Սկիզբը՝ 2011 Մայիս Ա-Հունիս Ա

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

“Ալպիական մանուշակն” ամբողջովին ներքին բազմաշերտ հակադրությունների միասնություն է։ Այսպես, մի կողմից՝ հին ու հզոր բերդ, ազդեցիկ պատմական անցյալ, Բակուր իշխանի դամբարան, մյուս կողմից՝ վրանների տակ ապրող մարդիկ, հոգսերով ու դաժանություններով լեցուն ներկա եւ մոխրի մեջ խաղացող երեխաներ։ Այնուհետեւ, մի կողմից՝ հնագետ պատմաբան, մյուս կողմից՝ նկարիչ-գեղագետ, մի կողմից՝ անցյալի, պատմական հնությունների ոգեղենացված ներշնչանք, մյուս կողմից՝

ներկայի, ծաղիկների, բնության, մարդկանց նուրբ ընկալում, մի կողմից՝ աշխարհն իբրեւ թանգարան, մյուս կողմից՝ աշխարհն իբրեւ կենսական ապրումների օրրան։ Ավելանում է նաեւ հաջորդ հակադրությունը, որի կրողն ուղեկից ձիավորն է. “Եթե հնագետի գլխում Բակուր իշխանն էր եւ մատենագրի մագաղաթը, նկարիչը հիշում էր մանուշակները եւ լսում Բասուտա գետի խուլ աղմուկը, երրորդ ձիավորի աչքի առաջ թարմ լավաշներ էին, պանիր ու մածուն”։

Հակադրությունների երրորդ շերտը վերաբերում է, մի կողմից, հուշի իրականությանը՝ ծովափի կնոջը, մյուս կողմից՝ առկա իրականությանը՝ հնձվորի կնոջը։ Թեեւ հնձվորի կնոջ տեսքն է նկարչի մեջ արթնացնում ծովափի կնոջ վերհուշը, ու թեեւ այդ կերպարներն ունեն իրար լրացնող հատկանիշներ, այդուամենայնիվ՝ դրանք հակադիր ճակատագրի գեղեցկություններ են. “Այն կինը երբեք բոբիկ ոտքերով չի քայլել,

չի նստել մխացող աթարի առաջ…”։ Ի վերջո` հակադրություններ են նաեւ ծաղկի ճոճքի մեջ օրորվող բզեզի եւ կնոջ թիկունքին իջնող մահակի հարվածի պատկերները։

“Ալպիական մանուշակը” եզակի ստեղծագործություն է թե՛ հարցադրումով եւ թե՛ կատարման վարպետությամբ։ Մի քանի էջի վրա սեղմ պատումով Բակունցն ստեղծել է լի ու հարուստ մի երկ։ Դրան նպաստել է նաեւ նրա ոճի բնորոշ առանձնահատկություններից մեկը՝ դիպուկ մանրամասների օգտագործումը (մոխրի մեջ խաղացող կիսամերկ երեխաները, կրակի վրա խորովվող սունկը, տաք թեյի միջից հանած հալհլած շաքարը, պահածոյի դատարկ տուփերը, կնոջ թեւին զնգացող արծաթագույն սուրմաները), բնության ու կերպարների ցայտուն ու գունեղ նկարագրությունը, անթերի քնարականության ու ճշգրտության հասցված լեզուն։

“Ալպիական մանուշակում” մթնաձորյան իրականության հետ մեկտեղ Բակունցն ուրվագծում է այդ կյանքի գեղագիտությունը՝ գեղեցկության հայտնաբերումը, որը գրողի ենթակայական վերաբերմունքն է այդ աշխարհին։ Դա այն եզակի պատմվածքներից է, որի մեջ հեղինակի ներկայությունն անմիջականորեն չի երեւում, սակայն նա մասամբ առկա է նկարչի կերպարում, որը եւ Բակունցի աշխարհայացքի կրողն է։ Մինչդեռ հեղինակը տեսնում է նաեւ այն, ինչը չի տեսնում նկարիչը` իրական կյանքը: Հոգեկան անտարբերության մատնված վայրի եզերքում գրողը հայտնաբերում է խեցու մեջ դրված մարգարիտը՝ այդ կյանքի ինքն իր մեջ թաքցրած գեղեցկությունը։

“Խոնարհ աղջիկը”: Թաքնված գեղեցկության հայտնաբերման, իրականության կողմից այդ գեղեցկության կոպիտ աղավաղման բնորոշ օրինակ է “Խոնարհ աղջիկը” պատմվածքը։ Հարցն այս դեպքում ոչ այնքան Խոնարհի գեղեցկությանն է վերաբերում կամ նրա հանդեպ ուսուցչի տածած սիրո զգացողությանը, որքան ուսուցչի հուշերի մեջ վերակենդանացող անցյալին ու մտովի վերապրվող կարոտին։ Դա ո՛չ լուրջ սեր է եղել, ո՛չ էլ` անլուրջ խաղ, այլ լուռ համակրանք, գեղեցիկը տեսնելու, իր շուրջ, իր էության մեջ ունենալու պահանջ։ Խոնարհի մասին խոսելիս ուսուցիչն ավելի շատ գեղեցիկն ընկալելու, գեղեցիկով ներշնչվելու իր ապրումներն է բացահայտում։ Խոնարհը, ի վերջո, ինքնին ոչ թե սիրո առարկա է, այլ առիթ, որն իր ներկայությամբ դարձյալ ոչ թե սիրային, այլ հոգեկան մտերմության զգացողություն է արթնացնում

ուսուցչի մեջ։ Բայց դա նաեւ այն զգացողությունն է, որը կարող էր վերածվել ե՛ւ բռնկուն սիրո, ե՛ւ կորչել չասված բառերի մեջ, այսինքն՝ գյուղի բարոյական օրենքների սահմաններում ամոթից չասվել ու չբացահայտվել։ Միայն հայացքների մի քանի հանդիպումներն են, որ ուսուցչի համար ստեղծում են հոգեկան մտերմության մթնոլորտ։

Խոնարհն առաջին անգամ երեւում է անտառում՝ եղբոր հետ ցախ հավաքելիս, “պարանի չափ բարակ ճյուղը ձեռքին”։ Այդ պահից նա ներքին համակրանք ու աննկատ սեր է առաջացնում գյուղ եկած ջահել վարժապետի հոգում, տեսլանում նրա աչքին. “Խոնարհ, Խոնարհ… նայում էի գրատախտակի թվերին, աչքերիս առաջ բրդե շալով աղջկա գլուխը, ոտքերը ձյունի մեջ, ձյունի ճերմակության վրա օձի պես սեւ պարանը”։ Աղջկան երկրորդ անգամ վարժապետը տեսնում է կիսաբաց դռնից՝ “գրկին մի խուրձ խոտ”։ Երկրորդ անգամ երեւացող աղջկան Բակունցը դեռեւս պատկերում է սիրո ոգեղենացված զգացողությամբ։ Կա նաեւ նոր հանդիպման բերկրանքը, երբ աղջկա հայրը ճաշի հրավերք է ուղարկում վարժապետին։ Բայց ամեն ինչ ենթարկվում է լռության` այս դեպքում ահարկու օրենքին։ Նրանց հանդիպումն ու բաժանումը նման են իրար՝ լուռ, անխոս, իրարից հեռու, սոսկ հայացքների հանդիմանումով կամ կարոտով։ Ի տարբերություն “Ալպիական մա-

նուշակի”՝ հեղինակի ձայնը, հեղինակի մասնակցությունն այս գործում անմիջական է։ Ուսուցիչն ինքը՝ հեղինակն է։ Այս դեպքում Բակունցը բացահայտում է մթնաձորյան կյանքի մեկ ուրիշ բովանդակություն։ Վայրի ու հնադավան այդ աշխարհում կատարվում են հոգեկան այնպիսի ողբերգություններ, որոնք առաջանում են բնության ու կենցաղի պարտադրած հավիտենական ներփակվածությունից ու լռությունից։ Թեեւ ուսուցչի էության մեջ է բռնկվում սերը, բայց սիրո ապրումը Խոնարհի հոգում է, որը, սակայն, երբեք չի բացում իր ներաշխարհը, չի ասում ոչ մի խոսք, այլ միայն նայում է ուսուցչի ետեւից, եւ ո՜վ գիտե, գուցե հոգու մեջ լաց է լինում։ Չկայացած տխուր սիրո պատմություն է այս ամենը, չկայացած մարդկային մտերմության անամոք մի ցավ։ Նրանց բառերն են պակասում, որ ստեղծեն հոգեւոր կապ, սակայն բառեր չկան, կա միայն պահի վերապրումը։

Մթնաձորյան աշխարհում բառերը չպետք է շռայլվեն, նաեւ չպետք է ասվեն, որովհետեւ ամեն ինչ կարգավորում են լուռ հաղորդակցումը, կենսաբանական ազդակը։ Եվ հենց այդ լռության մեջ էլ կատարվում է մթնաձորյան այս ողբերգությունը։ Տխուր հրաժեշտով է ավարտվում ամեն ինչ. “Քաղհան անող կանանց մեջ տեսա Խոնարհին։ Մեր հայացքներն իրար հանդիպեցին, եւ ես նրա աչքերում ժպիտ չտեսա։ Ի՞նչ էր ասում. նրա համար դժվա՞ր էր, որ ես հեռանում եմ Ձորագյուղից, չէ՞ որ ինձ ոչինչ, ոչինչ չէր ասել խոնարհ աղջիկը։ … Արտի մեջ կանգնել էր, ձեռքին քաղհանի բիրը, կարմիր պուտ եւ մոլախոտի մի կապ։ Ոչինչ չասացի, հեռացա”։ Չթարգմանված լռությունը վարագույր է իջեցնում Խոնարհի պարզ ու մարդկային սպասումների վրա։

Գրողը, հավատարիմ իր նախասիրությանը՝ բնորոշը պահպանելու կողմնորոշմանը, ցույց է տալիս նաեւ Խոնարհի գեղեցկության ու մարդկային երջանկության խորտակումը։ Խոնարհի ճակատագրի վերջին դրվագը ա՛յն հատկանշական շարունակությունն

է, որ սպասվում էր նրան։

“Միրհավ”: Կյանքն իմաստավորող անանց գեղեցկության, ապրեցնող կարոտի մի նուրբ ու հուզիչ պատկեր է “Միրհավ” պատմվածքը։ Բակունցի ոճին շատ բնութագրական է վերհուշային պատումը, որը խոսքին հաղորդում է անմիջականություն, անկեղծություն, բնականություն, հուզականություն։ Վերհուշը, որն առկա է նաեւ “Խոնարհ աղջիկը” պատմվածքում, “Միրհավում” եւս շատ նպատակային կիրառություն ունի։ Ապրած կյանքի մի պահը, սիրո անկրկնելի մի բռնկումը իմաստավորել է Դիլանի ամբողջ կյանքը, հիմա, աշնան հաճելիորեն ջերմացնող արեւի տակ, ծեր Դիլանի վերհուշը կարծես արթմնի երազ լինի, որը հոգու գաղտնիքների խոստովանություն է կյանքին հրաժեշտ տալուց առաջ։

“Միրհավը” Բակունցի այն եզակի պատմվածքներից է, որի մեջ գեղեցկության հայտնագործությունը կատարվում է մթնաձորյան աշխարհում, այդ գեղեցկությունը դրսից եկած մարդու նկատածը չէ։

Դարձյալ գրեթե բառեր չկան պատկերվող սիրո համար։ Կա միայն հաճելիորեն ջերմացնող տաք լռություն, որը, սակայն, հասկանալի լռություն է, քանի որ ե՛ւ Դիլանը, ե՛ւ Սոնան Մթնաձորի մարդիկ են, լռության օրենքով դաստիարակված, եւ անխոս հասկանում են իրար։ Միայն երկու կարճ երկխոսություն կա ամբողջ պատմվածքում. “- Բաղը մարդ կգա, Դիլան,- դողալով խնդրեց նա։ Ու չիմացավ գինուցն էր, թե հնձանն էր տաք,- Դիլան դային չիմացավ։ Սոնայի ականջին շշնջաց.- Կաց, անխիղճ…”: Ահա

եւ բոլորը, իսկ մնացածն այս պահի վերապրումն է, ներքին մենախոսություն, որը սոսկ մի տեղ հատվում է երկխոսությամբ. Դիլանը Սոնային առաջարկում է միասին ձի հեծնել, իսկ աղջիկն ասում է, որ մայրը խիստ պատվիրել է առանձին հեծնել։ “Ինչո՞ւ”,-

հարցնում է Դիլանը։ “Ամոթ է”,- պատասխանում է աղջիկը։

Ամբողջ պատմվածքը հյուսված է ապրած կենսական վիճակների վերապրման ու կարոտի զգացողության մի այնպիսի ոճով, որը կենդանացնում է ծերացած մարմինն ու հոգին, նաեւ` ավելի տառապագին դարձնում սիրո վերհուշը, կյանքի հզոր սերը, այն ամենը, ինչի համար արժե ապրել այս աշխարհում, քանի որ այդ վերապրմանն ուղեկցում է կյանքին հրաժեշտ տալու, կորուստի գիտակցությունը։ Թե՛ տրամադրությամբ, թե՛ պատկերներով, թե՛ պատումի բնույթով ամբողջ պատմվածքը թողնում է ոգեղենացված բանաստեղծության տպավորություն։ Աշնան ջինջ ու պայծառ օրվա

նկարագրությունը, աշնան արեւի տակ հանգստացող ու հեռու սարերին նայող Դիլանի կերպարը, նրա վերհուշը, հնձանը, Սոնան, մանկության տարիների նորոգվող կանչերը, արյունոտ թեւերով միրհավը, անտառապահն ու նրա մտրակի շառաչը այնքան

նրբորեն են միաձուլված, պատկերների անցումներն ու դեպքերի շղթան այնքան հեռու են վիպական արձակի հետեւողական պատմողականությունից, որ Բակունցն անառարկելիորեն հասնում է արձակի բանաստեղծականության գեղարվեստական նոր

որակի։ Հիշողության գունավոր թելերից աշնան արեւի ճառագայթների հենքին նա հյուսում է Դիլանի կարոտների աշխարհը։

Նոր օրերի հերոսները: Բակունցը նոր օրերի գրող էր. պատմությունը սահմանաբաժան էր քաշել անցյալի ու ներկայի միջեւ, եւ բնականաբար ու անհրաժեշտաբար, նա պիտի պատկերեր իր հերոսների հոգեբանական վերափոխման նոր փուլը։ Եթե նրա հերոսների հոգեբանական կենսագոյության մի ծայրը գտնվում էր “Նամակ ռուսաց թագավորին”, “Օրանջիա”, “Սպիտակ ձին” պատմվածքներում, երբ հուսախաբ են անում որդու կարոտով ապրող Արթին պապին, ծեծում, երբ ավերում են Մանասի

նոր տունը, հիմնահատակ ջնջում նրա օջախն ու ընտանիքը, երբ բանակ են տանում Ցոլակին՝ մի ամբողջ գերդաստան կերակրող ձիուն, երբ նրա տիրոջը թվում է՝ “թե իրենց տնից տանում են ոչ թե մի ձի, այլ իր եղբորը, իր որդուն…”, ապա այդ հերոսների հոգեւոր կեցության մյուս ծայրը գտնվում է նոր օրերի մեջ։ Այս առումով հոգեբանական դրամատիկ լարվածությամբ առանձնանում է “Իվան բեյը” պատմվածքը։ Գավառական խուլ քաղաքում, “ուր ավտոն տարին մեկ անգամ է գալիս, փողոցներում էլ մարդ չկա, որ անցնելիս դիպչես”, իր գավառական սնապարծությամբ ապրում է Իվան բեյը։ Նա նախկինում եղել է պրիստավի գրագիր, հիմա էլ դեռ մի փոքր պաշտոն ունի՝ հսկում է փաստաթղթերի պահոցը: Այս ամենը բավական է, որ ամեն առավոտ ինքնագոհությամբ ծառայողին խեթի. “Ակո՛փ, օթաղս լավ ես սրբե՞լ, տես հա՜…”։

Իվան բեյն ապրում է պառավ կնոջ հետ։ Երկուսով են ու կյանքի անցած օրերը։ Ներկան ասես նրանց համար չէ։ Այդպես մի կողմից խտանում է հուշը, մյուս կողմից՝ լռությունը։ Նախկինում գյուղացիներին ծեծելու պատճառով օրերից մի օր նրան հեռացնում են աշխատանքից։ Կտրվում է աշխարհի հետ նրա վերջին ու միակ կապը։ Իվան բեյն իրեն զգում է ավելորդ, անպետք, աստիճանաբար դառնում ավելի լուռ ու մտասույզ։ Մահանում է կինը։ Բայց կնոջ մահը նրան այնքան չի տանջում, որքան լքվածությունը, որ նա ավելի է զգում աշխատանքի գնացողների հանդիպելիս։ Աշխատանքի վերականգնվելու կարոտը նրան մի օր նույնիսկ հիմնարկ է տանում։ Այս հոգեվիճակում աստիճանաբար վրա է հասնում ցնորման պահը։ Մի օր նա հանում է մառանում պահած իր նախկին համազգեստի պղնձյա կոճակները, երկար նայում իր փառքի հիշատակներին եւ ափի մեջ սեղմած՝ ավանդում հոգին։ Հոգեբանական այս խոր ու ցնցող պատկերը ոչ միայն հին օրերի մարդու միայնություն ու ողբերգություն է, այլեւ, ընդհանրապես, կյանքում տեղը կորցրած մարդու ծանր ողբերգություն։

Նոր կյանքում այլեւս իրենց անելիքը չունեցող մարդկանց կերպարներ Բակունցն ստեղծել է նաեւ “Ծատուն աղան”, “Թանգին”, “Դրոգապան Գեւոն” պատմվածքներում։

Իսկ նոր հոգեբանական փոփոխություններն արտացոլված են “Մինա բիբին”, “Մրոցը”, “Պրովինցիայի մայրամուտը” պատմվածքներում։ Դրանցում հեղինակն ուրվագծում է ժամանակի ծանր հոգեբանական տեղաշարժերից մեկը, երբ նորի ու հնի հակադրությամբ օտարանում են հին ու նոր սերունդները՝ հայրն ու որդին, տատն ու թոռը։

“Մայրը” պատմվածքում ծնողները երկար սպասել են իրենց որդուն՝ նոր կյանքը կառուցողներից մեկին։ Եվ ահա կարճ ժամանակով որդին քաղաքից հյուր է գալիս նրանց։ Ուրախության հետ մեկտեղ ծեր հայրը նաեւ մռայլվում է. “Միտք էր անում ծերունին, թե էս ինչ մարդիկ են… Չհարցրեց, թե բաղը ոնց է, ծառերը, հողը… ոնց որ մի ղոնախ։ Իսկ փոքրուց էդպես չէր… Ոնց փոխվեց, հը՞… ծառերն ո՞ւմ պիտի մնան…”։

Դառը ցավ կա այս ամենի մեջ, որովհետեւ որդիները, հեռանալով ծնողներից ու ծննդավայրից, խորթանում են հողին ու բնության լեզվին։ Այդպիսի մի գործ է “Հին տանը” շատ հուզիչ պատկերը։ Նյութը շարադրված է առաջին դեմքով, որի անվանատերը ինքն է՝ հեղինակը՝ Ակսել անունով։ Հերոսը Ավան ամին է` հին նահապետական մի մարդ, որի բոլոր որդիները հեռացել են հայրական տնից, մահացել է կինը, իսկ ինքը մնացել է միայնակ` որպես օջախի պահապան։ Եվ հիմա նրան մեկ օրով հյուր է

եկել Ակսելը, հավանաբար՝ եղբոր տղան, որը նրան դիմում է “ամի” բառով։ Ակսելը եկել է մեծ աշխարհից, իսկ Ավան ամին դանակով եզան կաշի է քերում. “Դու գնացիր, Վահանն էլ գնաց, Սամսոնը, որ իսկի նամակ էլ չի գրում։ Էսպես ցրվել եք աշխարհով մի։ Բա մեր տունը…”։ Սրանք Ավան ամիի մտորումներն են։ Իսկ Ակսելն իր հերթին խորհում է. “Ո՞ւմ պիտի տաս տան բանալիները…”։ Նախորդ պատմվածքում՝ ո՞ւմ պիտի մնան այգու ծառերը, իսկ այստեղ՝ ո՞ւմ պիտի մնան տան բանալիները։ Սա նշանակում է, որ լքվում է հայրենի եզերքը, ինչը ծանրագույն ողբերգություն է։

Հին տան կարոտի այս զգացողությունն էլ ծնունդ է տալիս “Ծիրանի փողը”, “Լառ Մարգար”, “Քեռի Դավոն” պատմվածքներին, որոնցում առկա են ե՛ւ կորսված հայրենիքի ողբերգություն, ե՛ւ գոյատեւման հավատ, ե՛ւ մաքառման ոգի։

“Ծիրանի փողը” պատմվածքը հեռվում մնացած հայրենիքի, հարազատների կարոտը ծխացնող, փրկված հայրենակիցներին ի մի բերող, հաղթական զորավոր ուժով ներշնչված երկ է, որը նոր հուն բացեց հայ արձակում։ Սա այն ստեղծագործությունն է, որի պատճառով նաեւ՝ Բակունցը հալածվեց, գնդակահարվեց։

Շարունակելի

 

Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s