Ասել, թե մայրաքաղաք Երեւանից 370 կմ հեռավորությամբ գտնվող Մեղրին մեր երկրի հարավային դարպասն է, նշանակում է շատ բան չասել: Ճիշտ է, այստեղ ավարտվում եւ միաժամանակ սկսվում է մեր հող հայրենին, սակայն եղածը սոսկ հայրենի մի պատառ հող չէ: Այն դարերի պատմությունն իր մեջ խտացրած եւ լեռների տեսքով հայոց հոգին երկինք հասցնող մի հոգեւոր տարածք է:

Մեղրու լեռնանցքի ամենաբարձր կետից (մոտ 2500 մ) նայելիս հրաշալի ու զգլխիչ տեսարան է բացվում. ներքեւում Լիճքի եւ Տաշտունի անտառներն են, իսկ հեռվում՝ մշուշի մեջ կորած Կապուտջուղ լեռը: Մեղրին շրջապատող լեռներն իսկական ժայռաբերդեր են: Բնակավայրն ինքը գտնվում է Մեղրաբերդի ստորոտին` լայն ձորի մեջ: Այն երիզող ժայռերի ծերպերին այսօր էլ կանգուն են մի քանի հինավուրց աշտարակներ:

Մեղրու երկու` Մեծ ու Փոքր թաղերն իրարից բաժանողը Մայր Արաքսի վտակ հանդիսացող Մեղրի գետն է: Այդտեղից դեպի վեր հովհարանման ձգվող նեղլիկ փողոցներն ամֆիթատրոնաձեւ կառուցապատված քաղաքի անկանոն միջանցքներ են հիշեցնում: Դրանք աչքի են ընկնում արտասովոր թեքությամբ եւ դրանց վրա կոպտատաշ, տեղական անմշակ գրանիտից կառուցված հին ու նոր շինություններով:

Յուրաքանչյուր թաղ իր եկեղեցին ունի: Մեծ թաղի Սբ Աստվածածին եկեղեցին (17-րդ դար) քառամույթ գմբեթավոր բազիլիկ է, որի բոլոր մույթերը հարդարված են 19-րդ դարի որմնանկարներով: Դեպի հոգու այդ տաճար տանող ճանապարհն ակամա բռնելը պայմանավորված էր ոչ միայն առ երկինք աղոթք բարձրացնելու ցանկությամբ, այլեւ Մեղրու տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր Ընծա քհն. Միրզոյանին տեսնելու հանգամանքով: Բանն այն է, որ որոշել էի մայիսյան այդ երեկո հանգրվանել նրա ընտանեկան հարկի տակ` զրուցելու Մեղրաբերդի ստորոտի հոգեւոր կյանքի մասին, ինչպես նաեւ ի մոտո տեղեկանալու Հայոց աշխարհի ամենահարավային բնակավայրի հոգեւոր հովվի գործունեությանը:

… Հեռվից արդեն լսվող զանգերի ղողանջները երեկոյան ժամերգության էին հրավիրում մեղրեցիներին: Ուրախալի էր նրանցից շատերին` թե՛ մեծերին, թե՛ փոքրերին, աղյուսաշեն եկեղեցու գեղազարդ կամարների ներքո աղոթելիս ու մոմ վառելիս տեսնելը: Հատկապես շատ էին կիրակնօրյա դպրոցի սաները, ովքեր շաբաթը մի քանի անգամ հաճախում են նկարչության եւ երգեցողության պարապմունքների:

Ժամանակներ, եթե չասենք տասնամյակներ են եղել, երբ Աստծո այս տունը վերածված է եղել պահեստի, նույնիսկ՝ գոմի: Մինչ հիմա էլ դեռ անհարմար է դեպի եկեղեցի տանող ճանապարհը, որը բարեկարգելու համար շատ ջանքեր են անհրաժեշտ: Երկար լռությունից հետո՝ 90-ականների կեսերից, այդտեղ նշանակվեցին առաջին քահանաները, ովքեր միմյանց հաջորդելով` փորձեցին ժողովրդի սրտում կրկին հոգեւոր սերմեր ցանել եւ հավատքի կրակ բորբոքել:

Դեռ Գորիսում Սյունյաց թեմի երիտասարդ փոխառաջնորդ հայր Զավեն աբեղա Յազիչյանի հետ կայացած հանդպումից տեղեկացել էի, որ անցյալում շուրջ 120 եկեղեցի է եղել այդ կողմերում: Մինչդեռ այսօր դրանցից միայն 20-ն են գործում: Իսկ առանց սպասավորի եկեղեցին պատմական հուշարձան է լոկ` ուրիշ ոչինչ:

Ընդհանուր առմամբ այս տարածաշրջանի բնակչության մեջ եկեղեցու հանդեպ առկա ակնհայտ անտարբերության արմատները գալիս են վաղ ժամանակներից: Դա թերեւս արտահայտվել է նաեւ Զանգեզուր բառի ժողովրդական ստուգաբանութան մեջ` Զանգ իզո՜ւր: Բացասական իր ազդեցությունն է թողել, անշուշտ, նաեւ խորհրդային անաստվածության շրջանը, երբ բացահայտ աստվածամերժությունը հոգեւոր ավերներ գործեց: Ու այժմ եկեղեցու յուրաքնաչյուր սպասավորից պահանջվում է առանձնահատուկ ջանք ու ծառայասիրություն հոգեւոր արթնություն առաջացնելու համար:

Ուղիղ երկու տարի առաջ է տեր Ընծա քհն. Միրզոյանը նշանակվել Մեղրու տարածաշրջանի հոգեւոր հովիվ: Այցելությանս պահին նրա ընտանիքը նոր համալրում էր ստացել. ծնվել էր երկրորդ արու զավակը` Միսաքը: Մեր զրույցը երեցկին Լիլիթ Հովհաննիսյանի հրամցրած մեկ բաժակ անուշաբույր թեյի շուրջ ձգվեց մինչեւ ուշ գիշեր` մոռացնել տալով ճանապարհի հոգնության, ավելին` դրա վտանգավորության մասին: Բնակարանը գտնվում է եկեղեցուն հարակից բարձրադիր շենքի երկրորդ հարկում եւ բաղկացած է երկու համեստ սենյակներից: Դրանց միակ զարդը հարուստ գրադարանն է` հին ու նորատիպ գրքերով եւ պատերին փակցված սրբանկարներով: Պարզվում է` տեր Ընծան ինքն է սիրում սրբապատկերներ նկարել, ինչպես նաեւ թարգմանություններ անել ռուսերենից: Մասնագիտությամբ լինելով ճարտարագետ եւ 1992 թ. ավարտած լինելով ԵրՊԻ-ի ռադիոտեխնիկայի ֆակուլտետը` երկար ժամանակ աշխատել է Երեւանի թիվ 25 հեռախոսակայանում: Կյանքի ու մահվան, ընդհանրապես ապրելու իմաստի վերաբերյալ մտորումները նրան մղել են Հին ու Նոր Կտակարանների ընթերցանության եւ դեպի Բարձրյալը տանող ճանապարհը որոնելու: Սաստիկ հիվանդությունը եւ ապաքինվելու դեպքում եկեղեցուն զինվորագրվելու հաստատ որոշումը շրջադարձ են ապահովել այս հայորդու կյանքում: Մայր Աթոռ Սբ Էջմիածնում 2002-ին բացված Քահանայից պատրաստման լսարանում երկու տարի սովորելուց հետո նա սպասավոր է նշանակվել հայոց բանակի զորամասերից մեկում, իսկ ամուսնանալուց մեկ տարի անց` 2006 թ., ձեռնադրվել քահանա` հոգեւոր ծառայության ուղարկվելով Սյունիքի մարզ:

Մեղրու Սբ Աստվածածին եկեղեցում, բացի կիրակնօրյա եւ տերունական տոների Պատարագներից, ամեն առավոտ ու իրիկուն ժամերգություն է կատարվում: Անկախ նրանից` եկեղեցում մարդ կա թե ոչ, ես ամեն օր ժամերգություն եմ անում,- պատմում է տեր Ընծան եւ շարունակում,- աղոթքն ինձ համար կենսական պահանջ է, նաեւ պարտականություն: Միշտ ներկա են լինում ընտանիքիս անդամները: Զրուցակցիս խոր համոզմամբ՝ քահանայի անձնական կյանքը, նրա վարքն ու մարդկային նկարագիրը օրինակ են հավատացյալ ժողովրդի համար: Միայն իր քահանայական կոչումը հարգող մարդը կարող է վստահություն ներշնչել շրջապատին եւ հաջողություն ակնկալել: Ի վերջո, քահանան լոկ միջնորդ է, որ կոչված է օգնել անհատին մոտենալու Արարչին. Քահանան եթե չի էլ օգնում, ապա գոնե չպիտի խանգարի այդ ճանապարհին:

Ծեսեր կատարելը տեր Ընծան համարում է իր քահանայական զբաղվածության մի փոքր մասը միայն: Նրանից ավելի շատ ժամանակ ու ջանքեր են խլում քարոզչական աշխատանքն ու հովվական այցելությունները դպրոցներ ու Մեղրու պետական քոլեջ: Ես այնտեղ եմ, որտեղ կան երիտասարդներ,- պատմում է նա,- Հայ Եկեղեցու պատմության դասերին պարբերաբար այցելում եմ քաղաքային ու գյուղական դպրոցներ, զրուցում աշակերտության հետ` փորձելով նրանց հասցնել Տիրոջ խոսքը: Անդրադառնալով արդեն տասը տարի գործող կիրակնօրյա դպրոցի աշխատանքներին` նա նշեց, որ նպատակը միայն գիտելիքներ փոխանցելը չէ, այլ երեխաներին Եկեղեցու շուրջ համախմբելը: Անչափ սիրում է նրանց հետ խոսքուզրույցի բռնվել, օգտակար խորհուրդներ ու խրատներ տալ, նրանց հոգում ձեւավորել կարոտյալին օգնելու քրիստոսանվեր առաքելության կարեւորության գիտակցումը:

Տեր Ընծան միաժամանակ շատ է կարեւորում մկրտության դերը յուրաքանչյուր մարդու կյանքում: Դրանով է, ըստ նրա, սկսվում անհատի կապը Եկեղեցու հետ: Այդ խորհրդի ժամանակ է տեղի ունենում հաշտեցումը Աստծո հետ, երբ մենք օծյալ ենք դառնում: Ճիշտ է, մեր ծիսամատյանում գնալով ավելանում է մկրտվածների թիվը, սակայն խոսքը քանակի մեջ չէ,- ասում է նա,- ես գերադասում եմ մեկ ճշմարիտ քրիստոնյա դաստիարակել, քան հարյուրավոր մարդկանց զանգվածաբար մկրտել:

Ընդ որում, նա ոչ միայն ուղղակի մկրտում է, այլեւ մկրտությունից հետո հոգ է տանում արդեն իսկ Աստծո որդեգիր դարձած հավատավոր զավակի հոգեւոր զարգացմանը: Նա հաճախակի է այցելում ծխականների տներ: Քահանայի մուտքը շատ դրական ազդեցություն է թողնում` միաժամանակ իրեն հնարավորություն տալով ծանոթանալու յուրաքանչյուրի հետ: Չէ՞ որ բժիշկը պիտի ճանաչի իր հիվանդին, նույնը` քահանան:

Իսկ խոսելով հավատի մասին` զրուցակիցս այն չի մեկնաբանում իբրեւ սոսկ կրոնական երեւույթ: Ըստ նրա՝ հավատքը անհատական ապրում է, Աստծո հետ կայացած կամ կայանալիք խորհրդավոր հանդիպում: Հայրենասիրությունը եւս, առանց հավատքի, վերածվում է ազգայնամոլության:

Նման հաղորդակցության եւ ամենօրյա շփման արդյունքում օրեցօր բարեփոխվում է տեղի բնակչության վերաբերմունքը Հայ Առաքելական Եկեղեցու եւ մեր հայրենավանդ հավատքի հանդեպ: Դա զգալի էր նաեւ առավոտյան ժամերգությունից հետո Մեղրու փողոցներում տեր Ընծայի հետ շրջելիս: Նա մեր օրերի այն սակավ եկեղեցականներից է, որ ամենուր հայտնվում է իր կապայով եւ լանջախաչով: Ու չես կարող չհամաձայնել նրա հակիրճ բանաձեւման հետ. Կապայով քայլելն արդեն լուռ քարոզ է:

Բնական է ուրեմն, որ օրավուր շատանային այն անհատների ու կազմակերպությունների (Ջինիշյան հիշատակի հիմնադրամ, Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի Հայ օգնության ֆոնդ եւ այլն) թիվը, որոնք նյութապես թեւութիկունք են կանգնում մեր Եկեղեցու այս համեստ սպասավորի արդյունավոր գործունեությանը` ի շահ հայորդյաց ոգու դարպասների ամրության: Չէ՞ որ վերադարձը մեր նախնյաց հավատին օգնում է ամուր կառչած մնալ հող հայրենիին` ապահովելով հավերժի երթը ժամանակի ու տարածության անվերջ հոլովույթում:

Լեւոն ԼԱՃԻԿՅԱՆ

Գեղագետ, գրականագետ, նկարիչ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s