ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏԸ ԵՎ ՆՐԱ ԻՆՔՆԱԿՈՉ “ԺԱՌԱՆԳՈՐԴՆԵՐԸ”

Սկիզբը՝ 2011 Մայիս Ա


Եվ թե ինչն է զարմանալի. աֆրիկյան խարիզմատիկ քարոզիչներն են արդեն գալիս “լուսավորելու” եվրոպացիներին, որոնք ունեն ավելի քան հազարամյա քրիստոնեական պատմություն։ Ամենախոշոր խարիզմատիկ աղանդն Ուկրաինայում հիմնվել եւ առ այսօր էլ գլխավորում է նման մի “հովիվ”։

Այս պատմությանը վերջ է դնում այն պարզ հանգամանքը, որ մարդը տիրապետում է լեզվախոսությանը՝ հատուկ մեթոդներով այն գիտակցաբար սովորելով։ Այդ ընդունակության ավելի “բնական” ձեռքբերումը տեղի է ունենում կրոնական հավաքում, ուր անդամը, հետեւելով իր ընկերների գործողություններին, նմանակելով նրանց եւ որպես հետեւանք տրվելով ընդհանուր գերզմայլվածությանը, խմբի հետ ընկնում է “խոսողությամբ” ուղեկցվող տրանսի մեջ։ Մարդուն, որ հասնում է ծայրահեղ նյարդային գրգռվածության, ուղղակի կոչ են անում “բերանը բանալ եւ սկսել խոսել”։ Եվ որքան շատ է մարդը ներշնչվում, այնքան արագ է հասնում արդյունքի։

Սակայն նման միջոցը, ի ցավ հոգեգալստականների, չի ազդում այն մարդկանց վրա, որոնք ամուր հոգեկերտվածք ունեն։ Այդպիսիք ուղղակի հայտարարվում են “մեղավորներ”, որոնք արժանի չեն, որ “հոգին” գործի նրանցում։ Եվ զարմանալի չէ, որ հոգեգալստական շատ համայնքներում բազում մարդիկ չեն կարողանում խոսել այդ “լեզուներով”։ Փոխարենն արմատական եւ որպես կանոն՝ ապակառուցողական “խարիզմատիկ” խմբերում օգտագործվում են առավել ազդեցիկ մեթոդներ։

Լեզվախոսության հասնելու ամենափորձված ու ամենաշահավետ միջոցը յուրօրինակ “մանտրայի” կիրառումն է, որը ոչ մի իմաստ չպարունակող ձայների մի հավաքածու է՝ գրված հատուկ ուղեցույցով։ Մարդը, որ ցանկանում է արագ սովորել “լեզուներով խոսել”, պետք է այդ տեխնոլոգիայով բավականին ժամանակ ու անընդմեջ կարդա այդ “դարձվածքը”՝ իր ողջ գիտակցությամբ համակվելով դրանով։ Այդ կերպ նա տառացիորեն գրառում է այդ հնչյունների հավաքածուն իր “ենթակեղեւում” եւ ի վերջո տրանսի մեջ ընկնելով՝ սկսում է այդ ամենը վերարտադրել։

Ահա այս կերպ է տեղի ունենում նրանց “Հոգով մկրտվելը”։ Ճիշտ այսպես էլ անհավատ մարդիկ են տիրապետում լեզվախոսությանը՝ կա՛մ պարապ-սարապ հետաքրքրությունից ելնելով, կա՛մ էլ յուրօրինակ, թմրադեղային արբածության թեթեւ տեսակ հիշեցնող հուզականության հասնելու համար, քանի որ այդ վիճակում օրգանիզմն արտադրում է ադրենալին եւ էնդորֆիններ։ Բնականաբար, այդ վիճակը խարիզմատների եւ հոգեգալստականների կողմից ընկալվում է որպես “Հոգու ներգործություն”։ Նրանք սիրում են ասել. “Մենք արբած ենք Տիրոջով”՝ նման անբարոյականության մեջ նույնիսկ արդարացում փնտրելով Աստվածաշնչում (Երմ. ԻԳ 9, Գործք Բ 13-15)։

Սակայն չպետք է մտածել, որ լեզվախոսությունը խարիզմատների լեզուն է. դա վատթարագույնն է, որ կարող է պատահել այն մարդուն, ով տարված է կեղծ հոգեւոր կյանքով։ Նորհոգեգալստականների “հոգեւոր լինելը” դրսեւորվում է նաեւ ավելի սարսափելի ձեւերով, սակայն, ինչպես լեզվախոսությունը, նրանց կողմից ընկալվելով որպես “Հոգու հզոր դրսեւորում”։ Ահա ընդամենը երկու մեջբերում երկու հայտնի “խարիզմատներից”։

Ջոն Ուիմբեր. “Այն երեւույթի մասին, երբ մարդիկ հատակին մեջքի կամ փորի վրա ընկած մնում են մի քանի ժամ, հայտնի է ոչ միայն Եկեղեցու պատմության գրություններից։ Դա մեր օրերում եւս հաճախ է տեղի ունենում… Պատահում է, որ նման վիճակը ձգվում է 12-48 ժամ… Եղել են դեպքեր, օրինակ, երբ մի հովիվ համարյա մեկ ժամ անընդհատ գլխով ռիթմիկ հարվածել է հատակին… Նման ապրումներից հետո առաջացող փոփոխությունը կարող է հսկայական լինել”։

Ուլֆ Էկման. “Երբ Սուրբ Հոգին ճեղքելով դուրս է գալիս մարդու միջոցով, մարդը ֆիզիկական ցավի պես մի բան է զգում, որը նման է կնոջ այն զգացողություններին, որ ունենում է ծննդաբերության տառապանքների մեջ։ Երբ Տերը մեզ հասցնում է նման վիճակի, մենք մտածում ենք, որ խելքներս թռցրել ենք։ Մենք թավալ ենք տալիս հատակին, աղաղակում անհանգստության մեջ, ղժղժում այն խոզի նման, որին մորթում են։ Դա չափազանց հզոր աղոթք է, եւ սատանան ատում է դա։ Նա գոռում է մեզ վրա, թե մենք խելագար ենք եւ մոլեռանդ”։

Լեզվախոսության որոշ հակառակորդներ դա համարում են բռնվածության հետեւանք, այսինքն՝ դիվային ուժերի ներգործություն։ Անշուշտ, դիվահարության նոպաները կարող են ուղեկցվել լեզվախոսությամբ։ Եվ դժվար է որոշել՝ որտեղ է ավարտվում հոգեգարությունը, եւ որտեղ սկսվում՝ բռնվածությունը։ Այնուհանդերձ, լեզվախոսությունն ինքնին մարդկային գրգռված ուղեղի բնական հատկություններից մեկն է ընդամենը, որ ճարպկորեն կիրառում են Սուրբ Հոգու շնորհը փոխնակով փոխարինելու սիրահարները։

Ստուգման արդյունքում հոգեգալստականների մյուս “շնորհներն” էլ են կեղծ դուրս գալիս։ Առանձնապես նրանք հպարտանում են իրենց “բժշկումներով” եւ “դիվահալածությամբ”, երբ միեւնույն “տնկովի” “անբուժելի հիվանդները” եւ “դիվահարները” յուրաքանչյուր հավաքի ժամանակ ստանում են հերթական “լիակատար ու վերջնական բժշկությունը”։

Ի տարբերություն կեղծ “լեզուներով” եւ այլ բաներով օժտված ինքնագործ, աստվածային շնորհից զուրկ “Եկեղեցիների”՝ Սուրբ Ընդհանրական, Առաքելական եւ Ուղղափառ Եկեղեցում միշտ, բոլոր դարերում եղել են հոգեւոր շնորհներ։ Եղել են, կան ու կլինեն՝ հատկապես դրսեւորված նրանց սրբերի մեջ, որոնք հայտնի են դարձել ե՛ւ իրենց հրաշագործություններով, ե՛ւ բժշկություններով, ե՛ւ մարգարեություններով, ե՛ւ Սուրբ Հոգու բազում այլ շնորհներով։ Սակայն ամենագլխավորը՝ Եկեղեցում մշտապես եղել են, կան ու կլինեն կոչում ունեցող ծառայողներ, որոնք ընդունակ են մեր Տեր Հիսուս Քրիստոսի Խոսքը հասցնելու “նույնիսկ աշխարհի ծայրը” (Գործ. Ա 8)։

Սամվել ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

(Ուկրաինա)

 

Թարգմանությունը՝ Ռ. ԱՐՈՅԱՆԻ

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s