ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԱՌԱԿՆԵՐ

“ԵՐԵՔ ԾԱՌԱՆԵՐԻ ԱՌԱԿԸ”

(Մատթ. ԻԵ 14-30)

 Մեր հյուրն է Բյուրավանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Ղազար քհն. ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

— Մատթեոսի Ավետարանում տեղ գտած այս առակը, որ հաճախ նաեւ “Քանքարների առակ” են կոչում, սերտ նմանություն ունի Ղուկասի Ավետարանի “Մնասների առակի” հետ, եւ մեկնիչներից շատերն անգամ նույնացնում են դրանք։ Մինչեռ, ըստ Մ. Օրմանյանի, այս երկու առակները թեեւ նման են, բայց նույնը չեն։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ ասվել են տարբեր տեղերում եւ տարբեր առիթներով։ Կան նաեւ էական տարբերություններ, եւ հարկ է, որ մենք էլ այս առակները քննենք առանձին-առանձին։ Եվ այսպես՝ “Երեք ծառաների առակը”։

“Մի մարդ, հեռու երկիր գնալիս, կանչեց իր ծառաներին եւ իր ունեցվածքը նրանց տվեց. մեկին տվեց հինգ քանքար, մյուսին՝ երկու, եւ մի ուրիշին՝ մեկ. յուրաքանչյուրին ըստ իր կարողության. եւ գնաց…”։ Նախ փորձենք հասկանալ՝ ով էր այդ մարդը, ինչ հեռու երկրի մասին էր խոսքը, եւ ովքեր էին ծառաները, որ իրենց տիրոջից քանքարներ ստացան։

— Ահավասիկ ավետարանական առակներում հանդիպող տերը եւ ծառան, որպես կանոն, խորհրդանշում են Աստծուն եւ Նրա ծառաներին՝ քրիստոնյաներին։ Այս առակում եւս այլաբանությունը նույնն է։ Իսկ հեռու երկիրը Տիրոջ համբարձումն է խորհրդանշում՝ Նրա հրաշափառ հարությունից հետո։ Այո՛, այդ երկիրը մարդկանց համար չափազանց հեռու էր, որովհետեւ համբարձվելուց հետո որեւէ մարդ այլեւս չպիտի կարողանար Նրան տեսնել այնպես, ինչպես 33 տարի տեսավ երկրի վրա։ Տերը գնացել էր՝ վերադառնալու պայմանով, վերադառնալու խոստումով։ Եվ ահա. “Շատ ժամանակ անց այն ծառաների տերը եկավ եւ նրանց հետ հաշիվ տեսավ”։ Սա արդեն երկրորդ գալուստն է՝ “եկավ”, “հաշիվ տեսավ”։ Քրիստոսի համբարձումից հետո սկսվել է Իր փրկագործությունն ազգերի կյանքում, մարդկանց սրտերում։ Եթե Տիրոջ հետեւորդներն Իր երկրային կյանքի ընթացքում ընդամենը մի քանի հազար էին, ապա Նրա համբարձումից հետո՝ այսօր, միլիարդներ են։ Եվ երկրորդ գալուստը նման չի լինելու առաջինին, որովհետեւ եթե առաջին գալուստը խոնարհությամբ էր՝ փրկության համար, ապա երկրորդը պիտի լինի ահեղ. իբրեւ Դատավոր պիտի գա՝ հաշիվ պահանջելու Իր բոլոր ծառաներից։ Ճիշտ այդպես էլ առակի մարդը վերադարձավ՝ հաշիվ տեսնելու իր ունեցվածքի՝ ծառաներին տված իր քանքարների դիմաց։

— Ի՞նչ հոգեւոր խորհուրդ ունեն քանքարներն այս առակում։

 

— Քանքարը մեր կյանքն է, եւ այն ամենը, ինչ առհասարակ Աստծու կողմից տրված է մեզ այս կյանքում՝ մեր մտավոր կարողությունները, կամային հատկանիշները, մեր շնորհքներն ու ձիրքերը, վերջապես՝ մեր երկրավոր ողջ ունեցվածքը։ Առակում, սակայն, “քանքարներ” եզրն ակնհայտորեն հոգեւոր կարողություններին է վերաբերում, մանավանդ՝ հավատքին։ Եվ քանի որ մարդիկ տարբերվում են իրենց կարողություններով, տերն էլ բոլորին հավասար չտվեց, այլ “յուրաքանչյուրին՝ ըստ իր կարողության”՝ մեկին՝ հինգ, մյուսին՝ երկու, իսկ մյուսին էլ մեկ քանքար տվեց, որպեսզի սրանք, իրար լրացնելով, մեծ արդյունք ունենան։ Եվ ահա առաջին ծառան իր հաշիվը ներկայացրեց տիրոջը. նա հինգ քանքարի վրա հինգն էլ էր ավելացրել։ Երկրորդ ծառան երկու քանքարի շնորհիվ եւս երկուսն էր շահել։ Իսկ երրորդ ծառան, որ մեկ քանքար էր ստացել, ոչինչ չէր շահել, որովհետեւ այն գործի դնելու փոխարեն թաքցրել էր հողի մեջ։ Եվ տեսեք՝ ինչ ասաց տերը. “Չա՛ր եւ ծո՛ւյլ ծառա…. դու պետք է իմ այդ դրամը լումայափոխների մոտ դնեիր, եւ ես, գալով, տոկոսով միասին պահանջեի այն, ինչ որ իմն է”։

— Այսի՞նքն…

 

— Լումայափոխ ասելով՝ Տերը նկատի ունի Սբ Եկեղեցին, որը պիտի կրկնապատկեր ու բազմապատկեր շնորհը։ Տեսեք՝ հինգ քանքար ունեցողը գնաց, գործի դրեց իր ստացածը եւ արդյունքում եւս հինգ շահեց։ Նույնպես եւ նա, ով երկուսը ստացավ։ Այլ է երրորդ ծառայի կեցվածքը. սա, թերեւս, ինքնուրույնաբար չէր կարող կրկնապատկել իրեն տրված մեկ քանքարը. ընդունենք, որ այդչափ շնորհք չուներ։ Բայց գոնե կարող էր եւ պարտավոր էր այդ մեկ քանքարը հանձնել լումայափոխներին, որպեսզի սեւերես չմնար տիրոջ առաջ։ Սակայն այդ էլ չարեց։ Այլաբանորեն պատկերն այսպիսին է. հինգի վրա եւս հինգ շահողն ունի ամեն ինչ՝ ե՛ւ հավատք, ե՛ւ ձիրք, ե՛ւ զանազան շնորհքներ՝ քարոզելու, երգելու, ղեկավարելու, առաջնորդելու… Եվ այս մարդը, օգտագործելով իր բոլոր շնորհները, մեծ արդյունքի է հասնում։ Երկրորդն ավելի քիչ կարողություն ունի, բայց սա էլ, իր քչի մեջ հավատարիմ լինելով, ծառայում է իր կարողության չափով ու նույնպես առավելագույն արդյունք է ստանում՝ երկուսի դիմաց եւս երկու քանքար։ Այսինքն՝ կրկնապատկում է Աստծուց ստացած շնորհները։ Երրորդը “հողը փորեց եւ իր տիրոջ դրամը թաքցրեց”, այսինքն՝ ընդհանրապես հեռու մնաց Եկեղեցուց։ Գիտեք՝ ամեն անգամ այս առակը կարդալիս աչքիս առաջ են գալիս մեր ժողովրդի այն զավակները, ովքեր թերեւս ունեն հավատք (համենայն դեպս, բացարձակ անհավատ չես կոչի), բայց իրենց ունեցած հավատքը մատնել են անգործության, ճիշտ այնպես, ինչպես առակի երրորդ ծառան։ Սրանց թվում է, թե իրենք բոլորից էլ լավ հավատացյալ են։ Իրականում, սակայն, նրանց ծառայությունը եկեղեցուն բացակայում է առհասարակ։ Տարին մի քանի անգամ գնում են եկեղեցի՝ ուղղակի մոմավառության համար, մի տեսակ՝ հարեւանցի այցելությամբ, կամ դա էլ չեն անում, բայց մտածում են, որ իրենք ամենալավ հավատացյալն են, ամենաբարոյականն են եւ էլի նման բաներ։ Սրանց կեցվածքը հար եւ նման է առակի երրորդ ծառայի կեցվածքին, ով թաքցրեց իր հավատքի քանքարը։ Այնինչ կարելի էր դրամը գոնե հանձնել լումայափոխներին, այսինքն՝ գոնե ներկա լինել եկեղեցու մեջ եւ ներկա լինելով՝ հավատքի այդ քանքարը գոնե նվազագույն չափով գործածել։ Քիչ չեն մարդիկ, ովքեր ունենալով տարբեր մասնագիտություններ՝ այսօր իրենց ներկայությամբ արդեն իսկ մեծ օգուտ են բերում տվյալ եկեղեցական համայնքին։ Նրանց ներկայությունը եկեղեցում կամա թե ակամա հանգեցնում է այլ շնորհների առատացման։ Եվ այս մարդիկ անպայման պիտի շահեն Աստծու առաջ, ինչը չի կարելի ասել մեկ քանքար ստացած ծառայի եւ նրա մերօրյա “եղբայրների” մասին, ովքեր անարժան գտնվեցին։ Հենց սրանց մասին է Տերն ասում, թե “նրանից ունեցածն էլ պիտի վերցվի”։

— “Արդ, դրանից առե՛ք այդ քանքարը եւ տվեք նրան, ով տասը քանքար ունի, քանի որ ով ունի, նրան պիտի տրվի, եւ ունեցածը պիտի ավելացվի, իսկ ով չունի, նրանից ունեցածն էլ պիտի վերցվի”,- սա Տիրոջ վճիռն է չար ու ծույլ ծառայի վերաբերյալ։ Ավելին. նա պահանջում է անպիտան ծառային հանել դուրս՝ արտաքին խավարը, ինչը նշանակում է մահվան մատնել։

 

Տե՛ր հայր, չափազանց խիստ չէ՞ դատավճիռը։

 

— Աստծու գործերի մասին “չափազնաց” եզրը զգույշ պետք է գործածել, եւ այս հրամանն էլ միայն առաջին հայացքից կարող է չափազանց խիստ թվալ։ Եվ ահա թե ինչու։ Երբեք ոչ ոք թող իրեն չխաբի, թե Աստված իրեն անհավատ է ստեղծել։ Աստված բոլորին է տվել հոգի, խիղճ, բոլորին է տվել հավատք ու շնորհք։ Այլ բան է, որ ոմանք իրենց ապերախտ կեցվածքով իրենցից հալածում են աստվածային հավատքը, չեն էլ փորձում հասկանալ՝ որն է ճշմարտությունը, հարց էլ չեն տալիս, որ իմանան, ասել է թե՝ կամավոր իրենց հոգու աչքերը կուրացնում են։ Իսկ մի փոքրիկ նեղության հանդիպելով՝ ամբողջովին են կուրանում՝ առհասարակ դառնալով Աստծուն թշնամի։ Այսպիսի մարդկանց համար այլեւս ոչ մի մխիթարություն չկա։ Սրանց ձեռքից է, որ վերցվում է նաեւ այն, ինչը որ իբրեւ թե ունեին։ Ինչո՞ւ. որովհետեւ իրենց ունեցածի մեջ հավատարիմ չգտնվեցին, այլ անարժան գտնվեցին, որովհետեւ չաճեցրին ունեցածը, այլ թաքցրեցին հողում, այսինքն՝ սպանեցին աստվածատուր շնորհը եւ արդյունքում արժանացան այդ ունեցածն էլ կորցնելու արդար վճռին, ընդ որում՝ հօգուտ նրանց, ովքեր ժրաջանորեն ու նվիրումով բազմապատկել էին ստացած շնորհները, այսինքն՝ տասը քանքար ունեցողներին։ Հակոբոս առաքյալն ասում է. “Ով բարին գիտի եւ չի գործում, մեղանչում է”։

— Երրորդ ծառան տիրոջ տված մեկ քանքարը նույնությամբ վերադարձրեց, ուղղակի չարդյունավորեց այն, ոչինչ չշահեց, բայց նաեւ կարծես ոչինչ չկորցրեց։ Եվ, այդուհանդերձ, դատապարտության արժանացավ։ Այդ դեպքում ի՞նչ է սպասվում քանքարակորույս մեկին, այսինքն՝ այն մարդուն, ով երկնային շնորհները կորցնում է մեղքերով ու չարությամբ։ Կրկնակի՞ դատապարտություն։

 

— Միանշանա՛կ։ Թեեւ առակը չի ներկայացնում այդպիսի մեկին, բայց մի՞թե Տիրոջ վճռից չի հետեւում, որ եթե շնորհը չավելացնողը դատապարտվեց, ապա այն իսպառ կորցնողի վիճակն առավել ողբալի պիտի լիներ։ Եվս մի կարեւոր հանգամանք կուզենայի շեշտել. թե՛ հինգ քանքար ստացած ծառան, թե՛ երկու քանքար ստացածը, ովքեր իրենց ստացածի չափով ավելացրել էին, արժանանում են տիրոջ նույն քաջալերանքին, գովեստի նույն խոսքերին. “Ապրե՛ս, բարի եւ հավատարիմ ծառա, որովհետեւ այդ քչի մեջ հավատարիմ եղար, շատի վրա կկարգեմ քեզ. մտիր քո տիրոջ ուրախության մեջ”։ Այսինքն՝ չնայած թվաբանական առումով հինգը երկուսից շատ է, սակայն երկուսն էլ չնչին են այն վարձատրության համեմատ, որ տվեց Տերը։ Դա Տիրոջ ուրախությանն ու փառքին մասնակից ու փառակից լինելու ցնծագին պարգեւն էր, որն անհամեմատելի է, եւ թվերով չես արտահայտի։ Կարեւորը, ուրեմն, առաջին երկու ծառաների ստացած եւ շահած քանքարների քանակը կամ դրանց համեմատությունը չէ, այլ այդ քանքարներն ստացողների հավատարմությունը։ Հետեւությունը մեկն է. շնորհն այս կամ այն կերպ գործադրողը եւ բազմապատկողը պիտի վարձատրվի, իսկ ծուլացողը պիտի կորցնի։ Մեր կյանքից մի օրինակ. մշտապես եկեղեցի հաճախող տղամարդիկ կան, որ Պատարագներին մասնակցում էին գավթում։ Առաջարկեցինք, որ շապիկ հագնեն ու խորան բարձրանան։ Եթե մեր՝ հոգեւորականներիս պարագայում մի կողմից մեր հավատքից ու կոչումից ելնելով ենք քահանա կամ սարկավագ, մյուս կողմից, կոպիտ ասած, դա մեր մասնագիտությունն է, ապա աշխարհիկ մեկը, որ սկսում է ծառայել սուրբ խորանին, ըստ էության, իր ունեցած քանքարն է սկսում գեղեցկորեն գործադրել։ Միգուցե մեկը, տեսնելով նրան խորանի առաջ, սկսի Աստծուն դառնալ, կամ թերեւս ինքը, առավել հասունանալով հավատքի գործերի մեջ, ավելի մեծ լուսավորություն տարածի իր շրջապատում։ Այդ ամենը կա։ Սակայն ամեն ինչ սկսվեց նրանից, որ մարդն ընդառաջ գնաց Եկեղեցու կոչին։ Ծուլությամբ չզլացավ, այլ իր շնորհքը ծառայեցրեց։ Ձայն ուներ, երգելու կարողություն, որի մասին, թերեւս, չգիտեր էլ, իսկ հիմա երգում է ժամերգություններին, Պատարագներին։ Կամ, ասենք, չգիտեր, որ ինքը կարող է այդչափ խորությամբ հասկանալ հոգեւոր կյանքը եւ ուրիշներին բացատրել։ Իսկ հիմա ոչ միայն ինքն է հասկանում, այլեւ ուրիշներին է փոխանցում Աստծու խոսքը։ Եվ այս ամենն սկսվեց նրանից, որ մարդը չզլացավ իր քանքարը, առակի լեզվով ասած, լումայափոխներին տալ։

— Տե՛ր հայր, կարո՞ղ ենք ասել, որ այս առակը նաեւ յուրատեսակ արթնության կոչ է, մանավանդ որ առակին անմիջապես հաջորդում է
վերջին դատաստանի նկարագրությունը, երբ Տերը պիտի գա՝ դատելու աշխարհը։

 

— Արթնության եւ զգաստության։ Գիտեք՝ շատերն են ասում. “Տե՛ր հայր, հենց որ հարստանամ, մի լավ եկեղեցի պիտի կառուցեմ”։ Ես էլ նրանց ասում եմ. “Քո սրտի եկեղեցին դու հենց հիմա՛ կարող ես կառուցել. ապաշխարի՛ր, հաղորդությո՛ւն ստացիր եւ հոգեւոր կյանքի մեջ աճի՛ր։ Եվ քո կարողության սահմաններում հիմա՛ ծառայիր Աստծուն եւ քո Եկեղեցուն, որպեսզի երբ հարստանաս, այն ժամանակ, իրո՛ք, կառուցես։ Այլապես քո ասած խոսքը ոչ մի արժեք չունի։ Եթե դու հիմա քո սրտի եկեղեցին չես կառուցում, հարստանաս էլ, չես կառուցի։ Ուրեմն՝ արթնություն ու զգաստություն։ Նաեւ՝ անկեղծ ու գործնական մտահոգություն։ Ամեն օր պետք է արթուն լինել, երբեք չպետք է գոհանալ արածով, չպետք է մտածել, որ շատ ենք արել։ Միգուցե ոչինչ էլ չե՞նք արել։ Ավանդազրույց կա. մի մարդ գնում է անապատ՝ ճգնելու, եւ ամեն աղոթքին մեկ ընկույզ մի կողմ է դնում։ Ժամանակ անց հսկա կույտ է գոյանում։ Հայտնվում է Տիրոջ հրեշտակը եւ ասում. “Վերցրո՛ւ այդ ընկույզներից մեկը եւ կոտրի՛ր”։ Կոտրում է։ Ասում է. “Երկրո՛րդը կոտրիր, երրորդը”… Կատրում է։ Բոլոր ընկույզները փուչ են դուրս գալիս։ Ասում է. “Տե՛ս, փուչ են քո ամբողջ արածը, քո ճգնությունն ու աղոթքը”։ Ինչո՞ւ. որովհետեւ սրբությամբ չէին արվել։ Նույնն էլ հիմա. եթե մենք այս կյանքում չսկսենք խոնարհությամբ ծառայել, եթե մեր արածը ոչինչ չհամարենք, ապա ոչ մի բանի չենք հասնի, եւ փուչ կլինեն մեր ընկույզները, եւ այն մեկ քանքար ստացած չար եւ ծույլ ծառայի պես պիտի ձեռնունայն մնանք ու մերժվենք, այլեւ դատապարտվենք, որից եւ ամենայն չարից թող փրկի մեզ բոլորիս ամենողորմ եւ բարեգութ Աստծված։

Հյուրընկալեց Հայկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s