Հակոբ կաթողիկոսի մահից հետո կաթողիկոսի ընտրությունները ձգձգվեցին, որովհետեւ կային Եղիազարի հակաթոռ կաթողիկոսությունը եւ Սահակ կաթողիկոսը։ Եղիազարի խոհեմ քաղաքականությունը Հակոբ կաթողիկոսի մահից հետո շատերի մոտ այն համոզումը ծնեց, որ նոր ընտրություններ անելու կարիք չկա, եւ կարելի է ապօրինի կաթողիկոսությունը վերածել օրինականի՝ Եղիազարին բարձրացնելով Էջմիածնի Մայր Աթոռին։ Թերեւս այդ միտքն առաջինը ծագեց Կաֆացու մոտ, որը կամենում էր այդ ճանապարհով ճանաչել տալ իր պատրիարքությունը Երուսաղեմում։ Կաֆացին՝ որպես պատվիրակ, եղել էր Եղիազարի մոտ եւ վերադարձել էր, եւ այժմ վճռական խոսքը պատկանում էր Էջմիածնի Մայր Աթոռի միաբանությանը։ Վերջինս դրական որոշում կայացրեց։ Ձեռք բերելով պետական իշխանությունների համաձայնությունը՝ 1681 թ. հուլիսի 21-ին Եղիազարին պաշտոնապես հրավիրեցին Էջմիածին, ինչը 10 օր առաջ էր Հակոբ կաթողիկոսի մահվան տարելիցից։ Հրավերի մեջ ոչ մի մեղադրանք չկար Եղիազարի նախորդ գործունեության եւ ապօրինի քայլերի մասին, եւ անգամ հակաթոռությունն անվանված էր երկու սուրբ աթոռների հեղհեղյալ բաժանում։ Դրանով, ըստ էության, նրա նախորդ գործունեությունը, մի տեսակ, օրինականություն էր ստանում։ Նամակի ոճը, կարելի է ասել, խոնարհական էր եւ անգամ՝ ստորաքարշ այն աստիճանի, որ մեղա էին գալիս՝ նրան նախկինում մեղադրանքներ ուղղելու համար։ Մ. Օրմանյանը հակված է կարծելու, որ այդ ոճը պայմանավորված էր ոչ թե Եկեղեցում տեղ գտած հակառակությունը վերացնելու կամեցողությամբ, այլ Եղիազարի նյութական կարողություններից ու շինարարական գործունեությունից օգտվելու ցանկությամբ, քանի որ նամակում առաջարկվում էր վերստին նորոգել եւ հաստատել Սուրբ Աթոռը՝ պատրաստակամություն հայտնելով ընդունել իրենց գլխի վրա նրա սուրբ գարշապարը։ Նամակի վերջում որոշակի անձի ստորագրություն չկա։ Այն ստորգրված է եպիսկոպոսների, հոգեւոր դասի մյուս ներկայացուցիչների, իշխանների եւ ժողովրդի անունից։

Նամակը Երուսաղեմ տարավ մի հատուկ պատվիրակ՝ Գողթան եպիսկոպոս Պետրոսը։ Այդ ժամանակ միաբանության գլխավոր է հիշվում Ստեփանոս Իլվովցին կամ Լեհացին։ Ինչպես նկարագրում է Ավետիք Եվդոկացին, Պետրոս Ագուլեցին՝ երեք եպիսկոպոսներով, Եղիազարին ներկայացավ Զմյուռնիայում, որտեղ նա նավ էր վարձել՝ Մինաս, Սուքիաս, Նահապետ, Խաչատուր, Չորթան, Սիմոն, Քուրդ, Հովհաննես վարդապետների եւ եւս ինչ-որ մեկի հետ Հռոմ գնալու համար։ Մ. Օրմանյանի կարծիքով՝ Ավետիքը շփոթել է ժամանակագրությունը։ Եղիազարն իրոք գոհ էր դեպքերի նման զարգացումից, սակայն չշտապեց դա ցույց տալ։ Պատվիրակությունը մեկնեց Երուսաղեմ, իսկ Եղիազարն էլ պատրաստվեց մեկնել Կ. Պոլիս, եւ յոթ ամիս անցավ՝ մինչեւ 1682 թ. Մեծ պահոց սկիզբը, որի բարեկենդանը համընկնում է փետրվարի 26-ին։ Եղիազարը Կոստանդնուպոլսում անցկացրեց Մեծ պահքը եւ Հինունքը, օսմանյան կառավարությունից հավանություն ստացավ իր կաթողիկոսության համար, չմոռացավ վարձատրել Կրպո Ռաբուն պատրիարքին՝ իրեն պաշտպանելու համար, եւ նրան եպիսկոպոս ձեռնադրեց։ Հոգեգալստից հետո, որը հունիսի 4-ին էր, նա նավով մեկնեց Կոստանդնուպոլսից եւ 1682 թ. օգոստոսի 22-ին ժամանեց Էջմիածին։ Կարծիք կա, սակայն, որ նա եկել է Էջմիածին օգոստոսի 14-ին։ Եղիազարն արդեն օծված էր, ուստի նոր օծում չեղավ, եւ բավարարվեցին ժամանման հանդեսով։ Համենայն դեպս, որեւէ արարողության մասին պատմությունը հիշատակներ չի պահպանել։

Եղիազարը վարդապետ էր ձեռնադրվել 1641 թվին եւ մշտապես գտնվել էր հասարակական գործունեության մեջ։ 1682-ին նա հավանաբար 70 տարեկան էր։ Ուներ կյանքի մեծ փորձառություն, կարողացել էր նոր կաթողիկոսություն հիմնել եւ շատ կուսակիցներ ձեռք բերել։ Այդ ամենն ապօրինի էր, սակայն հարկ է խոստովանել, որ իր սրտի խորքում մեծ էր հանրությանը ծառայելու մղումը, եւ ունեցած մեծ կարողությունը ծախսեց ազգօգուտ ձեռնարկների եւ շինությունների վրա։ Սիմեոն Երեւանցու խոսքերով՝ նա ճարտասան ու ճոռոմախոս, հաջողակ ու ահավոր անձ էր։ Եվ նրան վերագրում է գովեստի արժանի ձեռնարկներ։ Եվ երբ նա Ամենայն Հայոց կաթողիկոս դարձավ, մոռացավ նախկինում բորբոքած խարդավանքներն ու կռիվները եւ ամբողջությամբ նվիրվեց Հայոց Եկեղեցուն ու Մայր Աթոռում հռչակվեց իր շինարար ու արդյունավոր գործունեությամբ։ Նրան հաջողվեց Սուրբ Էջմիածինն ազատել պարտքերից, որոնք մնացել էին նախկին ժամանակներից։ Դա, իրոք, սխրանք էր, քանի որ Սուրբ Աթոռն այդ պարտքերի պատճառով հայտնվել էր մեծ նեղությունների մեջ։ Նրա անվան հետ են կապվում Իջման տեղի վրա շինված սեղանն ու կաթողիկեն, որ առաջ լոկ գետնից մի փոքր բարձր կլորակ քար էր, տաճարի հյուսիսային եւ հարավային կամարների տակի երկու սեղանները, որոնցից հյուսիսայինը կրում էր սբ Ստեփանոսի անունը եւ յոթ աստիճանով եպիսկոպոսական ձեռնադրության համար էր, իսկ հարավայինը՝ սբ Կարապետի՝ երեք աստիճանով վարդապետական ձեռանդրության համար, տաճարի մեջ սրբատաշ քարով բաժանված դասը, որ այն զատում էր ժողովրդից, եւ վերջապես՝ տաճարի վրա ավելացված երեք փոքր կաթողիկեները։ Նա արմատական վերանորոգություններ կատարեց Սբ Հռիփսիմեի եւ Սբ Գայանեի եկեղեցիներում։ Դրանցից զատ՝ շատ եկեղեցիներ կառուցեց ու վերանորոգեց։ Ապահովեց եկեղեցու կալվածները՝ արքունական հրովարտակներով ու դատավորական վճիռներով։ Նա երբեք ստորության չդիմեց եւ ոչ էլ բռնություններ կիրառեց՝ մնալով միշտ եռանդուն ու գործունյա այր։ Շինարարական գործունեությունը խլեց նրա կաթողիկոսական ամբողջ կյանքի տեւողությունը։ Նրա ժամանակներում միաբանությունն ապրում էր խաղաղ եւ ստեղծագործ կյանքով։

Եղիազարի հեռանալուց հետո Երուսաղեմում բնականորեն պատրիարք մնաց Մարտիրոս Կաֆացին, որը նախկինում նրա մրցակիցն էր։ Այժմ նրանց միջեւ բարեկամություն հաստատվեց։ Նա օգնեց, որ Մարտիրոսն օրինապես հաստատվի պատրիարքական աթոռին։ Երբ Մարտիրոսը բանտարկված էր պարտքերի պատճառով, հավանական է, որ Եղիազարը նրան օգնեց բանտից ազատվելու գործում։

Այս դեպքերից շատ չանցած՝ 1683 թ. Զատկին, վեճ բացվեց հայերի եւ հույների միջեւ։ Ապրիլի 8-ին, երբ Գրիգոր եպիսկոպոսը Սբ Գերեզմանի դռանն Ավետարան էր կարդում, հույները, բրերով եւ մահակներով զինված, արգելեցին այդ՝ հայտարարելով, որ դա իրենց իրավունքն է։ Մարտիրոսը դիմեց տեղական դատարան եւ դատը շահեց, սակայն երբ երկու պատրիարքները գալիս են Ադրիանուպոլիս, մեծ եպարքոսը ճանաչում է հույների իրավունքը, եւ միայն Քյոմուրճյանի միջնորդությամբ հարցը փակվում է, եւ կողմերը հաշտվում են։ Մարտիրոսն ուղեւորվում է Երուսաղեմ, սակայն Եգիպտոսում 1683 թ. օգոստոսի 5-ին մեռնում է եւ թաղվում Մար Մինա կամ Սբ Մինաս եկեղեցու գերեզմանոցում։ Նոր պատրիարքի ընտրությունը դժվարին եղավ։ Եվ միայն երկու տարի անց Հովհաննես եպիսկոպոս Կոստանդնուպոլսեցին, որ հայտնի է նաեւ Նոխութճի մականունով (իմա՛ սիսեռակեր պահեցող), սուլթանական հրովարտակով բազմեց պատրիարքական աթոռին։ Սակայն 1687-ին Սիմեոն եպիսկոպոս անունով մեկը կարողանում է պատրիարքական հրովարտակ ստանալ եւ Հովհաննեսից աթոռը զավթել։ Իսկ ոմանք կարծում են, թե Մինաս Ամդեցին է աթոռը զավթողը եւ Հովհաննեսին էլ պահել է որպես իրեն աթոռակից։ Սակայն Մ. Օրմանյանը հավանական է գտնում, որ աթոռը նախ գրավել է Մինաս Ամդեցին եւ քշել Սիմեոնին։ Հովհաննեսն էլ ձեռքերը ծալած չի նստում եւ 4-ամյա պայքարից հետո՝ 1691 թվին, տապալում է Սիմեոնին եւ դառնում բուն պատրիարք։ Այդ ընթացքում բորբոքվում են հույների եւ լատինների վեճերը՝ սուրբ վայրերի մի քանի սեփականությունների վրա, իսկ դեսպանի միջամտությունից հետո լատինները վեճ են հարուցում նաեւ հայերի դեմ՝ զանազան պահանջներով։ Սակայն Հովհաննես պատրիարքը կարողացավ ճանաչել տալ հայոց իրավունքները՝ ներկայացնելով սուլթանական հրովարտակները։ Հայերի դեմ իրենց պահանջներից հույներն էլ ետ չկանգնեցին, բայց Հովհաննեսը 1692-ին կրկին հաղթող դուրս եկավ։ Այս վեճերը հայկական կողմին արժեցան 200 քսակ կամ 100000 ղուռուշ դրամ՝ պարտքերի տակ գցելով միաբանությանը։ Օգնություն խնդրելու համար Կ. Պոլիս ուղարկվեց Պապ Մինասը, որ մի քանի տասնամյակ վանքի մատակարարն էր։ Այս պարտքն էր, որ Շղթայակիր Գրիգոր պատրիարքին մեծ գործունեության հնարավորություն տվեց։

Շարունակելի

Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s