում ստացավ տպագրության գործը։ Ոսկանի մահից հետո տպագրության գործը չտապալվեց։ Մարսելի տպարանը, որպես ժառանգություն, մնաց Ոսկանի քրոջ որդուն՝ Սողոմոն Լեւոնյանին, որին ընկերակցում էր Թադեոս Համազասպյանը։ Այդ գործի մեջ էին նաեւ Նասիբ Գրիգորյանը՝ գործակատարը, եւ Մատթեոս Հովհաննիսյանը՝ գրաշարը։ Ժամագրքի տպագրությունը, որ Թադեոսի քսության հետեւանքով Ոսկանի մահվան պատճառն էր դարձել, Թադեոսի ձեռքին նոր նենգությունների առիթ եղավ։ Կարծես թե նա աշխատում էր գործին վնասել։ Հռոմից գրաքննիչ ուղարկված Հովհաննես Հակոբյանը, որի մականունը Հոլով էր, քննություն կատարեց, բայց անգամ դրանից հետո Թադեոսը Ժամագրքի դեմ ամբաստանություններ էր ներկայացնում պետական եւ եպիսկոպոսական ատյաններին՝ գործակից ունենալով Թովմաս Հայրապետյան քահանային, որին եպիսկոպոսարանից քննիչ էին նշանակել։ Թովմասի՝ չափն անցնող լատինամոլությունը մինչեւ անգամ ֆրանսիական կառավարությունում նկատեցին, եւ նա ատենական քննության ենթարկվեց՝ իբրեւ ֆրանսիական Եկեղեցու ազատության դեմ հանդես եկող եւ Հռոմի հավատաքննության գործակատար։ Նա հազիվ կարողացավ իրեն արդարացնել, բայց 1683 թվի փետրվարի 25-ի վճռով՝ նրան կարգադրվեց հայ տպագրության հարցերով չզբաղվել։ Դրա պատճառով շատ նեղություններ կրեցին Սողոմոնը, Նասիբը եւ Մատթեոսը, չնայած կարողացան մի շարք գրքեր լույս ընծայել։ Հիշատակության արժանի են Բարսեղ Կոստանդնուպոլսեցի եւ Հովհաննես Հակոբյան քահանաների՝ Հռոմի մեջ կատարած շահատակությունները, որոնք ոչ միայն հայ ծիսական գրքերը խանգարեցին ու աղավաղեցին, այլեւ հանդգնեցին ուղղել հայոց լեզուն՝ նորահնար հոլովներով ու խոնարհումներով, որի համար էլ Հոլով մականունը ստացան։ Նրանց կատարածն անուշադրության կմատնվեր, եթե Հռոմում 1674 թվին տպագրված չլիներ Հոլովների քերականությունը, իսկ 1677-ին՝ նրանց աղավաղած Պատարագամատույցը եւ ծիսական ուրիշ գրքեր։ Հոլովների արտառոց քերականությունը, հրապարակի վրա այլ դասագրքի բացակայության պատճառով, երկար ժամանակ կարեւոր դեր կատարեց գրական լեզվի խաթարման մեջ։

Սրանով մոտավորապես ավարտվում են Հակոբ կաթողիկոսի ժամանակ տեղ գտած իրադարձությունները։

 

Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s