Սկիզբը՝ 2011 Մայիս Ա-Հունիս Բ

Ծիրանի փողը հազարամյա եղեգան փողն է, որից ծնվեց հուրհեր պատանեկիկը։ Հազրոյի ծիրանի փողից էլ էր ծուխ ելանում, բոց ելանում. դա ծննդավայրի կարոտի ծուխն էր, կորուստի ցավի բոցը, որից դարձյալ մի խարտյաշ պատանեկիկ պիտի ծնվեր, փրկեր երազի ու առասպելի վերածվող հայրենի եզերքը։

Լեռնային ջինջ ու պայծառ, սառն ու առողջ օրվա զրնգոցով, հանգած մոխիր դարձած սուսամբարի տերեւների վերհուշով է սկսվում պատմվածքը։ Վերհուշն աստիճանաբար որոշակիացնում է լեռնային գյուղի մարդկանց։ Ձյանբերդի ճանապարհին հեղինակը հանդիպում ու մի քանի բառ է փոխանակում գյուղի ջրբաշխի հետ. Մըր բախտ կապած ենք գդալ ջրի… Մեր հողեր լե ցրվուկ։ Էհ, հացի տեղ արուն շատ կերանք։ Հիմա որ սերմ թալինք, սերմ վերունք, էլի գոհություն։ Միանգամից բացվում է դժվար ճակատագրի տեր մարդկանց կյանքի պատկերը։ Այնուհետեւ՝ Մենակ մեր սահման նեղ է, շնորհիվ սահմանի նեղության, ժողովուրդ կնեղվի։

Աստիճանաբար բացվում է ծննդավայրը կորցրած սասունցիների ողբերգությունը, ինչը խորհրդանշում է ամբողջ արեւմտահայության ճակատագիրը։ Կորցրած երկիր, կորցրած սահմաններ, եղեռնի ու բռնագաղթի մնացորդներին վիճակված քարե դաշտ ու մի բուռ քարե հող։ Պատմական ծննդավայրից հալածված մարդիկ հավաքվել են իրար գլխի, քարը մաղում հող են դարձնում, հողը՝ հաց, իսկ ազատ ժամերին երգում են իրենց հին ու տխուր, նաեւ մարտական ու խրոխտ երգերը, պարում լեռնականների իրենց հպարտ պարերը, որոնք պար չեն սոսկ, այլ կռիվ ու պայքար։

Իսկ Հազրոյի նվագի կանչերը ոչ միայն քաղցրալուր մեղեդիներ էին, այլեւ կարոտի հնչյուններ՝ վերադարձի, վերջին հույսի։ Այդ նվագը հոգու ձայն էր. Հաղ մի երթամ տեսության մըր քարերին, մըր ձորերին, մըր Մարութա բանձր սարին։ Առնիմ զիմ ծիրանի փող, ժողվիմ մարդերու, նստիմ անուշ խոտերու վրեն, հանց գառներ մարդիկ նստեն իմ չորս բոլոր, երգեմ էնոնց խաղաղության զիմ երգեր, մարդիկ հալալ-զուլալ ախպրտոց պես գրկեն զիրար, չեղնի ոչ տեր, ոչ մշակ, ոչ թուր, ոչ բռնություն։ Փչեմ զիմ ծիրանի փող, էլման ծուխ բանձրանա երդիկներեն, խմեմ մեր լուս աղբըրներեն, զիմ քրտինք կաթա մըր քարերու վրեն, մըր Մարութա բանձր սարի ամպ թող լիզա զիմ սիվտակ ոսկորներ։ Իսկ թե ո՞ւմ պիտի ժառանգի իր ծիրանի փողը, Հազրոն ունի միմիայն մեկ պատասխան. Զիմ փող կիտամ զիմ քաջարծիվ թոռնիկին։ Այսինքն՝ ժառանգաբար պիտի ծխեցնել հայրենիքի կարոտը, մինչեւ բացվեն հուսո դռները։ Հազրոյի անունից հայրենիքի անկորնչելի հիշողությունն էր ավանդում Բակունցը, ծիրանի փողը պահ տալիս ժամանակներին։

Լեռների ուսին դրած Հազրոյի վիթխարի ծիրանի փողով Բակունցը հնչեցնում է մեր արդար երգերը, հնչեցնում է մասիսահայաց լեռներից, որտեղից պարզ երեւում են Հայկական պարը, Արարատյան դաշտի գյուղերը, քաղաքների լույսը, որտեղից երեւում է նաեւ կորուսյալ ծննդավայրը՝ նախնիների, բոլոր բռնագաղթվածների երկիրը։ Նրանք ամեն ինչ տեսնում են ոչ միայն պարզ հայացքով, այլեւ ոգու աչքերով, որովհետեւ նախնիների ստվերները հեռվից կանչում ու ձեռքով են անում նրանց։

Պատմվածքների արվեստը: Բակունցի պատմվածքներն ի հայտ են բերում տեսակի ինքնուրույնացման առանձնահատկություն։ Ընդհանրապես տեսակների հանդեպ գրողն ուներ յուրահատուկ վերաբերմունք, որպես ելք փակուղուց՝ նշում էր. Որտե՞ղ է ճշմարիտ ուղին. վերադարձ դեպի սկզբնաղբյուրները, դեպի ժողովրդական ստեղծագործությունը… դեպի ժողովրդական ստեղծագործության իսկական, նոր արմատները։ Սկզբնաղբյուրը ժողովրդի բնական, անխաթար կեցությունն էր, որ մոտենում է կյանքի ու բնության, զգայությունների ու ապրումների նախաստեղծ հիմքերին։ Դա ե՛ւ կուսական բնությունն է, ե՛ւ այդ բնության մեջ ապրող բնական մարդը՝ ինչպես նախրապան Պետին կամ Խոնարհ աղջիկը։

Բակունցն ստեղծեց պատմվածքի իր տեսակը, որը լեզվաոճական առանձնահատկություններով հանդերձ՝ բնութագրվում է նաեւ իր կառուցվածքային յուրօրինակություններով՝ զգացմունքային խտացվածության ու կենսական փաստի համադրությամբ։ Այնուհետեւ՝ բակունցյան պատմվածքներում անբաժանելի միասնության մեջ են բնաշխարհն ու հերոսների ներաշխարհը։ Այդ երկու աշխարհի սահմանագիծը միացնող հանգույցում էլ կանգնած է գրողը, այդ դիտակետից էլ նայում է հավերժական բնությանն ու մարդուն։ Բակունցի արձակն առանձնանում է նաեւ բառերի ժլատ տնտեսումով, ճշգրիտ բառի ու դիպուկ նկարագրության անվրեպությամբ։

Լեռնային աղբյուրների պես մաքուր ու թափանցիկ են Բակունցի պատմվածքները, լեռնային մարդկանց բնավորությունների պես պարզ ու հստակ, բայց հոգեբանորեն խոր, քանի որ այդպիսին է նրանց տեսել ու ճանաչել գրողը։ Մեծ աշխարհի համար Բակունցը բացեց մթնաձորյան աշխարհի հազարամյա գիրքը։

Վեպերն ու վիպակները: Որքան որ Բակունցը նրբագեղ ու խորունկ է պատմվածքներում, նույնքան ընդգրկուն ու ծավալվող է վեպերում ու վիպակներում։ Արձակի մեծ ձեւերի մեջ նա նույնքան վարպետ է, որքան մանրաքանդակ դրվագումների։ Վկայությունն ավարտուն երկու վիպակ է՝ Հովնաթան Մարչ (1927), Կյորես (1936), ըստ վկայությունների` ավարտված, բայց հատվածաբար մեզ հասած երեք վեպ՝ Կարմրաքար (1929), Որդի որոտման (1932), Խաչատուր Աբովյան (1934-1935)։

Այս ստեղծագործություններում մի նոր հայացք է բացվում՝ ուղղված հայոց աշխարհին։ Հայրենիք՝ ահա՛ կորստի ցավով, կարոտի արցունքով հարազատացած այն մի բուռ հողը, որը գրողի հենակետն է, որից դուրս ավարտվում է նրա հոգեւոր քարտեզի սահմանը։ Այս մտայնությունը շատ սուր էր 1920-1930-ական թթ., երբ դեռ կտրված ձեռքի պես անանց էր Արեւմտյան Հայաստանի կորստի ցավը, խցանված՝ վերագտնումի հույսը։ Այդ զգացողությամբ իրենց կորուսյալ հայրենիքի ցավը երգեցին Չարենցը, Մահարին, Թոթովենցը։ Իսկ պահպանվածն ավելի թանկ սիրով գուրգուրեցին Արմենն ու Բակունցը։

Կյորես վիպակը գրապատմական այս մթնոլորտի ծնունդ է, գեղարվեստական այն ուղղվածության արգասիք, որը կոչված էր քարտեզագրելու մեծ հայրենիքի կորուսյալ ու պահպանված եզերքները։ Կարոտի երգ է հյուսում Բակունցը՝ աչքի առաջ ունենալով հայրենի գյուղաքաղաքի անդառնալիորեն հեռացած անցյալը, առասպելախառն պատմությունների խորհրդավոր քողով վարագուրված հնօրյա կյանքն ու սովորությունները։ Եվ պատահական չէ, որ Գորիսը ներկայանում է Կյորես անունով, որ իրար են հակադրվում հին բնակավայրը՝ Շենը, եւ նոր քաղաքը, հին ու նոր բարքերը, անգամ՝ լեզուն։ Եվ դա այն աստիճանի, որ Շենում ապրողները կոչվում են բնիկներ, իսկ Գորիսում ապրողները՝ օտարական-ղարիբականներ. Այդպես ամեն ինչով տարբեր էին Գորիսն ու Կյորեսը, մանավանդ Շենը՝Կյորեսի միջնաբերդը։ Տարբեր էր

 

նրանց հավատը։ Նրանք ապրում էին կողք կողքի, նրանց միջեւ կռիվն անպակաս էր, հին կռիվը, ինչպես հին էր ձորը, ձորի գետը։ Բայց հինն անդառնալիորեն հեռանում էր՝ ալիքվելով կարոտի վերակրկնվող մի նոր կանչով։

Ուրեմն, կարոտի կանչ՝ ուղղված բոլորին՝ անուն առ անուն, ամեն ինչի։ Ոչինչ, ոչ մեկի չմոռանալու պայմանով էլ Բակունցը հյուսում է իր ասքը։ Եվ ամենեւին էլ սովորական չէ, որ Կյորեսի պես համեմատաբար փոքրածավալ երկում հիշատակվում է շուրջ 150 հերոսի անուն, ովքեր բոլորն էլ բնութագրվում են ու կերպավորվում։ Միաժամանակ հիշատակվում են բազմաթիվ տեղանուններ, գյուղաքաղաքի առօրյան ստեղծող միջավայրեր՝ շուկան, խանութները, փողոցները, տները, որոնք բոլորն էլ նկարագրվում են իրենց որոշակի ուրվագծով։

Շարունակելի

Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s