ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԱՌԱԿՆԵՐ

“ԱՂՔԱՏ ՂԱԶԱՐՈՍԻ ԱՌԱԿԸ”

(Ղուկ. ԺԶ 19-31)

 Մեր հյուրն է Բյուրավանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Ղազար քհն. ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

— Միայն Ղուկասի Ավետարանում հանդիպող այս առակում ակնհայտորեն առկա է ողորմածության գաղափարը, որը տվյալ դեպքում արտահայտված է հակադիր ուղղությամբ՝ մեծահարուստի անողորմության միջոցով։ Մեկնիչները, սակայն, այլեւայլ իմաստային շերտեր են գտնում, որով առավել արժեւորվում է Տիրոջ ասելիքը։

— Անշուշտ, ողորմածության գաղափարն առանցքայիններից մեկն է այս առակում։ Սակայն ճիշտ է, որ այս պատմությունը մեզ ուրիշ շատ ու շատ բաներ է ուսուցանում. հենց թեկուզ այն, որ հարուստ “տեղեկություն” է տալիս անդրշիրիմյան կյանքի վերաբերյալ, գոնե ինչպիսին ժամանակի հրեական պատկերացումն էր։ Բայց այդ մասին՝ քիչ հետո։

Ասում է. “Մի մեծահարուստ մարդ կար, որ բեհեզ ու ծիրանի էր հագնում եւ ամեն օր առատապես ուրախություն էր անում” (Ղուկ. ԺԶ 19)։ Այս մեկ նախադասությամբ արդեն  շատ բան է ասվում. այս մարդը, բոլոր մեծահարուստների նման, ապրում էր շռայլության մեջ։ Բայց դա սովորական շռայլություն չէր։ “Բեհեզ” եւ “ծիրանի” բառերը հուշում են, որ նա հագնվում էր թագավորին վայել զգեստներ։ Իսկ “ամեն օր առատապես ուրախություն էր անում” արտահատությունից հասկանում ենք, որ գործ ունենք անհուսալի որկրամոլ եւ գինարբուքներին գերի մեկի հետ, ում համար չափավորությունը վաղուց մոռացված ու օտար մի հասկացողություն էր։ Սակայն այս մարդը նաեւ խիստ անողորմ էր եւ ընդհանրապես չէր էլ նկատում աղքատներին, ի մասնավորի՝ Ղազարոսին, որ ընկած էր նրա դռան առաջ՝ վերքերով ծածկված։ Ծայր աղքատությանն ու վերքերով ծածկված լինելուն գումարվում է նաեւ այն, որ Ղազարոսը ոչ մի խնամող չուներ. միայն շներն էին գալիս ու վերքերը լիզում։ Եվ ահա ժամանակը լրացավ, եւ երկուսն էլ մահացան։ Եվ դժոխքում, երբ հարուստը տանջանքների մեջ էր, բարձրացրեց իր աչքերը, հեռվից տեսավ Աբրահամին եւ Ղազարոսին էլ՝ նրա գրկում հանգստացած (Ղուկ. ԺԶ 23)։ Ըստ առակի՝ անդրշիրիմյան վիճակը տարբեր էր Ղազարոսի եւ մեծահարուստի համար։ Ղազարոսն Աբրահամի գրկի մեջ հավիտենական հանգիստ էր վայելում, մինչդեռ մեծահարուստը ծարավից պապակում էր՝ անլուր տանջանքների մեջ։ Ուրեմն՝ մարմնից մերկացած հոգին նույնպես տառապելու հատկություն ունի, ինչպես տեսնում ենք մեծահարուստի օրինակով։ Այդ տառապող հոգին, սակայն, երբ կենդանի էր մարմնի մեջ, նայում, բայց չէր տեսնում իր դռան առաջ ընկած թշվառ  Ղազարոսին։ Իսկ այստեղ ոչ միայն տեսավ, այլեւ ճանաչեց։ Պետրոս արք. Բերդումյանն ասում է՝ տանջանքը բացեց մեծահարուստի աչքերը, որոնք հաճույքը փակել էր։

— “Եվ նա աղաղակեց ու ասաց. “Հա՛յր Աբրահամ, ողորմի՛ր ինձ եւ ուղարկի՛ր Ղազարոսին, որ իր մատի ծայրը թրջի ջրով եւ զովացնի լեզուս, որովհետեւ այս տապից պապակում եմ” (Ղուկ. ԺԶ 24)։ Սակայն երկու կարեւոր հանգամանք, երկու անհաղթահարելի խոչընդոտ մեկընդմիշտ բացառում էին մեծահարուստի ուշացած զղջմամբ խնդրանքի իրագործումը։ “Եվ Աբրահամն ասաց նրան. “Որդյա՛կ, հիշի՛ր, որ դու ստացար քո բարիքներն այնտեղ, քո կյանքի ընթացքում, իսկ Ղազարոսն էլ՝ չարչարանքները. այժմ սա այստեղ մխիթարվում է, իսկ դու այդտեղ պապակում ես” (Ղուկ. ԺԶ 25)։ Իսկ երկրորդ հանգամանքն այն մեծ վիհն էր, որ ընկած էր նրանց միջեւ։ Ի՞նչ մեծ վիհի մասին է խոսքը։

 

— Ըստ որոշ վարդապետների՝ մինչեւ Քրիստոսը բոլոր մահացածները դժոխքում էին։ Բայց այնտեղ միատեղ չէին։ Նրանք, ովքեր իրենց երկրավոր կյանքի ընթացքում մաքուր խղճմտանքով պաշտեցին Աստծուն, միառժամանակ թողություն ստացան Աստծուց՝ հույսով սպասելու Քրիստոսի հավատքի շնորհով տրվելիք փրկությանը։ Միառժամանակ, քանի որ անասունների զոհագործությունն ի զորու չէր իսպառ վերացնելու իրենց մեղքերը, մինչեւ որ կգար Քրիստոսը, կպատարագվեր բոլորիս փրկության համար, գերեզման կդրվեր, հոգով կիջներ դժոխք, կավերեր դժոխքը եւ Իր հետ երկինք կհաներ այն հոգիներին, որոնք Իր հույսով ապրել էին երկրի վրա՝ ճշմարտությամբ ու սրբությամբ, իսկ մահվանից հետո անդրշիրիմյան կյանքում անջրպետված էին մեղավոր հոգիներից այն մեծ ու անանցանելի վիհով, որի մասին ասվում է առակում։ Ըստ այլ մեկնիչների՝ դժոխքից երկինք տեսողություն (իմա՝ ճանաչողություն) կա, ինչի շնորհիվ մեծահարուստը տեսավ եւ ճանաչեց Ղազարոսին, ում տեսել էր, եւ Աբրահամին, ում չէր տեսել։ Սակայն կարեւորն այս կամ այն մեկնությունը չէ, այլ այն, որ Քրիստոսը, ավերելով դժոխքը, Իր հետ երկինք տարավ սրբերի հոգիները։

— Հովհաննես Ոսկեբերանը, առակի ավետարանական իմաստը քննելով, ասում է. “Ինչպես Ադամին արտաքսելով դրախտից՝ Աստված բնակեցրեց դրախտի դեմ հանդիման, որպեսզի դրախտն ամեն օր տեսնելով՝ նա կրկին ու կրկին տրտմի, ստիպված լինի վերստին զգալ դրախտի բարիքների կորուստը, այդպես եւ մեծահարուստին տեղավորեց Ղազարոսի դիմաց, որպեսզի տեսնի, թե ինչ բարիքներից է զրկվել”։ Հետաքրքիր համեմատություն է։ Ղազարոսը, ուրեմն, դրախտի երանելի՞ն էր։

 

— Ավելի ճիշտ պիտի լիներ ասել՝ արդարների հոգիների օթեւանների երանելին, քանի որ առակը պատմելիս Քրիստոսը դեռ չէր իջել դժոխք, եւ Ղազարոսի հոգին էլ մյուս արդարների հոգիների հետ հույսով սպասում էր իրական դրախտին՝ Երկնքի թագավորությանն արժանանալուն՝ Քրիստոս Աստվածորդու փրկագործությամբ։ Սակայն այստեղ պետք է շեշտել եւս մեկ կարեւոր հանգամանք. երբ մեծահարուստը ճշտեց, որ իր համար այլեւս չկա փրկություն, անմիջապես սկսեց մտածել իր եղբայրների մասին, ովքեր դեռեւս ապրում էին երկրի վրա։ Այստեղից մի կարեւոր եզրահանգում եւս. ննջեցյալները ոչ միայն իրենց փրկության մասին են մտահոգվում, այլեւ իրենց հարազատների։ Եթե մեծահարուստի եղբայրները լինեին հավատացյալ, բարեպաշտ մարդիկ, դա ինչ-որ չափով մխիթարություն պիտի լիներ նրա համար։ Բայց որովհետեւ ճիշտ իր նման՝ Աստծուց հեռու եւ անհավատ, խիստ աշխարհիկ մտածողությամբ մարդիկ էին, սկսեց մտահոգվել։ Եվ դիմեց Աբրահամին. “Աղաչում եմ քեզ, հա՛յր, որ Ղազարոսին ուղարկես իմ հոր տունը,- որտեղ ես հինգ եղբայր ունեմ,- որպեսզի նրանց վկայություն տա, որ նրանք էլ չգան տանջանքների այս վայրը” (Ղուկ. ԺԶ 27-28)։

— Սա արդեն ապաշխարությո՞ւն էր, տե՛ր հայր։

 

— Ո՛չ, սա ընդամենն ուշացած զղջում էր։ Ապաշխարություն այն աշխարհում այլեւս չկա։ Ապաշխարությունը տրված է ա՛յս կյանքի համար։ Ա՛յս կյանքում միայն կարելի է մեղքերը քավել, Քրիստոսի ստեղծած Եկեղեցի՛ն է քավարանը, եւ ուրիշ քավարան չկա։ Մեծահարուստը, սակայն, այս մասին պատկերացում իսկ չուներ, որովհետեւ տեղեկություն չուներ առհասարակ, թե ինչ է հոգեւոր կյանքը, սրբությունը։ Ինչո՞ւ. որովհետեւ իր կյանքը դրա ճիշտ հակառակն է եղել։ Իսկ Աբրահամը շատ լավ գիտեր, որ անհավատությամբ կուրացած մարդը ցանկացած հրաշքի առաջ ավելի է կուրանում։ Քրիստոսը բազում հրաշքներ գործեց հրեաների աչքի առաջ, տասնյակ հազարավոր մարդիկ սքանչանում էին դրանցով, իսկ հրեաները դարձյալ ու դարձյալ նշաններ էին ուզում, որպեսզի հավատային։ Ահա թե ինչու Աբրահամն ասաց. “Նրանք ունեն Մովսես եւ մարգարեներ, թող նրա՛նց լսեն” (Ղուկ. ժԶ 29)։ Եվ իզուր էր մեծահարուստը կարծում, որ եթե մեռելներից մեկն իր եղբայրների մոտ գնար, նրանք կապաշխարեին։ Ո՛չ, չէին ապաշխարի, ավելին՝ եթե նրանք անգամ տեսնեին էլ հարուցյալ Ղազարոսին, պիտի ասեին. “Դե՜, եթե հարություն կա, թող մեր եղբայրը հարություն առնի”։ Պիտի ասեին. “Չէ՛, սա չի մեռել, սա մի կախարդ է՝ Ղազարոսի տեսքով”։ Ինչ ասես, որ չէին հորինի, միայն թե չհավատային ու չապաշխարեին։ Ահա թե ինչու Աբրահամը նրան ասաց. “Եթե Մովսեսին ու մարգարեներին չեն լսում, մեռելներից մեկն էլ եթե հարություն առնի, չպիտի համոզվեն” (Ղուկ. ԺԶ 31)։

— Տե՛ր հայր, առակից կարող ենք եզրակացնել, որ մեծահարուստը դատապարտվեց ոչ թե իր անբավ ունեցվածքի համար, այլ իր ունեցածով այլոց ողորմություն արած չլինելու, այսինքն՝ անողորմության համար։ Կարելի՞ է ասել, որ հենց սա է առակի բարոյական իմաստը։ Այլ կերպ ասած՝ հարստությունն ինքնին մոլություն ու հանցանք չէ, ինչպես որ աղքատությունը՝ ինքնին առաքինություն։

 

— Միանշանա՛կ։ Սրբոց ցանկի մեջ կան ե՛ւ մեծահարոստներ, ե՛ւ աղքատներ։ Սբ Սարգիսը, մինչեւ Պարսկաստան մեկնելը, հսկայական ունեցվածքի տեր էր։ Նույնը՝ սբ Գեւորգը, Կոստանդիանոս կայսրը, Հեղինե թագուհին, մեր Աբգար, Տրդատ թագավորները… Սրանք իրենց նյութական հարստությունը, իրենց հեղինակությունն ու իշխանությունը ի բարին են գործադրել, այն ամենը, ինչ ունեցել են, դրել են ի ծառայություն Աստծու։ Բայց ուրիշ մեծահարուստներ ու իշխանավորներ էլ են եղել (եւ այսօր էլ ինչքա՜ն ասես կան), որ ճիշտ հակառակն են գործում. բոլորին թալանում են, նեղում, խեղճացնում, եւ իրենք էլ ամբարտավանանում են։

Եվ Աստված, առաքյալի շուրթերով այդպիսիներին սպառնալով, զգուշացնում է. “Ձեր հարստությունը փտած է, ձեր զգեստները՝ ցեցի կեր, եւ ձեր արծաթն ու ոսկին՝ ժանգոտած. եւ նրանց ժանգը ձեր դեմ որպես վկայություն պիտի լինի եւ պիտի ուտի ձեր մարմինը, ինչպես կրակը” (Հակ. Ե 2-3)։ Ինչ վերաբերում է Ղազարոսին, նրա ամենամեծ առաքինություններից մեկը համբերությունն էր։ Իբրեւ մարդ՝ նա կարող էր ընդվզել, կարող էր չար ու սխալ ընթացք ունենալ եւ արդյունքում՝ վնասեր ու վնասվեր՝ չշահելով ոչինչ։ Բայց իրավիճակի շնորհը հասկանալով՝ Ղազարոսն ապրեց համբերությամբ ու աղոթքով։ Սա ոչ այլ ինչ էր, եթե ոչ տվյալ շնորհի մեջ հավատարմությամբ գործելու հոգեբանություն։ Հավատացե՛ք, եթե աղքատ Ղազարոսը բարի ճանապարհով հնարավորություն ունենար իր աղքատությունը թոթափելու, անպայման կթոթափեր։ Բայց ինչպես որ մեծահարուստ սրբերը կամավոր աղքատներ դարձան, այնպես էլ Ղազարոսն իր աղքատության մեջ, ըստ աստվածային շնորհի եւ տնօրինության, ապրեց հավատարմությամբ, համբերությամբ եւ աստվածպաշտությամբ, որի համար եւ “հրեշտակները նրան տարան Աբրահամի գոգը”։

Հյուրընկալեց Հայկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s