Սկիզբը՝ 2011 Հունիս Ա

Հետաքրքիր էին զարգանում դեպքերը Կոստանդնուպոլսում։ 1680 թվի դեկտեմբերից սկսած՝ պատրիարքն էր Կարապետ Կեսարացին կամ Կրպո սրբազանը, այսինքն՝ այն պահից, երբ Եղիազարն ուղեւորվեց Էջմիածին։ Կրպոյի պատրիարքությունը տեւեց 3 տարի, որի ընթացքում այդ նախկին անուս երեցը մեծ ազդեցություն էր ձեռք բերել։ Սակայն շուտով նրա դեմ դուրս եկավ Եփրեմ եպիսկոպոս Ղափանցին, որը Սյունիքի Հաբանդ գավառից էր կամ Ղափան (իմա՛ Կապան) քաղաքից։ Սրան Եղիազար կաթողիկոսը 1683 թվին, որպես նվիրակ, ուղարկել էր Կոստանդնուպոլիս։ Օսմանյան մայրաքաղաքում մեկ տարի մնալով՝ նա մեծ թվով կողմնակիցներ ձեռք բերեց եւ սկսեց մտմտալ պատրիարքական աթոռը գրավելու մասին։ 1684 թ. օգոստոսի 15-ին նա ստացավ սուլթանական հրովարտակը եւ Աստվածածնի պահոց ուրբաթ օրը տիրացավ աթոռին։ Եփրեմն ուղղամիտ եւ խիստ հայադավան էր։ Նա պաշտպան կանգնեց լատինների կամ ունիթորների դեմ պայքարող խմբավորմանը։ Կրպոն էլ իր դավերը չէր դադարեցրել եւ 20 ամիս անց՝ 1686 թ. ապրիլին, կրկին դարձավ պատրիարք, սակայն 1687-ին տապալվեց։ Նրա մրցակիցը եւ հաջորդը եղավ Թորոս Կոստանդնուպոլսեցի երեցը, որը մինչ այդ նույնիսկ 40 օրով պատրիարքությունը խլել էր Կրպոյից։ Այս անգամ նա դիմացավ մոտ մեկ տարի եւ 1688 թվի մարտին ստիպված եղավ իր տեղը զիջել Խաչատուր Ճլեցուն, որը Սյունիքի Սոթք գավառի Ճիլ (իմա՛ Ջիլ) գյուղից էր։ Բայց սա էլ 7 ամիս անց տապալվեց՝ Կարապետ Կեսարացու կողմից, որը հինգերորդ անգամ բազմեց պատրիարքական աթոռին։ Կարապետ Կեսարացին կամ Կրպոն արդեն կորցրել էր իր ազդեցությունը ժողովրդի վրա, ուստի 1689 թվի առաջին ամիսներին հեռացվեց պատրիարքությունից՝ հայ մեծամեծների կողմից, որոնք զզված այդ մրցակցությունից՝ նոր ընտրություն չկազմակերպեցին եւ իշխանությունը վերցրեցին իրենց ձեռքը՝ տեղակալության անունով։ Տեղակալության գաղափարի կենսագործումը, որ կատարվել էր 40 տարի առաջ, կրկին ծնունդ առավ։ Տեղակալությունը զավթեցին Սախաօղլու անունով դերձակը եւ Շահին անունով մի որմնադիր, որոնք ազդեցիկ արհեստապետներ ու պետական գործապետներ էին եւ իրենց կողքին եկեղեցական փոխանորդ էին պահում։

Պատրիարքական աթոռի այդ խայտառակ վիճակը տեսնելով՝ Մարտիրոս Քյոմուրճյանը տեղակալներին անվանում է “արքայական մայրաքաղաքի պատրիչք” կամ “պատրիարքունք անվանյալքն”, այսինքն՝ պատրիկ անունը կրողներ, որոնք կաշառքով ու տոկոսներով իրարից խլում էին պաշտոնը։ Պաշտոն ստանում էին՝ խոստանալով հավելել պետական տուրքը, եւ այդ պատճառով կողոպտում էին եկեղեցու հարստությունները, եւ գնալով մեծանում էին պատրիարքարանի պարտքերը։ Պատրիարքի ընտրությունների դադարելը շատերի սրտով էր, քանի որ պատրիարքարանի պարտքի մեծանալու հանգամանքը վերանում էր։ Այդ կացությունից, սակայն, աճեցին անկարգությունները, ինչը նպաստեց հայ լատինասերների կամ կաթոլիկասերների աշխուժացմանը։ Կոստանդնուպոլսի հայության մի մասը լատինասեր կամ լատինամոլ խմբավորմանն էր պատկանում, որի ներկայացուցիչները պատրաստ էին համակերպվել լատինական դավանանքին, եւ անգամ այդ ուղղությամբ գործող պատրիարքներ էլ եղան, որոնցից էին Հովհաննես Խուլը, Զաքարիա Վանեցին եւ Թովմա Բերիացին։ Լատինասերները կամենում էին տիրանալ պատրիարքությանը, սակայն, այդուհանդերձ, նրանք տակավին չէին փոխում իրենց ծեսերը։ Անգամ նրանք, որ Արեւմուտք գնալով, կաթոլիկություն էին ընդունում, վերադառնալով Արեւելք՝ իրենց հնավանդ ձեւերն էին գործածում։ Լատինասերների խմբավորման ուժեղացմանը նպաստում էին Արեւմուտքում կրթություն ստացած եւ լատինական վանքերի, դպրանոցների եւ հատկապես Ուրբանյան վարժարանում կրթված հայերը, որոնք Արեւելքի Եկեղեցիները համարում էին հերձվածող։ Այդ հայերից զատ, Արեւելք էին գալիս լատին քարոզիչներ, որոնց նպատակն էր հայերի շրջանում կաթոլիկություն տարածելը։ Հարկ է խոստովանել, որ Հայոց Եկեղեցին, անշուշտ, կապված պետության բացակայության հետ, ստիպված էր լինել թույլատու եւ լայնախոհ։ Ուղիղ հավատը կամ ուղղափառությունն իր բացառիկ իրավունքը չի համարում եւ գտնում է, որ համաշխարհային քրիստոնեական Եկեղեցու մի մասն է։ Եվ չնայած հայերը փարած են իրենց վարդապետությանը, սակայն ուրիշներին սեփական կամ մասնավոր վարդապետություն ունենալ չեն արգելում։ Հայերի մեջ մեծ էր ուսման ծարավը, որին հասնելու համար պատրաստ էին ամեն քայլի։ Առանձնապես չեն կամենում նյութական զոհողությունների գնալ, սակայն իրենց միտքը եւ սրտերը պատրաստ էին զոհողության ենթարկել մտավորական եւ հոգեւորական ասպարեզում։ Ուստի այլ Եկեղեցիներին մատուցված հարգանքը ո՛չ հայադավանությունից կաթոլիկության անցնել է եւ ո՛չ էլ, ինչպես սիրում են ասել կաթոլիկները, մոլորությունից ուղղափառության դառնալ, այլ ինչ-ինչ նպատակի համար անտարբերությամբ կատարված զիջողություն։ Եվ պատահական չէ, որ հռոմեադավան դպրոցներում ուսանող հայ աշակերտները համարձակությամբ պաշտպանում են Հայոց Եկեղեցին, որպես հոգեւոր անձ՝ մտնում են Հայոց Եկեղեցի՝ ձեռնադրվելով հայադավան հոգեւորականների կողմից։ Եվ ճիշտ է նշում Մ. Օրմանյանը, որ այդ իրողությունը պետք է իմանան կաթոլիկները։ Բայց եւ այնպես այդպիսիների ազդեցությունը մեծ եղավ հայկական հասարակությունը երկփեղկելու, ինչպես նաեւ սեփական պատրիարքության դեմ ըմբոստություն գրգռելու խնդրում։ Այդպիսի մի փաստ հայտնում է Երեմիա Քյոմուրճյանը՝ Եղիազար կաթողիկոսին գրած մի նամակում։ Այդ մասին հավաստում է նաեւ Մաղաքիա Ճեւահիրճյանը՝ նշելով, որ դրա համար առիթ եղավ Սարգիս Թոխաթցի անունով մեկը, որը մոլի լատինասեր էր եւ չնայած այն բանին, որ հասել էր եպիսկոպոսության աստիճանի, ուսանել էր հռոմեադավանների մոտ՝ ստանալով Ֆրենկ (Փռանկ) մականունը։ Անվանում, որ տրվում էր լատիններին կամ խաչակիրներին։ Փռանկն օգտագործվում էր ո՛չ հայ իմաստով, որն ավելի քաղաքական, քան կրոնական նշանակություն ուներ։ Այլ խոսքով՝ այդ մականունը կրողները համարվում էին եվրոպանցիներին մտերիմ ու գործակից։ Հակառակություններով հանդես էին գալիս Օսմանյան կայսրության դեմ եւ ֆրենկ անունը կրում էին՝ իբրեւ եվրոպական գաղափարների հետեւորդներ, իսկ կաթոլիկը՝ որպես ծայրահեղ լատինամոլության նշան։ Սակայն կաթոլիկը բոլորովին էլ չէր նշանակում ուղղափառ, որը համապատասխանում է հունարեն օրթոդոքսին։ Հայոց Եկեղեցին ի սկզբանե սեփականել էր այն։ Ուստի հայադավանությունից խորշողները որեւէ իրավունք չունեն իրենց վերագրելու ուղղափառությունը։ Լատիններն ու լատինասերներն իրենց հետեւորդներին ասում էին, թե իբր Հայոց Եկեղեցու կողմից պաշտված խորհուրդներն ապօրեն են, ուստի կոչ էին անում ընդունել իրենց դավանանքի օրենքները։ Չկարողանալով այդ սկզբունքը պատշաճեցնել մկրտության, պսակի եւ թաղման արարողություններին՝ նրանք ստիպված էին բավարարվել հայերին խորշեցնելով խոստովանությունից, հաղորդությունից եւ ազգային Պատարագից՝ ստիպելով նրանց հաճախել կաթոլիկ եկեղեցիներ։ Պետության կողմից ճանաչված հասարակություն չէին, ուստի իրենց հատուկ Հայ Եկեղեցին բացել չէին կարող։ Սակայն տներում փորձում էին գաղտնի մատուռներ կազմակերպել։

Լավ չէր կացությունը Սսի կաթողիկոսությունում, որտեղ աղթարմայությունը բավական տարածված էր։ Դա միշտ առաջ էր բերում հուզումներ։ Ինչպես նախկինում նշել ենք, 1679 թվին Սսում կաթողիկոսեց Սահակ Մեյխանջին, իսկ Բերիայում կամ Հալեպում՝ Ազարիա Կարկառեցին, որոնք փոխարինեցին նախորդ պառակտիչներին։ Բերիայում նստողներն ավելի մոտ էին հռոմեականությանը՝ շփվելով տեղի լատին կրոնավորների հետ։ Նրանք իրենց տկար դիրքը փորձում էին հաղթահարել՝ ապավինելով Արեւմուտքի հովանավորությանը եւ նպաստներին։ Ազարիան, լրիվ տարվելով լատիններով, չնայած ծեր հասակին, անձամբ գնաց Հռոմ։ Տեսակետ էլ կա, թե նա ընտրվեց 1683-ին եւ 5 տարի պաշտոնավարեց։ Հակառակ մեղադրանքին, թե նա հրաժարվել է հայադավանությունից, իրավացի է Մ. Օրմանյանը՝ կարծելով, որ նրա Հռոմ գնալու նպատակը եղել է նոր նպաստներ ստանալը։ Սակայն իր առաքելությունը նա կատարել չկարողացավ, քանի որ մահացավ Հռոմում՝ 92 տարեկանում։ Նրանից հետո ընդհատվեց Բերիայի հակաթոռ կաթողիկոսությունը, թեեւ պառակտումը չվերացավ։

Սահակ Մեյխանջին գահակալեց մինչեւ 1689 թիվը, եւ նրան հաջորդեց Գրիգոր Ադանացին՝ հայտնի Պիծակ մականվամբ։ Վերջինս պաշտոնավարեց ընդամեը 2 տարի՝ հրաժարվելով 1691-ին։ 1693-ին Սսի կաթողիկոս Գրիգորը երկու եպիսկոպոսների հետ այցելել է Հռոմ։ Պատճառն այն էր, որ Աստվածատուր Սասունցին՝ Նարին մականունով, Սսի աթոռը գրավել էր Գրիգորից, որն ուղեւորվել էր Հռոմ՝ հռոմեականության դավանանքի պատրվակով նյութական նպաստ հայթայթելու համար, որպեսզի կրկին տիրանա աթոռին։ Նա հազիվ թե հաջողեց, քանի որ 1703-ին նրան տեսնում ենք Երուսաղեմում, ինչը բացատրում է նրա Հռոմ գնալու նպատակը։ Հռոմեականությունը, հակառակ Կոստանդնուպոլսի պատրիարքության եւ Սսի կաթողիկոսության, բնավ ազդեցություն չուներ Երուսաղեմում, որի պատրիարքությունը շարունակում էր պայքարել լատինների դեմ՝ հայկական կալվածքները պաշտպանելու համար։

Եղիազար կաթողիկոսը հզոր դեմք էր, նրա պաշտոնավարությունը մեծ տպավորություն էր թողել Հայաստանում, եւ նրան ներկայացան ու հնազանդվեցին հոգեւոր բոլոր կենտրոնները, այդ թվում՝ Աղթամարի կաթողիկոսությունը։ 1683 թվին վախճանվեց Հովհաննես Թութունչի կաթողիկոսը։ Նրան հաջորդ ընտրված Թովմա Յիրիճցին հրաժարվեց կաթողիկոսական աթոռն իր եպիսկոպոսներից ընդունելուց եւ եպիսկոպոսներով, քահանաներով ու տանուտերերով, թանկագին նվերներով, մեկնեց Էջմիածին եւ Մայր Աթոռում Եղիազարի կողմից ձեռնադրվեց կաթողիկոս։ Որպես հպատակության նշան՝ նա մյուռոն էլ վերցրեց եւ վերադարձավ Աղթամար։ Դրանով վերջ գտավ Աղթամարի նախորդ կաթողիկոսների ժամանակ ծագած ըմբոստությունը։ Խժիշկի Մաշտոցի հիշատակագրի խոսքերով՝ Թովման դրանով փակեց երկաբնակների (հռոմեադավանների) բերանը։ Հռոոմեադավան լատին աբեղաները հայտարարում էին, թե Հայոց Եկեղեցին բազմագլխյան է եւ հատուկ գլուխ չունի։ Իրականում Էջմիածնի կաթողիկոսությունը երբեք չէր հրաժարվել իր՝ Հայաստան աշխարհի հոգեւոր կենտրոն լինելուց, եւ դա ավելի ուժեղացավ Եղիազարի օրոք։ Ցավոք, Թովմայի այդ քայլը երկար շարունակություն չունեցավ։ 1693-ին այն արդեն խախտվեց հենց իր՝ Թովմայի կողմից՝ Եղիազարի հաջորդի ժամանակ։

Արդեն տեսանք, թե ինչպես էին զարգանում դեպքերը Լեհաստանում։

1681 թվին մահացավ Նիկոլը։ Մահը դնում են հոկտեմբերի 14-ին կամ 24-ին՝ կապված, թերեւս, տոմարային տարբերության հետ։ Ստեփան Ռոշքյանը նրա պատրիարքությունը դնում է մինչեւ 1626 թ.՝ նշելով, որ ապրել է 85 տարի, ձեռնադրվել 22 տարեկանում, եպիսկոպոսել 55 տարի՝ 77 տարեկանից։ Սակայն նույն Ռոշքյանը մեկ այլ կապակցությամբ համարում է, որ Նիկոլն ապրել է 72 տարի, եպիսկոպոսել 42 տարի, եւ ձեռնադրությունը եղել է 30 տարեկանում։ Համենան դեպս, Մ. Օրմանյանը հակված է հետեւելու առաջին հաղորդմանը։ Նիկոլի օգնականն էր Հովհաննես Կերիմովիչը, որը հայտնի է նաեւ Քարմատանենց անունով։ Մյուս օգնականը՝ Վարդան Հունանյանը, որ նշանակվել էր Նիկոլի հաջորդ, նրա մահվան ժամանակ բացակայում էր Լվովից։ Նա մեկնել էր Հայաստան՝ հռոմեադավանություն տարածելու նպատակով։ Որչափ հայտնի է, նրա քարոզության ազդեցության տակ ընկավ միայն Սահակ Մակվեցի եպիսկոպոսը, որին ոմանք կաթողիկոսության տեղապահ են համարում։ Նա, իրոք, տեղապահ էր, երբ Հակոբ կաթողիկոսը Էջմիածնից դուրս եկավ, բայց Եվդոկիայից ետ դարձավ, ուստի նրա պաշտոնավարությունը երկար չտեւեց։ Իսկ երբ Հակոբը նորից ուղեւորության մեկնեց, տեղապահը Մատթեոսն էր, վերջին ուղեւորության ժամանակ՝ Ստեփանոսը, ուստի անհիմն է Սահակին կաթողիկոս համարելը։ Վարդան Հունանյանի քարոզները շփոթ էին առաջ բերում ժողովրդի մեջ, եւ նա 1682-ին կանչվեց Էջմիածին եւ հնազանդվեց։ Միայն Խաչատուր Կարնեցին հարեց նրան։ Լուր ստանալով Նիկոլի մահվան մասին՝ Վարդան Հունանյանը շտապեց Լվով եւ 1683-ին արդեն գրավել էր արքեպիսկոպոսական աթոռը։ Նրա Լվով հասնելու ճիշտ թվականը հայտնի չէ։ Վարդան Հունանյանը, հակառակ Նիկոլի հեղհեղուկ եղանակների, ձեռնամուխ եղավ հռոմեադավանությունը լեհահայոց մեջ ըստ ամենայնի ամրացնելուն, որով արժանացավ ժողովրդի հակակրանքին։ Վարդանը Հունան քահանայի որդին էր՝ Թոխաթի Ճռու գյուղից կամ Խաղտյաց ստորոտի Գըռզի գյուղից։ Կյանքը մեծ մասամբ անցկացրել էր Եվդոկիայում, ուստի նաեւ Եվդոկացի էր կոչվում։ Հայկականի մեջ վարժվել էր Էջմիածնում, իսկ հռոմեականի մեջ՝ Լեոնապատում կամ Լեհաստանի Լեոպոլիս (Լվով) քաղաքում՝ Փիթուի ղեկավարությամբ։ Ուղարկվել էր Հռոմ՝ Պրոպագանդայի դպրանոցում կրթվելու։ Հետո, որպես կատարյալ վստահելի անձ, նշանակվել էր Նիկոլի հաջորդ։ Այդ պաշտոնում էլ մեկնել էր Արեւելք՝ հռոմեադավանություն տարածելու համար։ Վայելելով լեհական իշխանությունների պաշտպանությունը եւ հնազանդվելով լատին արքեպիսկոպոսին ու կրոնավորներին՝ աշխատում էր Հայոց Եկեղեցու ծեսերը նմանեցնել հռոմեականին։ Միաժամանակ նա աշխատում էր ճնշել հայադավանության պաշտպաններին ու իր կողմը գրավել տեղի հայ հոգեւորականությանը։ Պատմությունը պահպանել է նրան հարած եկեղեցականների անունները, որոնք ավելորդ ենք համարում հիշատակել։ Վարդանը երբեմն իր ծանոթների համար միջնորդ էր դառնում, ինչպես, օրինակ, կազմակերպեց Ազարիա Աղվանից կաթողիկոսի հնազանդությունը հայտնող թղթակցության հասնելը պապին, որը հանգեցրեց այն բանին, որ Հռոմի պապն Ազարիայի համար բարեխոսեց Հուսեյն շահի առաջ։

Շարունակելի

 

Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s