Ապրելով խորհրդային ժամանակաշրջանում՝ ազգովի դատապարտվեցինք կրելու պարտադրված անհավատության ընթացքում ծնունդ առած բոլոր հոգեկործան հարվածները՝ աստվածուրացությունը՝ իր տխուր հետեւանքներով:

Ավելի քան յոթանասուն տարի առաջնային էր դառնում աշխարհի գոյության մատերիալիստական տեսությունը, համաձայն որի՝ Երկիր մոլորակն այլ բան չէ, քան պատահականության՝ զուգադիպված ֆիզիկական եւ կենսաքիմիական համատեղ տեւական պրոցեսների արդյունք: Այս տեսակետն էր թագավորում ամեն ինչ նյութականի սահմաններում քննող հասարակարգում, որտեղ իշխող դարձան աշխարհի ծագման ու ձեւավորման օպարինյան եւ մարդու ծագման դարվինյան տեսությունները: Բայց երբ դուրս ենք գալիս ճշմարիտ գիտությունը կաղապարող այդ սահմաններից, մտքի թռիքով հասնում բնագիտական հայտնագործություններին եւ ճանաչում այդ գիտությունների վերջին շունչը, արագորեն այն, ինչ մինչ այդ թյուրիմացաբար պատճառ էր աստվածմերժության, դառնում է առիթ աստվածճանաչողության: Միայն թե հարկ է շատ զգույշ լինել, քանի որ Տիրոջ խոսքը երկսայրի սուր է եւ ճիշտ չգործածելու դեպքում կարող ենք վնասվել: Ուստի քայլենք առաջ՝ ապավինելով աստվածաշնորհ իմաստությանը…

Աշխարհի սկզբի եւ վախճանի մասին խորհել են բոլոր ժամանակներում՝ տալով այդ հարցին յուրովի մեկնաբանություն: Դրա վառ վկայությունն էր գիտական աշխարհի երկատումը, երբ գիտնականների մի մասը համոզված էր, որ ամեն բանի հիմքում պատահականությունն է, իսկ մյուսները գտնում էին, որ ամեն բան կատարյալ ծրագրավորման եւ հավասարակշիռ հաջորդականության հետեւանք է, եւ որ՝ կարգավորողը գերբնական կարողություններով մեկն է, որին անտիկ փիլիսոփաները կոչեցին Գերագույն Գոյ, հաջորդները՝ Աստված, Արարիչ ամենայնի…

Գուցե ասվածը զարմանալի լինի, բայց այդ տեսակետին էին հանգում նաեւ վերջին ժամանակներում ապրած գիտնական-ֆիզիկոսները, կենսաբաններն ու քիմիկոսները:

Եվ այսպես, անդրադառնանք նրանց բացահայտումներին…

Համաձայն ֆիզիկայի օրենքների՝ տիեզերական բոլոր մարմինները մասսաներ են, որոնք պիտի ձգեին միմյանց, սակայն հեռանում են իրարից: Որքան հեռավորությունը մեծանում է, այնքան նրանց միջեւ ձգողության ուժը թուլանում է, հետեւաբար՝ այդ գալակտիկաները երբեք չեն մոտենա: Բայց մյուս կողմից, եթե գալակտիկաները հեռանում են իրարից, նշանակում է ինչ որ ժամանակ նրանք իրար ավելի մոտ են եղել, քան հիմա: Ուրեմն բոլոր գալակտիկաներն ունեն մի ընդհանուր սկիզբ, որտեղից եւ սկսվել է նրանց վազքը: Այդ սկիզբը նաեւ տիեզերքի սկիզբն է, որի անդամն են մեր գալակտիկան եւ Արեգակը՝ մեկը միլիարդավոր աստղերից՝ իր արբանյակ-մոլորակներով: Այդ սկիզբն անչափ հեռու է մեզնից՝ 20 միլիարդ տարի…

Գալակտիկաները հեռանում են՝ միեւնույն ժամանակ իրար ձգելով: Բայց նրանց միջեւ եղող ձգողության ուժը, միլիարդավոր տարիներ շարունակ գործելով հանդերձ, այդ վազքը կասեցնել չի կարողանում: Ուրեմն ի՞նչ անուն տալ այդ երեւույթին: Անշուշտ՝ շառաչյուն, պայթյուն, աներեւակայելի ուժի պայթյուն:

Այս միտքն ամփոփված է Աստվածաշունչ մատյանում, որը գրվել է հազարավոր տարիներ առաջ, երբ չկային վերոհիշյալ գիտական փաստերը: Ծննդոց գրքի առաջին գլխի 3-ից 5-րդ համարներում կարդում ենք, թե Աստված ասաց՝ լույս լինի, եւ լույս եղավ: Եվ Աստված տեսավ, որ լույսը բարի է: Եվ Աստված բաժանեց լույսը խավարից:

Ուրեմն, ի՞նչ ասել է տիեզերքի տարիք: Դա այն ժամանակահատվածն է, որը մեզ բաժանում է Մեծ պայթյունից:

Ճիշտն այն կլիներ, որ տիեզերական թվերը ճանաչվեին առավել սովորական եւ ընդհանուր քան այն, ինչ կապվում է բոլոր չափանիշներով աննշան ու հազվադեպ մի երեւույթի հետ, որ կոչվում է Երկրագունդ:

 Աստղաբաշխական թվեր հասկացությունը պարզ դարձնելու համար ասենք, որ օրինակ՝ մեկ Արեգակ ստեղծելու համար հարկավոր է կուտակել, խմորել եւ հունցել 350.000 երկրագունդ, այնինչ Արեգակը, որպես աստղ, երեւելի բան չէ աստղերի շարքում. միջակներից էլ ցածր է իր բոլոր չափանիշներով: Մնում է համեմատել երկրային առօրյան տիեզերական մտածողության հետ եւ զարմանալ, որ 20 միլիարդ տարի առաջ հայտնված այս էլեկտրոնի կողքին գոյատեւում է ավելի ուշ առաջացած մարդ կոչված առեղծվածը, ու հասնել այն մտքին, որ մարդն, ի վերջո, ծնունդն է լույսի: Այս մասին կարդում ենք Աստվածաշնչի Ծննդոց գրքի Ա գլխ. 26-րդ համարում. Մարդ ստեղծենք մեր պատկերով ու նմանությամբ…:

Հիրավի, բոլոր կենդանի օրգանիզմներից ամենակատարյալը մարդն է: Նա կարծես փոքրիկ տիեզերք է մեծ տիեզերքում, բոլոր կենդանի օրգանիզմների նման ունակ է ինքնակարգավորման եւ ինքնավերարտադրման: Սակայն տարբերվում է մյուսներից նրանով, որ օժտված է հոդաբաշխ խոսքով, կարողանում է մտածել, եղածից ստեղծել նորը: Հատկանիշներ, որոնք բացակայում են նույնիսկ բարձրակարգ կաթնասունների՝ կապիկների, ինչպես նաեւ ջրային կաթնասունների՝ դելֆինների մոտ, որոնք հայտնի են ե՛ւ իրենց էխոլոկացիոն համակարգով, ինչի շնորհիվ ջրային մեծ տարածության վրա ինֆորմացիա են փոխանցում եւ մշտապես պատրաստ են օգնության հասնել մարդուն:

Կամ, ասենք, գիտնականները 15 տարի շարունակ փորձեցին խոսել սովորեցնել շիմպանզե տեսակի մի կապիկի, բայց ապարդյուն: Նա կարողացավ արտաբերել միայն մամա բառը, ո՛չ ավելին: Կհարցնեք՝ իսկ խոսող թութակնե՞րը: Նրանց մոտ բացակայում է տրամաբանական կրկնությունը, ինչպես եւ կապիկների մոտ: Դա զուտ ռեֆլեկտոր բնույթ ունի: Ուրեմն բանականությունը, որի նյութական դրսեւորումը խոսքն է, հատուկ է մեզ, միմիայն մեզ՝ մարդ-արարածներիս:

Հազարամյակների խորքից Սուրբ Գիրքը գալիս է հաստատելու արդի գիտական փաստերը. Աստված Իր պատկերով ստեղծեց մարդուն, Աստծո պատկերով ստեղծեց նրան: Արու եւ էգ ստեղծեց նրանց (Ծննդոց Ա 26):

Իրականում օրգանիզմն օժտված է անսահմանափակ ռեգեներացիոն կամ որ նույնն է՝ վերականգնողական հնարավորություններով, այսինքն՝ ձգտում է անմահության: Ասենք, որ գիտնականները մարդու արյան մեջ հայտնաբերել են մի յուրօրինակ սպիտակուց, որի քանակը չափազանց քիչ է, սակայն այն կատարելապես կայուն է ջերմաստիճանի, ռադիոակտիվ ճառագայթման եւ այլ կործանարար գործոնների նկատմամբ: Այն կարծես հավերժական է: Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ սպիտակուցը պատասխանատու է օրգանիզմի ծերացման համար: Սակայն մարմնի անմահության վրա կարծես արգելք է դրված, որի պատճառով այն ծերանում է, հիվանդանում ու մեռնում: Այդ արգելքի անուղղակի հայտնությունը գաղտնագրված է Սուրբ Գրքում, ուր ասվում է. Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող եք ուտել, բայց բարու եւ չարի գիտության ծառից մի կերեք, որովհետեւ այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք (Ծննդոց ԻԵ 16)։

Այն, որ մարդը ոչ միայն կենսաբանական, այլեւ հոգեղեն էակ է, կասկածից դուրս է, քանի որ ցանկացած կենսաբան կհամաձայնի, որ բջիջը չի կարող մտածել, նրանում տեղի են ունենում միայն կենսաբանական, քիմիական եւ ֆիզիկական պրոցեսներ, իսկ մենք ամբողջությամբ կազմված ենք բջիջներից, սակայն մտածում ենք, հուզվում, եղածից ստեղծում նորը եւ խորհում ապագայի ու հավիտենության մասին: Ուրեմն վեր ենք բոլոր երկրավորներից եւ ունակ կառավարելու, կարգավորելու կենդանի եւ անկենդան բնությունը: Հիրավի, երբ Աստված արարեց մարդուն, ասաց. Աճեցե՛ք եւ բազմացեք, լցրե՛ք երկիրը, տիրեցե՛ք դրան, իշխեցեք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների եւ երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա (Ծննդոց Ա 28)։

Սակայն, երբ մեր իշխանությունը սխալ ենք կիրառում եւ անտեսում բնության օրենքները, վնասվում ենք թե՛ մենք եւ թե՛ մեզ շրջապատող բնությունը:

Այսպես՝ նորմալ կեցության պայմաններում ամռանը թեթեւ ենք հագնվում, ձմռանը՝ տաք, կամ սնվում ենք օրը 3-4 անգամ՝ խուսափելով թերսնումից եւ որկրամոլությունից: Այս շարքը կարող ենք երկար թվարկել: Բայց կարեւոր են նաեւ մեր մտածողությունն ու վարվելակերպը, վերաբերմունքն ու տրամադրվածությունը շրջապատի հանդեպ: Այս են վկայում նաեւ բժշկակենսաբանական ուսումնասիրությունները, համաձայն որոնց՝ չարամտությունը, սթրեսները, հոգեկան հիվանդությունները, մոլությունը որեւէ բանի կամ որեւէ մեկի հանդեպ նույնպես բերում են օրգանիզմի ֆիզիոլոգիական փոփոխությունների։ Փոխվում է արյան կազմը, նեյրոհումորալ համակարգը՝ խախտվում է տարբեր հորմոնների եւ ֆերմենտների արտադրման հաշվեկշիռը, կամ ճնշվում է դրանց սինթեզումն օրգանիզմում, ինչը հանգեցնում է հիվանդագին վիճակների եւ ֆիզիկական ախտահարման:

Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է. Հիվանդություններն առաջանում են մեղքերի, ջերմաստիճանի կտրուկ տատանումների եւ մարմնավոր օրենքների խախտման պատճառով: Այսպիսով՝ անդրադարձը փոքր տիեզերքին՝ մարդուն, ստիպում է ճանաչել նաեւ մեծ տիեզերքը:

Ուրեմն չնմանվենք նրանց, ում մասին Տերն ասաց, թե լսելով լսեցին ու չլսեցին, կամ՝ տեսնելով տեսան ու չտեսան: Չէ՞ որ անշունչ ու անլեզու բնությունն անգամ պատմում է Տիրոջ փառքի մասին, որը ճանաչողներն են միայն կրում Աստծո արքայությունն իրենց սրտերում՝ բոցավառելով Նրա սիրո կանթեղն անմար…

Նաիրա ՊԵՊԱՆՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s