Հայ Եկեղեցու սակավաթիվ կուսանաց անապատների ու նրանց միանձնուհիների մասին պատմությունը քիչ բան է ավանդում։ Տեղեկություններն աղքատիկ են անգամ համեմատաբար ոչ վաղ անցյալի հայոց կուսանոցների վերաբերյալ։ Սակայն եկեղեցական մի քանի վավերագրերից ու ամսագրերից քաղված համառոտ տեղեկությունները թույլ են տալիս ենթադրել, որ առնվազն մինչեւ անցյալ դարի 50-ականները Խորհրդային Միության տարածքում շարունակել են ապրել ու Եկեղեցուն ծառայել Հայ Եկեղեցու նվիրյալ սարկավագուհիները։ Ովքե՞ր էին նրանք։

Նրանցից մեկի՝ Թբիլիսիի Ս. Ստեփանոս կուսանաց անապատի վերջին մայրապետ Հռիփսիմե Թահիրյանցի մասին “Քրիստոնյա Հայաստանն” առիթ ունեցել է խոսելու։ Խորհրդային առաջին իսկ տարիներին փակված այս անապատի վերջին մայրապետն իր կյանքի մայրամուտն անցկացրեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնում (թաղված է Ս. Գայանե վանքի գերեզմանատանը)։ Իսկ ի՞նչ եղան կուսանոցի մյուս միաբանուհիները։

Եվս մեկ կույսի՝ ավագ սարկավագուհի Նունե Վերմիշյանի մասին տեղեկություն ենք քաղում “Վավերագրեր Հայ Եկեղեցու պատմության”՝ Արտակ եպս Սմբատյանին նվիրված հատորից։ 1930 թվականի մարտին, լինելով Վիրահայոց թեմի առաջնորդ, Արտակ սրբազանը՝ ընդառաջ Թբիլիսիի Ջգրաշեն Ավետյաց Ս. Աստվածածին հայոց եկեղեցու ծխական խորհրդի դիմումի, խնդրում է Ամենայն Հայոց Գեւորգ Ե Սուրենյանց կաթողիկոսին՝ երկարամյա ծառայության համար պարգեւատրել կույս Նունե Վերմիշյանին՝ լանջախաչ կրելու իրավունքով։ Նույն հատորյակում տպագրված է նաեւ Արտակ եպս Սմբատյանին ուղղված վերոհիշյալ ծխական խորհրդի նամակը, որտեղ ասվում է, թե “Տփխիսու սուրբ Ստեփանոս եկեղեցու նախկին Կուսանաց անապատի միաբանուհի, հրեշտակակրօն համեստափայլ աւագ սարկաւագուհի կոյս Նունէ Արտեմեան Վերմիշեանը, որ յիշեալ անապատում ծառայել է ի մանկութենէ եւ այսօր էլ ծառայում է ամենայն սրբութեամբ, պարկեշտութեամբ, արիաջան անձնուիրութեամբ եւ արթնութեամբ եւ որպէս բարոյական վարձատրութիւն՝ աւագ սարկաւագութեան սրբազնագործ պաշտօնէութեան աստիճան է ընդունել 1914 թուին, սակայն՝ ժամանակի արգելառիթ հանգամանքների պատճառաւ ց’այսօր չէ պարգեւատրուած լանջախաչով, որին արժանի է ըստ ամենայնի”։

Եկեղեցական խորհրդի անդամները հայտնում են նաեւ, որ “յիշեալ շնորհունակ կոյս Նունէն, 4 տարի շարունակ, սրբազնագործ աւագ սարկաւագուհու պաշտօն է վարում մեր սուրբ Աւետեաց-Ջգրաշէն եկեղեցումն ամէն կիրակի՝ սուրբ Պատարագին, որով հոգեկան մեծ եռանդ է յուզում բարեպաշտ ծխականների եւ ժամաւորների սիրտ ու հոգիների մէջ եւ միանգամայն անհուն գոհունակութիւն եւ բաւականութիւն պատճառում նոյն իսկ այլադաւան եկամուտ այցելողներին եւ ս. Պատարագին ներկայացողներին…”։

Այսօր առավել քան գնահատելի, իսկ կանոնական առումով նաեւ չափազանց ուշագրավ է եկեղեցահալած այդ տարիներին ծխական եկեղեցում ավագ սարկավագուհու պաշտոն կատարող միանձնուհու մասին այս վկայությունը։

Վիրահայոց թեմի առաջնորդ Արտակ սրբազանի նամակից օրեր անց վախճանվում է Գեւորգ Ե կաթողիկոսը, եւ հայտնի չէ, թե ինչ ընթացք է ստանում սրբազանի միջնորդությունը։ Սակայն նույն սարկավագուհու անվանն ավելի քան երկու տասնամյակ անց հանդիպում ենք նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության “Հասկ” ամսագրի էջերում։

1953 թվականին, արդեն Ամենայն Հայոց Գեւորգ Զ կաթողիկոսի հրավերով, Գեւորգյան հոգեւոր ճեմարանում դասավանդելու նպատակով Հայաստան է այցելում Կիլիկիո կաթողիկոսության միաբան Դերենիկ եպս Փոլատյանը։ Այս ընթացքում նա այցելում է Հայաստանի տարբեր վայրեր, ինչպես նաեւ Թբիլիսի։ Մեկ տարի անց “Հասկը” հրապարակում է այցի մասին սրբազանի օրագրությունը։ Եվ ահա մի պատառիկ հոկտեմբերի 12-ի նրա գրառումից. “Առտուն կայցելեմ հայ սարկավագուհիներուն. ասոնք երեք հոգի մնացած են. Հռիփսիմե Ղոնյան, Կատարինե Գուլոզյան եւ Նունե Վերմիշյան։ Առանձին կուսանոց չունին”։

Ամսագրի լուսանկարից մեզ են նայում նաեւ երեք կույսերը՝ սարկավագուհու հանդերձանքներով ու լանջախաչերով։ Թերեւս հենց նույն կույսերի մասին է հիշատակում նաեւ նույն թվականի “Էջմիածին” ամսագիրը՝ Մայր Աթոռում Գյուտ խաչի տոնակատարության մասին հրապարակման մեջ։ “Սուրբ պատարագի ընթացքում քառաձայն երգում էր Մայր Աթոռի եւ Թբիլիսիից ժամանած Ս. Գեւորգ եկեղեցու միացյալ երգչախումբը։ Այդ օրը Մայր Աթոռ Ս. Էջմիածին ուխտի էին եկել Թբիլիսիի ս. Գեւորգ եկեղեցու երեք սարկավագուհի կույսեր, որոնք մասնակցում էին սուրբ պատարագի արարողություններին”,- հաղորդում է “Էջմիածինը”։

Ինչպե՞ս եւ ի՞նչ հանգամանքներով էին նրանք ծառայում Ս. Գեւորգում, դեռեւս հայտնի չէ, ինչպես հայտնի չեն նաեւ նրանց հետագա կյանքի մասին տեղեկությունները։

Վերադառնալով խորհրդային տարիներին ապրած հայ միանձնուհիներին՝ նշենք, որ “Էջմիածին” ամսագրում չափազանց աղքատիկ տեղեկության ենք հանդիպում նաեւ մեկ այլ միանձնուհու՝ այս անգամ Շուշիի կուսանաց անապատի սարկավագուհի Նունե Սարգսյանի մասին։

19-րդ դարի սկզբներից գործող այս անապատը փակվել է Շուշիի հայկական ջարդերից հետո։ Նունե Սարգսյանը այս անապատի սակավաթիվ կույսերից էր, ով անապատի կործանումից հետո կուսանոցի 90-ամյա մայրապետի հետ ապաստան էր գտել օտար ափերում։ Նրա մասին տեղեկություններ կան եկեղեցական վավերագրերի մեկ այլ հատորում։ 1925 թվին Գեւորգ Ե Կաթողիկոսին հղած իր նամակում, կացարան կամ նպաստ խնդրելով Ամենայն Հայոց Կաթողիկոսից, լքված անապատի սարկավագուհին նկարագրում է իրենց թշվառ վիճակը.

 

“Արտաքին չարության, ներքին ամբարտավության հետեւանքով Հայաստանի շատ գավառների հետ միասին կործանվեց եւ գեղեցիկ Շուշին եւ նրա մեջը մեր մենաստան-անապատը։ Կոտորածից մնացած ժողովրդի հետ միասին մենք երկու կույսս՝ մայրապետ Հռիփսիմեն եւ ես գրեթե մերկությամբ փախանք, ապաստան գտանք Անդրկասպյան երկրի՝ Պալտարածք (Ասխապատ) քաղաքը։ Վեց տարի ապրել ենք դռնետուն ծանոթների ողորմածությունից ընկած փշրանքներով ու կիսամերկ, բայց չենք դիմել Ձեզ, հոգեւորականության Մայր, խնամակալ Հայրապետիդ, հուսալով, թե Դուք կհետաքրքրվեք Ձեր կորած դուստրներով։

 

Սակայն անշուշտ բազմազբաղ լինելու հետեւանքով, մոռացության տվիք մինչեւ այժմ, երբ մենք անպատիվ մուրացկանության եւ սովի ձեռքին էլ չենք դիմանում, մենք ենք զեկուցանում Ձեզ մեր գոյությունը եւ դրությունը։ Կույս Հռիփսիմեն մոտ 90 տարեկան զառամյալ վիճակում ինձ ուղարկել է զեկուցանել Ձեզ եւ ասել, որ մենք հոգեւորականներ ենք, մեր ամբողջ կյանքը մանկությունից սկսած նվիրել ենք վանական կյանքին ու այսօր սովամահ ենք լինում։ Դուք Ձեր բարձր կոչման շնորհիվ պահում, խնամում եք Էջմիածնի միաբանությունը անկարոտ վիճակով. հաճեցեք տարածել այդ խնամքը եւ մեզ վրա։ Մենք Հայոց եկեղեցու համար խորթ զավակներ չենք եղել։ Այժմ, երբ մեր երկիրը խորհրդային իշխանության ջանքերով ավերակներից հարություն է առնում, նոր կյանքով տնտեսապես բարձրանում է եւ ի թիվս ժողովրդի, եւ Ս. Էջմիածնի միաբանությունն է այդ ընդհանուր տնտեսության բարիքը վայելում, մի՛ թույլ տաք, որ մենք՝ երկու վաստակավոր կույս, սովամահ լինենք վանքերից դուրս եւ օտար տեղերում։

 

Խնդրում ենք Ձեզ, Վեհափառ Տեր, կամ մեզ մի կացարան տաք եւ մեր կյանքն ու ապրուստն ապահովեք մինչեւ մեր մահը, կամ Ձեր կտրական խոսքն ասեք, որ ես հաղորդեմ կույս Հռիփսիմեին, եւ մեր գլխի գալիքը գիտենանք”։

Անշուշտ, այս նամակին անտարբեր չէր կարող մնալ Վեհափառ Հայրապետը, ինչպես անտարբեր չեղավ Հռիփսիմե Թահիրյանցի պարագայում։ Ամեն դեպքում, 1957 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի Բաքու կատարած այցի առիթով “Էջմիածին” ամսագիրը Բաքվի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մասին հրապարակման մեջ նշում է, որ այս եկեղեցում “երկար տարիներից ի վեր ապրում եւ ծառայում է Սարգսյան կույս Նունե։ Վերջերս նա լանջախաչով պարգեւատրվեց Վեհափառ Հայրապետի կողմից։ Նորին Ս. Օծության բարեհաճ կարգադրությամբ կույս Նունեն թոշակ է ստանում Մայր Աթոռից”։

Չափազանց հակիրճ, բայց եւ չափազանց խոսուն այս հատուկենտ տեղեկությունները պատմում են խորհրդային վարչակարգի տարիներին փակված կուսանաց անապատների միանձնուհիների մասին։ Եվ հայտնի չէ, թե ինչպիսին կլինեին այս անապատների հետագա ճակատագրերը, եթե չլիներ սոցիալիստական հեղափոխությունը։ Սակայն միանշանակ է, որ այս անապատների նվիրյալ միաբանուհիները, հաղթահարելով անգամ խորհրդային հետապնդումների վտանգը, շարունակել են հավատարմորեն ծառայել հարազատ Եկեղեցուն։

Հեղինե ՄԿՐՏՉՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s